«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից
Գլխավոր օֆիսը, որ գտնվում էր քաղաքի կենտրոնում, սարքված էր ժամանակի ոգով. ներքին հարդարումն ընտիր եվրոոճի էր, կահավորումը` հարմարավետագույնը, աշխատակիցները` միայն գեղեցկատես ջահելներ: Ամառվա տոթից ներս էիր մտնում ու ընկնում դրախտային զովության մեջ: Սակայն ամեն Աստծո օր օֆիս գնալիս Արամը մտածում էր` ինքն ի՞նչ գործ ունի այս հիմնարկում` աշխատանքի հետ կապ չունեցող մասնագիտությամբ ու ինքնամփոփ բնավորությամբ:
Ջահելների կերուխումերին չէր մասնակցում, կատակներից չէր ոգևորվում, անեկդոտ լսելիս ծուլ-ծուլ չէր լինում: Եվ պատճառը միայն տարիներ առաջ ունեցած ողբերգական կորուստը չէր: Թեև կնոջ մահվանից հետո այդպես էլ չհանդիպեց մեկին, որին կարողանար նվիրել իր սիրտն ու ճակատագիրը, այնուամենայնիվ հաշտվել էր ներսում մշտապես նվացող լարի ներկայությանն ու իր մենակությանը, այլևս չէր տառապում: Աշխատում էր առանց գլուխ պահելու, իրենից գոհ էին, ներդնում էր իր հարուստ գիտելիքների առավելագույն պաշարները, վարձատրվում էր բարձր, գործատիրոջ հետ արդեն ընկերացել էին, սակայն ամեն անգամ իր աշխատասենյակի դուռը բացելիս ենթագիտակցությունը բողոքում էր, որ դա իր տեղը չի, որ ինքը դրա համար չէր կանչվել այս աշխարհ: Ու, թեև առանձին գործ սկսելու հնարավորություն ուներ, դեռ մլուլ էր տալիս այս տաքուկ անկյունում: Հնարավոր է` խուսափում էր ապահովվածությունը ռիսկի ենթարկել, հնարավոր է` ուղղակի ծուլանում էր:
Մոտ օրերս հերթական մասնաճյուղն էին բացելու և հայտնել էին, որ այսօր պիտի գնան տարածքը կարգի բերեն: Այդ կապակցությամբ աշխատակիցներն անընդհատ քննարկում էին վարձակալված տարածքի անհաջող տեղն ու այդ վայրում մասնաճյուղ ունենալու անհեռանկարայնությունը. քաղաքի քիչ բնակեցված արվարձանում, տրանսպորտից կտրված, այն էլ` նկուղային հարկում և այլն և այլն:
Ամեն արտահայտվողի հետ Արամն ակամա հիշում էր ուսանողական տարիներին վարձած ամուսնական կիսամութ սենյակը, որի հետ կապված են իր կյանքի ամենալուսավոր տարիները: Կնոջ մահից հետո այդպես էլ չգնաց իրերի հետևից: Արդեն ավարտում էր ասպիրանտուրան, անմիջապես մեկնեց Մոսկվա` թեկնածուականը պաշտպանելու և մնաց այնտեղ աշխատելու:
Ընդմիջման ժամանակ շեֆի օգնականը` Ռապիդ Համոն, մոտեցավ աղջիկներին:
– Շաբաթօրյակից առաջ մի լավ կերեք,- ասաց սեղանից պատառ վերցնելով ու ծամելով,- հետո, տարածքը մաքրեք պրծնեք, բան-ման կվերցնենք, կգնանք…- դադար տվեց` ընդգծելու համար հաղորդվելիք տեղի նշանակալիությունը:
– Սևան,- փորձեց գուշակել աշխատողներից մեկը:
– Ծը՛,- ծպացրեց շեֆի աջ ձեռքը:
– Սա՛մ, ասա` թող Սևան տանի, էլի՜,- ծմրկտաց Սամվելի մտերմուհին:
– Ջըր-աշ-խա՛րհ,- հատիկ-հատիկ արտասանեց Ռապիդը` վստահ լինելով, որ ազդեցությունը կատարյալ է լինելու: Եվ չսխալվեց, քանի որ հայտարարությունն ընդունվեց բուռն բացականչություններով ու ձայնարկություններով:
Արամը ժպտաց` սիրում էր կենսական եռուզեռ և ուրախ միջավայր: Նրա՞նք էին բարձր-բարձր խոսում, թե՞ այդ նկուղային տարածքի մասին լսելիս ինքն էր ակամա սրում լսողությունը… համենայն դեպս աշխատասենյակի կիսաբաց դռնից ականջ էր դնում նրանց զրույցին:
– Ջրաշխարհ բան-ման չեն տանում, ներսից պիտի առնենք:
– Հիմա թողնում են:
– Համ էլ, Ջրաշխարհ ամբողջ օրով են գնում,- դժգոհեց տղաներից մեկն ու աչքով արեց Սամվելին:
– Նախ` Ջրաշխարհ, հետո` շաբաթօրյակ,- կատակախառն պահանջեց Սամվելի մտերմուհին:
– Մաքրելու գործն անելուց հետո են լողանում, ազիզ ջան,- ասաց Սամվելը:
– Բաղնիք չենք գնում: Մաքրելուց հետո մեր տներում էլ կլողանանք,- պաշտպանության հասավ Կարինեն:
– Ըհը՜: Այսօր գնանք տարածքը կարգի բերենք, որ վաղը շեֆը թույլ տա,- խոսքն ու շարժումները դանդաղեցնելով` նրանց գլխավերևը հակվեց Ռապիդ Համոն,- մի քիչ էլ փող տա` գնանք Ջրաշխարհ:
– Համոզեցիր, հա՛,- խնդմնդացին տղաները:
– Եղա՜վ,- կարծես թե գոհ մնացին աղջիկները` խորհրդակցությունների լայն ու ամուր սեղանի վրայից հավաքել-սրբելով նախաճաշի հետքերը:
Ռապիդ Համոն անցավ շեֆի աշխատասենյակ:
– Թե չէ, որ Ջրաշխարհ չուղարկեր, չէի՞նք մաքրելու,- քմծիծաղեց Կարինեն` աղբի տոպրակը հանձնելով ընկերուհուն:
– Կմաքրեինք, բայց սրտներս գործի վրա տաք չէր լինի,- նկատեց նրա ընկերուհին` շարունակելով տոպրակը գրկած պահել:
– Զիբիլի վրա սիրտ տաք լինե՞լը որ մեղքս է:
– Նայած տղերքից ով կգա հետներս,- ավելի անկեղծացավ ընկերուհին:
– Քո ուզածը գործով տեղ գնաց,- նկատեց Կարինեն:
– Դե որ այդպես է, ես` փաս,- դժգոհեց ընկերուհին ու հեռացավ աղբը թափելու:
– Ընդմիջումն ավարտվել է,- խստիվ հրահանգեց գործավարը, որ նշանակում էր` հերիք է բլբլացնեք, անցեք ձեր տեղերն ու աշխատեք:
Բոլորն անցան իրենց գործին: Քիչ անց, վերադառնալով շեֆի առանձնասենյակից, Ռապիդ Համոն կարգադրեց.
– Գնու՛մ ենք:
Եվ գործավարի ջիգրու աղջիկները մի մարդու նման վերցրին պայուսակներն ու դուրս թռան, տղաները հետևեցին նրանց: Արամը` նույնպես: Ինքն էլ չգիտեր` ինչու: Հույս ուներ, որ իր նախկին կացարա՞նն են գնում, թե՞ ուզում էր համոզվել, որ ա՛յդ տունը չեն վերցրել, քի՞չ նկուղ կա աշխարհում: Ամեն դեպքում հոգին արդեն տակնուվրա էր եղել: Մեքենա նստելիս մի պահ վարանեց` գնա՞, թե՞ չգնա, բայց գնաց: Ու հենց թեքվեցին մտան ծանոթ փողոցը, այլևս կասկած չուներ, որ հենց այդ տունն են գնում: Չարգելակեց, ետ չդարձավ, գնաց նրանց հետևից, բայց նրանց նման ընդհուպ չմոտեցավ դարպասին, այլ, մի տեսակ վախվորած, մեքենան կանգնեցրեց քիչ հեռու: Մինչ դռները կբացվեին, ու մյուսները արագ ներս կխուժեին, Արամը դանդաղ իջավ մեքենայից, զգույշ փակեց դուռն ու, նայելով իր երբեմնի կացարանի գետնին կպած փոշեկոլոլ լուսամուտին, մտածեց, որ այսքան տարի է անցել, նոր կենվորները իրենց թողած իրերը դուրս են նետել, իսկ կահույքը` փոխել: Փոխած էլ չլինեն, միևնույն է, օտար մարդկանց կենցաղը ջընջած կլինի իրենց տան ոգին, որի շնորհիվ այդ նկուղը մի ժամանակ աշխարհի ամենաթանկ անկյունն էր իր համար:
Բոլորն արդեն ներսում էին, այլևս անիմաստ էր հապաղելը, ինքն էլ սենյակ մտավ: Ու մնաց ապշահար` ամեն ինչ նույնն էր. կահույքը, գրքերը, զգեստապահարանի չփակվող դուռը, Չապլինի մեծադիր լուսանկարը կիսախունացած հայելու կողքին, մաշված եզրերով ծածկոցը թախտ-մահճակալի վրա, խաղաթղթերի տուփը… Արամը զգաց, որ օդը չի հերիքում, ձեռքն ակամա տարավ փողկապին ու թվաց` ուր որ է խոհանոցի դուռը կբացվի և մոմալույսի տակ կերևան երկու սպասք. ափսեների վրա գլուխ-գլխի հակված գդալներ ու պատառաքաղեր, որոնք սպասում են իրենց հպվող ձեռքերին…
– Եկա՞ր:
Արամը կորցրեց զգացողության ռեալությունը. հարցումի նույնն երանգն էր ու ջերմությունը, ձայնի նույն քնքշանքը, բայց… Խոհանոցի դուռը փակ էր:
Արամը չէր համարձակվում շրջվել` նայելու վարագույրների առաջ ճախրող սարքովի արագիլներին, որոնք այն ժամանակ օդի աննշան տատանումից, լուռ ու մունջ ճեղքելով Օ2-ի անտեսանելի մոլեկուլները, սահու՜մ, լողու՜մ էին օդում` մեկ անգամ ևս հաստատելով, թե ինչքա՜ն բացահայտելի գեղեցկություններ կան տիեզերքում… Որտեղից որտեղ հիշեց քիմիայի դասախոսի խոսքերը. «Քնած լինեք թե արթուն` ջրի ֆորմուլան է H2O»: Կինն անլուրջ էր համարում այդ մարդուն: Ու հիմա ինքը ցավով զգաց, որ քնած թե արթուն` կյանքի ֆորմուլան է. գոյատևե՛լ: Արժե՞ր: Ճերմակած գլուխն արդեն հանգստության է ձգտում:
«Տեսնես արագիլները մնացե՞լ են»:
Մտածեց, բայց դարձյալ չշրջվեց ու երևի այդպես էլ կանգնած մնար սենյակի կենտրոնում` անցյալի ուրվականներից անէացած, դառնության համը բերանում, անժառանգ ու անշարունակելի, եթե Համոն նրան ետ չբերեր իրականություն:
– Շատ մի՛ ցնցվիր, էս ետնախորշից այնպիսի ընտիր օֆիս սարքեմ, որ քեֆդ գա:
Սթափվեց: Շատ մոտիկից տեսավ Ռապիդ Համոյի ծաղրահայաց դեմքը, որ իր մականվանն արժանի կեցվածքով վիզը երկարեցրած` հակվել էր վերևից ու աչքերը սառեցրել իր դեմքին, հետո հայացքը զգույշ սահեցրեց ցած… Արամը ջերմ կարոտով ժպտաց` անհասկանալի տպավորություն թողնելով: Նրա աչքի առաջ լողում էին իր անցած կյանքի թանկ պատառիկները, ասես սիրած գիրք էր կարդում, ուր ամեն ինչ իր ուզածով է դասավորվում:
– Բան չկա անելու, հիմա շուտ վերջացնենք, կգնանք,- ուղղվելով ասաց Համոն:
– Քեզ ի՞նչ եղավ,- հարցրեց Կարինեն:
Արամը նկատեց, որ սենյակում բուռն եռուզեռ է, մտաբերեց, թե ովքեր են և ինչ են անում այստեղ, մի անդուր զգացողություն ծակեց սիրտն ու սողոսկեց ներս, տագնապած տրոփեց:
– Օ՜ֆ, հավես չունեմ էս անկապ թղթերի հետ,- փոշուց խորշելով` դժգոհեց Սամվելի մտերմուհին:
– Թուղթ-մուղթ, հավես-մավես չկա. ինչ կա-չկա հավաքում եք ու լցնում աղբարկղը,- հրահանգեց Համոն:
– Հիմա չկա՞, թե՞ կա-չկա,- բառախաղ արեց Սամվելը` տարուբերվելով պտտվող բազկաթոռի մեջ ու ճռճռացնելով ժանգոտած ոտնակը:
– Կա, բայց չկա ինչ կա-չկա,- կատակի պոչը բռնեց ընկերը` փչելով ինքնաշեն ծխամորճի վրայի փոշին:
Թույլ չտալով, որ իր հոգու հետ խաղան` Համոն ի միջի այլոց ասաց.
– Էս տուն հազար տարի է մարդ չի մտել: Տան տերը վաղուց դռները փակել, գնացել է Ամերիկա: Հարևանն ասաց` դրանից առաջ ներքևի հարկում ուսանողներ են վարձով ապրել:
– Երևում է կարգին սովորող են եղել էդ ուսանողները` բոլոր դասախոսությունները խնամքով գրել են:- Կարինեն թերթում էր նախկին կենվորների տետրերը` աչքի պոչով մեկ-մեկ նայելով Արամի կողմը, որի պահվածքն ավելի քան տարօրինակ էր թվում բոլորին:
– Աղջկա ձեռագիր է,- նկատեց ընկերուհին:
Արամին անմիջապես պատկերացավ կնոջ սրաթափանց հայացքն ու ըմբոստ բնավորությունը. հաստատակամությամբ ու հետևողական աշխատասիրությամբ միշտ հասնում էր իր նպատակին, անգրագիտության ու անճաշակության ոխերիմ թշնամին էր… Տե՜ր Աստված, ինչո՞ւ էին այդքան վիճում, ի՜նչ քաղցր էին վիճում…
«Քնած լինեք թե արթուն` ջրի ֆորմուլան է H2O»:
Տետրերը նետվում ու վիրավոր թռչունների նման ընկնում էին փոքրիկ սենյակի կենտրոնում դրված ստվարաթղթե մեծ արկղի մեջ, Արամին թվաց` իրեն են այդպես արհամարհանքով նետում, թվաց` ինքն է բզկտվում ու թևատարած ընկնում…
– Փոշի եք հանում, աղջիկնե՛ր, հանգիստ դրեք,- ասաց վատ թաքցրած անտարբերությամբ:
– Տուն են ծախում, թող իրենք էլ մաքրեն,- քրթմնջաց Սամվելի մտերմուհին:
– Տանտեր չկա` ասացի՜նք,- սաստեց Համոն:
– Թողե՛ք, ես կհավաքեմ,- պոռթկաց Արամը,- Համո՛:
Անմիջապես տարակուսանքի արտահայտություններ հնչեցին ու մնացին օդում կախված:
– Վերջնականապես գժվեց,- ինքն իրեն քրթմնջաց Ռապիդ Համոն` լուրջ անհանգստացած Արամին համակած վիճակից ու նրա վերջին հայտարարությունից: (Արամը ղեկավար աշխատող էր, ի՞նչ հավաքելու մասին կարող էր խոսք լինել, այն էլ` մենակ):
– Թողե՛ք, թողե՛ք, ես ամեն ինչ կանեմ, չեմ գժվել: Գնացե՛ք:
– Բա Ջրաշխա՞րհը,- ընդվզեցին ջահելները:
– Աշխատեցիք էլի՜, արդեն պարգևատրության հերթն է: Համո՛, խոստումդ կկատարես` վաղը բոլորին տանում ես Ջրաշխարհ: Էս գործով ես կզբաղվեմ,- վրա բերեց` շնչառությունը մի կերպ կարգավորելով:
– Ես միշտ ասել եմ, որ սրանից բան չես հասկանա:
– Հոգին խորն է, շա՛տ խորը:
– Արագացրե՛ք, քանի միտքը չի փոխել:
Իրար մեջ փսփսացին, խնդմընդացին, ապա ուրախացած աղաղակեցին, ի վերջո, աղջիկները համբուրեցին Արամի այտերն ու դուրս թռան լույս աշխարհ: Տղաները հետևեցին նրանց:
«Ամեն ինչ տեղում է»,- մտածեց Արամը:
– Մնա՞մ օգնեմ:
Կարինեն էր:
Արամը տարուբերեց գլուխը: Հետո կիսաանզգա նայեց Համոյին.
– Ես շեֆին կզանգեմ, դու բան մի ասա:
– Բանալիները դռան վրա են:
Համոն բավական կյանք տեսած ու մարդ ճանաչող էր, որպեսզի ավելին ասեր: Ոչինչ չհարցրեց: Արամը թեթևացած շունչ քաշեց, ու երբ կողմնակի մարդիկ սենյակն ազատեցին, վերջապես շուրջը նայեց. դուրս եկողների առաջացրած հոսանքի՞ց, թե՞ նախկին տանտիրոջ վերադարձի առիթով արագիլները իրարով էին անցել… Արամը զանգեց շեֆին: Սրտխփոցը դեռ չէր կարգավորվում…
– Ջո՛րջ, նկուղը ինձ տուր:
– Արա՞մ:
– Հա, ես եմ: Էս նոր վարձածը, ասում եմ` տաս ինձ:
– Չհասկացա: Էդտեղ մեզ մի հոգի գործավար է պետք, մի հոգի էլ, որ դես-դեն վազի, տամ ի՞նչ անես:
– Ուրիշ բան եմ մտածել:
– Բա քո՞ գործը…
– Դե իմ գործը, ի՞նչ…
– Ո՞նց թե` ինչ, ինչո՞ւ ես քեզ ցածրացնում էդ…
– Չէ, չէ, ի՞նչ ցածրացնել, ես…
– Արա՛մ, բան ասա, բան հասկանամ… ի՞նչ եղավ քեզ:
– Չէ, բան չկա, հետո կպատմեմ, հիմա…
– Լսի՛ր, արի՛ օֆիս, խոսենք:
– Հիմա չէ, հիմա ես էլ չեմ հասկանում… Դու միայն ասա` հա՛, ես մնացածը կանեմ` ձևակերպումն էլ, էն… Ամեն ինչ:
– Ի՞նչ ձևակերպում:
– …Որ ես գնեմ էս տունը, դու միայն ներքևի հարկն ես վարձել, չէ՞, ես ամբողջ տունը կգնեմ:
– Ինձ ես գժի տեղ դրե՞լ, թե՞ դու գժվեցիր էս մի ժամվա ընթացքում: Ի՞նչ տուն, ի՞նչ բան…
– Էս թաղամասին ես ծանոթ եմ, հանգիստ, լավ տեղ է, տունն էլ քարից ամուր շենք է` հին ոճով… Մի խոսքով: Սա ինձ պետք է:
– Էհ, պետք է` տունն առ, գործ դիր, նկուղի՞ց ինչ ես ուզում…
– Նկուղում ուզում եմ ապրեմ:
Մյուս ծայրում հեռախոսն անջատեցին` անհեթեթություն համարելով հատկապես վերջին ասվածը, քանի որ Արամի բնակարանը կենտրոնի լավագույն շենքերից մեկում էր:
Արամն էլ իր հեռախոսն անջատեց: Հետո նորից միացրեց, զանգեց գործավարին, իմացավ սենյակը վարձով տվող գործակալության հեռախոսահամարը, շնորհակալություն հայտնեց, անջատեց, նորից միացրեց, զանգեց գործակալին, հայտնեց ամբողջ տունը գնելու իր մտադրության մասին, անջատեց: Հետո շտապ վերցրեց ձեռքն ընկած առաջին իսկ լաթի կտորն ու դուրս եկավ:
Ինչպես աշակերտական գրատախտակի առաջ` լայն-լայն շարժումներով ջնջեց դարպասի վրայի «Վաճառվում է» գրությունը, խաղաղվեց: Ներս եկավ, դարպասը փակեց, տուն մտավ: Մոտեցավ, դանդաղ նստեց արկղի կողքը, նայեց հրեշտակի թևերով Ամուրիկներին, որ անուշ ժպտում էին գրքերի վրա ընկած բացիկից: Նա գիտեր, թե ինչ է գրված բացիկի մեջ, դա նրանց առաջին և միակ խոստովանությունն էր…
…Թատրոն էին գնալու, ուշանում էին, և քանի որ ինքը վերջին րոպեին էր հայտնվել ու հայտնել այդ մասին, փորձեց օգնել կնոջը պատրաստվելու. արդուկեց նրա զգեստը, սրբեց կոշիկները: Իսկ երբ ականջօղն էր ուզում հագցնել, կեռիկը ճանկռեց մատն ու արյուն բերեց, հենց այդ արյունով էլ հրավիրատոմս-բացիկի մեջ գրեցին իրենց անվան սկզբնատառերն ու նրանց գումարը, որը հավասար էր…
…Թմրություն էր իջնում վրան: Անդորր էր զգում, որը տարածվում էր ժամանակի փոշիներից խունացած վարագույրների նուրբ փոթածալքերից…