ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Թումանյանը հենց սկզբից էլ պարզ ու մատչելի է եղել բոլորին՝ երեխայից մինչև տարիքավորները: Բայց այդ պարզությունը երբեք չի նշանակել, որ նրա ընթեցողները խորությամբ հասկացել են նրա գործերը: Հետևելով թումանյանագիտության զարգացմանը, մենք հետաքրքրական իրողություններ ենք տեսնում:
Ամենաառաջին պրոֆեսիոնալ կարծիքը Թումանյանի ստեղծագործությունների մասին նշանավոր խմբագիր Ավետիս Արասխանյանի գնահատականն է «Շունն ու կատուն» բալլադին: Այդ գնահատականի մասին մենք գիտենք Թումանյանի մի նամակից. ««Շունն ու կատուն» եթե իմ առաջին գրքում (Մոսկվայի) չկա՝ պատճառը հանգուցյալ Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր «Մուրճում» տպագրելու: Կարդաց, շատ զարմացավ ու հարցրեց, թե՝ ասացեք խնդրեմ, Շունն ու կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք ինչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»: Շատ բնորոշ փաստ է: Արասխանյանը պատահական մարդ չէր, ժամանակի ամենակրթված գործիչներից մեկն էր: Եվ այս, այսօրվա տեսակետից այնքան անարդար վերաբերմունքը կապված էր Թումանյանի ստեղծագործության սկզբուն- քային առանձնահատկությունների հետ: Մենք գիտենք, որ 20-րդ դարի սկզբին Թումանյանի ստեղծագործության նկատմամբ շատ աննպաստ կարծիքներ են հայտնել և այլ հեղինակներ՝ ապագայի նշանավոր պատմաբան և գրող Լեոն, դաշնակցական գործիչ Խաչատուր Մալումյանը: Հետո էլ այսպիսի կարծիքներ պակաս չեն եղել թումանյանագիտությունից: Պողոս Մակինցյանը՝ Վահան Տերյանի մտերիմը, կրթված գրականագետ, խորհրդային շրջանում՝ կուսակցական և պետական գործիչ, մինչև հեղափոխությունը ընդհանուր առմամբ բարձր կարծիքի է եղել Թումանյանի մասին, բայց այդ բարձր կարծիքը ուղեկցվել է երբեմն ամենատարօրինակ գնահատականներով, որոնցից ամենաուշագրավը այն է, որ Թումանյանին մարդը չի հաջողվում: Ամեն ինչ լավ է, բայց հերոսների կերպարները շատ թույլ են: Ընթերցողին հիշեցնեմ, որ Թումանյանին գնահատել են և գնահատում են հենց մարդու նրա կոնցեպցիայի համար, Անուշի, Սարոյի, Թմկաբերդի տիրուհու, Մարոյի և մյուս կերպարների համար: Այս կետում Մակինցյանը համերաշխ է Լեոյին, որի հետ կարծես սկզբունքային տարաձայնություններ ուներ: Եվ քանի որ հիշեցի Մակինցյանին, ասեմ նաև, որ արդեն խորհրդային պայմաններում նա շատ անարդար կարծիք հայտնեց Թումանյանի մասին, գրելով, որ բանաստեղծը իդեալականացնում է նահապետական գյուղը, նրա հետամնացությունը…
Այսպես է սկսվել Թումանյանի գնահատությունը: Հետո էլ անբարենպաստ կարծիքների պակաս չի եղել (Դրամբյանի և Հովիվյանի հոդվածները, նաև Հակոբ Օշականի զեկուցումը Պոլսում և այլն): Բայց, մյուս կողմից, հենց սկզբից էլ եղել են արդարացի, հիացական գնահատականներ: Նրա առաջին գրքի լույսընծայման առթիվ գրող և գրականագետ Լևոն Մանվելյանի հոդվածը այս իրողության ամենալավ վկայություններից մեկն է. «Նա յուր պոեմաների մեջ նման չէ ո՛չ մեր հին, ո՛չ մեր նոր բանաստեղծներին, նա կանգնած է առանձնակի, նա ինքնուրույն է, նա մի տեսակ նորություն է մեզ համար պոեմների մեջ տիրապետող ժողովրդական տարրի շնորհիվ» (Մուրճ, թիվ 1,1891, 100): Խորաթափա՜նց գնահատական, որը տարիներ անց զարգացրեց Վահան Տերյանը: Այս առաջին գնահատականների մեջ չի կարելի մոռանալ Մանուկ Աբեղյանի գրախոսությունը, որն ավելի գիտական բնույթի է, բայց ակնհայտ է նրա դրական վերաբերմունքը Թումանյանի հանդեպ. «Պ. Թումանյանի բանաստեղծության բնորոշ հատկությունն է վիպականությունը. վեպը նրան ավելի է հաջողվում, քան թե քնարերգությունը»,- գրել էր նա (Աբեղյան, 1975, 362): Սա էլ ճշմարիտ դիտողություն էր, որն հետագայում պետք է խորացվեր և լրացվեր թումանյանագիտության մեջ:
Եվ վերջապես, հիշեմ Տերյանի և նրա ընկերների կարծիքը Թումանյանի մասին՝ արտահայտված 1912 թ.: Նրանք Թումանյանին համարեցին հայ ժողովրդի մեծ բանաստեղծը: Այդ կարծիքը հետագայում մի քանի անգամ հաստատեց Տերյանը իր հայտնի զեկուցման մեջ՝ «Հայ գրականության գալիք օրը», և նամակներում՝ չմոռանալով նշել իր ստեղծագործական հեռավորությունը Թումանյանից:
Բավարարվեմ այս օրինակներով: Իմ նպատակն էր ցույց տալ, որ, նախ, Թումանյանի ճանապարհը այնքան էլ հարթ չի եղել, ինչպես երբեմն թվում է: Բայց ավելի էականն այն է, որ այս տարակարծությունը իր արմատներն ուներ Թումանյանի բուն ստեղծագործության մեջ: Թումանյանը չէր տեղավորվում հայտնի կաղապարների մեջ: Նա առանձին էր, նա ունիկում էր, ինչպես գրում էր Տերյանը: Խնդիրը այս անկրկնելիության՝ ունիկումի գաղտնիքը հասկանալն էր: Լևոն Մանվելյանն ու Մանուկ Աբեղյանը իրենց գրախոսություններում արդեն ինչ-որ չափով մատնացույց արել էին այս իրողությունը: Հետագա տարիներին թումանյանագիտությունը խորացավ նրա ստեղծագործության առանձնահատկությունների մեջ: Հատուկ ուշադրություն են պահանջում Չարենցի գրածները Թումանյանի մասին: Մի կողմից, նա Թումանյանին համարում է «անհաս Արարատը մեր նոր քերթության», մյուս կողմից, դրանով իսկ, ի տարբերություն Տերյանի, հաստատում, որ հայ նոր բանաստեղծությունը պիտի ձգտի հասնել Թումանյանին: Տերյանը գտնում էր, որ Թումանյանի ճանապարհը չի լինելու հայ նոր պոեզիայի ճանապարհը: Այս երկու տաղանդավոր մարդիկ, ամեն մեկը յուրովի, ճիշտ էին: Թումանյանը դպրոց չստեղծեց, հետևորդներ, սովորական իմաստով, չունեցավ (ինչպիսիք ունեցավ ինքը՝ Տերյանը): Բայց, մյուս կողմից, Թումանյանը հսկայական ազդեցություն գործեց հայ ողջ պոեզիայի, ողջ գրականության, գուցե և ողջ հասարակական մտքի վրա, և այստեղ ճշմարիտ էր Չարենցը:
Այս հոդվածի նպատակը չէ տալ թումանյանագիտության անցած ճանապարհի ամբողջական քննությունը. դա շատ ավելի ծավալուն ուսումնասիրություն է պահանջում: Ասեմ միայն, որ Թումանյանի ծննդյան հարյուրամյակը 1969 թ. մեծ աշխուժություն առաջացրեց այս մարզում: Ստեղծվեցին գործեր, առանց որոնց հնարավոր չէր լինի Թումանյանի ժառանգության գիտական գնահատականը և դրա ընկալումը ընթերցողների կողմից: Հիշեմ միայն մի քանի անուն՝ Մկրտիչ Մկրյան, Էդվարդ Ջրբաշյան, Արամ Ինճիկյան, Լևոն Հախվերդյան, Հրանտ Թամրազյան, Սուրեն Աղաբաբյան, Լուսիկ Կարապետյան:
Ամենավերջին տարիների գործերից հիշեմ Սուսաննա Հովհաննիսյանի գրքերը, Գրականության ինստիտուտում կազմված՝ Թումանյանի կյանքի տարեգրությունը (խմբ.՝ Վլադիմիր Կիրակոսյան), թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի գրքերը, Թումանյանի թանգարանի հրատարակությունները: Հատուկ պետք է առանձնացնել մի հրատարակություն, որը միանգամայն առանձնահատուկ տեղ կունենա թումանյանագիտության մեջ՝ «Թումանյան. հան­- րա­գիտարան»-ը (գլխ. խմբագիր՝ Հովհաննես Այվազյան): Ինչպես կնկատի ընթերցողը, այս գրքերը կենսագրական կամ տեղեկատվական արժեք ունեն:
Բայց ժառանգության բուն վերլուծությունը մի կողմ է մնում: Դրա վկայությունը այս հոբելյանական տարին է: Չկան այն ուսումնասիրությունները, որոնք այս օրերին պետք է ասպարեզ գային: Թվում է, թե մենք այլևս ասելիք չունենք Թումանյանի ստեղծագործության մասին, ամեն ինչ սպառել ենք: Կարիք չկա ապացուցելու, որ սա խորին մոլորություն է: Մեծ հեղինակների ստեղծագործությունը ապրում է, փոխվում է, նոր մեկնաբանություններ և վերլուծություններ է պահանջում: «Փոխվում է» բառը այստեղ կարող է տարակուսանք հարուցել: Բայց մեծ գրական գործերը ամեն սերնդի կողմից նոր ձևով են ընկալվում, նոր շերտեր են ի հայտ գալիս: Ի՞նչ է ասում Թումանյանը այսօրվա մարդուն, ի՞նչ նոր շերտեր ենք գտնում նրա ստեղծագործության մեջ:
Ուզում եմ ուշադրություն դարձնել մի քանի խնդիրների վրա: Նախ՝ Թումանյանի աշխարհայացքը: Երբեմն նրան կապում են պանթեիզմի հետ, որն, իմ կարծիքով, հիմնավոր չէ: Թումանյանն առհասարակ փիլիսոփայական որևէ ուղղության հետևորդ չէ, կարիք չկա այդպիսի ուղղություններ փնտրել: Բայց, անշուշտ, նա ուներ իր որոշակի աշխարհընկալումը, որն արտացոլված է նրա ողջ ժառանգության մեջ, մանավանդ քառյակներում: Այդ ընկալումը պետք չէ կապել մատերիալիզմի, իդեալիզմի, քսաներորդ դարի սկզբին բազմացած փիլիսոփայական ուղղությունների հետ: Պետք է ելնել այն բանից, որ դա բանաստեղծի աշխարհընկալում է և ոչ թե փիլիսոփայական ռեֆլեքսիայի, վերացական դատողությունների արդյունք: Այստեղ լուրջ աշխատանք է պահանջվում, որի սկիզբը, իհարկե, նրա ողջ ժառանգության նոր ընթերցումն է:
Եվ, անշուշտ, աշխարհայացքի մասին խոսելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել մարդու մասին նրա պատկերացումներին: Դա բավական մեծ խնդիր է, և եթե մակերեսորեն այն քննենք, դժվար թե գլուխ հանենք դրանից: Մե՛կ մարդու մասին շատ դառը բաներ է ասում, մե՛կ հավատում է նրան, նրա լավ գործին: Մարդու «լավության գործը» «Թմկաբերդի առումի» նախերգանքի և վերջերգի կենտրոնում է, բայց, ահա, պոեմի բուն գործողությունը Թմկա տիրուհու սարսափելի դավաճանության պատմությունն է, և դեռ իշխանուհին էլ վերաբերմունքի շատ հետաքրքրական նրբերանգներով է ներկայացված: «Անեծք նըրա չար գործքին», բայց վերջում էլ նրան համեմատում է ծաղկի հետ՝ «Ինչպես ծաղիկն անցած գարնան, որ չի ծաղկիլ էլ նորից»: Ի՞նչ է ասում, ինչո՞ւ է ասում՝ «Բերանն արնոտ մարդակերը էն անբան»: Սա մարդու մասին է, բայց մարդու մասին է նաև «Աղբյուրը» հրաշալի բանաստեղծությունը, որի մեջ անպաճույճ բառերով պատմում է, թե ինչպես հովիվը աղբյուր է սարքում, որից օգտվում են մարդ ու կենդանի, և մարդն օրհնում է իրեն անծանոթ հովվին…
Աշխարհայացքի խնդիրը քննելիս ան­հնար է խուսափել Իսահակյանի մասին խոսելուց: Թումանյանն ու Իսահակյանը ոչ միայն ժամանակակիցներ էին, այլև մտերիմ ընկերներ, գրչակիցներ, որոնք և՛ շատ ընդհանրություններ ունեին, և՛, գուցե ավելի շատ՝ սկզբունքային տարբերություններ: Նրանք միանգամայն տարբեր կերպ էին ընկալում ոչ միայն մարդուն, այլև տիեզերքը, կյանքի օրենքները, Արարչի ստեղծած աշխարհը: Մահվան իրողությունը հուսահատեցնում է Իսահակյանի քնարական և էպիկական հերոսներին, այնինչ Թումանյանը, թախիծով ու տխրությամբ, բայց ընդունում է մահը իբրև կյանքի կարևորագույն պահ: Իսահակյանը անհատապաշտ է, Թումանյանը՝ ժողովրդապաշտ: Սա ինքնին չափազանց հետաքրքրական իրողություն է՝ երկու մեծ բանաստեղծների ստեղծագործությունը նույն տարիներին, այդքան իրար մոտ և այդքան իրարից տարբեր, երբեմն պարզապես հակադիր: Ես միշտ մտածել եմ Թումանյան-Իսահակյան հարաբերություններին նվիրված գրքի մասին, բայց այդպիսի գիրք մենք մինչև հիմա չունենք: Էդվարդ Ջրբաշյանը շատ ուշագրավ դիտողություններ ունի այս հարաբերությունների մասին, բայց խնդրի ամբողջական քննությունը դեռ մնում է անկատար:
Թումանյանագիտության ամենակարևոր թեմաներից մեկը բանաստեղծի հրապարակախոսությունն է: Հաստատապես կարելի է պնդել, որ այս խնդիրը մինչև հիմա լուրջ քննության չի արժանացել, այնինչ Թումանյանի հրապարակախոսությունը նրա ժառանգության ամենահետաքրքրական հատվածներից մեկն է: Թումանյանը գրել է ժամանակի հայ հասարակությանը հետաքրքրող գրեթե բոլոր հարցերի մասին, և նրա մտքերը արժանի են ամենալուրջ քննության: Այստեղ չպետք է մոռանալ և նամակները, որոնց մեջ բուն հրապարակախոսությունը լրացնող շատ բան կա: Թումանյանը արձագանքել է և՛ իր ժամանակի հուզող խնդիրներին, և՛ հարցերի, որոնք վերաբերում են հայ ժողովրդի ազգային բնավորությանը, և՛ համամարդկային խնդիրների: Այս հոդվածները, բնականաբար, սերտորեն կապված են պոեզիայի և արձակի հետ, բայց շատ դեպքերում ինքնուրույն նշանակություն ունեն: Կանգ առնեմ երկու խնդրի վրա, որոնք շատ են զբաղեցրել Թումանյանին:
Նախ, վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ: Ոչ մի դեպքում այդ վերաբերմունքը իդեալականացում չի կարելի համարել, ինչպես ժամանակին գրել են Լեոն և Մակինցյանը: Ծայրահեղությունները խորթ էին Թումանյանին: Նա տեսնում էր այն բոլոր լուսավոր բաները, որ կային ժողովրդի մեջ, ժողովրդի մարդու մեջ: Դրա վրա է կառուցված նրա ողջ ստեղծագործությունը: Բայց մենք զարմանալիորեն չենք նկատում կամ չենք փորձում հասկանալ նրա երբեմն շատ սուր բացասական գնահատականները ժողովրդին. օրինակ, նրա խոսքերն այն մասին, որ այս ժողովուրդը տաղանդավոր մարդիկ շատ կտա, բայց ո՛չ լավ մարդիկ: Եվ հետո բացատրում է, որ պատմությունն է այդպիսին դարձրել մեր ժողովրդին: Պետք է բացատրել նրա տխրությունը ժողովրդի մարդու արատների համար, արատներ, որոնք նա ներկայացնում է ոչ միայն վաղ շրջանում գրված «Բորչալվում» ակնարկում, այլև ավելի ուշ շրջանի հոդվածներում: Ահա նա պատմում է այն մասին, թե ինչպես իր հայրենակիցները, կաշառվելով գյուղի հարուստների կողմից, վկայություն են տալիս այն մասին, որ անմեղ, բռնության ենթարկված համա­գյուղացի աղջիկը անբարոյական է, և դեռ պահանջում են նրան գյուղից վտարել: Թումանյանին էլ հանդիպելով փողոցում՝ պարծենում են իրենց «հաղթանակով» («Հանցավորներ ու վկաներ»): Մեկ ուրիշ հեղինակի դեպքում այս ամենը այդքան հարցականներ չէր առաջացնի: Բայց Թումանյանի դեպքում խնդիրը ավելի բարդ է: Անուշի և «Թմկաբերդի առումի» աշուղի կերպարներն ստեղծողը այսքան դառը բաներ է ասում նույն այդ ժողովրդի մասին… Մյուս կողմից, մենք չպետք է աչքաթող անենք այն սերն ու հիացմունքը, որոնք արտահայտված են երիտասարդ գյուղապետ Արամ Դալլաքյանի («Հանցավորներ և վկաներ») և օրիորդ Սաթենիկի («Թանկ մարդու հիշատակին») նկատմամբ: Մեկը զոհ է դառնում հայրենակիցների խարդավանքներին, մյուսը՝ տարափոխիկ հիվանդությանը: Այս բոլորը պատահական նրբագծեր չեն Թումանյանի ստեղծագործության, նրա աշխարհընկալման մեջ: Պետք է դրանք տեսնել նրա ողջ ժառանգության համատեքստում, իրար հետ և մյուս գործերի հետ կապի մեջ:
Վերջապես, պետք է ուշադիր քննել նրա և Համբարձում Առաքելյանի հարաբերությունները, ավելի ճիշտ՝ դրանց արտացոլումը նրա հրապարակախոսության մեջ: Այն կիրքը, որով Թումանյանը հարձակվում էր Առաքելյանի վրա, միայն երկու անհատների խնդիր չէր: Դա նաև առիթ էր Թումանյանի համար՝ առաջ քաշելու մարդկային բարոյականության կարևորագույն հարցերը: Ինչքան ես կարող եմ դատել, թումանյանագիտությունը բանաստեղծի ժառանգության այս մասին անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել:
