2015թ. ՆԱԽԱՇԵՄԻՆ / Սամվել Կոսյան

Արտառոց էր Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հայտնվելը Երևանում, իր «1915 թվական, Հայոց ցեղասպանություն» արդեն հայերեն թարգմանված գրքով: Ավելի արտառոց էր, երբ մարդասպանի հետնորդը հայերի միջավայրում իրեն թույլ տվեց Ջեմալին սպանող հայ վրիժառուին հրոսակ անվանել: Իսկ ամենաարտառոցը հայերի լռությունն էր. անգամ փորձ չարվեց «դեմոկրատ» թուրքին իր պապի գազանային ու արյունարբու արարքները հիշեցնել: Հասան Ջեմալի վարքը ևս ապացուցեց, որ թուրքը ժողովրդավարության ինչ փաթեթավորմամբ էլ ներկայանա, անգամ մեղանչող թուրքը նույն թուրքն է, և արդարության շպարի տակից էլ բարբարոս գենը զգալ է տալիս: Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուքիայի արտգործնախարար Չաուշօղլին կրկին չզլացավ հայտարարել, որ Թուրքիան երբևիցե չի ճանաչելու 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Այդուհանդերձ, գիտակցելով, որ նախկին կոշտ կեցվածքը կորցրել է արդիականությունը, և ժխտողական քարոզչության մեջ նոր տարրեր են անհրաժեշտ, Թուրքիան փորձում է այլևայլ աճպարարություններով և քողարկված կոսմետիկ գործողություններով շեղել միջազգային հանրության ուշադրությունը: Նման «նորամուծություններից» է թուրքական քաղաքականությանը իբր ընդդիմադիր թուրք մտավորականների ի հայտ գալը, ովքեր չեն վախենում իրենց պատմական անցյալին առերեսվել: Սակայն ինչպես նշում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ով նաև Ջեմալի գրքի թարգմանիչն է. «Այդ գործիչներն ընդունում են Հայոց ցեղասպանությունը, սակայն երբ հարցը հասնում է փոխհատուցմանը, խուսափում են այդ թեմաներից»: Այնուամենայնիվ, մի քայլ առաջ պիտի որակել իրողությունը, որ վերջին տարիներին մեծացել են թուրք մտավորականների և իրավապաշտպանների շարքերը, ովքեր փորձում են պայքարել հանուն ճշմարտության և արդարության… Հնարավոր է ու պիտի հուսալ, որ ժամանակի ընթացքում ազատամիտ թուրքերի շարքերը կխտանան՝ ստիպելով իրենց կառավարությանը բարեփոխումներ իրականացնել նաև Հայոց ցեղասպանության հարցում: Սակայն այդօրինակ լավատեսությունն առայժմ ավելի ռոմանտիզմի ժանրից է: Պիտի սպասել՝ մասնավորապես Ցեղասպանության 100-ամյակի օրերին թուրք հասարակության գիտակցության «դրական տեղաշարժը» առավել քողարկված վտանգներով կդրսևորվի: 2015-ը հեռվում չէ, իսկ 2014-ի ավարտին շաբաթից քիչ է մնացել: Տարեմուտի խորհուրդներից մեկը եկողին ակնկալիքներով դիմավորելն է, սակայն համաշխարհային քաղաքական զարգացումներն ու դրանց միտումները ցույց են տալիս, որ անցնող տարում թափված քարերը հնարավոր է մյուս տարի էլ թափված մնան, և ուշանա քարերը հավաքելու ժամանակը: Անզեն աչքով էլ նկատելի է. սիրիական հակամարտությունը, իսլամական պետության հրեշապատումները, ահաբեկչությունների չկտրվող շղթան, ուկրաինական ճգնաժամը, գլոբալացմանը զուգահեռ ազգայնական գերզարգացումները, համաշխարհային տնտեսության խաչմերուկներում դրամական արժեզրկումների խցանումները փոխանցափայտիկի պես փոխանցվելու են 2015-ին: Կդիմանա՞ այծի թե ոչխարի տարին այդ ծանրությանը… Նոր տարում Հայաստանը հայտնվելու է իր համար անծանոթ` Եվրասիական տնտեսական միություն կոչված միջավայրում, որի տեսանելի գործոնն առայժմ անորոշությունն է: Ոմանց ոգևորությանը հակառակ, առանձին վերլուծաբանների կարծիքով, ԵՏՄ-ի հետագա գոյությունը չսկսված՝ արդեն հարցականի տակ է: Դամբանականների հեղինակների հոռետեսությունը պայմանավորված է միության հիմնադիր երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև առկա տարաձայնություններով, ինչպես նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման տնտեսական ճգնաժամով: Կասկածից վեր է, որ ԵՏՄ-ում ընդգրկված երկրներից յուրաքանչյուրը աշխատելու է իր շահը հետապնդել, փորձելով վերմակի մեծ մասն իր կողմը քաշել, ինչն արդեն նկատելի է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է Ռուսաստանի հետ հաշվարկները դոլարով կամ եվրոյով իրականացնել: Միաժամանակ Ռուսաստանի քաղաքականությունը համարելով «հիմար և անուղեղ», նորաստեղծ միության համար զգուշացրել է. «Մենք չպետք է կործանենք այն միությունը, որին այդքան տարիներ ենք հատկացրել: Մենք երեքով ստեղծել ենք այդ միությունը, որը գործելու է հունվարի 1-ից, և մեզ համար ամոթալի է, եթե այն մեր սեփական ձեռքերով կործանենք»: Նմանատիպ տրտունջներ լսելի են նաև Ղազախստանի կողմից: Այս հակասությունները, եթե արդեն խաղի մեջ ես, Հայաստանին էլ են հնարավորություններ ընձեռում իր առավելագույն օգուտը ապահովել, եթե միայն Հայաստանը հնարավորինս արագ ձերբազատվի ներկայիս ընդամենը հանդիսատես լինելու կարգավիճակից: Հուսանք՝ Հայաստանին կհաջողի ակտիվ դերակատար լինել, քանի որ տարեմուտի խորհուրդներից մեկն էլ լավատեսությունն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։