(Գէորգ Պետիկյանի «Սփիւռքը…» հատորի առիթով)
ԱՄՆ ներգաղթած հայ ծերունին զարմանքո՞վ,
թե՞ ուրախությամբ պատմում էր, որ գաղթաշխարհում
իրենց գյավուր էին անվանում, Խորհրդային Հայաստանում՝ աղբար, այս երկրում՝ հայաստանցի…
Գէորգ Պետիկյանի «Սփիւռքը…» հատորը սփյուռքահայության երեք սերնդի կենսագրությունն է՝ փոթորկուն ու խաղաղ էջերով, իրագործված ու անիրագործելի երազանքներով, հայր (պապ) – որդի (հայր) – թոռ (որդի) հոգեբանական բազմաբարդ անցումներով և այլն։ Ու այս ամենը՝ հումորով, ցավի գալարումները շատ վատ սքողող ծիծաղով, ապագայի հույսերից ծնված լավատեսությամբ սնվող ժպիտով։
«Արդեօ՞ք բազմութիւն մըն ենք, որ չենք գիտեր ի՞նչ կը փնտռենք» (էջ 107),– հարցնո՞ւմ, թե՞ արձանագրում է Գէորգ Պետիկյանը։
Ահա պատասխանի տարբերակներից մեկը. «Որովհետեւ կը կարծեմ, որ շատ-շատեր, երբ Սփիւռք բառը լսեն, անպայման «տոլարը» իրենց աչքին առջեւ կը պարզուի» (էջ 25)։
Գրքի հերոսը Հայրենիք–Սփյուռք խաչմերուկում կանգնած հայն է, ով փորձում է կենդանի պահել անցյալի հիշատակները, Կարոտի ձայնը լռեցնելու համար անցնում է Լոս Անջելես – Երևան ճանապարհը, տեսնում ու փորձում է հասկանալ Հայրենիքի առօրյա կյանքը, երբեմն զայրանում ու զարմանում է՝ միշտ հաջորդ անգամ ավելի բարգավաճ երկիր տեսնելու ինքնարդարացմամբ քողարկվելով։
Այս բոլոր ապրումները, ուրախություններն ու դժվարություններից ծնված ցավն ունի օվկիանոսի երկու ափերին գտնվող, իրարից շա՜տ տարբեր երկու հանգրվան՝ Հայաստան երկրի՝ օրեցօր փոքրացող մի բուռ տարածք ու Խաղաղականի երկայնքով տիրականորեն փռված Լոս Անջելես։ Այս տարածքները բաժանված են ոչ միայն օվկիանոսով, այլև աշխարհում ապրող միլիոնավոր հայերին բաժանող հոգեբանական ու մշակութային տարբերություններով, որոնք ամեն օր վերածվում են ահագնացող սպառնալիքի։
Հայ անհատն աշխարհագրական այս տարածքներում ապրում է հոգեբանական վայրիվերումներ. մի տեղ նա իբր թե երկրի տեր է, մյուսում՝ քաղաքացի՝ սրանից բխող բոլոր առավելություններով ու հետևանքներով։ Ու ոչ մի տեղ հանգիստ չի գտնում։
Գրքի թեմատիկան ընդգրկուն է՝ հայաստանաբնակ հայության առայժմ անհասկանալի, փոթորկուն ու կործանումի վտանգներով հղի բեկումնային ներկա, ամերիկահայության հին ու նոր սերունդների հակասական, իրարամերժ կեցության ձևեր, վերջին ճիգով հայ մնալու, հայ ապրելու նվիրական երազանք-փափագ։
Սրան հավելեք օտար ափերում հայ գրականությանը ծառայելու ամենօրյա ջանք՝ հակառակ ընթերցող չունենալու ցավի։
