ՀՅՈՒՐ ԷԻՆ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Է. Միլիտոնյանի, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծուհի Ա. Վարդանյանի հետ:
Նրանք հրավիրվել էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ներկա լինելու համար:
Համալսարանը հյուրընկալել էր նաև Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ դասղեկ Իրինա Ասոյանի ղեկավարությամբ: Նրանք հանդես եկան արտասանությամբ և երգով:
ՀԳՄ նախագահ Է. Միլիտոնյանն իր ելույթում, բարձր գնահատելով նման միջոցառումների դերը նոր սերնդի հայեցի դաստիարակության գործում, խոսեց 100 տարվա ընթացքում ցեղասպանության թեմայի մարմնավորման փոփոխությունների և անընդհատ նորացման մասին: Նա մասնավորապես ասաց, որ այսօր աշխարհում ձևավորվել է ցեղասպանության ճանաչման և դատապարտման համագիտակցում:
– Դպրոցում և բուհում արևմտահայ գրականության ուսուցումը պետք է նորանա՝ ելնելով հայ ոգու արևմտահայ գրական արժեքների կարևորությունից: Գրականությունն իր էջերում պահպանել է մինչեղեռնյան Արևմտյան Հայաստանը, ինչը մեզ համար մասունքի պես թանկ է: Սիամանթոյի, Վարուժանի, Զոհրապի, Ռ. Սևակի ստեղծագործությունները նոր սերունդների հոգեկերտվածքի ձևավորման պարտադիր տարրը պետք է հանդիսանան,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի գրողների միությունը տպագրել է ցեղասպանությանը զոհ գնացած հեղինակների ստեղծագործություններ՝ տարբեր լեզուներով:
Այնուհետև Է. Միլիտոնյանն անդրադարձավ հայ գրականության ուսումնասիրման և տարածման գործում ԳՊՀ-ի ունեցած նշանակալի դերին:
– Բուհը,- ասաց նա,- երիտասարդությանը կապել է տարածաշրջանին, որը մեծ առաքելություն է:
Իր ելույթում «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծուհի Ա. Վարդանյանն ասաց, որ նախատեսվում է Եղեռնի թեմայով ներկա սերնդի բանաստեղծների ստեղծագործությունների ստվար ժողովածուի հրատարակություն:
ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզան Հակոբյանը ներկայացրեց հայոց պահանջատիրության իրավական հիմքերը և դրանց գերակայության ընդունումը միջազգային տարբեր կառույցների կողմից:
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը ՀԳՄ գործունեության մեջ որոշակի ակտիվություն է տեսնում: Նա ասաց, որ արևմտահայ և սփյուռքահայ գրականությունների խորը ուսումնասիրման անհրաժեշտություն կա, ուստի ԳՊՀ-ում նոր հատուկ դասընթացներ կներառվեն կրթական ոլորտ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։