ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական մրցանակ շնորհել`
գրականության և հրապարակախոսության ոլորտում` ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻՆ` «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Մեծարգո պրն. Նախագահ,
տիկնայք և պարոնայք
Կասկած չկա, որ մեր երկրի մշակութային և գիտական կյանքի բարձրագույն պարգևին արժանանալով` մենք առաջին հերթին պատվի արժանացած ենք զգում ոչ թե մեզ, այլ հենց մշակույթն ու գիտությունը: Կասկած չկա, որ յուրաքանչյուր պետություն, հազարավոր բաղադրիչներից զատ, նախ և առաջ գիտական և մշակութային կառույց է. եթե այն դա չէ, պետություն չէ: Այդ կատեգորիաները ոչ միայն հոգևոր-անհատական նշանակություն ունեն, այլ նաև քաղաքացիական և, ուրեմն, պետական. վաղուց, դեռևս ֆրանսիացի լուսավորիչների կողմից շրջանառության մեջ դրված «պետությունը մշակութային երևույթ» է սահմանումը վավերական է առանձնապես այսօր, երբ պետություններն առաջնորդվում են հենց այն սկզբունքներով, որոնք դարերի ընթացքում մշակել է գիտական և մշակութային միտքը. hավասարություն, եղբայրություն, ազատություն, ժողովրդավարություն, անհատ, քաղաքացի, իրավունք, արդարադատություն, հասարակություն, ազգ, ժողովուրդ, բանակ, ֆինանսներ, հայրենիք, հայրենասիրություն և տասնյակ ու տասնյակ այլ հասկացություններ հումանիտար ոլորտից տեղափոխվել են սոցիալական, հետևաբար` պետական ոլորտ: Գիտությունն ու մշակույթն են, որ այսօրվա խառնակ ժամանակներում կարող են ապահովել ինչպես յուրաքանչյուր ժողովրդի, այդպես էլ մեր ինքնությունն ու ինքնագիտակցությունը: Հետևաբար հոգածությունը գրականության, արվեստի, գիտության հանդեպ հոգածություն է սեփական պետության անխորտակ գաղափարի հանդեպ: Սա հարցի մի` ներքին կողմը: Մյուսը` գիտության և մշակույթի` այսպես ասած «գործունեության» արտաքո հանգամանքն է. ոչ մի դիվանագիտություն և դիվանագիտական կառույց այնպես չի կարող ներկայացնել իր ժողովրդին, ինչպես նրա գիտությունն ու մշակույթը: Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքից հետո աշխարհը գերմանացիներին և նրանց հայրենիքը` Գերմանիան, ընկալեց և նրանց վերաբերվեց ոչ թե իբրև նացիզմի ժողովրդի և հայրենիքի, այլ` Գյոթեի և Շիլլերի. դա էր Գերմանիայի հետպատերազմյան պատմության թռիչքի գրավականը: Այսօր և վաղը դա է լինելու անկախության տարիներին հարյուրավոր դժվարությունների մեջ հայտնված հայ ժողովրդի և նրա պետության թռիչքի գրավականը: Միայն և միայն մշակութային մտածողությունն է, որ այսօր և վաղը կարող է ապահովել և կանգնեցնել հայոց պետականության կառույցները` Ազգային ժողովը, կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը, մամուլը, բանակը, բանկը… Առանց այդ մտածողության վերջիններս սովորական և ոչինչ չնշանակող դե ֆակտոներ են: Ահա այս գիտակցությամբ են ոչ միայն կառուցվել, այլև քաղաքական և հումանիտար վստահության արժանացել ժամանակակից քաղաքակիրթ պետությունները: Մեր հայրենիքը` Հայաստանը, իր միջազգային և միջժողովրդական հեղինակության ձևավորման հարցում իր քաղաքական ջանքի կողքին պետք է նաև իր մշակութային-հոգևոր ջանքը թափի` ժողովուրդների ընտանիքում վստահելի իր վարկը պահպանելու և բազմապատկելու համար, ինչը մինչ օրս պատվով արել է գիտության և մշակույթի իր զավակների և իր բարեկամների միջոցով: Օգտվելով առիթից` թույլ տվեք դրա մշակութային մի մանրամասնը նորից հիշեցնել. 1930 թ.-ին Հայաստան է այցելել համաշխարհային պոեզիայի մեծագույն դեմքերից մեկը` ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը: Իր վիթխարի սերը Հայոց հին հողի նկատմամբ նա հավերժացրել է բանաստեղծությունների «Հայաստան» գեղեցիկ շարքով և «Ճանապարհորդություն Հայաստան» նոթագրությամբ: Մանդելշտամը Հայաստանում ապրել է գրեթե յոթ ամիս, ուղևորվել է Ղարաբաղ և 30 թվականի իրականության մեջ հանդգնել է գրել Շուշիի կոտորածների մասին: Այս երկու անզուգական ստեղծագործություններն այսօր թարգմանված են աշխարհի բոլոր քաղաքակիրթ լեզուներով` հարյուր հազարավոր տպաքանակներով:
Մեծարգո պարոն Նախագահ, մենք բանաստեղծության և բանաստեղծի հանդեպ զգայուն վերաբերմունքի մի դրսևորում կհամարենք, եթե Ձեր հանձնարարությամբ և Ձեզ հետ միասին Սպանդարյան 92 հասցեում, որտեղ Երևանում մի ամիս ապրել է մինչև օրս Հայաստանի փառքը աշխարհով մեկ տարածող ռուս մեծ բանաստեղծը, մի հուշատախտակի բացման մասնակիցները լինենք: Մենք դա մեծ սիրով կընդունենք իբրև պոեզիայի մեծարանք:
Շնորհակալություն:
20.01.2016 թ.