ՇՂԹԱՅՎԱԾ ՊՐՈՄԵԹԵՈՍԸ (Չարենցի վերջին օրերի վկայություն) / ՆՈՐԱՅՐ  ԱԴԱԼՅԱՆ

Չարենց

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից

Կարօ Գէորգեանի «Ամէնուն տարեգիրքը» (Բեյրութ) պարբերականի 1961 թ. Ը տարվա 184-186 էջերում տպագրված է անանուն ականատեսի հուշը Երևանի բանտում Եղիշե Չարենցի կյանքի վերջին օրերի մասին՝ Ա. Բագրատունու բառացի փոխանցմամբ: (Այս հրատարակությունը չշփոթենք Թեոդիկի նշանավոր «Ամենուն տարեցույցի» հետ, որը հիմնադրվել էր 1907-ին, Կ. Պոլսում, այնուհետև շարունակեց լույս տեսնել Վիեննայում, Վենետիկում և դադարեց 1929-ին, Փարիզում, անվանի գրողի ու խըմբագրի մահվան պատճառով: «Տարեգիրքը» «Տարեցույցի» շարունակությունը չէ շատ տարիներ հետո, պատմահասարակական նոր պայմաններում, այլ զգալապես ուրիշ երևույթ, սակայն թեմատիկ ու կառուցվածքային ազդեցություններ է կրել նրանից, նույնիսկ՝ անվան մեջ): Ականատեսն իբրև «հանցագործ» գտնվելիս է եղել նույն բանտում, բայց օգտվել է որոշ արտոնություններից, մասնավորաբար՝ կերակուր է տարել բանտարկյալներին, այդ թվում՝ նաև Չարենցին:

Կարդանք.
«Չարենցը բանտարկուած էր մեկուսարանում (իզօլեատոր): Նրա մեկուսարանը զուրկ էր արեւի լոյսից, խոնաւ էր եւ միակ լոյսը էլեկտրական փոքրիկ մի ճրագ էր: Անկողին չկար, դրան փոխարինում էր խոնաւացած խոտի մի կոյտ, իսկ մեկուսարանի ուղիղ մէջտեղը կար մի երկաթեայ սիւն, որ ամրացած էր յատակից մինչեւ առաստաղ: Երբեմն հսկիչը դուրսն էր կանգնում եւ ես առիթից օգտուելով փորձում էի խօսեցնել Չարենցին, բայց իզուր. նա միշտ լուռ էր, երբեմն մռլտում էր եւ փորը բռնում, կամ կծկւում ինչ-որ սուր ցաւերից: Ինչպես յետոյ իմացայ, նա ջղերի հիւանդութիւն ուներ եւ երբ ազատ էր, բուժւում էր, այդ ցավերը մեղմացնող դեղօրայք ընդունում, իսկ բանտում բուժում չկար, նոյնիսկ ծխելն արգիլել էին»:
Շարունակենք կարդալ.
«Մի անգամ, երբ նորից փորձեցի խօսեցնել, նա շատ ջղայնացած հարցրեց.- «Ծխո՞ւմ ես». ասացի՝ ոչ.- «Դե գնա՛, ասաց, եթէ կարող ես ինձ համար մի հատ ծխախոտ ճարիր»… ծխախոտ ճարեցի եւ տարայ: Պէտք էր տեսնել, թե ի՜նչ ագահութեամբ էր ծխում այդ էժան մախորկան, լրագրի թղթով փաթաթուած»:
Համբերություն ունենանք կարդալու, թեև անչափ դժվար է.
«Տարած կերակուրներից շատ քիչ էր ուտում, որովհետեւ անորակ էին, անհամ, օրինակ՝ աղի ձուկով ապուր, կիսաեփ սեւ հաց, կամ կաղամբի մնացորդներով ապուր, առանց իւղի կամ ճարպի: Գնալով նրա ցավերը ուժեղանում էին. նա այլեւս չդիմանալով սկսում էր գոռգոռալ, հայհոյել, աղաղակել… Վերջին շաբաթները նա գրեթէ ճաշին ձեռք չէր տալիս: Ինձ հետ միշտ գալիս էր հսկիչը, որ բաց էր անում դուռը եւ դրսում սպասում, մինչեւ Չարենցը վերջացնի. յետոյ ես ամանները վերցնում ու դուրս էի գալիս»:
Մի պահ շունչ առնենք, որ կարողանանք կարդալ ողբերգության ավելի քան ողբերգական ավարտը.
«Մի օր էլ ճաշ տարայ եւ տեսայ, որ հսկիչը ներս մտաւ… ու սկսեց բաց անել Չարենցի կապերը: Նա կապված էր իր մեկուսարանի մէջտեղի երկաթեայ ձողին, որպեսզի զուրկ լինի շարժուելու եւ դուռը ծեծելու հնարաւորութիւնից: Այսպէս շարունակուեց մի քանի օր եւս: Մի օր էլ, երբ հսկիչը դուռը բացեց, ես սարսափով տեսայ, որ Չարենցը կապուած է, ու նրա մեծ գլուխը կախուած է… Նա լուռ էր եւ նա լռեց յաւիտեան»…
Մառ մորմոքում է մայրամուտը,
Մահվան մոխիր է մովից մաղում…
Մտորումներս մահ են, մութ են…
(1937 թ., մայիս-հուլիս)
Այսպես և այս հոգեվիճակով ու տրամադրությամբ ավարտվեց հայոց նորագույն գրականության հանճարի կյանքը: Նա մինչև իսկ գերեզման չունեցավ: Հետագայում գտնվեցին մարդիկ, որոնք բանավոր թե գրավոր փորձեցին արատներ իմաստավորել Եղիշե Չարենցի անձնական նկարագրում, ստվեր գցել նրա լուսապսակի վրա, սեպ խրելով նրա կյանքի ու գործի միջև, մոռանալով, որ հանճարի կյանքն ու եսը նրա ստեղծագործությունն է: Այդպիսիներին հարկավոր է խղճալ, քանզի գտնվում են մակերեսի վրա և տառապում մտքի կարճատեսությունից:

Ծանոթագրություններ
1. Ինձ չհաջողվեց պարզել ականատեսի անունը և նրա զրուցակցի՝ Ա. Բագրատունու ինքնությունը:
2. Հնարավոր է, 1961-ից հետո Սփյուռքում և  Հայաստանում ուրիշներն էլ անդրադարձած լինեն այս հուշապատումին, սակայն, կարծում եմ, սա այն տեքստն է, որի կրկնողությունը բնավ ավելորդ չէ: 1961, 1986, 1997 թվականներին մեզանում հրատարակված «Հուշապատումներում», որտեղ Չարենցի բանտային կյանքի որոշ պատկերներ էլ կան, նրա շղթայակապության փաստը բացակայում է:
3. Տեքստի իմ հրապարակումը նույնական է «Ամէնուն տարեգրքի» ուղղագրությանն ու շարահյուսությանը:
4. Ընդգծումները «Տարեգրքինն» են:

Վերջաբան
Պրոմեթեոսը Ողիմպոսից հափշտակեց լույս կրակը և նվիրեց մարդկանց: Զևսը զայրացավ և Կովկասյան լեռներում նրան շղթայի քաշեց, դատապարտելով անլուր տանջանքների, ամեն օր արծիվը հոշոտում էր նրա լյարդը, բայց այն գիշերվա ընթացքում վերականգնվում էր, և այսպես դարեր շարունակ, հետո, պատմում են, Հերակլեսը նետահարելով սպանեց արծվին և Պրոմեթեոսին ազատեց կապանքներից:
Սա մի առասպել է չարի և բարու մասին, խավարի ու լույսի, որ ապրում է մինչև օրս և շարունակելու է գոյատևել, քանի դեռ սատանան ավելի հիմնավորաբար է նստած մարդկանց հոգիներում, քան՝ Աստված: Ես չեմ հավատում, թե Հերակլեսն սպանեց արծվին, այլապես ինչո՞ւ է այդ արծիվը շարունակում թռչել և իր նման ճտեր հանել: Վկա՝ պատմական անցյալն ու կենդանի ներկան:
Ֆեդերիկո Գարսիա Լորկան և Եղիշե Չարենցը կաթնեղբայրներ են՝ ծննդյան-մահվան թվականների ընդամենը մեկ տարվա տարբերությամբ և մանավանդ համանման ճակատագրով. մեկն սպանվեց ֆաշիստ ֆրանկոյականների, մյուսը՝ նույնքան և գուցե ավելի ֆաշիստ ստալինականների կողմից: Անցել է յոթանասուն տարի: Աշխարհի բարի ու ճշմարիտ մարդկությունն այսօր էլ դատապարտում-ապաշխարում է իր մեղքը, թեև մեղք չունի, և խնկարկում Լորկայի եղերական կյանքն ու հիշատակը: Իսկ մենք, որ «համաշխարհային ազգ ենք», այժմ էլ նրբացուցիչ դեպք հանցանացներ ենք փնտրում Չարենցի ճակատագրում՝ փորձելով ամեն ինչ բարդել ժամանակի վրա: Գիտակցենք վերջապես, որ ժամանակը մարդիկ են, նրանցով է ժամանակը բովանդակավորվում: Չարենցը բանտ ընկավ և տևականորեն խոշտանգվում էր ոչ միայն բանտապետերի նախաձեռնությամբ, դա վերջում պատահեց, այլ գրական կյանքի գաղափարագար ահաբեկիչներն ստեղծեցին, հետամուտ եղան և գիտակցաբար թե ենթագիտակցորեն ի լրումի հասցրին ողբերգական դրաման: Բանտարկվելուց առաջ Չարենցն արդեն շղթայակապված էր հայոց լեռներում, հայերիս ձեռքով, և հայ արծիվներն ու արծվիկները հոշոտում էին նրա սիրտը, միտքն ու հոգին ամենաահեղ զենքով՝ բառով:
Չարենցագիտությունը, որն այսօր, հիրավի, լուրջ գիտություն է իր բնագրագիտական, տեսական, կենսագրական, վերլուծաբանական և բազում այլ արծարծումներով, սկզբնավորվեց մեր Պրոմեթեոս բանաստեղծի «Երկերի ժողովածուի» հինգհատորյակի տպագրությամբ (Հայաստանի գիտությունների ակադեմիա, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 1962-1966, տեքստի պատրաստումն ու ծանոթագրությունները՝ Ալմաստ Զաքարյանի, որի վկայությամբ՝ այստեղ արժեքավոր է եղել խմբագրական խորհրդի անդամ, Չարենցի մեծ ժամանակակիցներից մեկի՝ Գուրգեն Մահարու խորհըրդատվությունը): Սակայն ոչ մի գիտություն սահման չունի, անվերջ զարգանում է ու կատարելագործվում՝ մաքրվելով անցյալի բորբոսից ու փոշուց: Այդպես և՝ չարենցագիտությունը: Այժմ պահանջվում է թերևս ամենակարևորը՝ նորովի, համարձակ, լուսավոր, ամեն պահպանողականությունից ու նեղմիտ հավատամքից վեր կանգնած հայացք Չարենց երևույթին, որն, ըստ էության, ընդգրկում է ոչ միայն իր կյանքի ժամանակը, այլև հայ ժողովրդի ու նրա գրականության հազարամյա դաշտը՝ «ես գալիս եմ դարերից…», այս ինքնախոստովանությունը լոկ բանաստեղծությանը չի հարաբերում, այլև սերտանում է հարազատ ժողովրդի պատմության ու ճակատագրի խորքային հոսանքներին: Չներփակենք Չարենցին 1920-1930-ական թվականների վայրագ տիրույթում, երկրորդ անգամ շղթայելով նրան, այլ բարձրացնենք վեր ու վերևները, որտեղ և իրականում գտնվում է: Չարենցը, ինչպես և Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, հայոց հազարամյա գրականության, լեզվի, հոգու խտանյութն է, վերլուծաբանել նրա կյանքն ու գործը՝ նշանակում է թաթախվել այդ մեծ աշխարհի մեջ՝ նրա լուսատու և դրամատիկ հոգեղենության:

One thought on “ՇՂԹԱՅՎԱԾ ՊՐՈՄԵԹԵՈՍԸ (Չարենցի վերջին օրերի վկայություն) / ՆՈՐԱՅՐ  ԱԴԱԼՅԱՆ

  1. Հրաշալի եք նկարագրել: Միայն ասեմ, որ Ա. Բագրատունու «հայտնաբերած» վկան այնպիսի խիտ գույներով է նկարագրում նրա վերջին օրերը, որ Չարենցի նկարագիրն իմացողները, մեղմ ասած, չեն հավատում, որ նա կարող էր զրույցի չբռնվել իրեն հաց բերող անհատի հետ, եթե, իհարկե իմացած չի եղել, որ այդ մարդն էլ է ծախված : Ի միջի այլոց, ասեմ նաև, որ մարդակեր բանտապահները այնքան էլ միամիտ չէին, որ մի «արդար ռամիկի» ուղարկեին Չարենցի մոտ: Մանավանդ, որ Չարենցը հրաժարվում էր իրեն ներկայացրած բոլոր մեղադրանքներից :

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։