Լույս է տեսել Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի «Օրերի անձանձիր հոլովույթում» գիրքը: Ճանաչված մտավորական-հասարակական գործչի հեղինակած գիրքը բազմաշերտ ու բազմաբովանդակ մի ժողովածու է, որտեղ ամփոփված են տարաբնույթ իրադարձություններ, հայ գրականության, արվեստի, հասարակական-քաղաքական գործիչների դիմապատկերային ակնարկ- ներ, առանձին ստեղծագործությունների վերլուծություններ: Գրքում տրվում է նախ Ազգային հանրագիտարանի անցած ճանապարհը: Հեղինակը խորագիտակ գրչով ներկայացնում է բազմաթիվ փաստեր, վավերական նյութեր, պատմական, մշակութային, կրոնական, հոգևոր կառույցներին վերաբերող թեմաներ, որոնք, անշուշտ, կգրավեն ընթերցողի ուշադրությունը: Առանձնակի հետաքրքրությամբ է ընթերցվում «Հանրագիտարանը և մենք» հոդվածը (հրատ.՝ «Էջմիածին» հանդեսում). այն առհասարակ վերաբերում է Հանրագիտարանի անցած ճանապարհին և նորովի վերահրատարակության անհրաժեշտությանը, որը, հավատարիմ իր կոչմանը, հարստացնում է մեզ հույժ անհրաժեշտ նյութերի ցանկը՝ Հայաստանի և ԼՂՀ ազգային-ազատագրական պայքարի կարևոր դրվագներով, հայ նոր պետականության հաջողություն- ներով: Գրքի բոլոր նյութերը, անխտիր, լուրջ ստեղծագործական աշխատանքի արդյունք են՝ ամենայն դրվատանքի ու շնորհակալության արժանի՝ «արժանապատիվ տառապանքի» արդյունք՝ ինչպես հեղինակն ինքն է նշում՝ «ծանր բեռ, որն իրեն է բաժին ընկել այս դժվարին ժամանակներում…»:
Հայոց մեծերից գրքում տեղ են գտել Անդրանիկ Զորավարին, Հովհաննես Թումանյանին, Ղազարոս Աղայանին, Վիկտոր Համբարձումյանին, Ֆադեյ Սարգսյանին նվիրված էջեր, ինչպես և հասարակական-քաղաքական մի շարք այլ գործիչների մասին հոդվածներ՝ հետաքրքիր տեղեկություններով ու փաստերով: Առավել հանգամանալի ու ծավալուն են ներկայացված հատկապես նրանք, ովքեր գիտաստեղծագործական ու կրթամշակութային լուրջ վաստակ ունեն մեր նորանկախ երկրի պետականության ամրապնդման ու շենացման ասպարեզում, խոշոր դերակատարում, ինչպես հեղինակն է նշում` «գրաստեղծ ոլորտ զարգացնող հարցերում…»: Չափազանց գրավիչ է ընթերցողին ներկայացված ճանաչված ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանին նվիրված ծավալուն ուսումնասիրությունը, որը, անվանի գիտնականի հիշատակը կորստից փրկելուց բացի, ընթերցողի հետաքրքրություններն աներկբա արթնացնող իրողություն է, ստեղծագործական տառապանքի վառ մարմնավորում:
Իր փաստաշատ հետաքրքրությամբ աչքի է ընկնում նաև ճանաչված լրագրող, վերջին շրջանում թուրքական խավարում իսկական լուսարձակ դարձած Հրանտ Դինքի մասին ծավալուն ուսումնասիրությունը: «Գուրգեն Ասկարյան» հոդվածի հետ այն ժամանակակից հայ մտավորականի դիմանկարի լավագույն փորձ է, նրանց արժևորելու հրաշալի առիթ, որոնք դեռևս հանիրավի պատշաճ ուշադրության չեն արժանացել մեզանում»:
Ավելի քան ուշագրավ է հեղինակի՝ Նոբելյան մրցանակի հայ հավակնորդներին նվիրված ուսումնասիրությունը: Հոդվածից տեղեկանում ենք, որ չնայած ցայսօր որևէ հայ դեռևս Նոբելյան մրցանակի չի արժանացել, բայց այնպես էլ չէ, որ այն մեզ համար արգելված պտուղ է եղել: Նրանցից առնվազն մի քանիսը նույն հավանականությամբ կարող էին Նոբելյան մրցանակակիր լինել:
Հովհաննես Այվազյանը, երկար տարիներ (1992–2006) լինելով «Ջավախք» հայրենակցական միության նախագահը, հոգու պարտքի խորը գիտակցումով անդրադարձել է նաև այդ կազմակերպության սկզբնավորման ակունքներին, միության գործունեության նպատակային առաքելությանը, որը հիմնականում ուղղորդված էր երկու հարևան` հայ և վրաց ժողովուրդների կրթամշակութային, տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման, ջավախքահայության պահպանության խնդիրներին: Գրքում անդրադարձ կա նաև կազմակերպության անդամ, ծնունդով ջավախքցի երևանաբնակ բազմաթիվ մտավորականների, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ նկատելի աշխատանք են կատարել՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբված: Առանձնահատուկ ջերմությամբ է խոսվում Ջավախքում ծնված անվանի գրողների, արվեստի, մշակույթի հայտնի գործիչների հոբելյանական գիտա-գրական միջոցառումների մասին, որոնք ժամանակին Այվազյանի ջանադիր նախաձեռնությամբ զուտ միջոցառումից վերածվել են իսկական տոնի՝ գիտնական-տեսաբանի արժեքավոր գնահատանքներով՝ առ ջավախքցի հանրահայտները` Ջիվանի, Վահան Տերյան, Դերենիկ Դեմիրճյան Հավասի, Մկրտիչ Սարգսյան, գեներալ Գուրգեն Դալիբալթայան…
Հովհ. Այվազյանը, օրերի, տարիների ժամանակացույցը պտույտ տալով, պատմական, ազգագրական, ազգապահպանության, Հայոց Մեծ եղեռնի, մշակութային, փաստական իրադարձությունների խոշորամասշտաբ համատեքստում ներկայացնում է նաև ներկա ջավախքա- հայությանը հուզող խնդիրները, շեշտադրում համայնքի լեզվի, կրթամշակութային, սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր:
Ջավախքի անցյալ և ներկա խնդիրների համապատկերում անդրադարձ կա նաև Ջավախքից սերած բանաստեղծներին, ովքեր գրական շրջանակներում վաղուց հայտնի անուններ են: Հեղինակը գնահատանքի ջերմ խոսքերով է ներկայացնում ազգագրագետ-գիտնական Վարդ Բդոյանի, ֆիզքիմիկոս Վահագն Դեմիրճօղլյանի, բանաստեղծներ Թաթուլ Բոլորչյանի, Վարդան Վանատուրի, երգիչներ Լևոն Իսպիրյանի, Գրիգոր Սաֆարյանի, գրող-հրատարակիչներ Դավիթ և Վահագն Սարգսյանների, թարգմանիչ- լրագրող Զարմիկ Սարգսյանի ստեղծագործական աշխարհը: Բարձրագույն հարգանքով է ներկայացնում նաև գիտնական գրողներ Հայկ Խաչատրյանի, Հրաչյա Մաթևոսյանի, Լիպարիտ Սարգսյանի, Հովիկ Վարդումյանի, Գառնիկ Շախկյանի, ասմունքող Սվետլանա Խանումյանի գրական-հասարակական դիմանկարները, որոնց հանդեպ ժողովուրդն անկասկած ջերմ զգացումներ ունի:
Նրանք, ովքեր ընթերցել են այս գիրքը, վստահ եմ՝ ճաշակել են հեղինակի գեղեցիկ հայերենի համն ու հոտը, իսկ ովքեր նոր են կարդալու, նրանց դեռ սպասում է այդ հաճույքը: Կասկած չունենք, որ Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ դեռ բազմաթիվ նոր հանրագիտարաններ են տպագրվելու, նաև համապարփակ Ազգային հանրագիտարան և հեղինա- կային գրքեր, որոնք մեզ ուրախացնելու են իրենց թարմ ու հայրենաշունչ ոգով, նոր ու հետաքրքիր գաղափարներով: