ԷՊԻՏԱՖԻԱ
Ահա և չկամ:
Իմ փոխարեն
Մնացին երգերն իմ թերահայտ
Եվ հիմա պիտի
լոկ երգերն այդ
Մոռացվող անունն
իմ փողհարեն:
Հրաչյա Սարուխան պոետը
Երկար տարիներ իր յուրաքանչյուր հրապարակման հետ լինել օրվա լավագույն հրապարակման հեղինակը և անունը չփնտրել հայ պոեզիայի տան ճակատին, նոր իրականության և նոր բանի այդպիսի օժտվածություն ունենալ և չգայթակղվել փառքից՝ նոր իրականության ճակատին դրոշմվելու նոր խոսքով, այլ լինել անընդմեջ, քայլել անընդմեջ նորի և հնի եզրով՝ տեսադաշտից չկորցնելով անցյալը և անգիտության չտալով նորը,- այսպես կարող է լինել միայն հայրենի տան զուսպ, լռակյաց, խելացի տղան:
Այսպիսի որդի ունեցող տունը շուտ չի քանդվի:
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Հրաչյա Սարուխանը անցյալ դարի 60-70-ական թվականներին գրականություն մուտք գործած երիտասարդ սերնդի լավագույն դեմքերից էր: Նրա բանաստեղծությունները առաջին անգամ տպագրվել են «Ավանգարդում» և նկատվել Մահարու կողմից:
Հրաչյա Սարուխանի հետ մեր ընկերությունը տարօրինակ ստացվեց: Նա սովորում էր Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, դիպլոմային աշխատանք էր նկարում և ինձ կանչեց որպես բնորդ, կոչվում էր «Երիտասարդ բանաստեղծի դիմանկար»: Ոտքերիս տակ մի ծաղկաման կար, որի մեջ ծաղիկների կեսը նկարել էր, կեսը` ոչ: Ես էի նկարում մնացյալը: Ինքն արդեն ամբողջովին տրված էր գրականությանը:
Հիշում եմ Գարիկ Պասմաճյանին նվիրված բանաստեղծությունը. քայլում էինք, հանկարծ գրպանից հանեց ձեռագիրն ու կարդաց. «Երևանից մինչև Երուսաղեմ գլորվում է պոեզիայի դատարկ սկուտեղը, ախր ո՞ւր ես գնում, շան տղա»: Եվ այս տողի մեջ կարծես Գարիկի ապագա ծանր ճակատագիրն էր երևում:
Իր մարդկային, ազնիվ, բանաստեղծական էությամբ, աստվածաշնչյան, մեր հայ գրականության, նաև իր կենսափորձի շաղախով շատ լավ բանաստեղծություններ էր գրում և՛ ազատ, և՛ դասական տաղաչափության ձևերի մեջ: Թվացյալ խաղաղ արտաքին թաղանթի տակ ջղաձիգ վերաբերմունք, ապրում, այսինքն` բանաստեղծի, մարդու կեցվածք ուներ:
Հրաչիկի մարդկային տեսակը հազվագյուտ էր, ազնիվ, պարկեշտ, գրական ընկերներին երբեք չվատաբանող: Շատ ծանր կորուստ է մեզ համար, մեր ընկերների համար: Հրաչյա Սարուխանի լավագույն բանաստեղծությունները մեր պոեզիայի գանձարանում կմնան:
Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ
…Գնաց դեպի Անհունը՝ մեր սրտում թողնելով մորմոք ու մրմուռ, աշխարհին թողնելով Պոեզիա… Բանաստեղծ, ում պոեզիան սնվում էր ազգային ու համաշխարհային մշակույթի ակունքներից, ով անդադար ինքնաորոնման մեջ էր, կեցության և մարդու առեղծվածի փնտրտուքում, աշխարհն իր հոգուց և իրեն աշխարհից չբաժանող փնտրտուք, քանզի միաձույլ էին ու փոխներթափանցող իր անձի և աշխարհի սահմանները: Խոսքի վարպետ՝ իր ուրույն լեզվաոճով, ժողովրդական բառ ու բանի հրաշալի իմացությամբ ու նույնքան հրաշալի կիրառումով: Բառաստեղծ՝ նորաբանությունների հմուտ արարող: Վերջապես՝ անզուգական թարգմանիչ: …Մարդ, ով օժտված էր համաշխարհային գրականության ու արվեստի խոր իմացությամբ, գեղագետի հղկված ճաշակով, սեփական ստեղծագործության հանդեպ ահավոր պահանջկոտությամբ և բծախնդրությամբ՝ իր գրած ամեն մի բառ ու տողի նկատմամբ: Իր վարքը՝ արբեմոլի բոհեմիկ, անկանոն կենցաղից մինչև ասկետի սակավապետ, ժուժկալ համեստություն ու ներամփոփ կենսակերպ, և նախանձելի մաքրություն ու կարգուկանոն՝ հատկապես իր աշխատասենյակում: Այսպիսին տեսա ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ ֆենոմենը, ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ բանաստեղծին ու մարդուն, մեր ՀՐԱՉԻՆ՝ մեր անցած հրաշք օրերին: …Եվ ցավն այսօր է խեղդում, և կարոտն է խեղդելու վաղը…
ՀՐԱՉՕ
Գրողական մեր մեծ ընտանիքը՝ Երևանից մինչև Գյումրի ու Տավուշ, Բաղրամյան 3-ից մինչև Բեյրութ ու Փարիզ, Թեհրան ու Թբիլիսի, Ամերիկա ու… Լոռու ակոսդիր-բառուբանոտ չքնաղ եզերք սարսռացին՝ լեզվաբառաշինարար, ազնվական-տոհմիկ մեծի, բանաստեղծ Հրաչյա Սարուխանի մահվան լուրն առնելով: Ապրողներիս ի՞նչ է մնում: Հիշել, ինչպես մերոնք են ժամանակին հիշել իրենց մեծերին: Հիշողության խարույկը պիտի մխա մեր սրտում ու խոսքում:
Հիմա տարիքով մեծս ի՞նչ անի: Հրանտը, որ շատ էր սիրում Հրաչին, կարո՞ղ էր խոսք ասել, մխիթարել: Զանգ եմ տալիս գյուղի մեր տուն՝ փոքր եղբորս՝ Համոյին: Նա անչափ շատ է սիրում իր պոետին՝ Հրաչին: Գիտեմ, լեզուն կապ է ընկնելու: Ի՞նչ կարող է ասել: Ձայնի թրթիռից զգում եմ, որ աչքերը չէ, սիրտն ու հոգին են լցվել: Երեկ տանջանքով հոգեհանգստի է գնացել: Վանաձորի ճանապարհին նկար-նկար, պատկեր-պատկեր նայել է Հրաչի հայացքով:
– Համո ջան, ախպեր ջան, Հրաչից մի բան ասա:
Լռում է Համո եղբայրս: Ու լռում եմ ես:
Տարիքով մեծի լռիկ ցավով զորակցում եմ Հրաչյա Սարուխան պոետին սիրողներին, նրա ընտանիքին ու բոլոր նրանց, ովքեր գլուխ են խոնարհելու նրա արած-դրածի առջև, հպարտանանք, որ Թումանյան, Զորյան, Մաթևոսյան տեսած ու վայելած Լոռին ունեցավ նաև իր Հրաչյա Սարուխան անուշ իմաստունին:
Հրաչյա Սարուխանը պոետ էր, որը բանաստեղծում էր ու իր փոքրիկ եզերքը դարձնում բառուբանի մեծ աշխարհ, ուր ապրելու են նաև իր զավակները:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ
Երբ բանաստեղծը, արվեստագետը հեռանում, հայտնվում է իր իսկ՝ Հրաչյա Սարուխանի ասած «մահից էլ անդին», նրա գիրը, տող ու բառը, նրա կյանքի ու անվան հետ կապված ամեն ինչ, մի տեսակ, այլ լույսի տակ է ներկայանում, նոր արժեք ու նշանակություն ստանում կարծես: Իսկական, զտարյուն բանաստեղծների դեպքում՝ առավե՛լ ևս: Ուստի ես կասկած իսկ չունեմ, որ տաղանդաշատ իմ գրչեղբոր անունն ու վաստակը դեռ նորանոր կողմերով ու խորքով է արժևորվելու-բացահայտվելու, նրա կերպարը նոր գծեր ու նրբերանգներ է ձեռք բերելու թե՛ իր գրչընկերների, թե՛ գրաքննադատության ու ընթերցողի համար:
Իսկ մեզ այսօր քաջածանոթ կերպարը, որ Հրաչյան ստեղծել, ամբողջացրել է գրական իր շուրջ 50-ամյա անբասիր, վերընթաց ճանապարհին՝ մեկ տասնյակից ավելի հրաշալի ժողովածուներով, բազմաթիվ բանաստեղծական շարքերով ու որակյալ թարգմանություններով, ընկերների, հարազատների հետ մարդկային պարզ ու անկեղծ շփումներով թանկ ու սիրելի է շատերիս համար: Հրաչյա Սարուխանի բանաստեղծություններն իսկապես սիրում ու գնահատում էին, նրա հրապարակումներին ու նոր գրքերին՝ սպասում: Եվ, ուրեմն, շնորհիվ իր ասած ճաշակավո՛ր, իսկակա՛ն, հավատարի՛մ այդ ընթերցողների էլ, որոնցով նա անթաքույց հպարտանում էր, շարունակելու են ապրել նրա անունն ու գործը.
Տե՛ր, անունդ շուրթիս՝ զարթնեմ մահաքնից
Ու հրաշքով օծվեմ քո հարեհաս…
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հրաչյա Սարուխանը ստեղծեց մի պոեզիա, որն իր արմատներով, իր հիմքերով գալիս էր մեր ազգային արժեքներից, և նորոգված պահպանեց ժամանակակից շունչը: Այսօրվա մարդը, այսօրվա ապրումները, ժամանակակից կյանքը Հրաչ Սարուխանի պատկերացումներով առկա է նրա ամբողջ ստեղծագործության մեջ:
Դեռևս 60-ական թվականներից ստեղծեց իր տեղը: Տարբեր որոնումներ են, տարբեր ճանապարհներ են: Կանգնեց դասական ամուր ավանդույթների վրա և այդ գծով էլ գնաց առաջ, և այն, ինչ մնաց, արդեն իսկ Հրաչ Սարուխանի անունով իր անկյունը պիտի ունենա մեր պոեզիայի պատմության մեջ:
Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
Արարիչն ի սկզբանե, դեռ է՛ն գլխից է օրհնաբանում ու որոշում, թե ովքեր պիտի լինեն դեպի հավերժություն գնացքի իր ուղեկիցները: Հրաչյա Սարուխանն Աստծո կողմից օրհնվածներից մեկն էր: Նա գնահատվեց ժամանակակիցների ու գրչընկերների կողմից, ովքեր տասնամյակներ ի վեր ջերմությամբ էին ընդունում նրա ամեն մի նոր տաղը: Նա իր սերնդի ճշմարիտ այն պոետներից էր, ում ստեղծագործությունները սնվում են հայ և համաշխարհային պոեզիայի ակունքներից և վերընձյուղվում որպես ազգային մաքրամաքուր բառակերտ էություն՝ մեր ժամանակների շնչով կերպավորված:
Հրաչյա Սարուխանն իր տաղերգության ոսկե էջը գրեց հայ պոեզիայի Մատյանում, որի վերջակետն, ավաղ, Արարչի կամոք դրվեց… Ես խորհուրդ եմ տեսնում, որ դա կատարվեց Ավետման տոնի հաջորդ օրը: Արարիչն իր սիրասուն զավակին երկիր հղեց՝ այստեղից ետ կանչելով իր կողմից օրհնաբանվածին: Երկնքում բացականեր չեն լինում…
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայ գրականության համար անդառնալի կորուստ էր Հրաչյա Սարուխան բանաստեղծի մահը: Եթե համառոտ ասելու լինեմ` Հրաչը կարծես մեր դասականության վերջին մոհիկաններից մեկն էր, նեոդասական: Նկատի ունեմ և՛ ընթերցվածության չափը, ճանաչվածությունը, համբավը, և՛ այն համամարդկային արժեքները, որոնց ինքն էր դավանում: Եվ դա դասական բանաստեղծությունն է` խորքերից եկող, շարունակվող մի շղթա՝ ֆորմաների, բանաստեղծական ձևերի պահպանելու և զարգացնելու իմաստով: Հրաչը մեծ գործ կատարեց: Կարծես թե նորարարություն իրեն վերագրելը ճիշտ չէ, բայց դասականության մեջ ինքն իր նախշը, գույնը, զարդը, կիրքը, ցավը, տառապանքը դրեց: Մաքրատաշ տողեր: Եվ չկան այնպիսի բանաստեղծություններ, որ մեկը մեկին շարունակի: Ամեն մի գործ նոր հղացում է պոետական հայտնություններով:
