ՀԵՐԹԱԿԱՆ «ՎԱՐԴԱՏՈՆԸ» ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Հաստատված ավանդույթի համաձայն՝ մայիսի 31-ին՝ ամսվա վերջին կիրակի օրը, դարձյալ մարդաշատ էր Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակը, որտեղ տեղի ունեցավ ավանդական սայաթնովյան «Վարդատոնը»: Հանճարեղ աշուղ-բանաստեղծի հիշատակը հավերժացնող գեղեցիկ այդ տոնը հիմնվել է 1914 թվականին՝ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսիբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Այս տարի այն նշվում էր 101-րդ անգամ: Ժողովրդական տոնական հանդիսությունը կազմակերպել էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Վիրահայերի միությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանի հայերի միությունը՝ աջակցությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի մշակույթի նախարարությունների:
Տոնի մեկնարկը տրվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ պատարագով, որի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը, հյուրերն ու հավաքված հասարակությունը ուղղվեցին Գորգասալի հրապարակ՝ միանալու սայաթնովյան «Վարդատոնին» մասնակցելու նպատակով Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, Երևանից ժամանած հյուրերին, Վրաստանի իշխանության պաշտոնյաներին, հայ համայնքի ներկայացուցիչներին: Հայաստանի գրողների միության պատվիրակությունը, որի կազմում էին ԳՄ Տավուշի բաժանմունքի նախագահ, արձակագիր Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, լրագրող-հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, բանաստեղծ Էդուարդ Հարենցը, գլխավորում էր ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Տոնահանդեսի մասնակիցները նախ վարդեր դրեցին Սայաթ-Նովայի քամանչայի հուշարձանին, քանի որ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման պատճառով մեծ աշուղի գերեզմանը փակ էր:
Միջոցառումն սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և բարեմաղթանքով: Այնուհետև ելույթ ունեցողները՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի գրողների միության քարտուղար Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը և ուրիշներ, կարևորեցին հրաշալի այս տոնի խորհուրդը, Սայաթ-Նովայի անմահ ստեղծագործությունը, որն ամեն տարի իր շուրջն է հավաքում սիրո, գեղեցիկի, արդարի, ժողովուրդների բարեկամության բոլոր երկրպագուներին, մեծարեցին աշխարհին Սայաթ-Նովա պարգևած ժողովրդին, արժևորեցին մշակույթների, լեզուների ու դավանանքների բազմազանության, միասնության ու հանդուրժողականության այն քաղաքը, որտեղ ապրել և ստեղծագործել է բանաստեղծը: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանն իր խոսքում նշեց, որ «Վարդատոնի» հրաշալի ավանդույթի շարունակականությունը ենթադրում է նաև հայ-վրացական դարավոր գրական-մշակութային կապերի հետագա զարգացում՝ փոխադարձ շփումների, թարգմանությունների ճանապարհով:
Տոնահանդեսի համերգային մասը բացեց ավանդաբար «Վարդատոնին» մասնակցող Հանրային ռադիոյի աշուղական երգի «Սայաթ-Նովա» պետական վաստակավոր համույթը՝ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կրկին սերն ու բարեկամությունն էր թևածում Թբիլիսիի հինավուրց Մեյդանում, կրկին սայաթնովյան երգն ու տաղն էր տարածվում հայերեն և վրացերեն՝ Հայաստանի և Վրաստանի տարբեր վայրերից ժամանած երգի, պարի համույթների, ասմունքողների, անմահ սիրերգակի տաղերը կատարողների կողմից:
Վերջում, «Վարդատոն-2015»-ը ամփոփեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը՝ գեղեցիկ ավանդույթը բազում տարիներ պահելու և սերունդներին փոխանցելու պատգամով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.