Գրողները Գյումրիում

Գրողները-ԳյումրիումԲացսիրտ Գյումրին այս տարի գերազանցել է հյուրեր ընդունելու և ճանապարհելու բոլոր նախորդ տարիների ռեկորդները: ԱՊՀ 2013 թ. մշակութային քաղաք: Այս պատվավոր կոչումը Գյումրին և գյումրեցին արդարացնում են ըստ ամենայնի: Այստեղ կազմակերպվող բոլոր մեծ և փոքր միջոցառումներն ընթանում են ըստ էության` ձևականության նվազ դրսևորումներով: «Պատմամշակութային ժառանգություն և արդիականություն» միջազգային գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը` բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանի ղեկավարությամբ: Երկու օրերի ընթացքում հայաստանյան և ԱՊՀ տարբեր քաղաքներից ժամանած գիտնականներ հնարավորություն ունեցան կարդալու, լսելու բազմաթիվ բարձրարժեք զեկուցումներ, ծանոթանալու և շփվելու միմյանց հետ: Հացի տոնը նույնպես նվիրված էր ազգային ավանդույթների պատմությանն ու պահպանմանը: Այս և բազում այլ միջոցառումների շարքում իր տեղն ունեցավ նաև ՀԳՄ վեց գրողների հանդիպումը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ուսանողության հետ: ՀԳՄ արձակի բաժինը, ժամանակակից գրականությանը մոտիկից ծանոթացնելու և գրող-ընթերցող կապը ամրապնդելու համար սկզբունք է մշակել` նախապես ուսանողությանը և դասախոսական կազմին տրամադրել այն գորղների գործերը, որոնց հետ հանդիպելու են: Սա տալիս է իր դրական արդյունքը: Ուսանողները կարդում են գրքերը և ոչ միայն քիչ թե շատ պատկերացում են կազմում ժամանակակից գրականության մասին, այլև պատրաստվում են լուրջ քննարկման: Այս անգամ Գյումրի էին այցելել գրողներ Հովիկ Վարդումյանը, Ալիս Հովհաննիսյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Դիանա Համբարձումյանը, Գոհար Գալստյանը, Նանեն: Ուսանողները կարդացել էին նաև Վ. Գրիգորյանի «Ժամանակի գետը», Է. Խաչիկյանի «Սուրբ մասունքի առեղծվածը», Ս. Թորոսյանի «Գիշերը»: Հանդիպմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Սերգո Հայրապետյանը, հայ գրականության ամբիոնի վարիչ Գագիկ Խաչիկյանը: Բան. գիտ. թեկն. Անահիտ Հակոբյանը ժամանակակից հայ գրականության ջատագովն է Գյումրիում և ուսանողների հետ որոշակի աշխատանք է տանում, որի արդյունքում ներկաներից յուրաքանչյուրն էլ խոսելու, իր կարծիքը հայտնելու և ներկա գրողներին լսելու պատրաստակամությունն ուներ: Հատկապես հետաքրքիր էին բանասիրության մագիստրոսներ Մարիամ Վարդանյանի, Ազատուհի Խաչատրյանի, Տաթև Ազիզբեկյանի, լրագրության բաժնի ուսանողներ Նարեկ Կիրակոսյանի, Լիլիթ Մկրտչյանի, Էմմա Չոբանյանի ելույթներն ու հարցադրումները:
ՀԳՄ արձակի բաժինը ծրագրում է այս ձևաչափով հանդիպումներ անցկացնել նաև հանրապետության այլ մարզերում:

ՀԳՄ արձակի բաժին

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։