Եղիշե Չարենցը ողբաց Վահագնին («Վահագն», 1916)՝ նրա մեջ չտեսնելով ժողովրդի սպասած անպարտելիությունը։ Ա. Խանջյանի սպանությունը (9 հուլիսի 1936 թ.) հարություն տվեց Արա Գեղեցիկի առասպելին՝ պարտության ծանր տեսիլով և կրկին ողբով։ Նոր կանխազգացումներով է բանաստեղծը դիմում մեր պարտության լեգենդին։
Իր վերջին մատյանում («Գիրք ճանապարհի», 1934) Չարենցը անդրադառնում է հայ ժողովրդի պատմական ճակատագրին և փորձում կանխատեսել ապագան։ Խոսքը վերաբերում է հատկապես «Պատմության քառուղիներով» պոեմին, որտեղ նիհիլիզմը (ժխտողականություն) հասնում է բարձրակետի։ Պոեմում անգո է անվանվում հայոց նախահայրը, անիրական՝ Արարատյան դաշտը։ Անցյալը ժխտվում է։
– Օ՜, չի եղել մեր գայլը պղնձյա,
Եվ մարմարիոնյա և ոչ անգամ քարե,
Նիհար, կողերը լերկ,
նա անցել է անծայր
Տափաստաններ,
մինչև նա հանգիստ է առել
Այս Մասիսի հանդեպ անիրական,
Այս խորշակյալ, անդուռ
Արարատյան դաշտում,
Եվ լուսնի դեմ նստած նա երկար
Ոռնացել է իր վիշտը անկշտում…
Եվ ոռնոցը նրա
Դարձել է հիմնը մեր անարձագանք
Եվ դարերով հնչել մեր
պատմության վրա…
Ժխտումը պայմանավորված է մեր անուղի, ցաքուցրիվ ընթացքով, ոգու թուլությամբ, գոյության ամուր կռվանների, դիմադրության պաշարների բացակայությամբ։
Բանաստեղծը մատնացույց է անում տոտեմ-գայլի սարկաստիկ խեղճությունը («…ոռնացել է իր վիշտը… ոռնոցը նրա դարձել է հիմնը մեր…»)։ Գայլի՝ լուսնի դեմ նստած լինելը սիմվոլիկ լեզվով նշանակում է մահվան աշխարհում գտնվել, իսկ «անդուռ Արարատյան դաշտում»-ը խորհրդանշում է գերեզմանոց։
Ո՞րն է Չարենցի նման նիհիլիզմի պատճառը։ Բանաստեղծն առաջնորդվել է պատմության գնահատման նիցշեական սկզբունքով, ըստ որի՝ անցյալը չի մեռնում, հավերժ կրկնվում է՝ իր հատկանիշները փոխանցելով ներկային։
Ոգու դիմադրության պակաս, օտարներից կրակի հայցում. ներկան չի կարող այս հատկանիշներից զերծ լինել, քանզի դրանք պատմականորեն մեր ժառանգությունն են (խորհրդային բռնաճնշումների պայմաններում անհնար էր ուղիղ խոսել ընդվզման անհրաժեշտության մասին, առանց որի ապագան ևս խաթարվում է)։
«Յասպերսը Նիցշեի մասին» գրքում ասվում է, որ ապրել անցյալով, չունենալով իսկական սկզբունք, չտեսնել ապագան, նշանակում է ապրել մեկուսացման մեջ։ Չարենցը չէր կարող լինել նման մեկուսացման մեջ, ազգային ճակատագրով նա անհանգիստ էր։ Նա քննադատում է պատմությունը վարդագույն ակնոցներով տեսնող այրերին («Մահվան տեսիլ» պոեմում, ռոմանտիկ գրողներին և քաղաքական գործիչներին։ Ըստ բանաստեղծի՝ ազգային գաղափարախոսության առաջնորդն է վառել մասսաներին դեպի իրեն կանչող խարույկը)։
«Պատմության քառուղիներով» պոեմը, այսպիսով, անցյալի անհանգստությամբ չէր միայն թելադրված, այլև ներկայի և ապագայի։ Նախ պատասխանենք այն հարցին, թե ստեղծագործողի մոտ երբ է առաջանում ճանապարհի թեման։ Պատասխանը գտնում ենք Դ. Մաքսիմովի «Ա. Բլոկի պոեզիան և արձակը» գրքում. «Ճանապարհի թեման ծնունդ է առնում գաղափարական խմորումների, հեղաբեկումների, փոփոխությունների շրջանում՝ ակտիվ, անհանգիստ, խռովահույզ գիտակցության մեջ»։
Քսաներորդ դարի 30-ական թվականների կեսերին, երբ մոլեգնում էին ստալինյան բռնաճնշումները, Չարենցը հոգեկան խռովքի մեջ էր։ Ազգային և անհատական խնդիրները բանաստեղծի համար միասնական էին և հավասարապես հուզող։
«Դեպի լյառն Մասիս» պոեմում Չարենցը Աբովյանի կողմից կասկած է հայտնում ռուսների հետ բարեկամությունը գովերգող իր գրքին («Վերք Հայաստանի»)։ Այս եղանակով Չարենցը կասկած է հայտնում հեղափոխական իր երգերի հանդեպ։ Միայն կասկած և ոչինչ ավելին։
– Իր արյունով՝ սրտի
յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած-
Չէ՞ արդյոք խեղճության և
սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս։
Վերջին տողը ցույց է տալիս, որ բանաստեղծը ամեն ինչ տեսնում է «սերունդների երթին» վնաս կամ նպաստ բերելու տեսանկյունից։
«Գիրք ճանապարհի»-ի ստեղծման ժամանակ Չարենցը հոգեկան խմորումների, խռովահույզ գիտակցության մեջ էր։ Դա փաստ է, որ ապացուցում են «Գիրք ճանապարհի»-ից հետո գրված բանաստեղծությունները։
– Իջնում է այսօր Հելիկոնն ամբողջ
Նաիրյան երգի – նկուղ սևասև… (1936)
– Ինչո՞ւ այսպես անօգ ես մնացի,
Եվ այնքան բորբ՝ հանկարծ
անվերադարձ հանգավ,-
Անդրդվելի հավատս՝
դեպի գալիքն անգամ,
Եվ ինձ գերող ներկան դարձավ անծիր։
…Եվ ներբողներս՝
հղած ծագող այգաբացին,-
Արեգակին՝ և իմ, և իմ արյամբ առկայծ,-
Ողբ ու տրտունջ դարձան և
փոխվեցին լացի։
«Դեպի լյառն Մասիս» պոեմում ընտրած ուղու նկատմամբ կասկածը հետագա բանաստեղծություններում վերաճում է ապագայի վերաբերյալ դառը խոհերի։
– Եվ անսասան հավատն իմ - անվերադարձ հանգավ//Դեպի ապագան անեզր… («Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո», սևագիր)
Չարենցն իր ապրած ժամանակում արդեն Արևն է գլխատված տեսնում.
– Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ Այգաբացի//Մայրամուտի փոխվեց արյունալիճ,-//Ուր մեր արևն է նոր սուզվում արյունալի,//Որպես կարմիր գլուխ գլխատվածի… («Ի խորոց սրտի…»)
Բանաստեղծը արևածագը տեսնում է փոխված մայրամուտի։ Ապագայի տեսիլը խավարում է։
«Պատմության քառուղիներով» պոեմում, ինչպես արդեն նշել ենք, Չարենցն անդրադարձել է պատմական անցյալին, ժխտել մեր անուղի ընթացքը, մաքառումի ոգու բացակայությունը։ Նիհիլիստական մոտեցումն անցյալին թելադրված էր արդեն ներկայի և ապագա սպասելիքների պակասով։ Բանաստեղծը տագնապում էր, որ ոգու խեղճությունը, անմաքառում ուղին իներցիայով շարունակվում են։ Անցյալը շարունակվում է ներկայում, թեպետ ամեն անգամ այն անվանվում է նոր ներկա։
Խորհրդանշական իմաստ ունի «Պատմության քառուղիներով» վերնագիրը։ Խաչմերուկը երկու աշխարհների (հին և նոր) սահման է դիտվում, որտեղ ապագայի վերաբերյալ նշանների են սպասում։ Այս պոեմում Չարենցը ապագայի վերաբերյալ նշաններ է որոնում անցյալի՝ ներկայի վրա թողած ժառանգության հիմնովին ժխտման պայմաններում, քանզի այն արդեն արժեզրկվել է։ Մարտին Հայդեգերը («Նիցշեն և ոչինչը») նշում է, որ նիհիլիզմը, որպես հոգեվիճակ, գոյություն ունեցողի արժեզրկման զգացողությունն է։
Նիցշեն նիհիլիզմն ընդունում է որպես պատմական կատարելագործման ներքին տրամաբանություն։ Չարենցն առաջնորդվել է հենց այս՝ պատմական կատարելագործման ներքին տրամաբանությամբ։ Սրանից ելնելով պետք է գնահատական տալ Չարենցի նիհիլիզմին։
Եթե մարդը տիրապետում է անցյալին և հեռանում է նրանից, ուրեմն մտածում է ապագայի մասին։
Չարենցը պոեմում պահանջ է առաջադրել հեռանալ «իր վիշտը անկշտում» ոռնացող մեր տոտեմ-գայլի ճանապարհից։
Չարենցյան նիհիլիզմը հուշում էր ազգային ճակատագրի առումով նախկին արժեքները վերարժեքավորել։
Ինչպիսին է լինելու «հյուծված, կողերը լերկ և անատամ» տոտեմ-գայլ ունեցող ժողովրդի դեպի ապագա ընթացքը։
– Այդ մենք ենք երևի
այն ուղտը հաստակող,
Որ Հիսուսի առակին հակառակ,-
Պիտի մտնենք անգամ
ասեղի նուրբ ծակով
Ապագայի դրախտը անարատ։
Այսպիսով բանաստեղծը «ապագայի դրախտը» համարում է նույնքան անհնար, որքան ուղտի անցնելը «ասեղի նուրբ ծակով»։
Չարենցը փորձում է սթափեցնել։
Խորհրդահայ գրականագիտությունը միայն տեսնում է գոյության կռվաններից զուրկ «նախնիների» և ստեղծարար ժողովրդի հակադրությունը՝ անտեսելով նիհիլիզմով պայմանավորված բոլոր «հուշումները»։
Խորհրդահայ գրականագիտության ճաշակին ախորժում էր ժողովրդի գովքը.
– Եղել է որմնադիր, եղել է կառուցող,
Քաղաքներ է շինել,
պարիսպներ է շարել,
Կամուրջներ է գցել կոր գծով…
Եվ երգել է դարեր իր
ռամկական հանգով
Իր խոհերը արդար ու վսեմ…
Հայտնի է, որ Նիցշեն հանճարի պաշտամունքի հետ մեկտեղ, որպես գնահատող միջոց, ցանկանում է դնել մշակույթի պաշտամունքը։
Չարենցը մշակույթի հանդեպ պաշտամունք ունի, որի արարիչը ժողովուրդն է։
Մշակույթով է ժողովուրդը կանգուն։
Եվ քանի որ անցյալն ապրում է վերաձևվելով ներկայի և սնելով նաև ապագային, Չարենցը ժխտում է ոգու խեղճության ժառանգությունը և զգուշացնում ապագայի անկանխատեսելիությունից։