2014-ը դժվար տարի էր: Ծանր ապրումների շրջան էր հատկապես վերջին ամիսները, երբ հայ-ադրբեջանական սահմաններում անվերջ կրակոցներ էին լսվում, իսկ արցախա-ադրբեջանական սահմանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ հակառակորդը խոցեց մեր ուղղաթիռը. զոհվեցին երեք անմեղ օդաչուները: Տարեմուտին առաջացան նաև տնտեսական նոր խնդիրներ. արժեզրկվեցին հայկական դրամն ու ռուսական ռուբլին, որի հետևանքով զգալիորեն բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ ավելի ծանր վիճակի առաջ կանգնեցնելով չքավոր խավի մարդկանց: Այս ամենից հետո ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ հայ մարդը, հայ գրողը, ավելի ճիշտ՝ ի՞նչ ցանկություն: Դե, իհարկե, առաջին հերթին՝ խաղաղություն, ինչպես աշխարհի բոլոր ծագերում, այնպես էլ մեր տարածաշրջանում: Ուզում եմ հուսալ, որ գալիք տարում նոր աշխատատեղեր կստեղծվեն հատկապես երիտասարդների համար, որ սեփական քրտինքով վաստակեն իրենց ընտանիքների հացը, շենացնեն իրենց օջախները և հազարավորների նման չբռնեն օտարության ճամփան:
Աղքատ հարազատների ու բարեկամների շրջապատում հնարավոր չէ՛ երջանիկ լինել, որքան էլ դու հարուստ լինես: Ուզում եմ՝ ա՛յդ գիտակցությամբ ապրեն ու գործեն բոլոր իշխանավորներն ու մեծահարուստները: Ուզում եմ՝ չմոռանան, որ Աստծու կամոք ձեռք բերած իրենց ունեցվածքի մի մասը պատկանում է ազգի չունևորներին, որ նրա՛նց օգնելով են երջանկանալու իրենք:
2015-ին մեր ժողովուրդը նշելու է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Կցանկանայի, որ Աշխարհը սթափ ու մարդկայնորեն արձագանքեր մեր անամոք ցավին, համարեր սեփականը և ազնվորեն դատապարտեր ոճրագործին:
Եվ, վերջապես, հիշենք, որ մեր երազած Հայաստանը մե՛նք ենք կառուցելու, մե՛ր ձեռքերով: Չմոռանանք, որ մեր հաջողության բանալին մեր միասնության մեջ է, բոլորիս համատեղ քրտնաջան աշխատանքով հզոր տնտեսություն, բանակ, մշակույթ ունենալու մեջ: Արդա՛ր լինենք իրար հանդեպ, ազնի՛վ ու հոգատար, միասին հաղթահարենք բոլոր դժվարությունները: Լինենք համախո՛ւմբ ու միասնակա՛ն. ահա իմ ցանկությունն ու բարեմաղթանքը իմ բոլոր հայրենակիցներին՝ Հայրենիքում, Արցախում և Սփյուռքում:
Թող 2015-ը մեծ հույսերի ու ծրագրերի իրականացման տարի լինի…