Դարեր շարունակ հայ ժողովրդին ուղեկցող պանդխտություն կոչվող չարիքը այդպես էլ չլքեց հային, փոխեց միայն ձևաչափն ու անվանումը: Այսօր էլ բազմաթիվ հայ ընտանիքներ լքում են հայրենիքը` օտար ափերում փնտրելով ապաստան ու առավել հարմարավետ կյանքի հույս: Սակայն մարդուն ուղեկցող խնդիրներն ամենուր են, մարդու հոգին դյուրաբեկ է, և այն հեշտությամբ կարող է խոցվել անկախ տեղից ու հանգամանքներից: Պարզապես մարդիկ փնտրում են օտար հույս, Մարգարիտ Դերանցի բնորոշմամբ. «Նրանց համար ավելի դժվար է ներել յուրայիններին, լքված ու անտեսված զգալ սեփական տանը` համակերպվել սիրելի երկրի սոցիալ-իրավական անարդարություններին: Այստեղ էլ շատ բան սխալ է, բայց օտարին ներելը ավելի հեշտ է, քանի որ օտարը օտար էլ մնում է»1:
Սերը և կնոջ հոգու դրաման` որպես գրական երկի թեմա, բոլոր ժամանակներում եղել է մեծագույն մտածողների դիտակետում: Մարդուն երջանկացնող կամ դժբախտացնող հավիտենական ուղեկից, որին անդրադարձել են հայ և համաշխարհային գրականության բազում ներկայացուցիչներ: Ամերիկահայ գրող Մարգարիտ Դերանցը անդրադարձել է այս հավերժական ու չծերացող թեմային մեկ այլ հանգամանքում` էմիգրացիայի համատեքստում:
Մի բան պարզ է ու անփոփոխ` կինը երջանիկ է, երբ սիրում է և սիրված է: Լինելով թույլ ու զգայուն էակ` վերջինս մշտապես ունի սիրո և պաշտպանվածության կարիք, սակայն նրա ուժը բազմապատկվում է, երբ ճնշման է ենթարկվում, և կարողանում է պայքարել հանուն երջանկության, որին կնախանձի ցանկացած տղամարդ:
Ինչո՞ւ երջանիկ չէին Թումանյանի Անուշը, Կոստան Զարյանի Սանան, Նար-Դոսի Սառան, Ֆլոբերի Էմման և այլն:
Մի դեպքում, ավանդական նախապաշարումներն ու հասարակական կարծիքը, մյուս դեպքում` մարդկային չարությունն ու առանց սիրո, հաշվարկային ամուսնությունը:
Ի՞նչ դիտակետում է Դերանցի հերոսուհին` Արուսը, ո՞րն է նրա հոգու դրաման, ինչի՞ միջով է անցնում ժամանակակից հայ կինը: Երբ դիտարկում ենք տարժամանակյա համատեքստում հայ գրականության մեջ հայ կնոջ հոգու դրաման, թվում է, թե Արուսը բոլոր հնարավորություններն ունի երջանիկ լինելու համար: Սակայն երջանկություն չգտավ. հասարակական կարծի՞քն էր, սահմանափակվածությո՞ւնը, թե՞ անհաջող ընտրությունը: Ո՛չ:
Արուսը հայտնվեց մի միջավայրում, որտեղ պետք է լուծեր հացի խնդիր, իսկ դա առավել քան դժվար էր, քանի որ «չնչին գումարներով վճարվող ֆիզիկական ամենածանր, գիշերային աշխատանքները բաժին են ընկնում հենց նրանց` էմիգրանտներին»: Հայրենիքից կտրված, արմատախիլ եղած մի ծիլ, որը նախ պետք է կարողանար արմատակալել: Միայնակ կինը որքան ուժ ու եռանդ պիտի ներդնի, որ կարողանա ամուր կանգնել օտար հողի վրա, իհարկե, իր մեջ խլացնի նուրբ ու զգայուն կանացիության ձգտումը. «Հաճախ նա կարծես մոռացել էր` ով է ինքը, չէր զգում անգամ իր անունը, կորցրել էր արժանապատվությունը, զգում էր միայն մարմնի ցավ, ուրիշ ոչինչ…»: Սրան գումարված է նաև մեղավորության զգացումն ու պարտավորվածության ձգտումը, քանի որ ինքն է որդուն Ամերիկա բերել, ամեն գնով պարտավոր էր նաև ապահովել նրա ապագան:
Նոր ժամանակներում և նոր պայմաններում հայտնված կնոջ հոգու դրամա: Կինը արժանապատվորեն կարողացավ անցնել Փայլակի տգետ ու եսասեր դպրոցով, որպեսզի լուծի սոցիալական հարցը, խիզախ ու կամային կինը կարող է մեծահոգաբար ու ըմբռնումով վերաբերվել սեփական անձի` տգետ միջավայրի կողմից տրորմանն ու արժեզրկմանը: «Հենց առաջին օրվանից Արուսին չհավանեցին ու չսիրեցին, և մինչև վերջ էլ նա մնաց չընդունված այդ շրջապատում: Արուսն ինքն էլ չէր ընկալում, որ ինքն ուրիշ է, նման չէ նրանց, բայց շրջապատը դա շուտ կռահեց, չներեց ու չսիրեց նրան»: Ավելին, չնմանվել ու կարողանալ ձեռք մեկնել իրենից ավելի նվաստին ու դուրս քաշել ճահճից, այն է` օգնել ու նպաստել մեկ այլ էմիգրանտի` Գայուշի վերապրելուն և երջանկանալուն:
Կինը ուժեղ է, եթե հարկ լինի, ավելին, քան տղամարդը, կինը հարմարվում է կյանքի բոլոր պայմաններին ու հնազանդվում բոլոր օրենքներին, բայց բոլորից շատ այդ նա ունի սիրո և հոգատարության կարիք, չնայած որ ինքն ամբողջությամբ սեր է ու նվիրում: Եվ ահա Գրեգի ամենապարզ առօրյա հոգատարությունն արթնացնում է Արուսի մեջ այն զգացումը, որ ինքը հոգսերից ու խնդիրներից առաջ ունի ջերմության, հոգատարության, ամուր հենարանի կարիք, որոնց անհրաժեշտությունն ու առկայությունը միանգամից զգաց ու Գրեգի տեսքով:
Աստիճանաբար խորանում է փոխադարձ սերը. «Գրեգի միակ ցանկությունն էր համբուրել այդ շուրթերը, տիրանալ այդ կնոջը, զգալ, թե ինչպես նրա արյունը բաբախում է սեփական արյան հետ, դառնալ այդ կնոջ հետ մեկ հոգի, շունչ ու մարմին…»:
Միևնույն ժամանակ Արուսի մեջ խոսում է ներքին ձայնը, իր երկրորդ եսը, այն Արուսը, որն ամուսնացած է եղել Հայաստանում: Պարտքի ու հավատարմության զգացումը մահացած ամուսնու հանդեպ գուցե այլազգի կնոջ համար էական նշանակություն չունենար, սակայն հայ կնոջ` Արուսի համար կարևոր էր, և նա օրեր շարունակ փորձում էր հաղթել իր մեջ ապրող ամուսնու հիշատակը, որը հեղինակը վարպետորեն է ներկայացնում: «Օտարության դառնություն տեսած մարդիկ անընդհատ նայում են ետ, քանի որ հեռվում նրանք թողել են իրենց խոր զգայական արմատները, որով մարդը կապված է այն հողին, որտեղ գտնվում են նախնիների գերեզմանները, որոնց հետ կապված են մտքերով, սովորույթներով, օդի, համի նույն ընկալումով, նաև անբացատրելի ոչ նյութեղեն, գերբնական կապով: Նախնիները միստիկ երազներով հայտնվում են նրանց ու կանչում ետ` դեպի լքված, հարազատ վայրերը: Դա կարծես թե կապ է արգանդի մեջ գտնվող սաղմի ու մոր օրգանիզմի միջև` միացած պորտալարով, երբ վերջինս կտրվում է, սաղմը դատապարտված է մահվան»:
Եվ ահա ամեն մի դժվարին պահի Արուսին մտովի այցելում է մահացած ամուսինը, իրեն հատուկ արժանապատվությամբ ու իմաստուն խորհրդով կանգնում կնոջ կողքին, հատկանշական է, որ հեղինակն այս մեջբերումներն իրականացնում է ժողովրդական առածների միջոցով` մեկ անգամ ևս հատկորոշելով ազգային մտածելակերպի ու խոր զգայականության առկայությունը, հայկական առածով հնարավոր չէր ամերիկական մտածելակերպ արտահայտել. «Երբեք թքածդ մի՛ լիզիր: Խոսքիդ տերը եղիր: Էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը` երկու» և այլն:
Հարկ է մեկ անգամ ևս նշել, որ Արուսը ուժեղ էր ու կամային, հեղինակը կարողանում է հասցնել նրան պայքարի բարձրակետին, Արուսը հաղթահարում է իր մեջ թույլ ու ամուսնուն հպատակ Արուսին և կանգնում իր սիրած տղամարդու կողքին:
Վիպական արագ զարգացող գործողություններում սյուժետային հանգույցը հանգուցալուծվում է ընթերցողի համար անակնկալ ավարտով` Արուսի և Գրեգի բաժանմամբ: Այնքան անկեղծ ու ճիշտ է, այնքան բնական ու օրինական է Արուսի ու Գրեգի սերը, որ ընթերցողը մոռանում է մի շատ կարևոր հանգամանք. Արուսը, կին լինելուց բացի, մայր էր: Արամը Ամերիկա էր եկել մոր նախաձեռնությամբ, Հայաստանում ապրող սիրած աղջիկը չէր պատրաստվում սպասել նրան և նշանվել էր, գրանցման և ուսման հարցերը չէին լուծվում, հոգեկան ծանր վիճակում էր Արամը, և մոր ամուսնությունը Գրեգի հետ ավելի կսրեր նրանց հարաբերությունները, մի փոքր դրվագով հեղինակը հուշում է, որ Արամն ընդունակ էր հուսահատ քայլերի. «Արուսը մի պահ քարացավ, տղան կարծես պատրաստ էր ցանկացած ճակատագրական սխալի: Մոր սիրտը վախ մտավ որդու կյանքի համար…»:
Սիրե՞ց Գրեգին, միանշանակ, ինչո՞ւ հրաժարվեց այն ապահով ու երջանիկ սիրուց, քանի որ որդին` Արամը, այնպիսի հոգեվիճակում էր, որ գուցե որդիական խանդը ճակատագրական լիներ: Հրաժարվեց նաև այն պատճառով, քանի որ Գրեգի կողմից չզգաց ապահովություն որդու հանդեպ: Գրեգը, ինչպես յուրաքանչյուր տղամարդ, պահանջում էր անմնացորդ սեր ու նվիրում իր հանդեպ, նույնիսկ ակնարկում, որ Արամն ու իր խնդիրները երբեք չպետք է իրենց հարաբերություններին խանգարեն:
Ընթերցողի համար անակնկալ է, բայց Արուսի համար մայրական սերն ու պարտականությունը այն հզոր խոչընդոտն էին, որոնք ի զորու չէր հաղթահարել: Առաջին հայացքից թույլ կնոջ տպավորությամբ Արուսը հրաժարվում է իր սիրուց, սակայն, ըստ էության, Արուսը մեկ անգամ ևս ապացուցեց ընթերցողին, որ ուժեղ է, ուժեղ, որ կարողացավ հաղթել սիրուն, այն համամարդկային ու զորեղ զգացումին, որը կարողացել է կործանել հայ և համաշխարհային գրականության մեջ բազմաթիվ ուժեղ կերպարների:
Արուսն ուժեղ է, նա հաղթահարեց սիրո զգացումը, նրան օգնեց աստվածային լույսը, որով ապրեց ամբողջ կյանքում, դարձավ «անսեռ», ահա մի ձևակերպում ժամանակակից հայ կնոջ մասին, որը հայ գրականության մեջ առաջին անգամ է հնչում, սակայն` չափազանց արդիական ու տիպիկ բնորոշում: Հազարավոր կանայք էմիգրացիայի և ամուսինների արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով դարձել են «անսեռ»: «Նրան բաժին ընկավ սիրելու և սիրվելու կյանքի միայն մի կարճ ընթացք: Գուցե այդ ամենն այնքան ցավոտ էր, որ դրանից հետո կինը կարծես անսեռ դարձավ ու հայտնվեց բարեպաշտ քրիստոնեական խաղաղության մեջ: Նա դարձավ մեկն այն կանանցից, որոնց համար այլևս ոչ մի նշանակություն չունեն Սերը, տղամարդիկ. նա անմնացորդ նվիրվեց տղային և թոռներին»:
Կնոջ փխրուն ու խոցելի հոգու վառ դրսևորում է նաև «JINGLE BELLS» պատմվածքը, հայկական ընտանիքի խոցելի ու փխրուն, նաև ամուր ու վստահելի հարաբերությունների մասին: Ամուսինները պանդխտության, այն է` էմիգրացիայի պատճառով երկար տարիներ միմյանցից հեռու են ապրել և ահա հանդիպում են. կարոտի, սպասման, սիրո և կրքի գիշերը մեկ վայրկյանում փշրվում է, պատճառը շատ հասարակ ու անհեթեթ էր, կնոջ ներքնազգեստի երաժշտությունը, որը հանկարծակիի է բերում երկուսին էլ, ինչո՞ւ, որովհետև որքան էլ ապրեին օտար երկրում, չէին կարող ընդօրինակել նրանց բարքերը, քանի որ հոգեհարազատ ու ընդունելի չեն, նորաձև ներքնազգեստը փոխանակ գրգռեր նրանց կիրքը, հիասթափեցրեց ամուսնուն, քանի որ հայ տղամարդուն դա հիշեցնում էր այն բազմաթիվ կանանց, որոնց ինքը հանդիպել էր, բայց իրենը, իր մաքուրն ու անապականը, իր հոգու խորքում պահվածը այդպիսին չէր: Կինն էլ հանկարծակիի եկավ, նա չէր կարող դրա մեջ իրեն ազատ ու բնական զգալ, քանի որ իր նախընտրածը չէր: Ընդամենը մի քանի հիասթափության վայրկյան, և նորից միավորվեց ամուսնական զույգը, որովհետև նրանց հոգևոր ու ֆիզիկական կապն առավել զորավոր էր, քան կասկածի մի քանի վայրկյանը:
Ներթափանցելով կնոջ հոգու խորքը` կտեսնենք ճեղքված հավատ, փշրված սիրո կտորտանքներ, որոնք հարկավոր էր հավաքել ու ամրացնել: Կինը դառնում է անսեռ, այո՛, որովհետև ամիսներ, գուցե և տարիներ շարունակ ստիպված է իր մեջ խեղդել սիրո, կրքի, հոգատարության ու պաշտպանվածության զգացումները, մինչ ամուսնու վերադարձը, իսկ երբ հանդիպում են, ամեն ինչ բնականոն չէ, կինն ավելի անվստահ ու բռնազբոս է կամ հակառակը` երկարատև պահանջին փոքր-ինչ ազատություն է տալիս, որն էլ կասկածի պատճառ է դառնում…
Մարգարիտ Դերանցի ստեղծագործությունները, թումանյանական ձևակերպմամբ, աչքի պես պարզ են ու աչքի պես բարդ: Ամենապարզ ու անմիջական ձևակերպումների տակ մի ողջ գաղափարախոսություն կա: Յուրաքանչյուր ընթերցող ազատ է տողատակում գտնելու իր կարծիքը, իր տեսակետը: Իսկ կարճ, առօրյա պատկերները գեղարվեստական խորություն են հաղորդում:
———————————-
1. Մարգարիտ Դերանց, Սեր և էմիգրացիա, Երևան, 2017, էջ 7:
Շնորհակալ եմ ՀԳՄ պաշտոնական «Գրական թերթ»-ին և սիրելի Մերի Մախսուդյանին❤️«ՍԵՐ և ԷՄԻԳՐԱՑԻԱ» գրքի մասին հետաքրքիր վերլուծականի համար։