ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԿՈՅԱՆ` ԵԱՏՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան կվերանայի Թուրքիայի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը, միաժամանակ կոչ անելով Բրյուսելին ֆինանսական ճնշում գործադրել Անկարայի վրա: Երկու երկրների միջև ճգնաժամը գնալով խորանում է, և առայժմ դժվար է իրավիճակի բարելավման նշաններ արձանագրել, ինչն էլ էականորեն ազդում է նաև Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացին: Որքան էլ Թուրքիան Արևմուտքի ներկա հարաբերություններն իր նկատմամբ շանտաժ որակի, միանշանակ է, որ Եվրոպան հոգնել է թուրքական երկիմաստ խաղերից և դիվանագիտական աճպարարություններից: Պատահական չէ, որ Եվրոպական խորհրդարանը 477 կողմ ձայնով Թուրքիայի` Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնող բանաձև է ընդունել: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, աջակցելով Գերմանիայի արտգործնախարարի` Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը, նշել է. «Գերմանիայի արձագանքը հասկանալի է: Եվրոպան շատ համբերատար է եղել Թուրքիայի նկատմամբ, բայց կարծես վերջինս չի գնահատել դա»: Ըստ նրա` Եվրամիության թեկնածուն, հակառակ հռետորաբանությանը, անընդմեջ հեռանում է եվրոպական արժեքներից: «Ցավոք,- հավելել է Հանը,- մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների ձերբակալությունը հաստատում է այն կործանարար ուղղությունը, որ Թուրքիան բռնել է մեր կողմից խիստ քննադատության ենթարկված հեղաշրջման փորձից հետո: Մարդու իրավունքների պաշտպանների, ԵՄ-ի հուսալի գործընկերների, լրագրողների, ակադեմիկոսների, դատավորների, պետական ծառայողների և ընդդիմադիրների ձերբակալությունները, որոնք հիմնված են կասկածելի մեղադրանքների վրա, անընդունելի են: Խուսափողականություն դրսևորելու ժամանակն անցել է»,- եզրափակել է նա: Սակայն Էրդողանի համար ասվածը նույնքան անհասկանալի է, որքան չինարենը: Անտարակույս է, որ բռնապետը շարունակելու է ինտրիգը, շարունակելու է այնքան, մինչև դանակի ոսկորին հասնելը, որին, ինչպես միշտ, հաջորդելու է նահանջների ու ապաշխարանքների ժամանակը: Ըստ երևույթին, նրա համար ներկա վիճակը դեռ սահմանային չէ, ասել կուզի, դեռ կարելի է հոխորտալ ու սպառնալ` փորձելով նման հռետորաբանությամբ ամրապնդել արտակարգ և եզակի լինելու սեփական իմիջը: «Ես ուզում եմ իմ գերմանացի բարեկամներին և ամբողջ աշխարհին հիշեցնել` դուք բավականաչափ ուժեղ չեք, որպեսզի արատավորեք Թուրքիային ու դուք երբեք այդքան ուժեղ չեք եղել, որպեսզի վախեցնեք մեզ»,- ասել է նա, միաժամանակ շեշտելով. «Եթե Եվրամիությունը վերջնականապես հրաժարվի Թուրքիային ընդունել իր շարքերը` Անկարայում թեթևացած շունչ կքաշեն: Այժմ մեզ ոչ միայն չեն հրավիրում ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովներին, այլև ավելորդ ժամանակ են խլում մեզանից: Եթե ԵՄ-ն ասի, որ չի ընդունում Թուրքիային իր շարքերը, կսկսենք զբաղվել այլընտրանքային տարբերակների ուսումնասիրմամբ»: Թերևս որպես այլընտրանք էլ պիտի դիտարկել Թուրքիայի էներգետիկայի նախարարի հայտարարությունը, ըստ որի, Թուրքիան մտադիր է միանալ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին, ինչը շատերի համար ավելի քաղաքական սենսացիայի շարքից էր: Ըստ ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Իվան Բաժենովի` Թուրքիայի ԵԱՏՄ մտնելու հեռանկարը քիչ հավանական է: Հնարավոր է, հայտարարությունն ավելի նպատակաուղղված է Արևմուտքի վրա ճնշում գործադրելուն, թեև արևմտյան դաշնակիցներն առայժմ չեն էլ փորձում Թուրքիայի հերթական արկածախնդրությունը մեկնաբանել: Փոխարենը, այն վիթխարի արձագանք գտավ Հայաստանում: ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով թեման, աբսուրդ է համարել, որ Թուրքիան է ցանկություն հայտնել միանալու ԵԱՏՄ մաքսային տարածքին, ով միակողմանիորեն փակել է հայ-թուրքական` Թուրքիայի և ԵԱՏՄ-ի տարածքի միջև միակ ցամաքային սահմանը: Փորձագետների կարծիքով, եթե Թուրքիան այդպիսի համաձայնագրի է ձգտում և ԵԱՏՄ-ն էլ ցանկանում է ընդառաջել, ապա լրջագույն խնդիր է, որ Հայաստանը վետո չդնի, ինչը նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն է ստանում իր պայմանը թելադրել, թեկուզև հայ-թուրքական սահմանի խնդրի քննարկումը օրակարգային դարձնել: Հարցն այն է, թե արդյո՞ք Թուրքիան իսկապես ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ուզում ստորագրել կամ, առավել ևս, ուզում է անդամագրվել այդ կառույցին և արդյո՞ք Հայաստանը կարող է կամք դրսևորել, և իրակա՞ն են նրա հնարավորությունները` չեզոքացնելու Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և, մանավանդ, Ռուսաստանի դիմադրությունը: Հաշվի առնելով Էրդողանի բնավորությունը, ով երբեք չի առաջնորդվել խաղի միջազգայնորեն ընդունված կանոններով, ինչպես` «12 աթոռ» հանրաճանաչ վեպում, հնարավոր է, որ Թուրքիան առավոտյան Մաքսային միություն, իսկ երեկոյան Եվրամիություն ուզի, կամ առավոտյան` Եվրամիություն, երեկոյան` մաքսային պայմանագիր:
Մնում է հետևել հետագա զարգացումներին, եթե, իհարկե, Թուրքիային պետք լինեն այդ զարգացումները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։