Ի ՀԵՃՈՒԿՍ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հայ դարավոր գրականության ամենաշողշողուն ադամանդներից է ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ: Նրա բանաստեղծության քառատողերը բյուրեղի պես կառուցիկ են, միտքը՝ բոցկլտուն, ասելիքը՝ պարզ ու հստակ: Թեմաների բազմազանության մեջ (սիրերգություն-մանկերգություն-հայերգությունից մինչև խոհափիլիսոփայություն), նրա մտահոգությունը միշտ մարդն է, իր ազգի ճակատագիրը, և իզուր չէ, որ հայ ժողովուրդը նրան ինքնաբուխ մեծարեց ամենայն հայոց բանաստեղծուհի տիտղոսով, համարեց իր դուստրը և մայրը, իսկ օտար ընթերցողը կապվեց հարազատի պես…
Հունվարի 20-ին բազմամարդ էր հայոց մեծերի պանթեոնը: Վաղ առավոտից հանրությունը հոծ խմբերով գալիս էր խունկ ծխելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծուհու շիրիմին: Կեսօրին գրական երկրպագուներին միացան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ԳԱԹ մասնաճյուղ Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանի աշխատակազմը, իսկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից եկած տեր Արարատ Պողոսյանը աղոթք հնչեցրեց հոգեհանգստյան կարգով:
Իր խոսքում ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շեշտը դրեց մարդ-առեղծված-լեգենդի վրա, որին բախտ ենք ունեցել հանդիպելու կենդանության օրոք: Գրականագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանն ասաց, որ ժամանակին «Նյու Յորք թայմզ»-ի լրագրող Ռոբերտ Քալենը հսկա հոդված է հրապարակել «Լեռնային Ղարաբաղ. արմատներ» վերնագրով, որտեղ հիացմունքով նշել է, թե Արցախյան շարժման մասին շատ-շատերին է հարցուփորձ արել, խոսել Գորբաչովի և Մութալիբովի հետ, բայց միայն Կապուտիկյանից է լսել արժանի բացատրություններ:
Որպես ասվածի հավաստում՝ բանաստեղծուհու 105-ամյակի օրը նշանավորվեց ՆՍՕՏՏ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մեկենասությամբ Մայր աթոռում լույս տեսած «Էջեր փակ գզրոցներից» գրքով, որի համար տուն-թանգարանը մեծ ջանք էր թափել՝ կրկին հանրությանը ներկայացնելու սույն բացառիկ հատորը: Թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, գիրքը նվիրելով նախարարին, հույս հայտնեց, որ կսկսվի նոր համագործակցություն, և որ բանաստեղծուհու հարուստ ժառանգությունը միշտ կլինի ուշադրության կենտրոնում: Խոնարհումի միջոցառումը շարունակվեց բանաստեղծուհու հյուրընկալ տանը: Ներկաներն իրենց ելույթներում մեծարանքի և հուշի գեղեցիկ պատառիկներ ներկայացրին, իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն ընդգծեց բանաստեղծուհու հայապահպան գործունեության դերը: Հուզիչ էին ՀՀ վաստակավոր դերասաններ Գրետա Մեջլումյանի ասմունքը և Սամվել Բաղումյանի ընթերցումը հիշյալ գրքից, որի 1-ին հատվածի մասին Սեյրանուհի Գեղամյանն ասաց, որ Կապուտիկյանը կարողացել է վեր կանգնել սեփական անձից և գրել բաներ, որոնք շատերը չէին կարողանա խոստովանել անգամ մտքում: Արմենուհի Դեմիրճյանն ավելացրեց, որ «Էջերը» 2-րդ հրատարակության նախապատրաստելիս իրենք հիացումի շատ պահեր են ապրել, քանի որ փաստերի առատությամբ և հետևողական քննարկումներով շնչող 700 էջանոց այս հատորը մեր ժամանակների տարեգրության անմրցակից մի գիրք է, որից հատկապես պետք է առանձնացվեցին 1937-ի ստալինյան սարսափների, բրեժնևյան ճահճացման տարիների և, իհարկե, 1988-ի մասին պատմող դրվագները: Նա ընդգծեց նաև, որ գրքում ամփոփված շատ ելույթներ Կապուտիկյանը հնչեցրել է փակ դռների հետևում՝ ի զգաստացումն հոռի տերերի և ի բարօրություն մայր ժողովրդի, որի համար ապրեց և մինչև վերջին շունչը սեփական սրտի զարկերը հաշվեց մեծ բանաստեղծուհին…
Տուն-թանգարանում իրականացվող այլ ծրագրերի մասին Արմենուհի Դեմիրճյանը «Գրական թերթին» իրազեկեց, որ 2023-ին կազմել են նաև Կապուտիկյանի որդու՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի գիրք-ալբոմը՝ բացահայտելով արվեստագետի աշխարհը: Շեշտեց, որ թանգարանը կապ է պահում խոցելի խմբերի՝ թոշակառուների, հաշմանդամների և Արցախից բռնագաղթած մարդկանց հետ, կազմակերպում նրանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, օգնում, որ այս մարդիկ իրենց արվեստով ներկայանան հանրությանը: Խոսվեց նաև երբեմն-երբեմն բացվող Կապուտիկյանի «կախարդական սնդուկի» մասին, որի իրերի (տարբեր երկրներից բերված շալեր, պայուսակներ, զարդեր և այլն) ցուցահանդեսները առավել ջերմ են ընդունվում հանրության կողմից:
Կարևոր գնահատվեց նոյեմբերին կազմակերպած ընթերցանության մրցույթը: Դրանով թանգարանը ցույց տվեց, որ կարող է սատարել ուսուցիչներին՝ հաղթահարելու արտահայտիչ կարդալու և տեքստը վերարտադրելու համընդհանուր դժվարությունները, որ նկատվում են միջին դասարաններում: Նախաձեռնությունը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի դպրոցներում, շատ նոր դպրոցներ հայտ ուղարկեցին՝ մասնակցելու հիշյալ մրցույթին, ուստի՝ թանգարանը ժյուրիի անաչառ գնահատմամբ կշարունակի սույն ծրագիրը՝ կապուտիկյանական տեքստերին ավելացնելով նաև արդի հայ հեղինակների արժանի էջեր:
Տարին կապուտիկյանական է և, ուրեմն, ի գործ: Թող որ Կապուտիկյան բանաստեղծուհու, հայրենասեր հասարակական գործչի, կնոջ հոգու լավագույն թարգմանի հանդեպ ջերմ ակնածանքը թևածի ամենուրեք և հավերժացնի բանաստեղծական ազնվագույն տողերը՝ ի հեճուկս անճաշակության և անհարկի թուլությունների…

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։