ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
արձակագիր, գրականագետ
ԳԵՎՈՐԳ ԱՏՐՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի
առթիվ։
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին։
«Օձը, որ փորձում է բռնել իր սեփական պոչը»
Գևորգ Խաչատրյանը, որը, ինչպես հայտնի է, «սիրում է» հանդես գալ տարբեր անուններով (Ալբեր Գեվի, Գևորգ Ատրյան, Գեորգի Սերգեև-Տրիյան և այլն), նախապես բանաստեղծ էր, 1960-ականների սերնդից, նրանցից, որոնք պոեզիայի աշխարհ մտան, այսպես ասած, «վճռական ձայնի» իրավունքով։ Իբրև բանաստեղծ Երևանի համալսարանական շրջանակներում, ուր կենտրոնացած էր այդ ժամանակների բանաստեղծական շարժումների հիմնական մասը, Գևորգ Խաչատրյանն իսկույն աչքի ընկավ իր թարմ, ինքնատիպ մոտեցումով, բանաստեղծական լեզվամտածողության բոլորովին նոր եղանակներով՝ բանաստեղծությունը դարձնելով կոնկրետ, պլաստիկ, այսպես ասած, կինեմատոգրաֆիկ, շոշափելի և առարկայական։ Հիշում եմ նրա մի բանաստեղծությունը, որտեղ նա նկարագրում էր, թե ինչպես սիրահարները, պառկած թարմ խոտի վրա, «ուտում էին շոկոլադ». սիրային անառարկա վերացական զեղումների փոխարեն ներկայացված էր մի իրավիճակ, որտեղ ավելի սեր կա, քան բոլոր «զեղումները»։ Իհարկե ռուսերեն պոեզիան (նա գրում էր և մինչև հիմա գրում է ռուսերեն) Հայաստանում որևէ հեռանկար ունենալ չէր կարող (ինչպես իր սերնդակից ռուսերեն գրող մի շարք բանաստեղծներ՝ Գ. Զաքոյանը, Վ. Նավասարդյանը, Ռ. Պապայանը)։ Ռուսերեն գրելը դեռ չի նշանակում լինել ռուսական գրականության ներկայացուցիչ, նրանք ռուսերենը օգտագործող հայ գրողներ են. ոմանք փորձեցին անցնել հայերենի, բայց դա մեծ արդյունք չտվեց (անկախ նրանց տաղանդավոր լինելու հանգամանքից)։ Գևորգ Խաչատրյանը երկար տարիներ աշխատեց Հայաստանի գրողների միությունում, այնուհետև տեղափոխվեց Մոսկվա, անցավ արձակի և հրատարակեց մի քանի գրքեր, որտեղ պարզ երևում է հեղինակի հոգեկան էությունը, նրա անհատական, ներքին «ինֆորմացիան», որից անհնար է հեռանալ կամ շրջանցել, քանի որ ստեղծագործությունը հենց այդ «ինֆորմացիայի» որոնումն է, նրա բացահայտումը, այլ կերպ ասած՝ դա մի ճակատագիր է, որին կամա թե ակամա հետևում է մարդը մինչև վերջ։ Գևորգ Խաչատրյանի կյանքի «ոդիսականը» նրան նորից վերադարձրեց իր հայրենիքը, որտեղ նա հրատարակեց իր «կյանքի գործը»՝ «Ուրոբորոս» վերնագրով, շատ կողմերով տարօրինակ, ժանրային որևէ սահմանի մեջ չմտնող փիլիսոփայական, այլաբանական մեծածավալ վեպը (ավելի ճիշտ, վեպի առաջին մասը, որին հետևելու է երկրորդ մասը)։ Վեպն ունի ընդգծված միֆոլոգիական բնույթ, նրա արմատները պետք է փնտրել 20-րդ դարի գրականության միֆո-փիլիսոփայական այլ ոլորտում, որտեղ գործում են Ջեյմս Ջոյսը (ոչ միայն «Ուլիսը», այլև գրողի վերջին վեպը՝ «Ֆինեգանի հոգեհացը»), Թոլքիենը («Մատանիների տիրակալ» միֆո-էպոսը), Ումբերտո Էկոն («Ֆուկոյի ճոճանակը»)։ Փիլիսոփայական պլանում վեպում տրված է Կոսմոսի, ժամանակի և քաղաքակրթության հավերժական վերադարձի, նրա կրկնության և նրա ներքին էության անհասանելիության գաղափարը, որը տրված է անսովոր վերնագրի մեջ՝ Ուրոբորոս, նշանակում է այն օձը, որը անվերջ փորձում է բռնել իր պոչը (ըստ էության դա 16-րդ դարի իտալացի փիլիսոփա Ջամբատիստա Վիկոյի փիլիսոփայական ուսմունքի հետևությունն է, որի վրա կառուցված է Ջ. Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը», և որն արտացոլված է Գևորգ Խաչատրյանի (ներողություն՝ Գեորգի Սերգեև-Տրիյանի) վեպում։ Այս վեպը ցույց է տալիս, որ 75-ամյա Գևորգ Խաչատրյանը (իր բոլոր անուններով հանդերձ) հասել է իր մտավոր-հոգեկան և գրական-ստեղծագործական բարձրագույն աստիճանին, որի համար ես ջերմորեն շնորհավորում եմ նրան։
Հենրիկ ԷԴՈՅԱՆ