Թումանյանագիտության կարևորագույն խնդիրներից մեկը նրա ստեղծագործության մեծ՝ հայկական և միջազգային համատեքստն է: Ասել, թե այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, անարդար է: «Անուշը» համեմատել են «Ռոմեո և Ջուլիետի» հետ: Շատ է խոսվել Թումանյանի և Պուշկինի ընդհանրությունների մասին: Իսկ Սարգիս Մանուկյանը «Անուշը» համեմատել է նույնիսկ Գյոթեի հռչակավոր պոեմի՝ «Ֆաուստի» որոշ հատվածների հետ, եզրակացնելով, որ Թումանյանն ազդվել է այս պոեմից (ճիշտ է, այդ համեմատությունը հենց սկզբից մերժվել է): Բայց այդպիսի դրվագային համեմատություններով խնդիրը չի լուծվում: Հարկավոր է Թումանյանին տեսնել իր ժամանակի գրական հոսանքների, ռեալիզմի և ռոմանտիզմի հատման խաչմերուկներում, հայ և համաշխարհային գրականության պատմության ամբողջ համատեքստում: Հայ ժողովրդի մասին ասված դառը խոսքերը պետք է տեսնել Մովսես Խորենացու, Եղիշե Չարենցի և մյուս հայ գրողների քննադատական խոսքերի կողքին՝ դրանց էությունը հասկանալու համար: Ե՛վ Խորենացին, և՛ Թումանյանը, և՛ Չարենցը սիրում էին իրենց երկիրը ոչ պակաս, քան այդ երկրին ներբողներ երգողները, բայց նրանց վերաբերմունքը ավելի խորն էր ու ավելի բազմաշերտ, քան սովորական, մակերեսային հայրենասիրությունը: Նրանց, ովքեր խոսում են նահապետական իրականությունը Թումանյանի գործերում իդեալականացնելու մասին, պետք է մատնացույց անել նախ և առաջ «Մերոնք» փոքրիկ շարքը՝ «Նեսոյի քարաբաղնիսը» և «Քեռի Խեչանը» պատմվածքներով և սրանց հարող «Գաբո բիձու շերամապահությունը» պատմվածքը, որոնցում Թումանյանը երգիծում է իր հերոսներին. դրանք իր հայրենակիցներն էին, որոնց անբանականությունը, մտածելու ցանկության բացակայությունն ու անկարողությունը երբեմն ողբերգություններ էին ծնում: Այդ թեման նրան այնքան էր զբաղեցնում, որ դրան անդրադառնում է և մի քանի հեքիաթներում՝ «Բարեկենդանը», «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը», «Ձախորդ Փանոսը»: Այսինքն՝ Թումանյանը ոչ թե գովերգում կամ քննադատում էր ժողովրդին, այլ քննում էր մարդու էությունը այն մարդկանց միջոցով, որոնց կերպարը աղավաղված չէր փողով, շահով: Երբ նա կարոտով հիշում է իր հայրենի, արդեն կորած աշխարհը, շեշտում է, որ այդ աշխարհում մարդիկ դեռ չէին դարձել դուքանչի ու աբլակատ, և հենց սա էր նրան քաշում դեպի այդ աշխարհը: Բայց այստեղ էլ մարդիկ կատարյալ չէին, այստեղ էլ բանականության պակասն էր ավերներ գործում, մարդկային կրքերն էին մարդկանց կործանում:
Երբ ես խոսում եմ Թումանյանի ստեղծագործության միջազգային համատեքստի մասին, ամենևին ի նկատի չունեմ, այսպես կոչված, կոնտակտային առնչությունները, այսինքն՝ ուղղակի շփումները եվրոպական գրողների հետ կամ նրանց ազդեցությունները: Սա կարևոր է, բայց շատ քիչ, մանավանդ այնպիսի հեղինակի համար, ինչպիսին Թումանյանն է: Շատ ավելի կարևոր են տիպաբանական առնչությունները: Օրինակ, անբանականության մասին խոսելիս չի կարելի շրջանցել եվրոպական Վերածննդի գրականությունը, Էրազմ Ռոտտերդամցուն և ուրիշներին, որոնց համար մարդու բանականության խնդիրը կենտրոնականներից էր:
Եվրոպական գրականության հետ առնչությունների մեջ շատ հետաքրքրական են Թումանյանի և ուտոպիստների հարաբերությունները: Թոմաս Մորը, Թոմազո Կամպանելլան և ուրիշները ստեղծում էին գոյություն չունեցող իդեալական արդար հասարակության պատկերը: Թումանյանն այդպիսի պատկեր ստեղծեց իր «Ոսկի քաղաք» անիրավացիորեն անուշադրության մատնված հեքիաթում, բայց Ոսկի քաղաքի կարգերը խորապես տարբերվում էին եվրոպական ուտոպիստների պատկերացումներից. Ոսկի քաղաքը իսկապես իդեալական պետությունն էր, որտեղ ոչ միայն բռնություն չկար, ի տարբերություն եվրոպական ուտոպիաների, այլև քաղաքի թագուհին մտահոգված էր իր հպատակների երջանկությամբ: Այս համեմատությունը շատ բան կտա՝ Թումանյանի ստեղծագործության ոգին հասկանալու համար: Ժամանակին ես գրել եմ այս խնդրի մասին, բայց Թումանյանի և եվրոպական գրականության առնչությունները շատ ավելի համապարփակ քննություն են պահանջում:
Թումանյանի ստեղծագործության համար սկզբունքային նշանակություն ունեն նրա առնչությունները Արևելքի, արևելյան մշակույթի և գրականության հետ: Այս թեման զարմանալիորեն խլանում է թումանյանագիտական հետազոտություններում: Նույնիսկ քառյակները չեն ստիպում խորանալ Թումանյանի արևելյան հրապուրանքների մեջ: Այնինչ քառյակները առաջացել են պարսկական միջնադարյան բանաստեղծության մեջ, լավագույններն ստեղծվել են միջնադարում, այնտեղից թափանցել միջնադարյան հայ պոեզիա: Երկրորդ կյանք նրանք ստացան Թումանյանի ստեղծագործության մեջ. իր լավագույն փիլիսոփայական գործերը Թումանյանը գրեց հենց իբրև քառյակներ: Հայտնի են նրա խոսքերը քառյակների մասին («քառյակները գոհարներ են»): Այնուհետև, պետք է հիշել «Հազարան բլբուլը» պոեմը, որի շատ հատվածներ արևելյան ծագում ունեն, «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը՝ Թումանյանի համար շատ կարևոր մի գործ: Պատահական չէ, որ «Ոսկի քաղաքը» հնդկական հեքիաթի թարգմանություն է: Չմոռանանք նրա երկու կատարյալ քառյակները Արևելքի մասին («Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն…» և «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու…»), որոնցում Թումանյանը ուղղակի Արևմուտքին հակադրում է Արևելքի եդեմները: Այս քառյակները իր տեսակի բանալի են՝ հասուն Թումանյանի աշխարհատեսությունը, բարոյական արժեքների նրա համակարգը հասկանալու համար:
Բայց արևելյան առնչությունների թվարկումը քիչ է Թումանյանին հասկանալու համար: Անհրաժեշտ է այդ առնչությունների համակարգված, խորը քննություն: Թումանյանին, իհարկե, չի կարելի կտրել Եվրոպայից, եվրոպական մշակույթից ու գրականությունից: Բայց նրա մարդկային անհատականության և գրական ժառանգության կարևորագույն հատկանիշներից մեկը արևելյանի և եվրոպականի այդ զարմանալի զուգակցումն է:
Ընթերցողը հասկանում է, որ թվարկված հարցերով Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրության խնդիրները չեն սպառվում: Նրա ժառանգությունը նորանոր հարցեր է առաջադրում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։