Հունվարի 30-ին ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրացը հանդիպեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Պարոն Ռոզենկրացը տեղեկացրեց Շվեյցարիայում բնակվող, ծագումով հայ գրող Հարի Կումրույանի՝ Հայաստան այցելության մասին: Քննարկվեց ՀԳՄ-ում նրա հետ հանդիպումը կազմակերպելու և «Վտանգավոր լռություն» ֆրանսերեն վեպի հայերեն թարգմանությունը ներկայացնելու հարցը:
Հարի Կումրույանը արձակագիր է, գրում է նաև պատանիների համար, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն և հայերեն: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Միության աշխատանքը և իրականացվող ծրագրերը: Լուկաս Ռոզենկրացը ներկայացրեց դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող մշակութային ծրագրերը: Հանդիպման ընթացքում Էդվարդ Միլիտոնյանն ու Լուկաս Ռոզենկրացը անդրադարձան հայ և շվեյցարական մշակութային ու գրական առնչություններին, ինչպես նաև փոխադարձ ճանաչողության ու գրականության թարգմանությանը առնչվող հարցերին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն համագործակցության մասին: