ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Հովսեփ Նալբանդյանի (ԱՄՆ) «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» (նվիրված Մ. Մաշտոցի 1650-ամյակին) գրքի շնորհանդեսը:
Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում գիրքը համարելով իսկապես «մեծասքանչ» իր ծավալով ու պարունակությամբ, ընդգրկված դասական և ժամանակակից գրականության լավագույն նմուշներով, միաժամանակ նշեց, որ կան բանաստեղծներ, որ ներառված չեն հատորում: «Դա նշանակում է, որ Հ. Նալբանդյանը պիտի շարունակի այդ աշխատանքը և կազմի երկրորդ հատորը ընթացիկ գրականության նմուշներով»,- ասաց նա:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գնահատելով Հ. Նալբանդյանի աշխատասիրությունը, հետևողականությունը և հանրագիտարանային արժեք ներկայացնող գրքերի ստեղծումը, ինչպես նաև մայրենին անաղարտ պահելու գործում ունեցած ավանդը` պարգևատրեց նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը Հ. Նալբանդյանին հանձնեց մշակույթի նախարարի պատվոգիրը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ, բ.գ.թ. Սերժ Սրապիոնյանը անդրադառնալով պատմական այն ժամանակահատվածին, երբ առաջին անգամ Հայաստանում միավորվեցին հոգևորը, միտքը և աշխարհիկը` Վռամշապուհը, Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը, նշեց, որ այդ միասնականության շնորհիվ կայացավ մաշտոցյան մեծ հաղթանակը: Ապա անցում կատարելով դեպի Հ. Նալբանդյանը` փաստեց, որ նա «այս ոգեկորուստ, նյութապաշտ դարում եկավ իրեն այրելու, հրդեհելու, որպեսզի հայ լեզուն, հայ մշակութը նորից սերմանի հայի մեջ»:
Ըստ գրականագետ Սուրեն Դանիելյանի` գիրքը տագնապի վկայություն է: «Սփյուռքում ուծանում է ժողովուրդը, կորցնում ենք մեր օջախները, չենք կարողանում հետևել մեր մայրենիին, ուստի Մաշտոցին դիմելիս` ապրում ենք նույն անհանգստությունը, ինչ դարեր առաջ»,- ասաց նա:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծ Անուշ Նագգաշյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, բանաստեղծ Ռոմանոս Սահակյանը:
Գրքում ընդգրկված գործերից ասմունքեց Ջիվան Սարգսյանը: Մեսրոպ Մաշտոցի «Ողորմեա ինձ, Տէր» շարականը կատարեց Լուիզա Երեմյանը (գեղ.ղեկ` Աննա Մայիլյան), «Բազում են քո գթութիւնք»-ը` Անուշ Մելքումյանը: Երաժշտական կատարմամբ հանդես եկավ նաև Քնարիկ Աբրահամյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Հովսեփ Նալբանդյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