ԱՐՑԱԽՅԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃԵՂՔՈՒՄ

Հուլիսի 4-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արցախցի յոթ գրողի գրքերի շնորհանդեսը. Ռոբերտ Եսայան՝ «Փետուրի հորիզոն», Արիս Արսենի՝ «Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից», Ժաննա Բեգլարյան՝ «Անտարածք ժամանակ», Մարտիրոս Ոբնեցի՝ «Ես, ծնողներս և իմ մահը», Զինաիդա՝ «Քերթվածներ յոթնացոլումի», Անահիտ Քոչարյան՝ «Խնձորն արնափոսում» և Դավիթ Միքայելյան՝ «Գրիչս մոլորվել է ափիս մեջ…»: Գրքերը տպագրվել են «Լուսաբերդ» հիմնադրամի օժանդակությամբ, «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Արցախի շրջափակման պատճառով գրողներից ներկա էին միայն Ռոբերտ Եսայանն ու Արիս Արսենին:
Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. «Ինչքան էլ դժվար ժամանակ լինի, ամեն մեկս մեր տեղում պիտի դրական թրթիռ ավելացնենք մեր կյանքին և աջակցենք, որ մեր Արցախի մտավորականությունը՝ հատկապես գրողները, իրենք իրենց ներկայանալի համարեն: Գրքերի տպագրումը ինչ-որ չափով մխիթարանք է նրանց համար, ովքեր դժվար իրավիճակներում ստեղծագործում են: Մենք հուսավառվելով կամ հիասթափվելով ոչինչ չենք կարող անել: Հայաստանում, Սփյուռքում և Արցախում պիտի կարողանանք մշակել միասնական, համընդհանուր պայքարի ծրագիր»:
Ռոբերտ Եսայանն իր ելույթում նշեց. «Կարող ենք ասել, որ այս գրքերը արցախյան շրջափակման մշակութային առաջին ճեղքումն են: Այն, որպես մատենաշար, Կիմ Գաբրիելյանի մտահղացումն է: Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի համար ամենաբարդ ժամանակահատվածում փորձենք մշակույթով իրականացնել շրջափակման ճեղքումը: Հիմա ոչ միայն Արցախն է շրջափակված, այլև՝ Հայաստանը: Ի վերջո, շրջափակման ամենալավ ճեղքումը եղել է 1992 թվականին, որ կատարել է մեր սերունդը, և հույս ունեմ, որ ևս մի անգամ կկատարվի այդ ճեղքումը: Զարմանալի է, որ մենք շատ հեշտությամբ ենք զիջել մեր արժեքները, շատ հեշտությամբ ենք տանում, երբ ոտնահարում են մեր արժեքները, և այսպես շատ վտանգավոր իրավիճակի մեջ ենք, ու կամաց-կամաց ժողովուրդը հարմարվում է դրան»: Ռ. Եսայանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի գրողների միությանը և «Ծիծեռնակ» հրատարակչությանը:
Իր ելույթում Արիս Արսենին ասաց. «Բարդ ժամանակաշրջանում ենք ապրում, բայց այն չի կարող խանգարել մեր առաքելության կատարմանը: Բոլորս գիտենք՝ ինչ իրավիճակ է Արցախում և Հայաստանի սահմանամերձ տարածքներում: Հաճախ հացի խնդիր է առաջանում Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում, բայց կան մարդիկ, որ կարևորում են հոգևոր սնունդը, ոչ թե նյութականը: Սա առաջին ձեռնարկն է Ստեփանակերտում վերջերս ստեղծված Գրողների արցախյան միավորման, ծրագրում շատ նախաձեռնություններ կան: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք մեր բոլոր հաղթանակները այսօրվա դրությամբ զրոյացրել ենք: Մենք եկել-կանգնել ենք նորից նախնական դիրքում, և մեզ դեռ նոր հաղթանակներ են սպասում: Մենք նորից կբացենք մեր կյանքի ճանապարհը, և դա չեմ կարծում, թե շատ կուշանա»:
«Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը խոսեց գրքերի հրատարակման մասին, նշելով, որ երջանկություն է ունեցել առաջինը ծանոթանալու գրքերի բովանդակությանը: Ըստ նրա՝ բոլոր ստեղծագործություններում կա հույս, հավատ բարության ու գեղեցկության նկատմամբ: Նա գրքերից ընթերցեց հեղինակների ստեղծագործություններն ու ասաց, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը շնորհավորեց հեղինակներին, նշելով, որ գրքերում մի կողմից պատերազմն է, մյուսում՝ կյանքի խորհուրդը. «Կցանկանայի, որ որքան էլ դժվար լինի, հաղթահարվի ողբի ժամանակը, և հաղթությունը նախ և առաջ կերտվի գրականության մեջ: Գրականության մեջ պիտի կյանքի խորհուրդը և կենսականությունը ավելի ուժեղ լինի»: Գրականագետ Զուխրա Երվանդյանը, որ արցախցի է, անդրադարձավ հեղինակների ստեղծագործությունների առանձնահատկություններին, նշելով. «Ոչ մի ժողովուրդ չունի ողբի գրականություն, մենք ունենք: Չգիտեմ ինչու՝ մենք արժևորում ենք այն: Եթե գրականությունը ծրագրավորում է մարդուն, սերնդին, մենք ողբի, վշտի ու ցավի գրականություն ենք ստեղծել: Ես սասունցի եմ, ուսումնասիրել եմ կորուսյալ եզերքի գրականությունն ու սասունցու ցավը ներսս անթեղած ու պահած՝ երբեք չեմ մտածել, որ մի օր էլ կզգամ Արցախի կորստյան ցավը: Այս գրքերում զարմանալիորեն տեսա ողբն ու ցավը՝ մաշկի վրա խտացած: Նորից կարդում էի ցավի գրականություն»: Գրականագետ Դավիթ Գասպարյանը իր ելույթում կարևորեց գրքերի հրատարակումը Արցախի համար դժվարին ժամանակում: Նա խոսեց արցախյան գրականության և իր գրած հոդվածների մասին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ՀՀ-ում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչության մամուլի խոսնակ Արմինե Հայրապետյանը և երիտասարդ բանաստեղծ Հայկ Սիրունյանը:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։