ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԳՐՔԵՐՆ ՕՏԱՐ ԱՓԵՐՈՒՄ 

ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ` «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում, հրատարակվել են հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի գրքերը. «Աստված մոլորվել է մեր մեջ»՝ իսպաներենով և «Խաղաղ օրեր»՝ կատալերենով։ Առաջին գիրքը հայերենից իսպաներեն է թարգմանել Նարինե Այվազյանը, կատալերենի թարգմանիչը Ռոբերտո Դել Հոյո Ալֆարոն է։

Երկու գրքում էլ խտացված են հայ մարդու ապրումները, տրամադրությունները, աշխարհը տեսնելու և աշխարհի հետ հարաբերվելու մոտեցումները։ Հատկանշական է, որ գրքերը տպագրել են «Círculo de Poesía» և «Carena» հանրաճանաչ հրատարակչությունները, ևս մեկ անգամ փաստելով, որ հայ ժամանակակից պոեզիան կարող է հասնել օտար ափեր և իր հմայքով գրավել օտար ընթերցողներին։

Մեքսիկացի բանաստեղծ և քննադատ Ռոբերտո Ամեզքուիան, խոսելով թարգմանված գրքի մասին, նշում է, որ գրքի տողերից կարծես լսվում են ինչպես հին հայկական ավանդական, օրորոցային մեղեդիները, այնպես էլ ժամանակակից երաժշտության հևքը։

«Սլավի-Ավիկ Հարությունյանի «Աստված մոլորվել է մեր մեջ» ժողովածուն մեզ մոտեցնում է բանաստեղծի առեղծվածային, միաժամանակ, հակամիստիկ մատյաններին, որտեղ մեր գոյության անցողիկ պայմաններում՝ բարձրագույն հավատքի հետ միասին, ճանաչում ենք ամենախոր՝ ուրացած ու մոռացության մատնված զարկերակը: Այդժամ է, որ յուրաքանչյուր արարք դառնում է սթափության աղաղակ կամ անփոխարինելի մի աղոթք»,- գրում է Ռոբերտո Ամեզքուիան։

Իսկ կատալոնացի բանաստեղծ և թարգմանիչ Ռոբերտո Դել Հոյո Ալֆարոն առաջաբանի խոսքում գրել է, որ բանաստեղծի «Խաղաղ օրերը» կարոտախտի օրեր են, կարոտ առօրյա կյանքում, ընտանեկան տոներին, ընկերներին, հիշողություններին, միևնույն ժամանակ՝ երկրի, Հայաստանի հանդեպ ունեցած մեծ սիրո, ինքնության փնտրտուքի օրեր։

«Բանաստեղծն այնքան է սիրում Հայաստանը, որ նրա գույները, հոտերը, բնապատկերները թափանցում են բանաստեղծի հոգու մեջ` որպես նրա կյանքի շարունակություն։ Խաղաղ օրերը նաև գոյության, առօրյա կյանքի, կորուստների, սիրո, բարեկամության և սոցիալական քննադատության մասին մտորումների օրեր են, որ ոչ թե մերժում է ինքնաքննադատությունը, այլ ընդունում է այն որպես մարդկային բնության մի մաս:

Խաղաղ օրերը պատերազմի, շարունակվող պատերազմների բանաստեղծական հուշարձաններ են, աղաղակ այն մասին, որ խաթարված է երկրի ինքնությունն ու խաղաղ ապրելու, կառուցելու հնարավորությունը»,- նշել է Ռոբերտո Դել Հոյո Ալֆարոյը։

Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիային բնորոշ գծերն օրեցօր ավելանում են և հասնում նոր սահմանների։ Բանաստեղծը խոսքի տարածության մեջ իրականի և թվացյալի ներդաշնակ միաձուլումով ընթերցողին հասցնում է մի կետի, որտեղից չկա փախուստ, և որտեղ մարդն է` ինքն իր հետ, ինքն իր մտահորիզոնի հետ և ամեն կերպ ջանալով ճանաչել մանրուքները, որոնք ստեղծվել են Բարձրյալի կողմից…

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։