Կիսված օրը լի էր եռուզեռով: Բակում աքաղաղը կրակագույն թևերը թափահարեց ու ծուղրուղու կանչելու ծեսի պատրաստության պես վիզը ձգեց վեր, բայց միայն ծղրտոց արձակեց, և չալպտուրիկ, սև ու սպիտակ հավերը խմբվեցին նրա շուրջը:
Պարույր պապը դուրս եկավ բակ ու գոհունակ նայելով նրանց, հետո իր գերդաստանի այս ու այն գործով զբաղված, այս ու այնտեղ վազվզող տղաներին, հարսներին, թոռների խաղին իր ձևով մասնակից, պոչը ուրախ թափահարող շանը, տեղավորվեց պատի տակի փայտե նստարանին, աքաղաղի պես վիզը երկարեց վեր ու այդպես հպարտ և նահապետի արժանապատվությամբ հայացքով չափչփեց իր բաժին աշխարհի հեռու-մոտիկ գծերը. հասավ լեռների ամենաբարձր կատարներին, արևի հյուսքերով բարձրացավ-իջավ ու նորից աչքը հառեց բակում խռնված մարդ-թռչուն-կենդանի բազմությանը:
Մտքերի մեջ ընկավ…
Նոր հովեր էին աջ ու ձախից գալիս, պտտվում Արամուս գյուղի նամուսով ու ադաթով ապրած-ապրողների գլխավերևում: Մի կերպ հաշտվել էր կարճ փեշերի, կտրած մազերի, քաղաք ուսման գնացող-եկող աղջիկների` իրենից հեռու, ինչ-որ տեղ ներկայության հետ, բայց այդ մեկը Պարույրն ընդունել չէր կարող, չէ՛… Այդ մեկը շատ բան էր ջարդում երկրի հիմքերը գցած ու պահող ավանդական հայ ընտանիքների մեջ: Գյուղում շատերն էին հրաժարվել հարսների, արդեն անընդունելի հետամնացություն համարվող «չխոսկանություն» երևույթից: Ու երբեմն լավ էլ ստանում էին պատասխանը: Պարույրը օրինակներ գիտեր… Հենց երեկ եղբոր տանը խոսք ու կռիվ էր ընկել` սկեսրայր, հարս, սկեսուր իրար էին խառնվել, և… հազիվ հաշտեցրեց, հազիվ համոզեց, որ իրարից խռով սկեսրայրն ու հարսը խոսեն իրար հետ… Է, մինչ էդ չխոսեի՛ք, ու բանը կռվին չէր հասնի:
Առաջներում գերդաստաններ կային, որ երեսուն-քառասուն հոգով մի ընտանիքի պես ապրում էին խաղաղ-խաղաղ: Ի՞նչն էր պահում… Էն, որ ամեն մեկն իր գործին էր ու խելքին փչածը չէր ասում… չէր կարող ասել… Հարգանք կար, պատիվ կար, մեծի հարգը հասկանալ կար:
Պարույրի մտքերը ամպոտ երկնքի պես էին… Բեղի տակ տխուր ժպտաց… Դեռ իրեն էլ համոզում են, թե` այ բիձա, ի՞նչ ես նախնադարյան կանոններին կպել ու պոկ չես գալիս:
Չէ՛, դար էլ անցնի, սաղ աշխարհը ամոթ ասածը մոռանա` ինքը փոխվողը չէ…
Ու նորից ծանր ու հպարտ հայացքը սահեցրեց իրար հետ հաշտ, տան բան ու գործին լծված ընտանիքի անդամների վրա:
Պարույրը յոթ որդի ուներ, ու յոթի կանայք էլ գիտեին, որ եթե ընտրել են իր պես տեղը տեղին տղամարդու, իսկական հայ տղամարդու օջախը, չխոսկանության կարգը որպես ճակատագիր հլու-հնազանդ պետք է տանեն:
Փոքր հարսը` Զոյան, տան փայտյա աստիճաններով վերուվար էր անում՝ զրնգացնելով կաթսաներ էր տանում-բերում… Նրա երկու երեխաները դեռ փոքր էին, և այդ էր պատճառը, որ մոտ կանչեց իրենց ազգականի՝ հյուր եկած տասը տարեկան աղջկան.
– Քնարի՛կ ջան, դու աստիճանների մոտ կանգնի, մարդ չթողնես ներս մտնի,- և անփականք դուռը ծածկելով` շորերը հանեց ու մտավ տաշտի մեջ:
Տաք ջրի շոյանքների ու երանության գրկում էր… Մարմինն ասես հալվել, տարրալուծվել էր ջրում, օդի մաս դարձել, երբ մեկ էլ. Ճըռռռ… ճըըըռ… ճըըըըռռռռ…
Աստիճաններով բարձրացողը հաստատ երեխա չէր, ոչ էլ հարսներից մեկը:
Զոյան քարացավ…
Արդեն պարզ էր, որ մոտեցողին կանգնեցնող չկար, իսկ քայլերի ձայնը ավելի բարձր ու չարագուշակ էր դառնում: Հագնվել չէր հասցնի: Խոսելու իրավունք չունեցող հարսը ակնթարթների մեջ պարտավոր էր ելք գտնել խաղք ու խայտառակ չլինելու համար:
Իսկ փոքրիկ Քնարիկն ամեն բան մոռացած` անհոգ ու զվարթ, բակում իր հասակակից ազգականների հետ էր, խաղի հետ էր, իր մանկության հետ…
– Փըշտ… Փըշտ…. Փըըըըշշշշտ…- որքան հնարավոր է բարձր ձայնեց ահաբեկված ու կարծես թե ելք գտած Զոյան:
Քայլերը կանգ առան… Փառք Աստծու… Դռան ետևինը հասկացավ, ու… պատիվը փրկված էր:
Պարույրը ծանր քայլերով ու ծանր սրտով իջնում էր աստիճաններով:
Դեռ երբեք իրեն այսչափ վիրավորված չէր զգացել: Իրեն` Անդրանիկի զինվորի՜ն, Սմբատ հարգ ու պատվով հոր մինուճար որդուն, Պարույր հայ տղամարդո՜ւն ու… էդպե՞ս…
Կարմրատակած դեմքով հետ ու առաջ էր գնում բակում: Ոչ մեկի կողմը չէր նայում: Տալ-առնելն իր հետ էր: Վճռելու բան կար, կշեռքին՝ ծանրութեթևի լուրջ գործ…
Զինվորի խոցված արժանապատվությունը ծանր կշռեց ու…
Երեկոյան, երբ բոլորը տանն էին, Պարույր պապը ներս մտավ ու դանդաղ նստեց սեղանի «գլխի» իր աթոռին:
– Վե՛րջ… էսօրվանից էս տանը ոչ մի չխոսկանություն,- հնչեց նրա բամբ ձայնը,- ես ձեր համար կատու չե՛մ,- ավելի ազդու վերջացրեց ու բռունցքով, որքան ուժ ուներ, խփեց սեղանին՝ վերջում էլ չմոռանալով իր թունդ հայհոյանքներից մեկը նետել սեղմած շուրթերի արանքից…
Չխոսկանության ավարտին մի մեծ լռություն տիրեց: Ոչ ոք ականջներին չէր հավատում… Ապշած էին:
Իսկ մյուս օրն ապշելու էր ողջ Արամուսը: Ու երևի երկար քննարկելու էին այս ու այնտեղ, գյուղամիջում ու տներից ներս, սարում ու հանդերում գյուղի կյանքում տեղի ունեցած այդ մեծ իրադարձությունը:
Քնարիկը, իր գիտակցված-չգիտակցված մեղքի ծանրությունից սարսափած, կծկվել էր մի անկյունում ու աշխատում էր ոչ մեկի աչքին չերևալ: Չնայած Զոյա հարսիկը այնքան էլ խիստ չէր հանդիմանել նրան, բայց Պարույր պապի զայրույթից լայնացած աչքերով տեսարանը ամենասարսափելի բանն էր թվացել աղջկան իր ապրածների մեջ: Ու վճռել էր մյուս օրը հաստատ տուն վերադառնալ…
Առավոտյան, երբ փոքրիկ աղջիկ Քնարիկը բացեց աչքերը, հագուստների կողքին փաթեթների մի կույտ տեսավ: Դրանք Արամուսի` մինչ այդ չխոսկան յոթ հարսների նվերներն էին աղջկան: