Ինձ համար Նոր տարին նման է խոստումնաշատ, փողկապավոր, դատարկագրպան մի հաճոյախոսողի: Գալիս է, նստում է իմ դիմաց, և ես սկսում եմ հյուրասիրել նրան: Ուզում եմ, որ նա քնքշություն տեսնի իմ մեջ, հավատ, սեր ու կանացիություն: Մեկ անգամ ևս նայում եմ հայելու մեջ և որոնում իմ հին աչքերը, բայց նորերը շաղվում են ապակու տակից: Ես սեթևեթանքով, արտիստիկ ժպտում եմ փողկապավորին, ում անունն է 2015, և հիշում բոլոր այն խենթերին, որոնք իրենց երկնային թագավորությունից պատգամում են ինձ. «Ապրի՜ր, ապրի՜ր»: Այս անգամ էլ թող երկու բաժակ դրվի տոնական սեղանին և նորից կարողանամ խմել իմ քաղցր սուտի կենացը և ասել.
– Բարով ես եկել, թող, որ կենացդ լինի: