Նոյեմբերի 13-ին Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կայացավ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանի 60-ամյակին նվիրված ցերեկույթ:
Բացման խոսքում իր վաղեմի ընկերոջ, գրչեղբոր մասին ջերմ խոսքեր ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի ղեկավար, բանաստեղծ Մանվել Միկոյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և իր անունից շնորհավորելով Խորեն Գասպարյանին՝ նրան հանձնեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ, բանաստեղծուհի Մանուշակ Քոչարյանը հանձնեց Լոռու մարզպետի շնորհավորագիրը՝ ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակների առթիվ:
Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի անունից հոբելյարին շնորհավորագիր հանձնեց քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ալեքսանյանը:
Իր և զորյանցիների անունից ջերմ խոսք ասաց և Խ. Գասպարյանին շնորհակալագիր ու հուշանվեր հանձնեց տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը:
«Քաղաքում Խորենի հետ քայլելիս տպավորություն է, թե չկա մեկը, ով նրան չճանաչի… Խորեն երևույթը ուրիշ է. բոլորն են հարգում նրան, ինքն էլ իր ջերմությունը կարողանում է հավասար բաշխել բոլորին»,- ասաց ՎՊՀ դասախոս, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուլզադյանը:
«Նա բազմախորան կամուրջ է հայրենական և արտասահմանյան արձակի միջև: Նա կամուրջ է արևմտյան և արևելյան հայկական գրական արվեստի միջև, որը եկել է իր տատից: Խորեն Գասպարյանը և նրա նմանները մեր իրականության խիղճն են ու հույսը»,- նշեց բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:
Խորեն Գասպարյան մարդու, անհատի, բանաստեղծ-թարգմանչի մասին ջերմ հիշողություններ պատմեցին նախկին կուրսեցիները՝ բան. գիտ. թեկնածուներ, դոցենտներ Վալերի Փիլոյանը ու Արտակ Սարուխանյանը: Սրտի խոսք ասացին բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, թարգմանչուհի Նինա Ջաղինյանը, Աիդա Մարտիրոսյանը, Լենա Անթառանյանը, Գագիկ Անտոնյանը:
«Շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի, բարձր գնահատանքի համար. դրանք պարտավորեցնում են: Շնորհակալ եմ, որ այսօր այս ջերմ մթնոլորտում ձեր կուտակված լույսն ընկավ ինձ վրա»,- ցերեկույթը այսպես եզրափակեց Խորեն Գասպարյանը և ընթերցեց իր բանաստեղծություններից ու պարոդիաներից մի քանիսը:
Հովհ. ՍԱՐԴԱՐՅԱՆ