Մանկապատանեկան գրականության կրթադաստիարակչական դերն ու նշանակությունը միշտ էլ կարևորվել է: Այդ մասին ժամանակին գրել են Աբովյանն ու Թումանյանը, Աղայանն ու Պատկանյանը, մյուս մեծերը: Մեր օրերում ևս հաճախ է ընդգծվում երեխաների համար բարձրարժեք գործեր ստեղծելու, հրատարակելու և ընթերցողներին հասցնելու անհրաժեշտությունը: Իսկապես հայտնի ճշմարտություն է, որ մանկության տարիներին երեխան զարմանալի արագությամբ կլանում է ու յուրացնում իր տեսածն ու լսածը, հաղորդակցվում շրջապատի երևույթներին, ձգտում ճանաչել աշխարհն ու իրեն: Ահա ինչու է հարկավոր այդ շրջանում նրան մատուցել միտքն ու հոգին հարստացնող, ճաշակը ձևավորող հետաքրքիր հեքիաթներ ու պատմվածքներ, բանաստեղծություններ ու հանելուկներ: Եվ ինչպես վերևում նշեցինք, այդ մասին հոգ են տարել մեր նախահայրերը` սկսած Մաշտոցից մինչև մեր օրերի գրականության և արվեստի մշակները:
Մանուկների և պատանիների համար ստեղծված հայ գրականության դարավոր արժեքները ի մի բերելու, ըստ դարաշրջանների և հեղինակների դասակարգելու և ընթերցող լայն շրջաններին ներկայացնելու նպատակ ունեն բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանի մանկապատանեկան գրականության տեսությանն ու պատմությանը նվիրված բազմաթիվ գրքերը, այդ թվում` «Դասը վարում է գրողը» (չորս պրակ) և «Ոսկեդարից մինչև… 21-րդ» (երկհատորյա) աշխատությունները, որոնք երկար տարիների քրտնաջան և հետևողական աշխատանքի արդյունք են:
Այս տարի «Զանգակ» հրատարակչությունը լույս ընծայեց Լյուդվիգ Կարապետյանի «Արևմտահայ մանկապատանեկան գրականության ուրվագիծ» և «Սփյուռքահայ մանկապատանեկան գրականության ուրվագիծ» իրար լրացնող տեսության և քրեստոմատիկ նյութերի ժողովածուները, որոնցով, ըստ էության, ամբողջացվեց հայ մանկապատանեկան գրականության ուսումնասիրության համապատկերը: Եվ ահա հաճելի մի նորություն ևս` մեր սեղանին է անվանի գրականագետի բեղուն գրչի նոր պտուղը` «Ճանապարհորդություն մանկության մոլորակում» երկհատորյակի առաջին գիրքը: Ինչպես նախորդ, այնպես էլ ներկա ժողովածուի նպատակն է մանկանց այսօրվա և գալիք սերունդների սեփականությունը դարձնել այն գրական արժեքները, որ նրանց համար արարել են հայ գրողները տարբեր ժամանակաշրջաններում: Ինչպես իր «Խոսք ընթերցողին» նախաբանում նշում է հեղինակը` «երկու գրքով ներկայացվող հանրամատչելի այս զրուցաշարը յուրօրինակ «ճանապարհորդություն» է հայ մանկապատանեկան գրականության բարի ու լուսավոր մոլորակում` ակունքներից մինչև 21-րդ դարասկիզբ: Այն մայրենի գրականության ծրագրային դասընթացները ուսուցանելիս կարող է օժանդակ ուղեցույց ձեռնարկի դեր կատարել ոչ միայն ցածր ու միջին դասարանների աշակերտների համար, այլև ուսուցիչների, գրադարանավարների կողմից օգտագործվել հայ մանկական գրողներին նվիրված ցերեկույթներ, հանդիպումներ, գրական այլ միջոցառումներ կազմակերպելիս, արտադասարանական ընթերցանության հանձնարարականները կատարելիս»:
Նշենք, որ «ճանապարհորդող» ընթերցողները գրքում տեղ գտած գրողներին բազմակողմանիորեն ճանաչելու հնարավորություն ունեն: Գրականագետը այս զրույցներում ոչ միայն հակիրճ տեղեկություններ է հաղորդել գրողների կյանքի և ստեղծագործությունների մասին, այլև կից ներկայացրել նրանց ընտիր գործերից փնջեր: Եթե դրան ավելացնենք նաև նրանց մասին այլ մեծությունների գնահատանքի խոսքերը և սեփական ասույթները Հայրենիքի ու հայրենասիրության, դպրոցի և կրթվածության, աշխատասիրության ու բարության, ազնվության ու խոհեմության և մարդկանց այլ առաքինությունների մասին, պարզ կդառնա, թե որքան ամբողջական է դառնում ներկայացված գրողի կերպարը:
«Ճանապարհորդություն մանկության մոլորակում» գիրքը լավ նվեր է մեր մանուկներին ու պատանիներին: Այն շատ օգտակար գիրք է նաև ընթերցողական ավելի լայն շրջանակների համար: Բարի ճանապարհ մաղթենք նրան դեպի «մանկության մոլորակ», դեպի մեր մանուկների ու պատանիների սիրտը տանող լուսավոր աշխարհը…