ԲԱՌԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Գուրգեն ԲԱՐԵՆՑ

Լույս է տեսել ժամանակակից ճանաչված հայ բանաստեղծ-թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանի երկար սպասված ընտրանի թարգմանությունների գիրքը՝ «Состраданье» վերնագրով: Գիրքը բաղկացած է երկու բաժնից: Առաջին՝ «Сеятеля подвиг благородный» բաժնում ընդգրկված են դասական և ժամանակակից հայ գրականության թարգմանություններ: Երկրորդ՝ «Աշնան երաժշտություն» բաժնում ներառված են թարգմանություններ այլ լեզուներից:
Այս թարգմանությունների առանձնահատկությունն այն է, որ հեղինակին հաջողվել է սկզբնագիրը տեսնել «փայտե» տողացի թարգմանության պրիզմայով: Այս համատեքստում կարևոր ենք համարում նշել, որ մեծամասնությունը տեքստերի բառացի թարգմանությունների հիման վրա արված են հեղինակավոր եղանակով, այսինքն՝ ստեղծվել են հեղինակ-բանաստեղծների հետ համագործակցության ընթացքում:
Հեղինակների հետ խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում ընթերցողին են ներկայացվել կուռ և բարձրարվեստ ռուսերեն բանաստեղծություններ, ինչը, համաձայնեք, թարգմանական ստեղծագործության համար այդքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ: Չէ՞ որ սա է արվեստի արժանիքների, թարգմանության բարձր որակի գլխավոր չափանիշը: Կարո՞ղ է արդյոք լինել դրանից ավելի կարևոր բան:
Բացելով այս հիանալի հրատարակված, ժամանակակից տպագրության ամենաբարձր պահանջներին համապատասխան ձևավորված գիրքը` մենք ինչ-որ չգիտակցված լարվածություն էինք զգում: Մտածում էինք՝ միայն թե չհիասթափվենք, միայն թե չխաբվենք մեր հույսերում և ակնկալիքներում։ Բարեբախտաբար, կասկածները փարատվեցին՝ ժողովածուն ամբողջությամբ օրգանական և ներդաշնակ է, ներառյալ բովանդակալից ծանոթագրությունները, որոնք, ըստ էության, կարճ կենսագրական տեղեկություններ են թարգմանված հեղինակների վերաբերյալ։
Ալբերտ Նալբանդյանի անունը նույն շարքում է լավագույն և ամենահայտնի հայ պոեզիայի քարոզիչների ու տարածողների հետ։ Նա ավելի քան քառասուն թարգմանական գրքերի հեղինակ է։ Եվ դա` հաշվի չառած տասնյակ անթոլոգիական պոեզիայի ժողովածուները և առանձին բանաստեղծների հեղինակային գրքերը, որոնց բաղկացուցիչ մասն են նրա թարգմանությունները։
Ալբերտ Նալբանդյանի թարգմանչական գործունեությունը մի ամբողջ դարաշրջան է մեր բանաստեղծական թարգմանության, դասական և ժամանակակից հայկական գրականության քարոզչության և տարածման պատմության մեջ:
1973 թվականի աշնանը, երբ Ալբերտ Նալբանդյանը տեղափոխվեց Դոնբասից Երևան, հայ պոեզիայի առավել ակտիվ և հաջողակ թարգմանիչներն էին Ալլա Տեր-Հակոբյանը, Սեդա Վերմիշևան, Նելլի Սահակյանը, Վրույր Բալասանը և Գեորգի Կուբատյանը: Բայց արդեն Ալբերտ Նալբանդյանի առաջին հրապարակումները, որոնցում նա դրսևորեց իրեն որպես տաղանդավոր և կայացած բանաստեղծ-թարգմանիչ, ակնհայտորեն ցույց տվեցին, որ հայկական գրականության հիանալի տարածողների շարքում նա կլինի, այսպես ասած, առաջինը հավասարների մեջ, և որ հենց նա է ապագայում տալու հիմնական ուղղությունը: Իսկ հաջորդ տասնամյակների ընթացքում նա կդառնա ոչ միայն գրական գործընթացի գործուն և ակտիվ մասնակից, այլ նաև նրա կազմակերպիչներից մեկը Հայաստանում:
Մենք արդեն մի առիթով նշել ենք, որ Ալբերտ Նալբանդյանի թարգմանությունները վրացական, ուզբեկական, լատիշական և հայկական պոեզիայից նույնիսկ ամենախիստ չափանիշներով կարող են կազմել մի քանի տպավորիչ, ծանրակշիռ հատորներ և ամբողջությամբ օրգանիկ տեսք կունենային, ասենք, «Բանաստեղծական թարգմանության վարպետներ» գրքային շարքում: Նրա թարգմանությունները իրենց գեղարվեստական մակարդակով համահավասար են Նաում Գրեբնևի, Եվգենի Սոլոնովիչի, Պավել Գրուշկոյի, Անատոլի Գելեսկուլի լավագույն թարգմանչական աշխատանքների հետ:
Այս ժողովածուում առանձին հեղինակների առանձնացնելը, նրանց թարգմանություններին առավելություն տալը մյուսների նկատմամբ ամենևին հեշտ ու երախտապարտ գործ չէ: Այստեղ անհնար է բացարձակ անաչառ լինել, սուբյեկտիվ մոտեցում չդրսևորել: Ավելին՝ նման մոտեցմանը և գնահատականին, ամենայն հավանականությամբ, չեն համաձայնի շատ ընթերցողներ և հենց ինքը՝ գրքի հեղինակը: Սակայն, այնուամենայնիվ, մեզ համար ավելի մոտ են Վահան Տերյանից, Դավիթ Հովհաննեսից, Հովհաննես Գրիգորյանից, Արմանդ Մելնալքսնիսից և Լեոն Բրիեդիսից կատարած թարգմանությունները: Որպես վառ օրինակ այն բանի, որ իր լավագույն թարգմանություններում Ա. Նալբանդյանը հասնում է ոչ միայն առավելագույն իմաստային և ինտոնացիոն ճշգրտության, այլև էքվիռիթմիայի, կարելի է բերել Վ. Տերյանի «Բաժանման երգը» բանաստեղծությունը:
Ты взглянула с усмешкой игривой//И исчезла в дали голубой.//Я остался в тиши сиротливой,//Я заплакал, унижен тобой…//И душа моя в мире беззвёздном – //Точно в море затерянный чёлн;//Ураганом подхваченный грозным,//Стал он жалким игралищем волн.// Ни маяк и ни тихая пристань//Не забрезжут мне вспышкой огня.//Только ветер грохочет, неистов,//Только мгла обступает меня… (էջ 82)
Կարծում եմ` սխալված չենք լինի` պնդելով, որ եթե այս գիրքը տպագրվեր քառասուն տարի առաջ՝ «բարի հին ժամանակներում», երբ գրականության և պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը իսկապես մեծ էր և նույնիսկ համաժողովրդական, երբ խոշոր թերթերն ու ամսագրերը տպագրվում էին միլիոնավոր, իսկ գրքերը՝ հարյուր հազարավոր տպաքանակներով, ապա այն մեծ իրարանցում կառաջացներ, կդառնար գրական կյանքի նշանավոր և կարևոր իրադարձություն մեր հսկայական և բազմազգ երկրում։ Այն բոլոր առումներով մեծ հաջողությունների կհասներ և կդառնար հարյուր հազարավոր պոեզիայի սիրահարների ու գնահատողների սեղանի գիրքը։ Ավելին, այն, անկասկած, կդառնար բազում համալսարանների գեղարվեստական թարգմանության մասնագիտական դասընթացների համար հույժ կարևոր ու անփոխարինելի նյութ։
Ալբերտ Նալբանդյանը, շախմատային լեզվով ասած, կարողանում է գտնել ոչ միայն շատ ուժեղ, այլև լավագույն, եզակի, էտյուդային լուծումներ՝ երբեք չենթարկվելով ռիթմի կամ հանգի քմահաճություններին ու պահանջներին։ Նա հաջողությամբ խուսափում է մի կողմից՝ լեզվական անհարթություններից, անբնական ինվերսիաներից, իսկ մյուս կողմից՝ հարթագրությունից, որը բնորոշ է թերևս թարգմանական բանաստեղծությունների ճնշող մեծամասնությանը, հատկապես, երբ բնօրինակները ավանդական, հանգավոր սիլլաբո-տոնիկ բանաստեղծություններ են։
Իր թարգմանություններում Ալբերտ Նալբանդյանը, Բորիս Պաստեռնակի արտահայտությամբ, «շահեկան լուծումներ չի փնտրում», չի ձգտում խմբագրել կամ գունազարդել տեքստը՝ դրանով իսկ ամենապահանջկոտ, խստապահանջ և մանրախնդիր ընթերցողների գեղարվեստական ճաշակներն ու նախասիրությունները բավարարելու, նրանց դուր գալու համար։
