ՀԱՅԱԶԳԻ  ԱՄԵՐԻԿԱՑԻ  ԳՐՈՂԸ / ԼԵՎՈՆ Զ. ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ (1907 – 1995)

Լևոն-ՍուրմելյանՓաստորեն ամերիկյան վիպագրությունը նորություն է նախ և առաջ հենց ամերիկացիների համար: Այն, ինչ որ ամերիկացի վիպասանին ժողովրդական է դարձնում արտասահմանում, ժողովրդական է դարձնում և Ամերիկայում: Որովհետև ամերիկացի լուրջ գրողը «Ո՛չ» ասող է. նա հերձվածող է եղել ամերիկյան վեպի սկզբնական շրջանի քնքշություններից ազատագրվելու օրերից – մի շրջան, երբ ի պատվի էին քաղաքավարի թեմաներ և քաղաքավարի լեզու, և իր մշակույթով Ամերիկան դեռ գաղութային կախման մեջ էր Անգլիայից: «Այո՛» ասող գրողը շատ քիչ կամ գրեթե նոր բան չունի ասելու և իր վեպի համար ընտրած նյութի հանրահայտ, ավանդական կողմն է ներկայացնում, այսպես ասած, մեծամասնության թեզը, մինչ բնական է՝ փոքրամասնության թեզն ավելի հետաքրքրական է, հոգ չէ, թե տեղացի բոցավառ հայրենասերը ինչ կզգա այդ մասին: Պաշտոնական ճշմարտությունները խղճուկ ատաղձ են լուրջ վեպի համար, իսկ երբ «տաբու»-ները ոտնահարվում են, մեզ՝ ընթերցողներիս, նոր բաներ սովորելու հնարավորություն է տրվում:
Արվեստը նորն է և մտերիմը: Եվ գրողը պետք է մտերիմ լինի, որպեսզի նոր լինի: Մտերիմ ոճը, օրինակ, կարող է թերություններ ունենալ, անհարթ ու երկարաբան լինել, ինչպես Դրայզըրինը, բայց որոշ չափով ինքնատիպ կլինի ու անկեղծ: Իսկ գրողը ինքնատիպ լինել չի կարող, եթե անկեղծ չէ: Արվեստում ինքնատիպության գաղտնիքը անկեղծության մեջ է: Գրողը պետք է խիզախություն ունենա լինելու այն, ինչ որ է: Առանց այս ինքնահավաստումի ոճ չի լինի, ո՛չ ոճ, ո՛չ էլ գրականություն, առանց անկեղծության:
Բացահայտ է՝ որևէ փոքրամասնության պատկանող ամերիկացիներ կներկայացնեն փոքրամասնության թեզը. «ո՛չ» ասող փոքրամասնության թեզերը նոր լույս կսփռեն ամերիկյան կյանքի այս կամ այն երևույթի վրա, ցույց կտան մեդալի մյուս կողմը: Այդ թեզերը կզարմացնեն կամ հանկարծակիի կբերեն ընթերցողին. ամերիկյան վիպագրության մեջ նախընթաց տասնամյակներում հենց այս է պատահել, և փոքրամասնության շարժումը շարունակվում է:
Արվեստի մեջ նորության այս սկզբունքով է բացատրվում օտար ծագումով մի շարք անգլիագիր գրողների հաջողությունը: Բնականաբար, նրանց ոճը անսովոր կլինի, որն ինքնին ուշագրավ կդարձնի նրանց: Ոչ սովորական դարձվածքներ կգործածեն նրանք, և հենց իրենք սովորական մարդիկ չեն: Անկասկած, լեհական ծագումով են պայմանավորվում Ջոզեֆ Քոնրադի ոճը և նրա վեպերին կյանք տվող տեսիլքը: Մայքըլ Արլենի ոճի հմայիչ արվեստականությունը բացատրելի է նրա հայ ծագումով: Քոնրադի պես, և գուցե ավելի, քան Քոնրադը, նա պետք է մի դեր խաղար, որպես դրսեցի, պետք է ինչ-որ դիրք ընդուներ, անգլիացու տեղ անց կենար: Եվ, ըստ իս, հենց նույնը պատահեց Հենրի Ջեյմսին Եվրոպայում, հատկապես նրա փարիզյան վաղ շրջանում: Այս առիթով հիշում եմ ուրիշ անուններ՝ Վլադիմիր Նաբոկով և Ուիլյըմ Սարոյան: Թեև Սարոյանը ծնվել է Ֆրեզնոյում և իր կերտվածքում բնիկ ամերիկացուց շատ ավելի բան կա, քան «Լոլիդայի» հեղինակի մեջ: Սարոյանի անկեղծությունը և նրա պատմվածքներում առկա բացորոշապես հայկական տարրը ամերիկյան վիպագրության մեջ մի թարմ, նոր ձայն դարձրին նրան, և այս առթիվ կարող ենք ասել՝ որքան ավելի հայ է նա իր գրականության մեջ, այնքան ավելի ժողովրդական է, ընդ որում, հաջողությունը շեշտվում է կամ նվազում ըստ հայկական ժառանգության չափի, իսկ դա նորություն է ու անակնկալ և՛ այստեղ, և՛ արտասահմանում: Սարոյանն իր տարերքում է հակիրճ ինքնակենսագրական քնարերգության մեջ – մի կարճ լաց կամ ծիծաղ: Նա ճանապարհ ընկավ մտերմիկ արձակով, որը նրա համար նույնքան բնական էր, որքան շնչելը: Դա ամենավարակիչ արձակն էր Ամերիկայում:
Ամերիկյան արդի վիպագրությունն աչքի է ընկնում մտերիմ ոճերի հարուստ այլազանությամբ, այս կամ այն տեսակի վիպական լեզվով, լավ լինի թե վատ: Ինձ թվում է՝ պատճառը մասամբ այն է, որ Ամերիկայի բնակչությունը կազմված է ցեղային տարբեր տարրերից: Խայտաբղետ ազգ է ամենախառը աշխարհում: Ոչ միայն անհատական նոր ոճեր, այլև գրական շարժումներ ևս կարող են օտար ծագում ունենալ: Սովորաբար օտար հովերը ազգային սահմանների վրայով նոր սերմեր են նետում: Էդգար Ալեն Պոն խոր ազդեցություն ունեցավ Բոդլերի ու Մալարմեի վրա և, հավանաբար, Ֆրանսիայում խորհրդապաշտ շարժման ներշնչողը եղավ, և Ֆրանսիայի միջոցով նրա ազդեցությունը տարածվեց բոլոր քաղաքակիրթ երկրներում: Երբ Ամերիկա եկա, կարծում էի՝ Ամերիկան արտադրել էր միայն մեկ մեծ բանաստեղծ՝ Պոն:
Հենրի Ջեյմսը գեղագիտական հիմնական դավանանքը վերցրեց Ֆրանսիայից, և նրա մեթոդը Ֆրանսիա վերադարձավ ամերիկյան վեպերով, որոնք գրական նոր շարժում սկսեցին այդ երկրում: Առանց այս խաչաձև բեղմնավորումների, ազգային գրականությունները կմնային գավառական և լճացումից կմահանային: Ջեյմս Ջոյսը կատարելագործեց վիպագրական մի նոր մեթոդ, որ առաջինը կիրառեց ֆրանսիացի մի գրող՝ Էդուարդ Դյուժարդենը և հավակնությունը չունեցավ, թե ինքը սկզբնավորեց գիտակցության կամ, ինչպես ես կնախընտրեի կոչել, մտածումի հոսանքի տեխնիկան: Եվ դեռ նկատի ունեցեք ազդեցությունը ռուս հսկաների՝ Տոլստոյի, Դոստոևսկու, Չեխովի, Գորկու: Ռուսներն իրենց հերթին շատ բան սովորեցին ֆրանսիացի ու անգլիացի գրողներից: Եվ կամ հիշեցեք, թե քաղաքակիրթ բոլոր երկրներում բոլոր գրողները ինչ են սովորել հին հույներից:
«Ստեղծագործական ներկան», նշմարներ ժամանակակից ամերիկյան վեպից»՝ խմբագրությամբ Նոնա Բալաքյանի և Չարլզ Սիմմընզի, կարող է ծառայել որպես կլինիկական դիտողությունների գիրք՝ ուսումնասիրելու մեր երկրում հետպատերազմյան գրողների մեջ գործող այս օրինաչափությունը:
Հետաքրքրական է նշել, որ «Ստեղծագործական ներկան» ժողովածուում ուսումնասիրված առաջին երեք գրողները նեգրեր են, ինչպես արդեն ասացինք: Չորրորդ գրողը՝ Ջ. Դ. Սելինջըրը, ծագումով մասամբ հրեա է: Հինգերորդ գրողը՝ Վլադիմիր Նաբոկովը, առաջին վեպերը գրեց ռուսերեն: Սոլ Բելոն, Նորմըն Մեյլրը, Բեռնարդ Մալամուդը և Հերբըրտ Գոլդը հրեա են, և Մերի Մեք-Քարթին՝ իռլանդացի հորից ու կես-հրեա մորից է, իսկ Ջեք Կերուակը ֆրանս-կանադական ծագում ունի: Այնքան էլ շատ չեն ամերիիկացի ամերիկացիները՝ Յուդորա Ուելդին պատվավոր հայուհի, Ուիլյըմ Սարոյանը և ուրիշներ, որոնց անուններն արդեն հիշեցի:
Ամերիկյան համաձուլվածքում փոքրամասնությունները, ներառյալ հայերը, լսելի են դարձնում իրենց ձայնը, և, եթե այսպես շարունակվի, ամերիկացի ամերիկացիների թիվը կգերազանցեն ուրիշ տեսակ ամերիկացիներ, որպես ստեղծագործող արվեստագետներ ոչ միայն գրականության մեջ, այլև ուրիշ ասպարեզներում: Եվ զգալի է, որ սա հենց սկիզբն է, և մենք կանգնած ենք նոր իրադարձությունների շեմին: Ամերիկյան վիպագրությունը այլևս անգլո-սաքսոնների կողմից չի գրվում, ճիշտ ինչպես որ Ամերիկան այլևս անգլո-սաքսոն երկիր չէ:
Հոգեկան անջատվածության անձկությունը և անսեր աշխարհում հաղորդակցվելու անկարելիությունը հուզում են ամենալայն շրջանների մարդկանց, հոգ չէ, թե ինչ են այս անձկության պատճառները՝ էկզիստենցիալ, հոգեկան, թե՞ տնտեսական, թեկուզ չվերադառնանք Գիտության Ծառին ու նրա դառնահամ պտուղին և մարդուն դիտենք մեքենային դեմ հանդիման և մեծ ընկերությունների ընդարձակ ու լուսավոր բանտերում:
Այս անձկությունը բարդանում է լուսանցքի մարդու յուրահատուկ մտահոգություններով: Վերոհիշյալ գրողներից շատերը լուսանցքի մարդիկ են, և նրանց կերպարները այս կամ այն ձևով թատերացնում են իրենց յուրահատուկ մտահոգությունները: Մեծ քաղաքի մարդը ճակատագրված է երկփեղկվելու. արմատախիլ է նա կամ անարմատ, և, հատկապես Ամերիկայում, միլիոնավոր մարդիկ հաճախված են իրենց կրկնապատկերով, անվստահ՝ իրենց ինքնությանը, չգիտեն իրենց տեղը և որոնում են մի ինքնասահմանում, որը ձերբազատեր իրենց այս տրտմությունից:
Անդրադառնալով լոկ հային, կարելի է ասել՝ պատմության մեջ դասական լուսանցքի մարդն է նա: Գիտե՝ ինչ է տարագրությունը. հայկական արտագաղթը սկսվում է Դ դարից: Այն օրից, երբ երկիրը բաժանվեց Պարսկաստանի ու Հռոմի միջև, հայը ստիպվեց լքել նախնիների հողը և բախտ ու ապահովություն որոնել այլուր, և փոքրամասնության իրավիճակը, իր բոլոր անպատեհություններով, նորություն չէ նրա համար: Անպատեհությունները ժխտել չի լինի, բայց փոքրամասնության պատկանելը կամ լուսանցքի մարդ լինելն էլ իր որոշ առավելություններն ունի: Դա նշանակում է ավելի հարուստ կյանք, և այս դրությամբ ստեղծված լարումը կարող է խիստ արդյունավետ լինել գեղարվեստական տեսակետից: Ներքին լճացումից զերծ կլինի դա: Մի քանի լեզու գիտենալու պես մի բան է, իսկ, որպես լեզուներ իմացող՝ հայի պես քչեր կան: Երբ փողոցով քայլում եմ կամ մեքենայովս աշխատանքի եմ շտապում, ես գիտեմ, որ երեքհազարամյա պատմություն եմ կրում իմ մեջ: Հայազգի ամերիկացի գրողը ամերիկյան կյանքում կամ գրականության մեջ մեծ ազդեցություն գործելու հույսը փայփայել չի կարող: Ինչպես ուրիշ գրողներ այս երկրում, ու, թերևս, նրանցից շատերից ավելի, նա պետք է գոտեմարտի ամերիկյան մեծ բիզնեսի այն ճյուղի հետ, որ հրատարակչություն է կոչվում, և հույս դնել չի կարող իր համայնքի վրա, ինչպես մի նեգր, հրեա կամ իտալացի ամերիկացի, որ զորավիգ կանգնեն իրեն՝ այնպիսի քանակությամբ սպառելու գրքերը, որ հարգանք ներշնչեն հրատարակչին, եթե ինքը որոշի գրել հայկական թեմայի շուրջ: Նա բախտը փորձում է մեն-մենակ: Սա վիթխարի երկիր է՝ 190 մլն բնակիչով, որտեղ ոչ մի գրող, ոչ իսկ ամերիկացի ամերիկացին կարող է ձգտել համազգային ձայն լինելու: Գրողը ամենամեկուսացված ու առանձնացած մարդն է և, որոշ իմաստով, աքսորական հենց իր երկրում, նույնիսկ երբ անառարկելիորեն ամերիկացի է մինչև ապուպապը և իր ձեռքին ունի անհրաժեշտ բոլոր հանձնարարականները: Էդգար Ալեն Պոն մեռավ հետին թշվառության մեջ, և միայն հինգ հոգի մասնակցեց Ուոլթ Ուիթմենի հուղարկավորությանը:
Ամերիկացի գրող լինելը իր պրոֆեսիոնալ վտանգներն ունի: Հայի համար ավելի մեծ են վտանգները: Միաժամանակ նպաստավոր հանգամանքներ կան նրա համար: Նախ և առաջ նա ունի մշակութային հարուստ ժառանգություն, որից օգտվում է, կարող է նոր բան ասել: Ուրիշների տառապանքների հանդեպ շատ զգայուն է, և դա ինքնին կխորտակի մարդկանց իրարից բաժանող պատվարները: Հայ գրողը կարող է ընթերցողներին համակել պատմության, ավանդության, հարատևության զգայնությամբ: Եթե հավատարիմ մնա հայկական ավանդությանը, նա հանուն ազատության կկռվի բոլորի դեմ, ինչքան էլ ուժեղ լինեն, ու կգործի Սասնա հախուռն Ծռան պես: Միաժամանակ, կարծրացած իրատես է նա և անուղղելի ռոմանտիկ – երկու հատկանիշներ, որոնք մեր ժողովրդի գոյատևման համար անհրաժեշտ են եղել:
Իր անհատական պատմությունը բանաստեղծության վերածելով, հայազգի ամերիկացի գրողը կարող է նոր ու կարևոր ասելիք ունենալ: Ու թեև կարող է հակասական թվալ, առավել հայ դառնալով, առավել ևս ամերիկացի կդառնա:
Մարդկային վշտերով կոփված ու մարդկային իղձերով տարված – հայի հավերժական անուրջն է դա – նա կարող է 20-րդ դարի իսկական պատգամախոսը դառնալ ու թարգման հանդիսանալ միլիոնավոր ուրիշների վշտերին ու իղձերին: Որպես հայ, նա ժամանակակից ամերիկացի է և, որոշ չափով էլ՝ համաշխարհային մարդ: Հայը ճանապարհ կհարթի ամերիկյան ընդհատակում. իր ցեղի պատմական երկարատև պայմանների բերմամբ, ընդհատակյա է նա ու, միաժամանակ, անուրանալի մի շնորհք ունի որպես միջնորդ, ընդունակ է հաշտեցնելու հակամարտ շահերն ու տեսակետները:
Ես կողմնակից եմ, որ հայերը հավատարիմ ընդդիմադիրներ լինեն Ամերիկայում: Ըստ իս, Ամերիկան, մերթընդմերթ, կարիք ունի մի բարձրագոչ «Ո՛չ»-ի, և պետք է ընդունենք, հայի ձայնը կարող է բավական բարձր հնչել. ամերիկյան նվագախմբում կարող է սրինգը լինել նա, և սրինգը ինչ-որ հարատև բան ունի: Հայազգի ամերիկացի գրողը թող ասպարեզ գա ու հրապարակավ ասի՝ «Ամերիկայի այսինչ բանը չեմ սիրում, իսկ այսինչ բանն ինձ մտահոգում է»: Նրա պարտականությունն է ասել այդ, փույթ չէ՝ այդ առթիվ ինչ կզգան դրոշ ճոճողները, և ուրիշ ավելի լավ ամերիկացիների պատասխանը անակնկալ կլինի հայի համար: Նա մենակ չէ:
Հայազգի ամերիկացի գրողը թող 20-րդ դարի գուսան լինի, արժանավոր շառավիղը 250 տարի առաջ ծնված բազմամշակույթ համաշխարհային մարդու՝ Սայաթ-Նովայի: Որովհետև որպես հայ՝ նա ամենատիպական օրինակն է կամ ներկայացուցիչը արդի մարդու՝ Ամերիկայում թե Ամերիկայից դուրս: Ամերիկացու ավելի ինքնագիտակից տարբերակն է նա: Ինքնագիտակցությունը կարող է ցավագին լինել, բայց, ինչպես կարող ենք տեսնել, «Ստեղծագործական ներկան» ժողովածուի պես մի գրքում ինքնագիտակցությունը հիմնական հատկանիշն է այսօր: Ամերիկյան մերօրյա հեղափոխությունն է դա:

(Նյու Յորքի «Արարատ» անգլերեն եռամսյա հանդեսից):
Տպագրվում է մասնակի կրճատումներով և առանց խմբագրման:
Թարգմանեց
ՀՐԱՉ ԲՈՒՋԻԿԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։