ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 24-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն: ՀԳՄ ճեմասրահում ծաղկեպսակ դրվեց բանաստեղծի լուսանկարի առջև, այնուհետև միջոցառումը շարունակվեց կլոր սրահում: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հետահայաց գնահատելով` առավել շատ է երևում Պարույր Սևակի և նրա սերնդի առաքելությունը. նրանք պահեցին հայ գրականության ոգին ու շունչը, և առաջին հերթին Սևակը՝ իր ոճով ու լեզվամտածողությամբ: «Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գիրքը նոր խոսք էր, մարդն էր կենտրոնը, որովհետև ստալինյան ժամանակներում ոչ թե մարդն էր կարևորը, այլ` կոլեկտիվը: Ե՛վ Հայաստանում, և՛ Մոսկվայում Սևակն անվերջ փնտրեց նորարարություն: «Եղիցի լույս» գիրքը նույնպես իր բնույթով խիստ նորարարական էր այդ ժամանակի պոեզիայի ընդհանուր մթնոլորտում, դարի հետ խոսելու պոետական մեծ ջիղ ուներ: Հոբելյանն առիթ է արժևորելու Սևակի պոեզիան, գրականագիտական հոդվածներն ու տարբեր երկրների բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությունները»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Գրականագետ Սամվել Մուրադյանը նշեց. «Մենք պետք է Պարույր Սևակին ճիշտ արժևորենք, ճիշտ ընկալենք և ճիշտ գնահատենք նրա ստեղծագործությունը: Փորձեր, իհարկե, արել ենք, բայց եղել է նաև սիրողական մակարդակի մոտեցում, որով Պարույր Սևակ բանաստեղծը, ինչպես նաև նրա սերնդակիցներից շատերը մնացել են իրենց անվան ետևում: Պարույր Սևակը ուղեկցելու է գալիք սերունդներին և մշտապես մնալու է մեր ժողովրդի ու մեր գրականության հավիտենական ուղեկիցներից մեկը՝ միշտ թարմ, միշտ նորարար, միշտ սպասված և միշտ գնահատելի»: Արևշատ Ավագյանը պատմեց Պարույր Սևակի հետ ունեցած հանդիպումների, երիտասարդ գրողների նկատմամբ բանաստեղծի մեծ ուշադրության ու աջակցության մասին: «Պարույր Սևակի ստեղծագործություններում առկա է հրապարակախոսությունը, բայց պահպանված են բանաստեղծական արվեստի գեղարվեստականությունը, հոգեղեն, մշակութային լիցքերը, որոնք, բարեբախտաբար, ընկալվեցին և այժմ էլ ընթերցվում ու արտասանվում են»,- ասաց նա:
«Սևակը և՛ իր ժամանակի նշանավոր բանաստեղծն է, և՛ իր ժամանակի նշանավոր տեսաբանը: Սևակի տեղը ոչ միայն դասագրքերում է, այլև ընթերցող սերնդի գիտակցության մեջ: Պահպանենք այդ գիտակցությունը և ամեն ինչ անենք Սևակի անունը հնչեցնելու համար»,- հորդորեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Գագիկ Դավթյանը պատմեց Կապանում և Քաջարանում Պարույր Սևակի հետ իր առաջին հանդիպման, դպրոցական տարիներից նրա հետ ունեցած նամակագրության ու նամակների հրապարակման մասին: Սևակի հետ հանդիպումների մասին հետաքրքիր հուշեր պատմեց նաև Սամվել Կոսյանը: «Մեծ բանաստեղծները նաև մարդկային մեծ նկարագիր ունեն»,- ասաց նա: Խաչիկ Մանուկյանը վստահեցրեց, որ իր սերնդի համար մեծ բարեբախտություն էր Պարույր Սևակի վեցհատորյակի հրատարակությունը, ապա հավելեց. «Մեր սերնդին չէին կարող խաբել, մենք պիտի բանաստեղծական ուժ ու ոգեղենություն տեսնեինք: Սևակն իր ստեղծագործությամբ լայն ասպարեզ բացեց հայ գրականության մեջ, հավերժականներից է նա»: Լևոն Բլբուլյանն անդրադարձավ իր ժամանակակիցների ստեղծագործությունների վրա Պարույր Սևակի պոեզիայի ունեցած մեծ ազդեցությանը և կարդաց Պարույր Սևակին նվիրված իր բանաստեղծությունը: Շանթ Մկրտչյանը խոսեց Վրաստանում վրաց գրողների հետ հանդիպումների և նրանց՝ Պարույր Սևակի պոեզիայի հանդեպ մեծ գնահատանքի մասին: Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ընդգծելով Պարույր Սևակի մեծ ժողովրդականություն վայելելը, դրվագներ պատմեց ՀԳՄ-ում նրա աշխատանքի ընթացքից: Գյումրիում Պարույր Սևակի հետ հանդիպման մասին պատմեց արձակագիր Սաթենիկ Մկրտչյանը:
Հանդիսության ընթացքում Գայանե Սամվելյանն ասմունքեց Պարույր Սևակի բանաստեղծություններից:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։