ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ԷԼԵԳԻԱՆԵՐ
Գայանեին…
Օ՛, տղա, խե՛նթ ու ցնորքին գե՛րի,
Սուզվո՛ւմ է ահա հեգ ձիս ծո՛վն ի վար…
Հուսաբե՛կ, կողքով Աղի հանքե՛րի
Անցնո՛ւմ եմ, սե՛ր իմ, վհա՛տ ու նվա՛ղ…
Դու ամուսնո՛ւն քո մի օ՛ր, գիշերո՛վ,
Քնա՛տ աչքերով, ուրվականի պե՛ս,
Մտաբերելո՛վ ու վերհիշելո՛վ,
Մեր մեռա՛ծ սիրո մասին կպատմե՛ս…
Իոսիֆ Բրոդսկի
«Խոսքի մաս» -բանաստեղծություններ.
«Ճշմարտությունը կի՛ն է…»
Ֆրիդրիխ Նիցշե
«Զվարթ գիտություն»
I
Չմեկնես հանկարծ ինձանից առաջ,
Խնդրո՛ւմ, աղաչո՛ւմ, թախանձո՛ւմ եմ քեզ…
Չթռչե՛ս հանկարծ թռչնի թև առած,
Դու իմ` սրտաչա՛փ, դու իմ սրտի` կե՛ս…
Չհեռանա՛ս, ինձ չլքես հանկա՛րծ,
Ինձ իմ ցավի հետ մենա՛կ չթողնես…
…Սի՛րտն իմ արդեն իսկ անթեղ է անկա՛յծ,
Իսկ դու չգրված իմ տա՛ղ ու տո՛ղն ես…
Ես անզո՛ր եմ քեզ կորցնել կրկին,
Արդեն մեկ անգամ կորցրե՛լ եմ, ե՞րբ էր…
Երբ քեզ խլեցի՛ն… տարա՛ն իմ գրկից, –
Դու դա չե՛ս ժխտի, չե՛ս հերքի երբեք…
II
Ոչ` ներումնահայց` բառե՛ր, ոչ` ներո՛ւմ…
Բայց մի՛ մթնեցրու իմ օ՛րն ու ներկա՛ն…
Թեկուզ ինձանից անսահման` հե՛ռու,
Միայն իմանա՛մ, որ ապրո՛ւմ ես, կա՛ս…
…Մշուշում վառվող այն աստղը նայի՛ր,
Մտաբերում է քե՛զ, հայա՛ցքը քո…
…Մի՛տքս ղեկին է՛ն աստղանավի,
Իսկ հոգի՛ս անտո՛ւն, մրսած մի` Գիքո՛ր…
…Թրթռա՛ց, միգում մարեց այն աս՛տղը,
Եվ մեր հանդիպման հո՛ւյսն իսկ չքացա՛վ…
…Ինչ սև նզո՛վք է` ծնվե՛լ բանաստե՛ղծ, –
Օրերում անսե՛ր ու անշքացա՛ծ…
III
Խենթ հրեշտակը իջե՛լ էր մայթին
Եվ փորձո՛ւմ էր ինձ ինչ-որ բան հուշել…
Երբ ես թանձրածալ մշուշո՛ւմ, մարդի՛կ,
Նրա դե՛մքն էի փորձում վերհիշել…
Լուռ երկխոսում են կո՛ւժն ու կուլա՛ն, ո՛ւ
Մեր աչքերն աշնան թաղարների պես
Անցյալ օրերի լո՛ւյսն են կլանում…
Մի՞թե այլևս չե՛մ տեսնելու քեզ…
…Ճակատագրական` սխա՛լն (իմ` կյա՛նքը),
Տարիներ անվե՛րջ փորձել եմ քավե՛լ,
Սակայն ապարդյուն` ճիգե՛ր ու ջանքե՛ր,
Եվ սխալվել եմ ավե՛լ – առավե՛լ…
IV
…Դու այս աշխարհի թովի՛չն ամենա,
Մնացիր հեռվում մոմի պես հանգած…
…Եվ հեռվից ձա՛յնդ` «Թող հե՛ռու մնա,
Եվ երբեք աչքիս չե՛րևա հանկարծ…»:
…Չե՛մ գալու, քանզի քեզ համար չկա՛մ
Եվ գուցե չե՛մ էլ եղել երբևէ…
Չի՛ եղել նաև դեմքն այն աղջկա՛,
Ումո՛վ ճշտել եմ
սիրո կերպը վե՛հ…
Տարի՛քս… գալիք
իմ ճամփան գիտեմ,
Թո՛ւխպն` աշնանային,
ինչ-որ փշե պա՛տ…
Նեղ օրվա համար
ոչինչ չե՛մ կիտել,
Զայրացնո՞ւմ է քեզ բա՛ռն
իմ փոշեպա՛տ…
V
«Եվ երբեք հանկա՛րծ
աչքիս չերևա…», –
Անհո՛գ կաց, վաղո՛ւց հասկացել եմ ես,
Թե արցունքն ի՞նչ է, ո՛ղջը` ջո՛ւր և ա՛ղ…
Ի՞նչն է, որ այդպես կաշկանդե՛լ է քեզ…
…Թեև դիպվածը խաղամո՛լ է կույր,
Բայց վստա՛հ եղիր. երբեք չե՛մ գալու
Եվ ձեր թաղի խո՛ւլ բակերից մեկում
Ցնորվածի պես չե՛մ դարանելու…
…Կարծես լքո՛ւմ եմ ինքս ինձ, բայց դու
Ապրիր թե՛թև ու ապրիր անվրդո՛վ…
…Երբ իմ դեմ Անհո՛ւնն է իբրև բաց դո՛ւռ,
Ո՞ւր պիտի գնամ իմ այս խենթ սրտով…
VI
Եվ եթե ա՛յս է կյանքը, չլինե՛լ,
Դուռը շխկացնե՛լ կյանքի երեսին…
…Երազանքներն այն հո՛ւյլ ու ջրանե՛րկ,
Որոնք խամրեցին հենց ճամփի կեսին…
…Եթե քո դարձի ճանապարհները
Չքվե՛լ են կամ թե գետնի տա՛կ` անցել…
Եթե ցնո՛րք ու պատրա՛նք է Սերը,
Էլ զո՛ւր, անտե՛ղի ինչո՞ւ զառանցել…
…Այո՛, չլինե՜լ, չզգա՜լ, չշնչե՜լ…
Լռե՛լ, պապանձվե՛լ, համրանալ իսպա՛ռ…
…Թող հրաժեշտի կոչնակներն հնչե՛ն,
Զի՛ սարդոստա՛յնն է ձգվել պատի՛ց – պա՛տ…
VII
Օրերից մի օր (սովորական` հո՛ւյժ)
Զգա՛լու ես, որ ինչ-որ բան այն չէ՛,
Որ արթնացել ես առավոտ կանո՛ւխ,
 Եվ ինչ-որ մի տեղ անթե՛ղ է սառչել…
…Խո՛ւլ, ընդհատ ղողա՛նջ, և բո՛ւյրը խունկի…
Արդեն հնչե՛լ է Կա՛նչն արարչական…
Ւնչ-որ շշուկներ` կհասնեն ունկիդ
Եվ կհասկանա՛ս, որ արդեն չկա՛մ…
…Մի պահ ինքդ քեզ պիտի ներշնչե՛ս,
Թե կատարվածը քեզ հետ կա՛պ չունի…
…Եվ կխլանան ձայները հնչե՛ղ,
Եվ կվերածվի ճյուղը… կպչա՛նի…
VIII
Իբր` անառի՛թ, իբր` հե՛նց այնպես,
Ամո՛ւր կգրկես դու թոռնուհուն քո
Եվ հոգուդ խորքում անձա՛յն կարտասվես…
Այլ` հնչերանգո՛վ, ուրի՛շ մի հանգով,
Անհո՛գ կերգեն դեղձանիկները,
Դեղձանիկները ձե՛ն-ձե՛նի կտան.
