ԴՈՆԱԼԴ ՋԱՍԹԻՍ / ՊԱՆՏՈՒՄ* ՄԵԾ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ

ԴՈՆԱԼԴ ՋԱՍԹԻՍԴՈՆԱԼԴ ՋԱՍԹԻՍ

(1925-2004)

 

ՊԱՆՏՈՒՄ* ՄԵԾ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ

Մեր կյանքերը խուսափեցին ողբերգությունից`

Պարզապես շարունակվելով, պարզապես տևելով

Առանց վախճանի և բացահայտ իմաստ չկրելով:

Օ, մրրիկներ եղան և փոքր աղետներ:

 

Պարզապես շարունակվելով, պարզապես տևելով`

Մենք հաղթահարեցինք: Հարկ չկար հերոսանալու:

Օ, մրրիկներ եղան և փոքր աղետներ:

Չեմ հիշում բոլոր մանրամասները:

 

Մենք հաղթահարեցինք: Հարկ չկար հերոսանալու:

Սովորական տոներ էին, սովորական վշտեր:

Չեմ հիշում բոլոր մանրամասները:

Ցանկապատից այնկողմ մեզ ձայնակցում էին հարևանները մեր:

 

Սովորական տոներ էին, սովորական վշտեր,

Եվ, փառք Աստծո, ոչ ոք ոչինչ չասաց բանաստեղծությամբ:

Միակ ձայնակիցն էին հարևանները մեր,

Ու թե տառապում էինք, լռում էինք այդ մասին:

 

Ոչ մի անգամ ոչ ոք ոչինչ չասաց բանաստեղծությամբ:

Սովորական կարեկցանք ու վախ էր մեզ համակել:

Ու թե տառապում էինք, լռում էինք այդ մասին:

Ոչ ոք չէր իմանում մեր պատմությունը:

 

Սովորական կարեկցանք ու վախ էր մեզ համակել:

Հավաքվում էինք պատշգամբներում, լուսինն էր բարձրանում: Աղքատ էինք մենք:

Եվ ո՞վ էր իմանում մեր պատմությունը:

Մեր պատուհաններից անդին իրական աշխարհն էր փայլում:

 

Հավաքվում էինք պատշգամբներում, լուսինն էր բարձրանում: Աղքատ էինք մենք:

Եվ ժամանակն էր անցնում մեր մոտով. դանդաղընթաց ձիերն էին քարշ տալիս այն:

Ինչ-որ տեղ մեր պատուհաններից անդին իրական աշխարհն էր փայլում:

Մեծ ճգնաժամն էր, մառախուղի պես սողոսկելով, լցվել մեր հոգիները:

 

Եվ ժամանակն էր անցնում մեր մոտով. դանդաղընթաց ձիերն էին քարշ տալիս այն:

Մենք ինքներս չգիտեինք` ինչ է վախճանը:

Մեծ ճգնաժամն էր, մառախուղի պես սողոսկելով, լցվել մեր հոգիները:

Մենք մեր թերություններն ունեինք, գուցեև` մի քանի թաքուն արժանիք:

 

Բայց մենք ինքներս չգիտեինք` ինչ է վախճանը:

Մեզ նման մարդիկ պարզապես շարունակում են ապրել:

Մենք մեր թերություններն ունեինք, գուցեև` մի քանի թաքուն արժանիք:

Բայց կույր դիպվածով ենք միայն խուսափում ողբերգությունից:

 

Եվ դրա մեջ ոչինչ հորինովի չկա, և չկա այստեղ բանաստեղծություն:

——————

*Պանտում (նաև` պանտուն) – մալայական կամ ինդոնեզիական բանաստեղծության տեսակ:

Անգլերենից թարգմանեց Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.