Անպայման կգտնվեն նաև այնպիսի ընթերցողներ, որոնց համար այս գիրքը կլինի «բանաստեղծական թարգմանության վարպետության դաս»: Նրանք պարզապես չեն թերթելու կամ թղթատելու այն, այլ՝ կարդալու են մատիտը ձեռքին՝ նշումներ անելով հատկապես նրանց սրտին մոտեցած տողերն ու ստրոֆները: Իհարկե, այդպիսի ընթերցողներ շատ չեն լինի, շատ ավելի քիչ, քան կցանկանայինք, բայց նրանք բոլորը գրասերներ են, գրականության մարդիկ են:
Գեղարվեստական թարգմանության տեսության մեջ հաճախ կրկնվող մի դրույթ կա, ըստ որի՝ յուրաքանչյուր հաջող թարգմանություն երջանիկ բացառություն է: Այս դրույթից ելնելով՝ Ա. Նալբանդյանի ընտրված թարգմանությունների գիրքը կարելի է համարել «երջանիկ բացառությունների ժողովածու»։
Ալբերտ Նալբանդյանի թարգմանություններում չես հանդիպի ոճային խեղումների և անհարթությունների, հեղհեղուկ շարադասական կառույցների, դժվար ընթեռնելի շրջադարձերի, ուժով, «զոռով» տողում սեղմված բառերի: Եվ, առավել ևս, դրանցում չես նկատի «հայկական առոգանություն», այսինքն՝ այն ամենը, ինչը հաճախ վերագրվում է թարգմանական պոեզիայի պարտադիր պարագաներին։ Ընդհակառակը, նրա թարգմանությունները չեն տառապում թթվածնային քաղցից, շնչում են ազատորեն, ընթերցվում են շատ հեշտությամբ և նույնիսկ ստեղծում են պատրանքային զգացողություն, թե դրանք ստեղծվել են նույնքան թեթև ու ինքնաբուխ, առանց մեծ ճիգերի ու ջանքերի։ Այդպես էլ պետք է լինի իսկական բանաստեղծական ստեղծագործությունը. ընթերցողը չպետք է կռահի այն ստեղծագործական տառապանքների մասին, որոնց միջով անցել է հեղինակը՝ անհրաժեշտ բառը, ճիշտ, միակն ու անկրկնելի որոշիչը կամ փոխաբերությունը գտնելու համար։
Ալբերտ Նալբանդյանին ոչ մի կերպ «ճակատագրի ընտրյալ» չես անվանի: Նրա մակարդակի և մասշտաբի պոեզիայի թարգմանիչները, որպես կանոն, մեծ հաջողության են հասնում կյանքում, վայելում են փառքի շողերը, հրատարակիչներին իրենց պայմաններն են թելադրում, ճամփորդում են աշխարհով մեկ, բաց չեն թողնում որևէ նշանակալից գրական փառատոն, «բռերով» դափնեկրի կոչումներ և միջազգային մրցանակներ են հավաքում…
Ինչ վերաբերում է Ալբերտ Նալբանդյանին, ապա նա արդեն ավելի քան երեսունհինգ տարի միայնակ պայքարում է իր ստեղծածը՝ Հայաստանում միակ ռուսալեզու գրական պարբերականը, պահպանելու և շարունակելու համար։ Նա ստիպված է հանդիպել հնարավոր հովանավորների և խնամակալների հետ, ուղարկել շրջաբերական նամակներ առևտրային կազմակերպություններին, ապահով մարդկանց, բարերարներին, օլիգարխներին, բարեգործներին, համբերատար համոզել և բացատրել նրանց իր ամսագրի ծանր վիճակը և դրա լիարժեք գործունեության կարևորությունը։ Հիասթափությունները գալիս են մեկը մյուսի հետևից։ Նրբանկատ մերժում ստացած հարուստների ցանկը կարող է զբաղեցնել տասնյակ էջեր, գուցե ավելին։ Ում ասես՝ նա միայն չի դիմել։ Ինչ դռներ ասես՝ չի թակել։ Կարելի է մի շատ տպավորիչ հավաքածու կազմել այդ նրբանկատ մերժումներից ու «մի քիչ համբերելու» առաջարկներից։ Եվ սա այն դեպքում, երբ ամսագրի պարտքերը շարունակում են աճել, և սպասելը անտանելի է դառնում։