Պոետն ո՞ւր գնաց, ո՞ւր մնաց սերը…
(Կյանքն այս ծայրեծա՛յր` քրձե կարկատա՛ն…)
Պոետն ո՞ւր գնաց, ո՞ւր մնաց սե՛րը,
Ո՞ր խաչմերուկում, ոլորանում` ո՞ր…
Գիտե՛մ Անհունից ժպտո՛ւմ է Տերը,
Եվ մանուկնե՛ր են ծնվում ամեն օր…
IX
Պոետն ո՞ւր գնաց, ո՞ւր մնաց սերը,
Ո՞ր խաչմերուկում անհա՛յտ, անանո՛ւն…
Եվ մի՞թե, մի՞թե չէր տեսնում Տերը,
Որ ես լքվո՛ւմ եմ ու ամայանո՛ւմ…
…Մա՜րդ ենք կավեղեն, ողջը` խճճո՛ւմ
Եվ թախանձում ենք` Զորակցի՜ր մեզ, Տե՛ր…
…Ո՞ւմ սիրտն էր հեռվում խենթացած ճչո՛ւմ,
Ճակատագիրը ո՞ւմ էր նետել…
…Եվ ճանապարհնե՛ր, որ պոետն անցա՛վ,
Ձաղկել-խարազանելով ինքն իրեն…
…Եվ պաղ մշո՛ւշն էր սփռվում անձա՛յն,
Սառույցներն էին արևկող նիրհել…
X
…Այն օրը, երբ մենք քայլեցինք երկա՛ր,
Եվ մայրամուտը տարվե՛լ էր խաղով…
Ինչ-որ տեղ կարծես չքվե՛լ էր ներկան,
Եվ գալի՛քն էր լոկ տեսիլվում աղո՛տ…
…Ե՛ս էի խոսում, ինչպես միշտ` ե՛ս ու…
Իսկ դու` հրեշտա՛կ զո՜ւսպ, սակավախո՜ս,
Ծվարե՛լ էիր ինքդ քո ներսո՛ւմ,
Հույզե՛րն էիր քո ծրարո՛ւմ… ա՛խ, ո՞վ…
…Խոսքիս մեջ մի պահ վրիպեցի ե՛ս,
Եվ դու ժպտացի՛ր ժպիտով քո էն…
Ես շըրջվեցի՛ և գրկեցի քե՛զ,
Եվ սի՛րտը, սի՛րտն իմ ցնծաց մանկորեն…
XI
…Ժպտա քո հեռվից ժպիտով քո էն,
Որ քի՛չ էլ ձգեմ Պատրանքի քո՛ւղը…
…Ի՞նչ կարևոր է՝ գո՜հ եմ, դժգո՜հ եմ,
Ես լքե՛լու եմ այս գո՛րշ նկուղը…
Թոթափելու եմ մշո՛ւշն ու մե՛գն այս,
Եվ կտեսիլվի լազո՛ւրը անհուն…
(Ճակատագրի ինչպիսի հեգնա՛նք)
Մեր` հրաժեշտի խաչուղին` այն նո՛ւյն…
Զի կախարդել է ինձ այն Անհունը,
Կեցցե տա՛ղն այն, որ գրվում է անբա՛ռ,
Օրհնվի սե՛րն այն, որ անանո՛ւն է…
Կանխորոշվա՛ծ է իմ գալիք ճամփա՛ն…
XII
…Քայլս կգցե՛մ, և իմ թիկունքո՛ւմ
Ցցապատերը խուլ կը՛-քրքջա՛ն…
…Օրեր երկիմա՛ստ, երկբևեռ կյա՛նք ու
Ոչ մի` ուղեցո՛ւյց, ոչ մի` կարգաչա՛փ…
…Անթի՛վ, անհամա՛ր ուղեփակոցնե՛ր…
…Մեր բաժանումից անցել է կե՛ս դար,
Բայց էն պատանու սրտի թակո՛ցն է
Եվ նույն զարկե՛րն են հնչում անդադա՛ր…
…Դեմքիդ թրթռուն ուրվագծե՛րը,
Եզրագծե՛րը քո բարկ շուրթերի՛…
…Լո՛ւյսն այգաբացի շողն իր գցե՛լ էր
Քո ներաշխարհի նրբի՛ն շերտերին…
XIII
Այս կյանք կոչվածը մի` զոհասեղա՛ն,
Զոհասեղանին ջրահարսն այն հե՛զ…
(Ո՞ր չարը դրդեց, որ այդպե՛ս եղավ)
Ջի՛նջ, կենսաշող էր երազանքի պե՛ս…
…Իսկ արցունքն ի՞նչ, ողջը` ջո՛ւր և ա՛ղ…
Թեթևությամբ իր մե՛ղքը քավածի,
Չե՛մ ուզում անհո՛գ, զվա՛րթ երևալ,
Կամ` կառչել կյանքի՛ց, բնա՛վ, քա՛վ լիցի…
…Հանձին պոետին չե՛ս տեսել երբեք
Եվ այս երգե՛րն էլ քեզ չե՛ն հուզելու…
…Մի օր վիթի պես թռա՛ր սրտաբեկ,
Պատսպարվեցիր ուրի՛շ հույզերում…
XIV
Կաքավը շաղված ծխից ու տոթից,
Փորձում է ահա վայրէջք կատարել…
…Դու այդքա՜ն` հեռու և այնքա՜ն` մոտիկ…
Իսկ ես կա՛մ, դեռ կա՜մ, բան չի՛ պատահել…
Հարատևելու կերպը լավագո՛ւյն,
Ձեռաց անէանա՛լն է, Տե՛ր…
…Էն ո՞վ է հեռվում մորի հավաքո՛ւմ,
Որպեսզի պատվի՛ թոռանն իր կրտսե՛ր…
…Դիպվածը ուղեհսկիչի դե՛րն իր
Խաղում էր փայլո՛ւն ու վարպետորե՛ն…
…Ի՞նչ են երկխոսում հողն ու եթերն, ի՞նչ,
Եվ տարուբերվող թևեր` փետուրե…
XV
Ինչ-որ կի՛րճ, և ես մի խո՛ւլ քարայրում
Պա՛հ մտել և քո ճամփա՛ն եմ պահում…
Քաղցը տանջո՛ւմ է և ծարավն այրո՛ւմ,
Հայտնվում ես դո՛ւ իբրև նինփա ու
Մի ձեռքիդ նախշուն կապո՛ցն է հացի,
Մյուսում` սափո՛րն ահա ջրով լի…
…Դու` եղեգնիրա՛ն, ճկո՜ւն, սլացի՜կ…
Դու իմ սպասվա՛ծ, դու իմ ցանկալի՛…
Եվ քերծին կանգնած ես վա՛ր եմ նայում,
Քեզ ձայն եմ տալիս` հոգե՜կ, վե՛ր նայիր…
Դու նայում ես վեր` ջե՛րմ ու հմայո՛ւն,
Եվ թևածում է լույսը վերնային…
XVI
 …Եվ մոռացվում են քա՛ղցը, ծարա՛վն, ու
Ինձ լիացնո՛ւմ է թովչանքը քո, սե՛ր…
Ինձ հիշեցնո՛ւմ ես Նոյի աղավնուն,
Գարնա՛ն, անդո՛րրի իմ ավետաբե՛ր…
…Բայց սթափվում եմ իմ գալ հյուսքերով
Պաղ մենության հե՛տ, քարայրում սառցե՛…
Բայց դու չե՛ս գալու, դու գալ չես կարող…
Ես Ձնե մարդ եմ կարծես թե դարձել…
…Մենությանս հետ, սառցե անձավում,
Սառցե զնդանում` անհո՜ւր, անկրա՜կ…
Մինչ դու հեռավո՛ր, աղո՛տ անցյալում
Ջերմությա՛ն, լույսի գոցված` հանքերա՛կ…
XVII
Ամեհի ջրապտո՛ւյտ ու սահա՛նք…
Ես` աստանդակա՛ն, ճամփո՛րդ, տարագի՛ր…
Եվ սի՛ն հույսն իմ, թե ուր որ է, ահա՛
Ուղեկից աստղը պիտի ճառագի…
…Սակայն զո՛ւր հույսեր… դու չե՛ս կարող գալ
Եվ դու այլև՛ս-երբե՛ք չե՛ս գալու…
Անցյալ-կատարյալ իմ արևագա՛լ,
Ո՞րն է սահմանը զգալ-չզգա՛լու…
Որքա՞ն է անցել… ինչ կարևոր է,
Այս արևի տակ չի՛ անցնում ոչինչ…
…Ո՛ղջը` այս պահի՛ն, ամեն ինչ նո՛ր է…
Եվ կայծկլտում են աչքերը քո ջի՛նջ…
XVIII
…Եվ բառերն իմ այն անողո՜ք, անգո՜ւթ…
Իսկ նա մո՜ւնջ, գունա՜տ և արձանացած…
Հետո օրե՛ր և … տարիներ անգո՛ւյն,
Արջնահեղց հո՛ւյզ և արջնած ցա՛վ…
…Եվ նա ցնցվո՛ւմ ու մղվում է դեպի
Պանդոկի մո՛ւտքն ու իրեն դո՛ւրս գցում…
Մեխվա՛ծ մնում ենք ե՛ս ու իմ… կեպի՛ն…
Իսկ նա ճամփին է… հեծո՛ւմ, կսկծո՛ւմ…
Չարագույժ պահն այդ օրերի հոսքո՛ւմ…
Այդ ե՞ս եմ եղել, թե` մեկ ուրիշը…
…Նա` կարկտահա՛ր մի ցորենի հա՛սկ, ու
Առանձնանա՛լ և կո՛ւչ գալ… ու… հիշե՛լ…
XIX
…Գարո՛ւն էր, սակայն լեռան կատարից
Քամին բերում էր բո՛ւյրը ձյուների…
Իսկ ես` շփո՛թ ու շըվա՛ր, իս՛կ և իս՛կ
Հնդկական ֆիլմի Ծաղրածո՛ւն էի…
…Խոսքը` խո՛սք, սրտիս զարկերն այն մի՞թե
Այն պահին ոչինչ քեզ չէին հուշում…
…Հետո խրտնեց ու թռա՛վ այն վի՛թը,
Ապա ամեն ինչ սուզվեց մշուշում…
…Այդպես ալեծուփ ով էր հեռանում…
Ես նրա ճամփին խո՛տ էի ու սե՛զ…
Ես անանո՛ւն, նա՛` ոսկեհե՛ռ անուն, –
Անհունի հայտնի գիսավորի` պես…
XX
Խզվածքի կո՛րը այնպե՛ս աչքառու…
Ախար այս կումն էլ այնպես դա՛ռն է, կի՛ն…
…Պա՛ղ, արտասվացող ժպիտն աչքերում,
Ով էր կորուստն իր ողբում դառնագին…
Օրե՛ր, շաբաթնե՛ր շղթայակե՛րպ, ա՛յն
Ակնթարթը կորուսյա՛լ ու կե՛նտ…
Ինչ-որ արվարձա՛ն և ինչ-որ կրպա՛կ…
Ապա` քարեքար ընկած ինչ-որ խենթ…
…Հետո մենություն` անդնդախո՛ր, շե՛ղ,
Հետո ամուլ, գա՛ղջ ամայություն մի…
Եվ սև խոռոչներ հիշեցնող խորշեր,
Ջանքեր` անիմա՛ստ և ճիգեր` անմի՛տ…
XXI
Ինչ-որ սյունաշա՛ր և ինչ-որ կամա՛ր,
Ներքո` դեմքը քո բոլորաձի՛գ, պա՛ղ…
Ես` դաժա՛ն, անսի՛րտ (կամա-ակամա),
Բեկվածքն այլևս չե՛ս շտկի, ավա՛ղ…
Դու` գերզգայուն լա՛ր թավջութակի…
Որերորդ անգամ` հանո՛ւն և ընդդե՛մ…
…Հյուղակիս դուռը թող թովջը թակի,
Նրան հենց շեմից ես կը վռնդեմ…
Թվացյալ ընթա՛ցք, տեղաշա՛րժ կարծես…
Դիմացը պա՛տն է, Չինական` պարի՛սպ…
…Ոչ մի պատասխա՛ն, միմիայն հարցե՛ր…
Եվ դիպվածն ինքը` աննկուն Պարիս…
XXII
Գեղարդավա՛նքը, սյունե՛ր, կամա՛րը,
Վարպետ Գալձակի անվախճան հոգին…
Վերջին կայծերը շուտով կմարեն,
Եվ կերևաս դու պարեգոտ հագիդ…
Եվ դու քո այն նո՛ւյն ժպիտով տխուր…
(Պա՛հը, վայրկյա՛նն այն անա՛նց ու անջի՛նջ)
Իրիկնաժամին… հո՜ւյլ, վհա՛տ ու խո՛ւլ,
Պղնձե զանգը դեռ կղողանջի…
…Կյա՛նք էր, ապրեցի՛նք, դա՛ էր տրված մեզ,
Գոհանա՛նք և փա՛ռք տանք Բարձրյալին,
Որ վկա` եղանք և ականատե՛ս…
Դու իմ սպասվա՜ծ, դու իմ բաղձալի՜…
XXIII
Թռչնաբները լքված են անդա՛րձ,
Պա՛ղ ու թափո՜ւր են թռչնաբները…
Մեգն ու մշուշն են խտանում դանդա՛ղ,
Ի՞նչ են խոկում ծեր թռչնաբանները…
Գո՛լ մթնշաղում` ձեր թա՛ղն ու բա՛կը,
Եվ աղջամո՛ւղջն է խտանում դանդաղ…
(Հյուրասենյակի քո դուռը… փա՛կ է)
Թռչնաբները լքված են անդարձ…
Թող սաքսոֆոնը անլուր ծղրտա,
Գիտեմ կանչս քեզ չի՛ հասնելու, թո՛ղ
Հույսի տրորված հունդը ծիլե՛ր տա,
Եվ պա՛հը, խա՛ռը երազներ ու թոն…
XXIV
Աշո՛ւն: Սեպտեմբե՛ր: Հինգշաբթի՛ դարձյա՛լ,
Իսկ դու հեռավոր ինչ-որ գյուղակում…
Ինչ-որ քո՛ղ ու քո՛ւղ և ինչ-որ դերձա՛ն…
Ծալքավոր ծածկոցն ի՞նչ էր քողարկում…
…Ծանր գիշեր էր, և չէ՛ր լուսանում,
Եվ թվում էր, թե չի՛ լուսանալու…
Նույն այգաբա՛ցն ու վերջալույսը նո՛ւյն,
Եվ ծե՛սն այդ, ինչ խո՛սք, անսասա՛ն է, ու
Ծանոթ` ցանկապա՛տ, դռնակին ահա՛
Թառած ծղրի՛դն է կիսաձայն երգում…
…Եվ ո՞ւր է լո՛ւյսն ա՛յն, լո՛ւյսը` կենարա՛ր…
Եվ ներկալվում է ողջը ցնորքում…
XXV
Փորձության կեռմա՛ն, դարձդարձիկ ուղի՛,
Եվ ճե՛նապակու դյուրանցիկ փայլը…
Ապա փրկության ե՛լք… ու փակուղի…
Եվ հապաղում է իմ հաջորդ քա՛յլը…
Քա՛յլ, որն ինձ քեզ մոտ չի հասցնելու,
Քեզ չե՛մ տեսնելու երբե՛ք, այլևս…
Դիպվածը պիտի օրհաս ծներ, ու
Ես անդա՛րձ պիտի կորցնեի սե՛րս…
Ցնորք ասվածը` անձո՛ւկ, անձկա՛լի,
Մտապատրանքը` թե՜թև, անկշի՜ռ…
Եվ տարածությո՛ւն, որ կո՛ւչ է գալիս
Ինչպես Շագրենի կոչվող այն կաշին…
XXVI
Քո լռությունը հեռվում զնգացո՛ղ,
Որից հյուսված է մենությո՛ւնը իմ…
Լռությունը քո ազազո՛ւն կայծով,
Եվ թախիծը տե՛ր` մենատանը իր…
Որտե՞ղ ես հիմա, տա՞նը, թե՞ դրսում.
Մշուշով լեցուն աչքերդ տամուկ…
Նո՛ւյն շրջագծով նույն պտո՛ւյտը` զո՛ւր,
Այդ ճանապարհը քեզ ո՞ւր է տանում…
Քեզ ո՞ւր է տանում հողմը հույզերի…
Սա՜ռն ու գունա՛տ են շուրթերը քո, սե՛ր…
… Բոլորը կարծես հա՛մր են, բայց սե՛ր իմ,
Ձույլ լռությունը քո եթե խոսե՜ր…
XXVII
Մա՛շկը, մաշկը քո ձյունափա՛յլ, ողո՛րկ
Մի պահ կը-սարսի լուրից մոտալուտ…
Եվ կանջրպետվեն մակերե՛ս ու խո՛րք…
Մնացել է լոկ նրբին մի թե՛լ, ու
Դարձյալ կը ծփա՛ն կոհակն ու ցողը,
Զոհատան գինին դարձյալ կհեղվի՞…
… Իսկ եթե խա՛յծ կամ ծուղա՛կ էր ծա՛ղը…
Դու քամահրանքով նայիր քո հեռվից…
… Ճի՛շտ է, որ ոմանց բախտը չի՛ բերում,
Երկինքը նման ձեղունի խարխո՛ւլ…
Կը՛-տարուբերվի, կը՛-ճոճվի վերում,
Եվ մայրահավը կը-հեծեծա խուլ…
XXVIII
Վստահել գրի՛ն, նա պահե՛լ գիտե
Հո՛ւշը, գաղտնի՛քը` անե՛ղծ, անխաթա՛ր…
Դու իմ նրբահյուս անրջանքի թե՛լ,
Գալիք ընթացքն իմ անթե՛ք, անխոտո՛ր…
Եվ մեր աստղային` պայմանաժա՛մը…
Եվ դու իմ միա՛կ Ոսկեղջյուրը,
Բարու և լավի` նախանշա՛նը,
Ոսկե Անձրևը և Ոսկեջո՛ւրը…
Վստահե՞լ է պետք, վստահել գրի՛ն,
Նա չի՛ ուրանում… իմ ջի՛նջ, իմ մաքո՛ւր…
Վստահել գրին և քո աչքերին,
Որ հեռվից հեռու լո՛ւյս են ճառագում…
XXIX
«Առագա՛ստ», կա՛յմը: Կա՛նչն անհայտության…
Իսկ հեռվում լռին հեծեծանքը քո…
Չսպասված կորե՛ր և ա՛ն-հաշտությա՛ն…
Ա՛րդ, ինձ ընձեռված է մի ճոթ հա՛ց… այն քո
Ոտնաձայնը, որ մարել է վաղուց…
Որ շերտում է քո արմա՛տը, ծաղի՛կ…
Ասես ինչի՞ց է սիրտը նվաղում…
… Ծանր շնչում է տղմո՛ւտը ցավի…
Կանչն անարձագա՛նք, «Առագա՛ստ»: Փեղկե՛ր…
Ես` մայթին կանգնած մի կո՛ւյր մո՛ւրացիկ…
Եվ անշտկելի սխալնե՜ր, մեղքե՜ր,
Եվ Ձայնն ահարկու` ո՛ղջը մոռացի՛ր…
XXX
Ճառագայթը բեկվե՛ց, զնգա՛ց անունը քո…
Կարծես չկա՛մ, բայց խուլ զարկերն իմ խենթ սրտի…
Տիեզերական անծի՛ր, անծա՛յր Անհունի կո՛ր,
Եվ զգում եմ շունչը բևեռային ցրտի…
… Դու դեռ հեռանում ես քայլքով քո շարմաղուն,
Իսկ ես կո՛ւչ եմ գալիս հայացքս քեզ հառած…
Ինչ-որ պաղ անձրև է զօր ու գիշեր մաղում,
Եվ այս ցավը` տարտա՛մ, ցա՛վն այս երե՛ս առած…
Ես իմ խաչին գամվա՛ծ, քո հեռացումն` անվե՛րջ…
(Իզո՛ւր չը-վարանե՛լ և զուր չը-սրդողե՛լ…)
… Ասես որտե՞ղ մնաց երազանքն իմ այն վե՛հ,
Երազանքն իմ լազո՛ւր ես որտե՞ղ եմ թողել…

Գրեք մեկնաբանություն