«Սփիւռք՝ շատերու ծանօթն ու անծանօթը», «Շնորհակալութիւն ամերիկահայերուն», «Մենք՝ ամերիկահայերս», «Թոռնուհիիս Ամերիկան եւ իմս» վերնագրերի համադրությունն ինքնին խոսուն է. հայաստանաբնակներից ո՞վ չունի իր պատկերացումն այն երկրի մասին, որից ծնվել է «ամերիկահայ» մակդիրը։ Ահա գրողի վկայությունը. «Ապա, երբ այս Ամերիկա կոչուած երկիրը հաստատուեցանք, չեմ գիտեր՝ ո՞վ եւ ինչպէ՞ս մեր ճակտին դրոշմեցաւ «ամերիկահայ» մակդիրը։ Այդ նախկին մեր ունեցած եւ կամ որակուած «ցի»երը մոռցանք։ Նոյնիսկ կը յիշեմ, սկզբնական տարիներուն, մեզմէ տարիներ առաջ «հաստատուած» հայերը իրենք զիրենք մեզի կը ներկայացնէին իբրեւ տեղացի ամերիկացի» (էջ 106)։
Չգիտեմ՝ հայության համար ցա՞վ, հպարտությո՞ւն, թե՞ ինքնահաստատման միջոց է պատմությունը։ Այնինչ՝ «Ի՜նչ պատմութիւն եւ ի՜նչ Ամերիկա։ Մեծամոլութեան ախտէն վարակուած երկիր։ Կեղծ մարդասիրութիւն եւ ողորմութիւն… Ձեւապաշտ իրավիճակ…
Հոս է, որ ժողովուրդ մը կ’ապրի առանց աւանդութեան եւ սակայն աշխարհին տուած է ապրելու նոր կերպ։ Երկրին մէջ հազարաւոր անտունիներ, աղքատներ եւ անօթիներ կան, փողոցներու մայթերուն վրայ կը գիշերեն, իսկ երկիրը իր միլիոնները կը ծախսէ ուրիշ երկիրներու բոպիկ եւ անօթի մարդիկը հիւրասիրելու համար» (էջ 138-139)։
Ի՞նչ է պահանջվում այսօր հայության տարբեր շերտերից. «Սփիւռք եւ Հայրենիք դառնանք մէկ ամբողջութիւն։ Գործնականօրէն» (էջ 29)։
Դառնանք։
Ինչպե՞ս, երբ մեզ հիմա շատ քիչ բան է միավորում։
Որտե՞ղ վրիպեցինք, որտե՞ղ չկարողացանք տարբերակել գլխավորը, ամենակարևորը…
Չգիտեմ։
Պետիկյանի պատասխանը սա է. «Գիտենք, որ իւրաքանչիւրս մեր ապրած սփիւռքներուն մէջ տեսակ մը նոր ինքնութիւն ընկալած ենք կամաց-կամաց եւ նուազած մեր հայկական ինքնութենէն» (էջ 46)։
Շնորհակալություն «սփիւռքներուն» բառի համար, քանի որ այս բառից ծնվեց կասկածս՝ հայաստանաբնակներից ո՞ւմ համար էր երկիրը դարձել «սփիւռքներ»-ից մեկը, որ կարելի է լքել, հեռվից սիրել ու կենաց խմել։
Ուշադիր կարդացեք. «Այսօր Հայաստանը պարտաւոր է սփիւռքահայուն համար ստեղծել ենթահողը, որպէսզի ան կարենայ առաւել ներդրում կատարել Հայաստանի մէջ։ Ուստի, ժամանակն է բանալու ենթագիտակցութեան կորսուած ծալքերը՝ տեսնելու համար այս պարզ իրականութիւնը։
Պէտք է գտնել իրականութիւնը» (էջ 28)։
Ո՞ր իրականությունը. այն իրականությո՞ւնը, որտեղ իբր թե ապագա կա, այն մյո՞ւսը, որում գոյատևում են պապ, հայր, որդի, տուն-տեղ կորցրած ընտանիքները, թե՞ այն իրականությունը, որ Աստծո ամեն բացվող օրվա հետ մեզ ներկայացնում են մեր արյունարբու հարևան ցեղերն ու աշխարհի մեծերը, որոնք վաղուց վարժվել են ստելուն, զոհին ու դահիճին «շփոթելուն»…
Սրանցից ո՞ր իրականությունն է հայինը՝ հայաստանաբնակ կամ սփյուռքաբնակ…
Գրքում ներկայացվածներից հիշեցնեմ երկու իրականություն։ Առաջինը պապիկի ու ամերիկածին թոռնուհու հարաբերություններից մի պատկեր է. «Հայերէնով վիճած էինք։ Այս մէկն ալ «բան» մըն էր» (էջ 105)։ Մյուսը պապիկի եզրակացությունն է. «Ան անմեղ զոհն էր երկրին եւ դարուն։ Իր նմանները բոլորն ալ մէկական զոհերն էին ներկայ պայմաններուն։
Դաժան իրականութիւն էր այս մէկը։
Ուրեմն ինք գիտէր, թէ ի՛նչ էր մայիսի այս օրը։ Պարզապէս իրեն համար «հայկական դրօշակ»ի օրն էր, սակայն մոռցած էր զայն յիշել» (էջ 142)։
Փաստորեն ամենաիրականը սա է. «Մեր կեանքը՝ զումայինը», ինչպես վերնագրված է գրքի պատմվածքներից մեկը (էջ 160-162)։
Գրքում իրականության երկու երանգ էլ է ներկայացված՝ «Հայու նոր տեսակ՝ ֆէյսպուքահայ» պատմվածքով (էջ 122-126) և ամերիկյան միջավայրի այս դիպուկ պատկերով. «Գլուխս գլխարկ եւ դէմքս ալ դիմակ։ Տիրական եղանակով եւ ձայնով նախ բարեւեցի» (էջ 139)։
Ընտրությունն ընթերցողինն է։
Մարդը փորձում է իր գոյությունը՝ երկարատև կամ կարճատև, տեղավորել ժամանակի անցողիկության և ակնթարթի հավերժության միջև՝ շատ լավ հասկանալով, որ սրանց անքակտելի կապի արդյունքն ազգերի գոյությունը, մշակութային հրաշագործություններն են ու վաղվա օրվա անմեռ Հույսը։ Հույսն աստվածային է, Հույսն ԱՍՏՎԱԾ է, մեզ անհասանելի իմացության սահմաններից դուրս է, ու վա՜յ նրան կամ նրանց (այլ բառով՝ ժողովուրդներին), ով կամ որոնք կփորձեն գոյատևել առանց այս Հույսի կամ կբովանդակազրկեն ու կփոխարինեն ուրիշ բանով՝ երկրայինով, հասանելիով՝ առանց հասկանալու, որ դա վերջի սկիզբն է։
Փորձեցի շրջանցել պատմության երկար ընթացքն ու հասկանալ այն մեծ անմտությունը, որն այսօր իրականություն է մեր երկրում, որի մեջ ապրում ենք բոլորս՝ ո՛ւր էլ լինենք, ինչո՛վ էլ զբաղվենք, ապագայի ի՛նչ ծրագրեր էլ ունենանք…
Բոլորիս վարակել է համազգային (թե՞ համամարդկային) մի վարակ. մեր ծրագրերը ոչ մի կապ չունեն ՀԱՅ ՀՈՂԻ, Հայաստան երկրի այս մի պատառիկի լինել-չլինելու հեռանկարի հետ, ամեն մեկիս հոգսը մենք ենք՝ առանձին-առանձին, անջատ-անջատ։ Համատարած անթասիբության (օտար բառը հատուկ եմ ընտրել) ու ստամոքսապաշտության այս թունավոր մթնոլորտում հանդուրժում ենք սուտը մեր կյանքի բոլո՛ր ոլորտներում ու բոլո՛ր մակարդակներում…
Սա է իրական իրականությունը…