Հրաչն իմ սիրելի ընկերն է, Հրաչը իմ սիրելի բանաստեղծն է: Կարծում եմ` ժամանակը նրա լուսապսակի լույսերով կկանչի ընթերցողին, մնում է, որ ընթերցողը մտնի այդ հրաշալի աշխարհի մեջ:
Նելլի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Դեռ հրաժեշտի պահը չէր, դեռ ապրում էր՝ մի ոտքով երկրի վրա, մի ոտքով՝ երկնքում:
Մոտեցել էր եզրագծին, բայց չէր հասցրել «դառնալ թափանցիկ գիշերաթիթեռ», իսկ «աչքերը բներ էին ցավերի»…
…Տերը «բարեբանել էր» Հրաչի քնարը և շռայլորեն «շնորհազարդել»: Այն տարիներին, երբ Հրաչի հազարն էր, կիրովականյան երիտասարդությունը, և ոչ միայն, ապրում ու շնչում էին նրա պոեզիայով, որսում նրա յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը, հպարտանում նրա ընկերությամբ և պաշտում կուռքի նման: Նրա բանաստեղծական տողերը բերնեբերան էին անցնում, դառնում սիրո և հավատի խորհրդանիշ: Ինքը նրանց, մեր բոլորիս համար ամենա-ամենան էր, մեր գրողական երամի կառավար թռչունը: Ամենաշատը գուրգուրում ու երես էր տալիս Զուլոյին՝ մեր վաղամեռիկ տաղանդավոր պոետ ընկերոջը: Հրաչն էլ, Զուլոն էլ «բու էին» և գիշերվա հազարին անգամ կարող էին գինովցած հայտնվել ում տանն ասես, իհարկե՝ հոգեհարազատ ընկերների: Մենք ապրում էինք միմյանց հոգս ու ցավով, կիսում դժվար ձեռք բերած մի կտոր հացը և ինչպես ընդունված է ասել՝ մութ ու ցուրտ տարիներին անգամ, վառարանի կողքին, լամպի լույսի տակ նոր գործեր էինք կարդում, լսում, քննարկում, սպասում Հրաչի հեղինակավոր խոսքին և անգամ երազում ապագայի մասին: Ի՜նչ օրեր, ի՛նչ տարիներ էին… հրաշալիորեն խենթ ու խելառ, բայց և պտղաբեր: Մեր ընկերությունը շա՜տ սիրուն էր, մաքուր ու զուլալ. մենք մի ընտանիք էինք:
Յուրաքանչյուր գործ ստեղծելիս ինքն այրվում էր գիշերաթիթեռի նման, որպեսզի, ինչպես ինքն էր սիրում, բանաստեղծության ամեն բառ իր տեղում լինի, և ինչպես ասել է մի առիթով՝ բառը բառի ու տողը տողի հետ հաշտ ու համերաշխ ապրեն:
Դժվար, շատ դժվար է Հրաչի մասին անցյալով խոսել, այն էլ, երբ այդ ցավն այսքան մոտիկ է ու թարմ, բայց համոզված եմ, որ ա՛յս անցյալը դառնալու է ներկա: Չարենցը սպասում էր, և նա գնաց՝ գնաց «Քերթողների հետ մեկտեղ հացի նստելու», բայց հայտնվելու է, որ մնա ընդմիշտ: Ինքն է ասել.
« Ես կհայտնվեմ Հիսուսի նման…
Իմ գլխից վերև պսակ կլինի»:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Շարքերը նոսրանում են: Հրաժեշտ տվեցինք մեր ընկերներից ևս մեկին: Ճանապարհեցինք ծափահարությամբ: Մարդ այնպես պետք է ապրի, որ արժանանա նման հրաժեշտի: Հրաչյա Սարուխանը ոչ միայն անզուգական բանաստեղծ էր, այլև մարդկային օրինակելի տիպար: Մարդ, որ եկավ, արարեց, հարստացրեց հայ պոեզիայի անդաստանը: Գնալով` մեզ թողեց իր յուրահատուկ, շողշողուն մարգարիտները: Ապրեց առանց աղմուկի, առանց թմբկահարության, զերծ փառամոլությունից, չտառապելով մեծամտության ախտով: Երջանիկ է այն ստեղծագործողը, ում ստեղծածից ինչ-որ բան կմնա ազգի ու մարդկության հիշողության մեջ: Հրաչյա Սարուխանը կմնա և կհիշվի: Հենց դրա համար էլ գնաց ծափողջույնների ուղեկցությամբ, ոչ թե ողբասացությամբ: Քանզի հավերժ ապրողների համար չեն սգում:
ՀՌԻՓՍԻՄԷ
Հրաչյա Սարուխան… Իմ հնօրյա ընկեր, ոգեղենիկ ուխտի լուսավոր ճամփորդ… Դու կանգ առար անսպասելիորեն, որ ընթացքդ լինի դեպի Վերին Արքայություն… Դու ապրողներիս թողեցիր քո հետագիծը` բանաստեղծական սկուտեղին դնելով նշխարաբույր հացդ` ընդդեմ հոգու քաղցի…
Դու, որ բառը ոսկերչի բծախնդրությամբ էիր զարդանախշում և ունեիր քո առաքելության ամենահաստատուն վկայականը, հիմա մեզ ես թողնում քեզ փնտրելու կարոտը… Մեր հիացումների մեջ ապրող պոետ, սիրելի՛ Հրաչ, արդեն քո անձեռակերտը դարձավ մի պատվանդան, որի վրա ժամանակը դեռ պիտի տեղադրի իր ընտրյալների հուշարձանը որպես ապրողների մշտարթուն ներկայություն… Այս կորստյան ցավի մեջ է քո երկրորդ կյանքի շնչառությունը…
Հուսիկ ԱՐԱ
Հրաչյա Սարուխանը բառի արժեքն իմացող բանաստեղծ էր, տողի, պատկերի բանաստեղծ էր: Նա հենց այնպես բառը չէր շռայլում: Նրա ամեն մի բառն իր տեղն ուներ բանաստեղծական տողի, պատկերի մեջ, և կարողացավ ստեղծել իր սարուխանական բանաստեղծական տարածքը, որ բոլորովին նոր էր, ինքնատիպ: Իր ձեռագիրն էր: Ես նորարար ասելով` հասկանում եմ ընտիր բանաստեղծությունը: Եվ հենց այդ ընտիր բանաստեղծությունը տվեց մեզ Հրաչյա Սարուխանը: Նրա բանաստեղծությունը շաղախված էր հոգևորով: Աշխարհում և մեզանում կան շատ բանաստեղծներ, որոնց պոետական հողակտորի վրա չկա երկինք, բայց Հրաչյա Սարուխանի բանաստեղծական տարածքը պարուրված էր հոգու երկնքով: Նա նաև հոգո՛ւ, սրտի՛, արյա՛ն բանաստեղծ էր: Եվ միշտ մնալու է այդ բանաստեղծական աշխարհը, որ կոչվում է Հրաչսարուխանական, որ բերեց և պարգևեց մեզ: Դեռ սերունդներ է ուղեկցելու, դեռ սնվելու են:
Իր իսկ պատկերով արժևորեմ. «Պոեզիայի դատարկ սկուտեղն է գլորվում Երևանից մինչև Երուսաղեմ, 365 օրերի մեջ պոետները շփոթում են իրենց տեղերը»: Հրաչ Սարուխանը չի շփոթում, նա հստակ իր տեղն ունի:
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
Թումանյանն ասում էր. «Հե՜յ կանաչ ախպեր, հե՜յ ճանաչ ախպեր»: Միշտ ինձ թվացել է, թե Թումանյանի էս խոսքը վերաբերում է Լոռվա ծնունդ բանաստեղծ Հրաչյա Սարուխանին: Իր ճանապարհի սկզբին հենց այդ «կանաչ ու ճանաչ ախպոր» նման է մտել գրականություն, և իր տեսակով, իր բանաստեղծությամբ շատ հարազատ է թումանյանական գրին: Երեկ մի գրառում եմ արել, որ մեզնից հեռացավ մեր հայ բանաստեղծության վերջին նահապետը, Թումանյանի հարազատ «կանաչ ախպերը», որ իսկապես նահապետ է մեր բանաստեղծության մեջ: Դեռ նորից ենք բացահայտելու Հրաչյա Սարուխանի գիրը, կարդալու ենք ու վերընթերցելու, որովհետև Հրաչյա Սարուխանի բանաստեղծության տողի մեջ պարապ տեղ չկա, և անվերջորեն վայելելու ենք այդ բացահայտման հաճույքը:
Վալերի ՓԻԼՈՅԱՆ
Բառի լավագույն իմաստով պահպանողական և բառի լավագույն իմաստով նորարար է Հրաչյա Սարուխանը: Բառն իր գործերում ծավալ ունի, հնչողություն ու ձայն, բայց բառն առաջին հերթին ոգու խորհրդի բացահայտիչն է, Սարուխանի ոգեղենության տաճարի բանալին: Սարուխանի յուրաքանչյուր պատկեր ինքնափնտրտուք ու ինքնարտահայտում է, պոետական ես-ի ամբողջացման դրսևորում, որ չի կարող թույլ տալ անփութություն ո՛չ տողի, ո՛չ էլ ինքն իր անձի հանդեպ: Նրա ստեղծագործությունը վկայում է, որ պոեզիան այն ազնիվ արվեստն է, որ իր մեջ կարող է ներառել և՛ գույն ու գծի պերճանքը, և՛ ճարտարապետական կառուցիկությունը, և՛ ռիթմ ու հնչյունի, լռության ու ձայնի կախարդանքը, ինչպես նաև իմացության խորխորատներն ու բարձունքները հասնելու կարողությունը: Եվ հավաստում է, որ պոեզիան ոգու ծննդավայրն է ու հայրենիքը, որի հանդեպ իրականությունը գլուխկախ, խեղճ ծառա է միայն, քանզի ամեն ինչ անցավոր է, իսկ ինքը՝ Նորին Մեծություն Բանաստեղծությունը, մշտամնա:Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նորայր Գրիգորյան
ԴՐԱԽՏԻ ՋՐԵՐԻ ՎՐԱ
Հրաչյա Սարուխանին
Սովորական օրերի մեջ անցողիկ,
տիեզերական ժամանակին ընդառաջ,
կանգնել ես դու իբրև անհայտ մի ծաղիկ,
կամ հոսում ես իբրև ջրի մի շառաչ:
Ո՞վ չծաղկեց քո պատկերին նայելուց,
ո՞վ չնետվեց ջրերի մեջ դրախտի,
մոշի թանձր, արևածոր քո գինուց
ո՞վ չխմեց իբրև ընծա իր բախտից:
Հիմա ասա՝ ո՞ւր ես գնում գարնան հետ,
ո՞ւր ես տանում այսքան
հայացք թափառիկ,
երբ կապուտաչ ու շիկահեր մի պոետ
գլորվում է բառերիդ հետ անառիկ:
Ահա՛ դուռը պոետական դրախտի,
որ բացում է մի կույս աղջիկ սևաչյա,
հրաժեշտին ծաղիկը այն չի գաղթի,
երբ աղջիկը կշշնջա՝ Հրաչյա:
ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ
(Հրաժեշտի խոսք)
Հրաչյա Սարուխանը քսաներորդ դարի հայ ամենատաղանդավոր և սիրված բանաստեղծներից մեկն էր, Լոռվա աշխարհի իր մեծանուն հայրենակիցների` հայ գրականության երեք հսկաների` Հովհաննես Թումանյանի, Ստեփան Զորյանի և Հրանտ Մաթևոսյանի գրական ավանդույթների արժանավոր շարունակողը:
Սարուխանի արարումներն իրենց գեղեցկությամբ և զարմանահրաշ գրավիչ ոճով նոր շունչ հաղորդեցին, առանց այն էլ գեղեցիկ, հայկական պոեզիային, մեր գրական գանձարանը հարստացրին պոետիկ և թարգմանական, զուտ Սարուխանական տաղանդին յուրահատուկ` հիասքանչ, խորամիտ և անընդօրինակելի արարումների բազում մարգարտաշարերով:
Հրաչյա Սարուխանը քսաներորդ դարի հայ ամենատաղանդավոր և սիրված բանաստեղծներից մեկն էր, Լոռվա աշխարհի իր մեծանուն հայրենակիցների` հայ գրականության երեք հսկաների` Հովհաննես Թումանյանի, Ստեփան Զորյանի և Հրանտ Մաթևոսյանի գրական ավանդույթների արժանավոր շարունակողը:
Սարուխանի արարումներն իրենց գեղեցկությամբ և զարմանահրաշ գրավիչ ոճով նոր շունչ հաղորդեցին, առանց այն էլ գեղեցիկ, հայկական պոեզիային, մեր գրական գանձարանը հարստացրին պոետիկ և թարգմանական, զուտ Սարուխանական տաղանդին յուրահատուկ` հիասքանչ, խորամիտ և անընդօրինակելի արարումների բազում մարգարտաշարերով: