ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2019 թվականին փառավորապես նշեցինք Մաքսիմ Հովհաննիսյանի 85-ամյակը: Ստեփանակերտում, հոբելյանական հանդիսությանը իմ ելույթում խոսեցի նրա կարևոր գործունեության մասին և բարձր գնահատանքի արժանացրի նրա դերը Արցախի հոգևոր, մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև հայ գրականության մեջ:
Օրեր անց հոբելյարի դուստրը թթի ոսկեփայլ օղի էր ուղարկել Գրողների միություն: Այդ օղին (մի քանի շիշ) ընկերներով խմեցինք, և առաջին կենացը, իհարկե, Մաքսիմի համար էր: Ասեմ, որ շռայլ նվերից մի շիշ, այնուամենայնիվ, մնաց:
Մի քանի օր առաջ այդ շիշը կինս դրեց սեղանին, հիշեցի, որ Մաքսիմի ուղարկած օղին է, խմեցի 50 գրամ` դարձյալ նրան հիշելով: Մի քանի ժամ անց` հեռախոսազանգ: Վարդան Հակոբյանն էր: Գուժեց Մաքսիմ Հովհաննիսյանի մահը:
Կասեք` կյանքի ու մահվան հերթական առեղծվա՞ծ… առավոտյան խմեցի Մաքսիմ Հովհաննիսյանի կենացը, երեկոյան` արդեն ողորմաթասը:
Մաքսիմ Հովհաննիսյանը իր մնայուն տեղն է հաստատել ապրողների հիշողության մեջ իր բարձր գրականությամբ, արցախանպաստ գործունեությամբ, Արցախի պայքարին սատարող, Արցախի Հանրապետությունը հիմնավորող ու զարգացնող, ինչպես նաև մարդկային վեհ կերպարով:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Արցախի գրական ընտանիքը մեծ վիշտ է ապրում Արցախի գրողների միության նահապետ, լրագրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի կորստով:
Նրա խստակյացության տակ մեղմություն և խորություն կար: Մ. Հովհաննիսյանն իր ինքնատիպ հետքն է թողել հանրության շրջանում. նա արցախյան հումորը կարողացավ գեղարվեստական խոսքի մեջ զետեղել և ներկայացնել որպես գրականություն:
Ծանր է այսօր մեր գրական ընտանիքը պատկերացնել առանց Մ. Հովհաննիսյանի: Նա ոչ միայն արձակագիր էր, այլև` մեր ժամանակի ճանաչված հրապարակագիր: Նա անուրանալի դերակատարություն է ունեցել նաև արցախյան շարժման ընթացքում. միայն երկու անգամ ստորագրել է Արցախը Հայաստանին միացնելու պատմական դիմում: Նա սկզբունքային մարդ էր` թե՛ գրչով և թե՛ գործունեությամբ: Մենք պարտավոր ենք այսուհետ ևս արժևորել նրա ստեղծածն ու թողածը: Ցավակցում եմ նրա բոլոր ընթերցողներին, ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին: Մ. Հովհաննիսյանի անունը դեռ երկար տարիներ կմնա բոլորի սրտերում և հուշերում:
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՀ գրողների միության նախագահ
Թանկագի՛ն ընկեր, սիրելի՛ Մաքսիմ, մի՞թե կարող է իմ` պատահաբար իմացած ծանր լուրը ընդհատել մեր բարեկամությունը, որ գրեթե երեսուն տարվա վաղեմություն ունի: Այս ընթացքում քիչ է պատահել, որ քեզ երկար խոսելիս տեսնեի, բայց քո թավ ձայնը, քո դժվար ճանապարհ կտրած մտքերը, որ արդեն ալեկոծություններից խաղաղված էին հնչում, կլսվեն ամեն անգամ, երբ իրականում կամ մտքով լինեմ Արցախում, երբ ձեռքս առնեմ քո գրքերից մեկը:
Իսկ քո հյուրընկալ տանը իմ ու դստրիկիս անցկացրած օրերը դու և քո հերոսական կյանքի ընկերուհին` Զոյան, կարողանում էիք տոնի վերածել: Ժամերով կարող էինք լսել նրա համով-հոտով զրույցները: Միշտ հիշում ենք ու հիշելու ենք ձեր` Արգինալ ծիծաղելի անունով դագաղագործ հարևանին և նրա «օրիգինալ» դատողությունը մարդու ծննդի ու մահվան մասին: «Զոյա՛ ջան, իմ ու քո փեշակը համարյա նույնն ա` դու մարդկանց ընդունում ես է՛ս աշխարհը, ես ճանապարհում եմ է՛ն աշխարհը»: Քաջարի այս կինը Գրադի հարվածների տակ, նկուղային պայմաններում, բազմաթիվ ծնունդներ էր ընդունել, մինչ դու անդադար զբաղված էիր «Սովետական Ղարաբաղ» թերթով, այն տարիների համար վտանգավոր գործողություններ ձեռնարկելով ու ծավալելով: 1992-ից «Հայություն» թերթ էիր բերում քո վառոդաբույր, կարծր հոդվածները… Ղարաբաղում թեժ կռիվներ էին… Մի կերպ էիր հասնում Երևան… Շուշին դեռ ազատագրված չէր…
Վստահ եմ` հարաբերական խաղաղության այս տարիներին, բարձր պաշտոններ վարելու հետ մեկտեղ, երբեք չես դադարեցրել աշխարհի գրականությունը, փիլիսոփաների աշխատություններն ուսումնասիրելու, մեծ մարդասերների` աշխարհի մասին մտքերը տնտղելու և սեփական դիտարկումներիդ գումարելու քո ամենօրյա աշխատանքը:
Քո գրականության մասին առիթներ ունեցել եմ կարճ խոսքեր ասելու, բայց եթե Աստված հաջողի, պարտքս եմ համարում գրի առնել մտորումներս քո զարմանալի արձակի մասին, որով կարելի է ճանաչել Արցախն ու արցախցու տեսակը, քո փիլիսոփայական խոհերի, քո մտավորական կերպարի մասին… Քո այս տիպարը, որ որոշակի առումով լրացնում է ոչ միայն Արցախը չլքած, այլև նրա հենասյուներն ամրացնելու կոչված քո ժամանակակիցներին, ավելի քան խորհրդանշական է…
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մաքսիմ Հովհաննիսյանը ևս
հեռացավ Արցախի գրողների շարքից…
Ասում եմ «ևս»` ողորմածաբար հիշելով Գուրգեն Գաբրիելյանին, Հրաչյա Բեգլարյանին, Արմեն Հովհաննիսյանին… և ավելի վաղ իրենց մահկանացուն կնքած գրչի մեր մշակներին:
Այդուհանդերձ, այսօրվա կորուստն ինչ-որ եզրով անհամեմատելի է: Մաքսիմ Հովհաննիսյանը հանրահայտ «Տասներեքի նամակը» ստորագրածներից ա՛յն մեկն էր, ով բռնաճնշման պայմաններում, շարունակելով ապրել հայրենի եզերքում, աննահանջ մնաց դավանանքից` համակերպվելով միշտ «չնկատված» լինելու կամ, լավագույն դեպքում, երբեք առաջինը չլինելու իրողության հետ: Ռադիոկոմիտեում, որտեղ երկար տարիներ աշխատում էր, ո՜ւմ ասես որ նախագահ չկարգեցին «գլխին»` նրան դատապարտելով տեղակալի պաշտոնի… Բայց եկավ Արցախյան շարժումը` աստեղային ժամ բերելով Մ. Հովհաննիսյանի համար: Նոր իրադրությունում Արցախի մայր թերթին նոր, «այլ կարգի» գլխավոր խմբագիր էր պետք, և այդ գլխավորը դարձավ նա: Խմբագրության կոլեկտիվի պահանջով խնդիրն անձամբ լուծեց մարզկոմի քարտուղար Հենրիխ Պողոսյանը: Ու թե որակական ի՛նչ փոփոխություն կրեց թերթը, ինչպիսի՛ մարտական դիմագիծ ձեռք բերեց, ինչպե՛ս դիմակայեց «սաֆոնովշչինայի», հետո էլ` պատերազմի ճակատագրական ժամանակաշրջաններին, վկայում է պարբերականի արխիվը:
Բայց ես կուզեի ավելի շատ խոսել Մաքսիմ Հովհաննիսյան գրողի մասին: Հասուն ընթերցողների համար հետաքրքիր է, թե որտեղից է գալիս այս կամ այն հեղինակը և դեպի ուր գնում, որն է նրա ստեղծագործության ծանրության կենտրոնը: Հովհաննիսյանի դեպքում դա Արցախն է: Նա մի գիրք ունի, որտեղ կա այսպիսի նախադասություն. «Արցա՛խ իմ, ցա՛վ իմ, ինչո՞ւ դու եղար իմ հայրենիքը»: Ո՛չ, դա գանգատ չէր` նվիրումի ուխտ էր: Գրողներից քչերը կարող են ասել` գրել եմ այնպես, ինչպես ապրել եմ… Եվ այդ քչերից մեկը Մաքսիմ Երվանդին էր` իր «Մունքով», «Տերունական աղոթքով» և շատ այլ ստեղծագործություններով, առանձին լույս տեսած գրքերով, որոնք գրվել են մեր` «Ազատ Արցախ» թերթում աշխատողներիս աչքի առաջ` ամե՛ն օր: Երբ «իններորդ ալիքին» էինք դիմակայում… Մարտնչող թերթի ղեկավար լինելով` համարյա մշտական ցայտնոտի մեջ նա ստեղծում էր ոչ միայն փայլուն հրապարակագրություն, այլև գեղարվեստական արձակ, որոնք բարձր են գնահատվել մեծն Հրանտ Մաթևոսյանի կողմից:
Եոժեն Իոնեսկոյին երբ հարցրել են, թե գրականության մեջ հանդիպե՞լ է… իր սեփական տագնապին համահունչ տագնապի նկարագրության, աշխարհահռչակ թատերագիրն ու արձակագիրը պատասխանել է. «Գրականությունը նևրոզ է, որտեղ չկա նևրոզ, այնտեղ չկա գրականություն, առողջությունը դուրս է գրականությունից»: Մաքսիմ Հովհաննիսյանի յուրաքանչյուր ստեղծագործություն իր մեջ նևրոզ է կրում: Նրա հերոսներին կյանքը հարկավոր է պայմանով, որ հաշտ ապրեն իրենց խղճի և արդարության հետ, եթե անգամ դրա համար մեծ գին պիտի վճարեն… Եվ վճարում են, ինչպես վճարել է ինքը` հեղինակը: Նա մի պատմվածք ունի` «Քարկեծը» (քարկեծ` շատ հարվելուց ոտքի տակ առաջացող վերք): Եվ ի՞նչ է ցուցում պատմվածքը. չի՛ կարելի հարմարվել հոգում քարկեծ կրելու (չարիքահարվելու, այն հանդուրժելու) հետ: Դրա համար էլ նրա հերոսների պարտությունը դուրս է սովորական պարտությունից, որովհետև այնտեղ առկա է նրանց հոգեկան գեղեցկության հաղթանակը: Ներքին պարկեշտության պահանջ, որ հեղինակը դնում է իր հերոսների առջև: Եվ այս առումով հատկանշական են ութսունամյա տարիքում գրած «Արմատը» վիպակը և «Չաստվածների խնջույքը» խոհափիլիսոփայական բազմահատորյակը:
Մաքսիմ Հովհաննիսյանը գրողի և քաղաքացու ՏԵՍԱԿ էր: Գրող, որ նման էր բութ քարից պատ շարող այն որմնադրին, ում ամենաշատը հուզում է… ՔԱՐՆ ԻՐ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՎ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ ԴՆԵԼԸ` վասն պատի ամրության, և ամենաքիչը` այն, թե դրսից կարող է երևալ նրա ինչ-որ ելուստ:
Բարի հանգրվան մեր ավագ գրչընկերոջը` այլևս հրեշտակների աշխարհում վայելելու վաստակած հանգիստը: Հիշատակն` անմար:
Նվարդ ԱՎԱԳՅԱՆ