Ոգին հավերժ բարձր լինել չի կարող / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հովիկ ՎարդումյանՄեկ շաբաթ տևած մարտական գործողությունների ընթացքում շատ բան պարզվեց` և՛ դրական, և՛ բացասական: Դժբախտաբար, բացասականն ավելի շատ էր: Փաստորեն, մեր հակառակորդն իրականացրեց լավ պլանավորված և ծրագրված ռազմական գործողություն, ինչին մենք, կարելի է ասել, պատրաստ չէինք: Կցկտուր տեղեկատվական տվյալներից հասկանալի է դառնում, որ ապրիլի 2-ի լուսաբացին Արցախի Հանրապետության արևելյան սահմանագծի ողջ երկարությամբ թշնամու իրականացրած լայնածավալ հարձակմանը միայն մեկ կամ մի քանի հատվածում կարողացանք դիմակայել և ծուղակի մեջ գցել: Գերակշիռ հատվածներում հակառակորդին հաջողվեց առաջանալ` կենդանի ուժի կորուստներ պատճառելով սահմանը վերահսկող զորամասերին: Ստացվում է, որ մենք կա՛մ պատրաստ չէինք հակառակորդի նման գործողության, կա՛մ հետախուզությունը վատ էր աշխատել, կա՛մ էլ վատ էինք զինված տեխնիկապես և նյութապես:
Բայց չէ՞ որ թե՛ պետական համապատասխան պաշտոնյաները, թե՛ քաղաքական գործիչներն անընդհատ հայտարարում էին, թե գտնվում ենք փաստացի պատերազմական վիճակում:
Մյուս կողմից` թուրքական հատուկ ջոկատայինները և հետախույզները բազմաթիվ անգամներ կարողացել էին աննկատ անցնել սահմանային գիծը, վայրագություններ անել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների տարածքում: Ընդ որում, ոչ միայն սահմանային գոտու և սահմանամերձ շրջանների գնդակոծությունն էր օրեցօր ուժգնանում, ոչ միայն հատուկ ջոկատայինների ներթափանցումները, այլև Բաքվի իշխանությունների հոխորտանքները: Մենք անընդհատ խոսում ենք Բաքվի իշխանությունների և նախագահի ու նրա ընտանիքի անդամների՝ կոռուպցիայի մեջ թաղված լինելու մասին, մինչդեռ հակառակորդը միլիարդներ է ներդնում ժամանակակից զինատեսակներ ձեռք բերելու համար: Իսկ այդ հզոր զինատեսակները տոնածառ զարդարելու համար չէին. մի օր պիտի կիրառվեին «սեփական» տարածքները հետ բերելու համար:
Այդ ամենը պարզ էր, բայց առաջին օրը պարտություն կրեցինք` կորցնելով տարածք և տալով մարդկային, երբեմն ոչ պատճառաբանված, բազմաթիվ զոհեր, ինչից հնարավոր էր խուսափել արթուն և պատրաստ լինելու դեպքում: Սրանք առաջին օրվա բացահայտումներն են:
Իսկ հաջորդ օրերին շատ ուրիշ բաներ էլ պարզվեցին: Մեր և հակառակորդի զինվածության և զինվորի ոգու հարաբերությունները համարյա թե ոչնչով չեն փոխվել: 1989-94 թթ. ողջ պատերազմի ընթացքում հակառակորդը մի քանի անգամ լավ էր զինված: Նրանք գիշեր-ցերեկ կրակում էին տարբեր զինատեսակներից, իսկ մենք խնայում էինք փամփուշտները: Հետագայում նրանց կողմից զրահատեխնիկա և օդուժ էր օգտագործվում, իսկ մենք չունեինք: Եղածն էլ խնայում էինք:
Ժամանակները փոխվել են, իսկ իրավիճակը նույնն է մնացել: Հակառակորդը մարտի մեջ է մտցնում բազմաթիվ տանկեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ժամանակակից հզոր, նույնիսկ արգելված զինատեսակներ: Հարց է առաջանում` իսկ ո՞ւր է մեր ռազմական հզոր տեխնիկան: Չէ՞ որ մինչ պատերազմի սկսվելը վստահեցնում էինք, թե տարածաշրջանի ամենամարտունակ և լավ զինված բանակն ենք: Նույնիսկ խոսում էինք, թե մեր «բարեկամ» Ռուսաստանը մեզ զենք է տալիս ձրի, որպես դաշնակից նվիրում է ժամանակակից զինատեսակներ, իսկ Բաքվի հետ պարզապես բիզնես ծրագիր է իրականացնում: Խոսք էր գնում սեփական արտադրության թռչող սարքերի մասին. ո՞ւր են այդ թռչող սարքերը: Մինչ հակառակորդի կողմից անընդհատ օդ բարձրացող անօդաչու թռչող սարքերն ու ուղղաթիռները մեզ բազմաթիվ կորուստներ էին պատճառում, հայկական կողմից օդուժ չէր աշխատում, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ չկային:
Ի՞նչն է պատճառը: Չունե՞նք, թե՞ խնայում ենք: Մեր խոսքերը սնապարծությո՞ւն էին, թե՞ կարծում ենք` զինվորի կյանքն ավելի էժան է, քան նորագույն զինատեխնիկան:
Դարձյալ հին պարն ենք պարում: Մեր հույսը մեր ժողովրդի անկոտրում ոգու և վտանգի պահին հզոր բռունցք դառնալու վրա է: Ճիշտ է, ոգին հզոր, նույնիսկ ամենահզոր զենքն է, բայց չի կարելի ամեն անգամ հենվել դրա վրա: Ոգին, այո՛, հզոր զենք է, բայց կարճատև կիրառմամբ: Պատերազմի երկարաձգվելու դեպքում այն կարող է մարել: Հիշենք նախկին պատերազմը: 1994 թ. հունվարից ստիպված էինք փողոցներից ու ավտոբուսներից բռնի հավաքի միջոցով համալրել մարտնչողների շարքերը, որովհետև ոգին արդեն մարել էր: Ստիպված էինք եռամսյա հավաքի վաշտեր կազմավորել և անփորձ, անպատրաստ մարդկանց միանգամից առաջին գիծ քշել:
Ոգին հավերժ բարձր լինել չի կարող: Դրա և հասունացող պատերազմի մասին գրվել է «Գրական թերթի» 2015 թ. սեպտեմբերի 11-ի համարում: Նորից եմ պնդում՝ չի կարելի ամեն անգամ հենվել ժողովրդի ոգու և վտանգի պահին միավորվելու հատկության վրա: Այդպիսի պահեր շատ ենք տեսել` երկրաշարժ, անկախության պայքար, Արցախյան հերոսամարտ: Բայց տեսել ենք նաև ժողովրդի հիասթափություն, հոգնածություն, արտագաղթ: Բազմաթիվ անգամներ տեսել ենք ու դաս չենք քաղել: Հետհեղափոխական երկու տասնյակ տարիների ընթացքում ժողովուրդը բաժանվեց միլիարդատերերի ու չքավորների, երևանցիների ու ղարաբաղցիների, հայրենիքը ոչ մի գնով չլքողների ու հայրենիքից զզվողների, իշխանության ու ընդդիմության, որոնք ոչ միայն չեն սիրում միմյանց, այլև ատում են, նույնիսկ համարում թշնամի:
Հայ ժողովուրդը մի անգամ ևս ապացուցեց, որ արժանի է մեծարանքի ու սիրո` զարմացնելով ոչ միայն իր անարժան առաջնորդներին, այլև` աշխարհին: Ինչքան էլ մեր թշնամիներն ու իշխողները տարածեն, թե «էս ազգը ազգ չի», «հայերը մարդ չեն», միևնույն է, իսկական հայ մարդը սիրում է իր հայրենիքը և պատրաստ է կյանքը չխնայել այն պաշտպանելու համար:
Իսկ ինչո՞ւ այսօր այդ անկոտրում ոգու տեր ազգը նաև զինված չէ՝ ինչպես հակառակորդը: Եթե զինված լիներ և պատրաստ, թշնամին չէր կարող այդպես արագ կոտրել սահմանի պաշտպանությունը, այդքան զոհ գուցե չունենայինք: Ասում են` հակառակորդը թվաքանակով մի քանի անգամ շատ է մեզնից, ավելի շատ դոլարներ ունի, իսկ ո՞վ է մեղավոր դրա համար, ո՞վ պետք է պատասխան տա: Մենք էլ կարող էինք այսօր լինել վեց միլիոն, գուցե` ութ միլիոն, եթե…