Այն, որ Ալբերտ Նալբանդյանի գիտակից կյանքի կարևորագույն տասնամյակները հիմնականում անցել են «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, և որ ամսագրի կենսագործունեությունը հազարավոր թելերով կապված է նրա գլխավոր խմբագրի հետ, բացարձակ ճշմարտություն է, և դրա հետ անկարելի է չհամաձայնել։ Սակայն, այնուամենայնիվ, Ալբերտ Նալբանդյանի «ոսկեդարն», ըստ մեզ, պետք է համարել 1980-ական թվականների կեսերին ընկած այն կարճատև շրջանը, երբ նա, ղեկավարելով «Սովետական գրող» հրատարակչության ռուսերեն խմբագրությունը, իրականացրեց բազմաթիվ կարևոր ու ուշագրավ նախագծեր։ Հենց այդ տարիներին ռուսերենով տպագրվեցին Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի ընտիր ստեղծագործությունների մեկհատորյակները, Նար-Դոսի «Մահը», Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ Դիմում, Տիկնայք և Պարոնայք» վեպը, ռուսերեն գրող հայ բանաստեղծների ու արձակագիրների ստեղծագործությունների երկհատոր ժողովածուն, «Ժամանակակից հայ պատմվածք» վեց գրքից բաղկացած գրադարանային մատենաշարը, ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն…
Մենք այս բոլոր հրատարակությունները թվարկեցինք հիշողությամբ, և շատ հնարավոր է, որ բաց թողեցինք որոշ ոչ պակաս կարևոր նախագծեր։ Ավելացնենք, որ նույն տարիներին նա ակտիվորեն թարգմանում էր հայ նոր գրականության դասականներին՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանին, Միսաք Մեծարենցին, Դանիել Վարուժանին և Հովհաննես Հովհաննիսյանին, ինչպես նաև արտասահմանյան բանաստեղծներին։ Շատ կարևոր է նշել, որ այս բոլոր նախագծերում Ալբերտը ներգրավված էր ոչ միայն որպես խմբագիր և կազմող, այլև որպես գաղափարների գեներատոր և հեղինակ-թարգմանիչներից մեկը։ Եվ այս ամենին զուգահեռ, նա հասցնում էր համագործակցել մոսկովյան խոշորագույն հրատարակչությունների հետ։
Հարկ ենք համարում նշել, որ Ա. Նալբանդյանի՝ որպես պոեզիայի թարգմանչի կարևորագույն արժանիքներից և առավելություններից մեկը նրա տաղաչափական հմտությունն ու «ամենազորությունն» է։ Որպես գեղարվեստական թարգմանության մեծ ու կայացած վարպետ՝ նա տիրապետում է պոեզիայի բոլոր ձևերին՝ լինի դա սոնետ, գազել, տրիոլետ, հայրեն, սպիտակ ոտանավոր թե վերլիբր։ Եվ չափազանց դժվար է մեծ համոզվածությամբ ասել, որ նա ակնհայտորեն նախապատվություն է տալիս որևէ մի ձևին։ Այս կապակցությամբ նշենք ևս մեկ կարևոր հանգամանք. ելնելով նպատակահարմարությունից՝ որոշ դեպքերում թարգմանիչը գնում է «հոսանքին հակառակ»՝ գիտակցաբար խախտելով բնագրի ձևը։ Որպես ցայտուն օրինակ՝ կարող ենք նշել արցախյան բանաստեղծ Վարդան Հակոբյանի սպիտակ ոտանավորները, որոնք ռուսերեն վերարտադրությունում դարձել են ավանդական հանգավոր բանաստեղծություններ, և դրանից այդ ստեղծագործությունները միայն շահել են։ Սակայն բերված օրինակը, իհարկե, ոչ թե օրինաչափություն է, այլ՝ բացառություն։
Տարիներ առաջ, գտնվելով իր ստեղծագործական կյանքի լավագույն շրջափուլում, Ալբերտը զրույցներից մեկի ընթացքում նշեց, որ իրեն ունակ է զգում թարգմանելու ցանկացած հեղինակի ցանկացած բանաստեղծական գործ։ Եվ դա ամենևին էլ հպարտության կամ ինքնագովասանքի դրսևորում չէր։ Ավելի շուտ, դա իր ուժերի և հնարավորությունների նկատմամբ վստահության արտահայտություն էր։ Ամեն դեպքում, թարգմանիչը բազմիցս ապացուցել է դա՝ և ոչ թե խոսքով, այլ՝ գործով։
Հովհաննես Թումանյանն ասում էր, որ թարգմանված բանաստեղծությունը նման է ապակու տակ դրված վարդի։ Վարդը տեսնում ես, բայց նրա բույրը զգալ չես կարող։ Ինչ վերաբերում է Ալբերտ Նալբանդյանին, ապա նրա համար յուրաքանչյուր թարգմանության գերխնդիրն է վարդի փոխանցումը, վերստեղծումը ոչ միայն իր ամբողջ գունեղությամբ, գունային երանգներով և բոլոր հպումներով, նրբերանգներով, այլև իր բոլոր երանգային առանձնահատկություններով, հոգեբանական իրավիճակայնությամբ, այսինքն՝ իր իսկական բույրով։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։