ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խաչիկ-Մանուկյան1ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ծննդյան 50-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
…Պոեզիան ինքը կյանքն է, և երբ մարդը ինքնակամ հեռանում է կյանքից, նրան չես կարող արգելել: Պոեզիան իմ և քո ներսն ու դուրսն է, ամենուր է ի սկզբանե և ի վերջաբանե: Խոսքը արժեզրկելով՝ արժեզրկվում է ամեն ինչ: Ես հույս ունեմ` գրական զարթոնքն ունենալու ենք, որովհետև մեր բնությունը, Հայաստանը տրամադրում է մարդուն լինել պոետիկ, լինել ապրող, նկարել, արարել, ստեղծել: Այստեղ այդ էներգիայի աղբյուրը կա: Մենք այսօր շատ ենք եվրոպական արժեքներից խոսում, բայց շատ կուզեի՝ եվրոպացիները հայկական արժեքներին հետամուտ լինեն. ինչպես մեր դուդուկի ձայնն է մաքրում իրենց հոգիները, մեր խոսքը նույնպես կարող է իրենց ազնվացնել և զորացնել:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

50
Դժվարն առաջին 50-ն անցնելն է,
Հաջորդներն արդեն հեշտ են տրվում,
100-ը կյանքի չքնաղ անձրևն է`
Ծիածանվում ենք վերևներում,
150-ը սպասման բեռն է,
200-ը չի երևում,
300-ը կատարյալ մերն է`
Պտղավորվում ենք նույն տեղերում.
Ամիսներ հետո` հին կարուսելն է`
Օրորոց, դպրոց, բակ, թրևում-
Դժվարն առաջին նվաճված սերն է,
Հաջորդներն արդեն
հեշտ են տրվում:

***
Անհամություն է երկար ապրելը,
Կարճ ապրելուց էլ բան չես հասկանում,
Շփերթ տղերքի սին առասպելը
Երկնքի փեշին չի աստվածանում:

Չգիտեմ թե ով, բայց ինձ խաբել է,
Իմ հոգուց դուրս է նա ապաստանում,
Խզեմ նրա հետ բոլոր կապերը`
Գնամ ամփոփվեմ իմ գերդաստանում:

Վերջը չիմացանք` ով էր ում տերը,
Ինչ էր ամեն ինչն այս իրականում.
Անհամություն է երկար ապրելը,
Կարճ ապրելուց էլ բան չես հասկանում:

***
Ծաղկել է մեր տնկած ուռը,
Ջուրն է գալիս` լցվում գուռը,
Թռչնի երգ է, գույն է, բույր է –
Կուկլուն չկա, Կուկլուն ո՞ւր է:

Հոգում` ցավի խանձող հուրը`
Ցամաքում է իմ աղբյուրը,
Շուրջս կսկիծ ու մրմուռ է –
Կուկլուն չկա, Կուկլուն ո՞ւր է:

Ճաք է տվել սրտիս նուռը,
Փլված պատ ու ջարդված դուռ է,
Շուրջս լուռ է ու տխուր է –
Կուկլուն չկա, Կուկլուն ո՞ւր է:

***
Քեզ կարոտել եմ, սեր իմ, ու մեկ էլ`
Պանդոկի օղին խուճուճ Քերոբի,
Ծանրացող հուշը կրծքերդ պրկել`
Գալիս է` լքված բույնը նորոգի:

Մաքուր օդն արդեն սարթ է թոքերիս.
Ես իմ ծխամած բաժինն եմ ուզում,
Նյութապանծ օրերն այս դառնաերիզ
Վերջին զվարթուն
սիրտն են ակոսում:

Լքված փողոցի աչքերը փակ են,
Եվ լապտերի տակ լույսի մահարձան
Սրբությունները պիտի սակարկեն
Նրանք, որ ծախու հոգիներ դարձան:

Իմ ճամփան վաղուց մշուշի տակ է.
Ոչ կարոտ, ոչ սեր- բան չի երևում.
Ի՜նչ համբերանք էր պապս կտակել,
Որ դեռ Աստված եմ փնտրում վերևում:

***
Ամենավերջում կմնամ մենակ,
Չի ծամածռվի մանկութ հայելին,
Խաղաղությունը` ճերմակ թաշկինակ,
Կթափահարվի հոգուս սնարին:

Ինչքա՜ն անիմաստ անուրջներ կային`
Գունագեղ, համառ պչրուհու նման,
Պսպղում էին իմ ճանապարհին`
Որպես աստղային
հրայրքներ անմար:

Որն էր անսուտը և հավատալին,
Խառնվել էին կոտոշ ու վեղար,
Այն ամենին, որ կյանքս կտայի`
Ցնորքի բաժին այլևս եղավ:

Տխուր է վերջը, անխինդ ու մռայլ,
Հիշողությունն է ասեղնագործում,
Եվ թափառ հոգու բույնը զառամյալ
Սուզվում է հողի կենարար ծոցում:

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ

Մոլորակը իմ թիկունքում մնաց,
Նայեցի` խաղաղ դեռ պտտվում էր,
Հեռվից թվում էր դեմքը սփրթնած,
Այդպես երևի միայն թվում էր,
Իսկ իրականում` սերն էր թևածում
Ու բերնեբերան կյանքը ծփում էր,
Ես շտապեցի մեռնելու հարցում`
Ինչ-որ բան իմ մեջ դեռևս հում է:
Վերադարձիս մեջ Աստծո մատը կա,
Թեև իմ հայրը հաստատ ինքը չէ,
Մի քիչ շունչ առնեմ ու ձեզ մոտ կգամ`
Հոգնել եմ, նոր եմ երկնքից իջել:

***
Հենց որ հերթն ինձ հասավ’
գարունը վերջացավ,
Ամառն էլ մեջ տվին,
ու արդեն աշուն է,
Հազար դար առաջ էր’
բարևեց ու անցավ.
Դեռ կարգին ասուն չէր անասունը:
Հիմի էլ ջուր դառել’
բոլորայն հոսում է,
Սաստկացած հոսում ու ավերում:
Ձեռքերս վեր պարզել,
Աստծո հետ խոսում եմ.
– Ախպերս, չկաս էս վայրերում:
Մեր հոգին ցուրտն առել’
ինքն իր մեջ մրսում է,
Ներսում էլ տեղ չկար,
մնացինք դրսերում.
Չէ, ասուն չի դառել են սոված անասունը,
Արնոտ ատամներն ու
մագիլներն է սրում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։