Իսկ ո՞ւր են գնում մեր դոլարները: Մի քանի տասնյակ դուրսպրծուկներ, կիսագրագետ, նախկին փողոցային տղերք, իշխանությունների հետ համախումբ, կողոպտում են երկիրն ու ժողովրդին: Տեսնելով շատակերությունից և շվայտ կյանքից հղփացած ու ճարպակալած ոչ միայն պետական չինովնիկներին ու միլիարդատերերին, այլև բարձրաստիճան զինվորականներին՝ կարելի է ենթադրել, թե ուր են գնում ազգային պատկանելության ֆինանսները: Բանակային սպաներից շատերը շրջում են թանկարժեք մեքենաներով: Որտեղի՞ց այդքան կարողություն: Պետական այրերը երբեմն իրենք են խոսում երկրի կոռումպացվածության մասին, նույնիսկ հանձնաժողով ստեղծում՝ դրա դեմ պայքարելու համար: Ու ծիծաղելի է, որ այդ հանձնաժողովի անդամներն ու նախագահը հենց իրենք են թալանով հայրենիքում ու արտերկրում կառուցված միլիարդների արժողությամբ դղյակների ու հարյուր հազար դոլարանոց ավտոմեքենաների տերերը: Փոխանակ վերացնելու փողոցների կարմիր գծերը, արագաչափ ու նկարահանող սարքերը, հարկային դաշտ բերելու միլիոնատերերին ու միլիարդատերերին, ժողովրդի կյանքն են բարդացնում` օրեցօր սաստկացնելով արտագաղթը:
Գիշեր-ցերեկ մեր իշխանավորները խոսում են Բաքվի նավթադոլարների մասին, ձեռքները մեկնած սրանից-նրանից ողորմություն խնդրում: Երկիրը կողոպտելով` հավատացնում են, թե ներքին ռեսուրսներ չունենք, զենք-զինամթերք, նոր տեխնոլոգիաներ ներդնելու համար ֆինանսներ չունենք: Նույնիսկ ծիծաղելի է, որ սահմանի որոշ հատվածներում պահածոյի տուփեր են կախում, ինչպես 20-րդ դարասկզբի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներում:
Սակայն հիմա 21-րդ դարն է: Սահմանը պահվում և տարածքներ են ազատագրվում ոչ թե զինվորի կյանքով, այլ բարձր տեխնոլոգիաներով հագեցած զինատեսակների կիրառմամբ: Մեր ուժը ոչ թե քանակի վրա պետք է դրվի, այլ մեր հզոր մտավոր ուժի: Ազգային գիտնականների կողմից առաջարկված, ստեղծված, նույնիսկ փորձարկված զինատեսակները մերժվում են արտադրության մեջ մտցնել` պատճառաբանելով ֆինանսական անկարողությամբ: Մինչդեռ դրա պատճառն ուրիշ է, «շան գլուխն ուրիշ տեղ է թաղված»: Այսօր կատաղաբար հոշոտվում են հանրապետության լեռներն ու բլուրները, չնչին գներով արտահանվում միայն խտանյութ կամ կիսաֆաբրիկատ, մինչդեռ այդ խտանյութերում այնպիսի հազվագյուտ, թանկարժեք մետաղներ կան, որոնց գրամները հազարավոր դոլարներ արժեն: Ուրիշները, օրինակ՝ Չինաստանը, գնելով մեր կիսաֆաբրիկատները, կորզում է այդ հազվագյուտ մետաղները և միլիոնների օգուտ ստանում: Ամեն ինչ ունենք, սակայն տեր չենք կանգնում: Այդ միլիոնները գնում են անհատների գրպանները: Նորից ու նորից հիշվում է Պատմահոր ողբը: Ողբամ քեզ, հայ ժողովուրդ, քանզի իշխաններդ գող են ու ստախոս, քաղաքական ու մտավոր առաջնորդներդ գող են ու ստախոս:
Վերջապես պետք է հասկանանք` բավական է հույսներս դնենք սրա-նրա ու Աստծու վրա: Ռուս քեռին իր շահերն ունի, ինչի համար առանց աչքը թարթելու կծախի ու կառնի մեզ նման խամաճիկներին ու անճարակներին: Դա տեսել ենք բազմիցս և այսօր էլ տեսանք ու համոզվեցինք: Սակայն իշխանավորներն ու հանրապետականները դարձյալ ու նորից աշխատում են խաբել ժողովրդին` Ռուսաստանին ներկայացնելով որպես փրկիչ: Այնինչ Ռուսաստանը 94 թվականի մայիսի 11-ին նույնպես փրկեց ոչ թե մեզ, այլ Բաքվին` ընդհատելով մեր առաջխաղացումը, զգալով, որ կարող ենք հասնել Քուռ գետին:
Եթե իշխանությունները եզրակացություն չանեն ստեղծված իրավիճակից և չփոխեն իրենց ոչ ազգանպաստ քաղաքականությունը, ապա ժողովուրդը պարտավոր է հեռացնել նրանց և դատապարտել ազգային դավաճանության համար: Քանի որ նման քաղաքականությունը վտանգում է բազմաթիվ թանկ կյանքերի գնով ձեռք բերված ազգային պետականության գոյությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։