Աստված ամենամեծ կամավորն է մեր միջև:
Ռ. Հովհաննիսյան
Ռոզա Հովհաննիսյանի «Իմ ավագ շաբաթը» («Ոգու Կանչ» №36) և «Իմ երկրորդ ավագ շաբաթը» («Ոգու կանչ» №42) գործերը արձակ պաստառի վրա պոեզիայի խոհամերկացումներ են` հոգևոր ծավալումներից խմորվող, որտեղ տեսիլքն ու իրականությունը միմյանց ներհյուսված են, ինչպես վարագույրն ու ժանյականախշը:
Բանաստեղծուհու գրականությունը չի ամբողջանում նախասահմանյալ ձևի ծիրում. ասելիքն ու զգացողություններն իրենց ազատ ընթացքով գտնում են դրսևորման ձևը` համապատասխան ներշնչանքի տեղին ու ժամանակին: Հետևաբար նրա գիրը ինքնահատուկ պոետական ճախր է, աշխարհ գրկելու չափ թևերը բաց:
Անշուշտ, տրամաբանական է, որ նրա տողերը «Ավագ շաբաթների» պարագայում ինքնահոս արձակ է, համահունչ մտազգայական դաշտի անվերջությանը: Վերոնշյալ երկու շարքերը իրար շարունակող են ու շարունակելի, քանզի բազմակետ հիշեցնող մի առանցք ունեն` սեր:
Բանաստեղծուհու վարդաբույր լույսի շարժը ցոլցոլացող բախտախաղ է. «Էս ո՞ւմ լաց-ծիծաղն է, էս ո՞ւմ քրքիջի հուլունքներն են` գիշերվա թավալումով»:
Այս ինքնահարցերն են բնութագրում բանաստեղծուհու հոգեվիճակը, «Իմ ավագ շաբաթ»-ում` ցանկությունը, իսկ «Իմ երկրորդ ավագ շաբաթ»-ի էջերում` փափագը, որոնք այս կամ այն կերպ հանգեցնում են հոգևոր տոնի` դեպի սիրտը ներհայեցման զարթոնքի տանող, դեպի սիրտը, ասել է թե` երկինքը` նրան հագցնելով ամպերի պես ճերմակ-թեթև՜, թեթև-ճերմա՜կ հարսնաշոր` Գյումրիում գիշերուզօր կարված, որի հուլունքները հատիկ-հատիկ նա պահել է բանաստեղծության թագավորին` իր սիրտը սեփական աչքի մեջ զարկողին, որ հասկացել է` եկել է Ռուբիկոնն անցնելու պահը. «Ինչ ասես լսել եմ ուրիշներից, բայց առաջին անգամ եմ ինձ լսում»:
Ինքնալսման գաղտնախորհուրդն է Ռոզա Հովհաննիսյանի պոեզիայի միֆը, որը նրան ժամադրում է սիրո հետ: Չարենցն ի վեր Փառահեղին որոնելու ու գտնելու, երբեմն միս ու արյուն տալու նրան, երբեմն դարձնելու օդ, ջուր, գոլորշի, որ պատել է աշխարհի հայելին: Եվ կարոտ կա առեղծվածային ճկույթախաղի, ինչով կբացվի, բանաստեղծուհու շոգեպատ երեսը` սերը, իսկ Փառահեղի ծիծաղը քնքշանք կդառնա /«ճկույթդ ուտեմ»/`շվարելով նրա երազների ճամփաներին. «Քաղցր կյանքի հետևից վազել հասնել, չխոսել: Արդեն բամբասվելու պես է էս ձգտումը»:
Ռոզա Հովհաննիսյանի պոեզիան շնչել-արտաշնչելու պես է, մեկ թրթռացող, մեկ բաբախուն, միշտ թռիչքի մեջ, անակնկալ ժայթքող ու արարող: Նա մեկնում է կնոջ գաղտնախորհուրդը. «Փառահեղ բան է ուզելը»:
Ահա աստվածատուր բանալին` ներանձնական ժամանակը բացող. «Հռհռա, կարմրախտ անտեր, քեզ համար էի հորինումիս մեջ խորացել, ձնձղտան հալիս բամբասվել ու բամբասանքը հետ չհրել»:
Ռ. Հովհաննիսյանը նույնացվել է պոետիկ միֆին. «խաղի մեջ է քաշել խաղալս…», և նա զարմանալիորեն տարրալուծվում է, աներևութանում անձնավորված երևութականության մեջ` բառերի նրբագույն երանգները բացահայտելով «իր իսկ բույրից խենթացած ծաղկին», որին ամենևին սիրաչափ պետք չէ, որ հասկանա պարզագույն չապացուցվողը. «Լռում եմ քրքիջդ, ինձահյուս քրքիջդ: Լռո՞ւմ եմ, թե՞ լսում…Ինքս ինձ եմ զանգում ու ձայնդ լսելով` կրկնահյուս ասում` ողջույն, ողջույն»:
Հեղինակի զգացողությունը արձագանքում է հոգեվիճակների տատանումներին.«Մնում է եղածով խնդումի տեր լինել»: Նրա համար այլևս սպասումն ու համբերությունը միմյանց լրացնող բաներ չեն. «Ծուղակե սպասում կա մայթերին, տանիքներին, երկինքներին, սրտիս մեջ…Նախատոնակի համն էլ ելավ»: Նա ինչքան էլ դեր խաղա, ինքնաբեմականացմամբ զբաղվի սուտ ու ճիշտ օրվա մեջ, հագնի հագուստներ Մոխրոտիկի, Սալոմեի կամ էլ Պենելոպեի` դառնալով իր համար անսովոր վիճակների հերոսուհի, մեկ է, կյանքի բնազանցությունը հուշում է` «փափագի կենվորությամբ անքննելի ես իմ մեջ»: Եվ սերը անգամ հեռուներից (շեղած տեղից էլ) իր ձայնի արևը կզնգացնի, բարձրացնելով պոետին ինքնավստահության ճյուղերին, և բանաստեղծությունն ու սերը կդառնան ամբողջացած կյանքի ավիշ. «Քեզ այլևս չեմ փոխարինի քո մասին գրած բանաստեղծությամբ: Ուրիշների հետ խելացի լինելս անիմաստ կհամարեմ»:
Ռ. Հովհաննիսյանի «Իմ ավագ շաբաթը» և «Իմ երկրորդ ավագ շաբաթը» գործերը տող-բանաստեղծությունների, պարբերություն-բանաստեղծությունների շարքեր են, որոնք առանձին-առանձին կարող են ընկալվել ինքնուրույն բանաստեղծություններ, գեղեցիկ, սեղմ ու անվերջ զգայական: Օրինակ` «Արևածաղկի թևանցուկով գամ ճոճվեմ խոհերիդ, հեքիաթդ ինձնով անեմ, կենսա-չապրած մոգափորձով շահեմ արևիդ դիմանալը», «գիշերվա մեջ ցողոտ աղջկա կերպար կար` մլմլան, հետո ցոլցլան: Շուրջս վառվում էր, ափերս վառվում էին, ուժս վառվում էր»: «Քեզ եմ թողնում կրակը բոցով կտրել, բեկել անհույսին, սփոփանքի որդի, ամոքումի սեղան լինել»:
Ռոզա Հովհաննիսյանի պոեզիան զնգուն է, բառով սկսվում է, նախադասությամբ հզորանում, որպես պարգև, ապա զգացողությամբ տարածվում, ինչպես փուշը վարդին շուլալվում տեքստին:
«Ավագ շաբաթներում» ուշագրավ են շրջասույթները: Եթե առաջին «Ավագ շաբաթում» Ռոզա Հովհաննիսյանը օգտագործում է շրջասույթներ (Խնկի ծառեր, Նենգը, Անոթալայնիչը, Նրբիրանը, Շան սանրվածքովը)` արտահայտելու ներքին դեգերումներից ազատվել ցանկացող կնոջ ելքի որոնումները, ապա երկրորդ «Ավագ շաբաթում» նա է ու նա, մնացյալը ժամանակ հիշեցնող լրացումներ են, որոնցով հաստատակամ անցնում է Եվայի նպատակամետ դուստրը:
Սրանով հանդերձ, հեղինակի «Ավագ շաբաթները» հոգևոր ցնծություն են, որի ազատ թռիչքը հենց խոնարհում է նրա անթագ թագավորին, երազներից հորինված իրականությանը: Այն հոգևոր օջախի կոլորիտ ունի, իսկ և իսկ ժամանակակից սպիտակ Անտունի` աղջկական պարզահմա հայացքով թորված, տոնին սպասողի հավատով, երբ աշխարհից ոչ թե նեղանում է, այլ նեղացություն է խաղում, լիցքաթափվում, իր հերսը թափում հեռախոսին. «Թելդ կքաշեմ, երազդ կմաշեցնեմ, կարմիրդ կսևացնեմ, լեզուդ տո՜ւ-տո՜ւ կանի և փրկության ափ չի գտնի»: Նա լավ գիտի` ցանկացած սիրո մեջ կամակորության պես բան կա` «Ես այսպես եմ ասում, դու այնպես հասկացիր» ժողովրդական իմաստությամբ: «Տերնդեզի կրակը քեզ վառի, անպտղությունդ չորանա, պրծնեմ քեզնից, վերջանամ-հառնեմ»:
Եվ ինչպես Ռոզա Հովհաննիսյանն է խոստովանում` որոշ խաղեր ինքը լավ չի խաղում և չի կարողանում լավ վազել երջանկության ետևից, ուստի իր գիրը միֆ է դեռ հիշողություն չդարձած հիշողությունների մասին:
Հիշողություն չդարձած հիշողություններ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
