Նախանձ / Մարիա ԱՎԱԳՅԱՆ

309456_261363440564487_575916229_n

Փոքրիկ Մարիշը քրոջը նայում է արցունքով լի աչքերով: Վաղ առավոտից նա տեղը չի գտնում: Ո՞նց կարող է այդպիսի բան պատահել. այսօր ավագ քրոջ ծնունդն է: Ոչ, իրենը չէ, այլ Լուսոյինը, ով դեռ չարթնացած, թռչկոտում է տոնական, յուրահատուկ օրվա ակնկալիքով:
Զանգ… Մի հատ էլ: Նորից ու նորից: Հավաքվում են հյուրերը: Մորաքույրը՝ մեծ տոպրակով: Հետո հորեղբայրը` «Փոքրիկ փերի» հարդարման պարագաների տուփով: Տատիկն ու պապիկը: Ընկերները: Եվ բոլորը` նվերներով, որոնք անթիվ են, անհամար… Ճռճռում են տոպրակները, պատռվում են փաթեթավորված նվերների թղթերը: Սենյակում տոնական խառնաշփոթ է: Օդում ճախրում են գույնզգույն ժապավեններն ու թղթերը: Եվ այդ ամենը` իր աչքի առաջ ու ոչ մի կապ չունի իր հետ:
Մարիշը կրծոտում է շուրթերը` փորձելով զսպել անզորության և կատաղության արցունքները: Զվարթ ծիծաղն ու աշխույժ զրույցը միայն ավելացնում են նրա վիշտը: Առաջին իսկական վիշտը: Նա ուզում է նվերները ոտքերի տակ տրորել, ոչնչացնել, որ Լուսոյի դեմքից վերանա հիմար ժպիտը: Բայց մայրիկն այստեղ է: Նա օգնում է դասավորել, տեղավորել նվերները, ուրախանում է դստեր հետ, զննում դրանք` հավանություն տալով և պայծառ ժպտալով:
Գեղեցիկ ձևավորված տոնական սեղանը կանչում է հյուրերին: Անցուդարձը սաստկանում է: Հյուրերն, ի վերջո, նստում են:
Դռան զանգն է: Էլի հյուրեր: Նրանք համբուրում են Լուսոյին` մեկնելով հերթական նվերը: Քույրիկն ուրախությունից ճչում է. այդպիսի նվերի մասին վաղուց էր երազում:
Մարիշը մոտենում, զգուշորեն բացում է փաթեթն, ու սիրտը մի պահ կանգ է առնում, հետո գլորվում հեռու-հեռու… Մազերի հարդարման հավաքածու՝ փոքրիկ կոկետուհու համար: Կուլ տալով աղի արցունքը` Մարիշը անկյուն է քաշվում` երազելով միայն վրեժ լուծելու մասին: Իսկ հետո ինչ լինում է` լինի: Ոչնչացնել, ջարդել, թափել: Է՞լ ինչ կարող է անել: Նրա մանկական միտքն ի վիճակի չէ ընկալել առաջին անարդարության դառնությունը: Երկչոտ, գողտուկ քայլերով մոտենում է, դողացող ձեռքով ճանկում գեղեցիկ փաթեթավորած նվերն ու շպրտում է պատուհանից դուրս, հետո, վախեցած նայելով դռան կողմը, պառկում ու քնած է ձևանում: Մինչ վաղը ոչինչ չի լինի: Մինչ վաղը երևի չեն նկատի կորուստը:
Մարիշը լայն բացված աչքերով նայում է առաստաղին` ուսումնասիրելով մանկուց ծանոթ նախշերը: Պատկերացնում է քրոջ առաջին տագնապը, չարաբաստիկ նվերի զուր փնտրտուքը: Մտովի հետևում է քրոջը, քայլ առ քայլ… Դավաճան սիրտը վախլուկ բաբախում է` ամեն վայրկյան պատրաստ դուրս պրծնելու և բացահայտելու մանկական առաջին ստորության գաղտնիքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։