ՎԵՊ՝ ՉՍՓՈՓՎՈՂ ՑԱՎԻ, ԱՆՉԱՓԵԼԻ ԿՈՐՍՏԻ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԴԻՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄՔԻ ԵՎ ԽՈՐ ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

 

Տագնապալից այս օրերին, երբ մեր բոլորի սրտերում մխում է հայոց Արցախի դարավոր հողում բռնկված հրդեհը, գրողները՝ Հայրենիքում թե Սփյուռքում, փորձում են իրենց ներդրումն ունենալ մեր ժողովրդի ճակատագրական իրողությունների արտացոլման գործում: Վերջերս լույս է տեսել արցախյան ծնունդով և արմատներով ամերիկահայ ժամանակակից արձակագիր Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպը (Անտարես, 2023):

Հարցազրույցներից մեկում («Առավոտ», 12.10.2021) Մ. Դերանցը վկայել է, որ գրել սկսել է «հոգեբանական բարդ սահմանագծում», երբ հանգամանքների բերումով, ստիպված լինելով լքել իր կյանքի «հարմարավետ գոտին, որը Հայրենիքն էր», զավակների հետ հայտնվել է Միացյալ Նահանգներում: «Տարագրության անքուն գիշերներում լույս ծագեց՝ դա իմ գրելն էր,- խոստովանել է նա:- Այն ինքնաբացահայտում էր, ինքնաճանաչում և կյանքիս կարևորագույն հրաշքներից մեկը»։ 2013-ին լույս տեսած «Բյուրեղապակե ծաղկամանը» վիպակը լավ ընդունվեց ընթերցողների և մասնագետների կողմից, ինչը շատ ոգևորիչ էր, և հետագա մի քանի տարիների ընթացքում տպագրվեցին տարագիր հայության կյանքը, մտածումները, զգացողություններն ու ապրումները արտացոլող պատմվածքների, վիպակների ու վեպերի ևս վեց հատորներ:

«Գմբեթավոր հովանոցը» վեպի ազդագրում նշվում է, որ այն «վեպ է չսփոփվող ցավի ու անչափելի կորստի ողբերգականության, բայց և դժվարություններին դիմադրելու կամքի և խոր հավատի մասին»։ «Հայրենիքի, հայի ապագայի հանդեպ խոր ապրումներից ծնվեց այս գիրքը», խոստովանել է Մ. Դերանցը («Առավոտ», 07.09.2023): Այն փոքր-ինչ յուրահատուկ կառուցվածք ունի՝ բաղկացած է 16 գլուխներից, որոնք, սակայն, իրար հետ կապված են պատմական իրադարձությունների և գործող հերոսների ճակատագրերի ներքին հանգույցներով: Վեպի հերոսներն անցնում են պատումից պատում՝ ամեն անգամ բացահայտվելով աշխարհընկալման և ինքնաճանաչողության նոր, երբեմն նաև իրենց համար էլ անակնկալ կողմերով: Գլխավոր հերոսներից մեկը Արցախի Հադրութի շրջանի (նախկին Դիզակ գավառի) Քյուրաթաղ (Կիրաթաղ) գյուղում ծնված Թերեզիկն է՝ համագյուղացիների կողմից մտերմիկ բառով Բզեզիկ մականունով: Հենց սկզբից Թերեզիկն արդեն աչքի էր ընկնում իր հետաքրքրասիրությամբ ու քաջությամբ. «Քանի-քանի անգամ էր մտքով անցել սուրալ դեպի արգելապատնեշ ժայռերը, մտնել Չարի տիրույթը (իմա՝ օձերի աշխարհը)»,- գրում է Մ. Դերանցը, քանզի «Նա այն մանուկներից էր, որոնք ո՛չ թե շրջանցում են արգելապատնեշները, այլ հաղթահարում են դրանք»։ Նշված հատկանիշները Թերեզիկն, անկասկած, ժառանգել էր հորական պապ Միսակից, որ «դպրոցի հայերենի ուսուցիչն ու տնօրենն էր», գյուղի «ամենագրագետ» մարդը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նրան հանձնարարում են ցուցակագրել գյուղից կռվի գնացող ջահելներին, բայց նա համաձայն չէր և զենքն առնելով՝ գնում է պատերազմ: Միսակն ու երկու տղաները զոհվում են, Մեխակը անհետ կորած է, կինը՝ Նինան, ծնողների դրդմամբ, լուծում է ամուսնական ուխտը և նորից ամուսնանալով՝ հեռանում գյուղից: Պատերազմից հետո՝ «համայնավարական «ոսկեդարի» ապահով խաղաղությունը» թվում էր այլևս տևական է լինելու և «երբեք, ոչինչ չի փոխելու մանկական երազների պարզությամբ համակված գյուղի խնդուն պատկերը»։ Սակայն… հենց սկզբից պակաս դրամատիկ չի դասավորվում նաև Թերեզիկի կենսագրությունը: Մայրը մահացել էր «նրա ծնվելուց ժամեր անց», մարտակերտցի հայրը՝ Արտյուշը, խռովել էր գյուղից ու մարդկանցից, ավարտել Բաքվի համալսարանը, ամուսնացել «մին պաշտոնյա հայու ջահիլ աղջկա հետ», դարձել Սումգայիթի ամենամեծ քիմգործարանի տնօրենի տեղակալը: Թերեզիկը, իհարկե, «կարոտում էր հորը մի տեսակ անզոր ու լուռ կարոտով», հաճախակի տեսնում նրան երազում: Բայց, ի վերջո, թվում է հոր ու դստեր կյանքի ճանապարհները բաժանվում են այն պահից, երբ 17-ամյա աղջկան խնամախոսության են գալիս Երևանից և տանում Հայաստան: Գրողը երիտասարդ հերոսուհու խորքային զգացողությունների ու ապրումների միջոցով է ներկայացնում Արցախ-Հայաստան ներքին զորեղ կապը. «Մտան Իջևան, սարերը եկան, կանաչությունն աչք էր շոյում, /…/ Ամեն ինչ հարազատ էր և հիշեցնում էր իրիկնային զեփյուռի բերած գյուղամերձ դաշտերի բուրմունքը: Իսկ երբ հասան Սևանա լճին, Բզեզիկի շունչը կտրվեց. կապուտակ գեղեցկուհին նրա համար կատարելության սահման էր…»։ Բայց դարձյալ ուրախությունը երկար չի տևում. դեռ չէին սպիացել բնության մեծ պատուհասի՝ հզոր երկրաշարժի վերքերը, երբ սկսված Արցախյան շարժմանն ի պատասխան, տեղի է ունենում «սումգայիթյան սահմռկեցուցիչ ոճիրը», վրա են հասնում նաև Հայաստանի շրջափակման, ցրտի ու մթի տարիները: Ժամանակ անց հայտնվում է հայրը, որն արդեն «բնավ մանկության երազների սղամարդը չէր, /…/ այլ արհավիրքի միջով անցած տառապյալ մեկը: Թեև հիսուն տարեկան էր, բայց մաշված ծերունու տեսք ուներ, իսկ աղջնակի աչքերում փշրված մի դատարկություն կար»։ Թերեզիկն ապրում էր երևանյան հանրակացարանում՝ մեկ տարեկան որդու հետ, ամուսինը «պատերազմը սկսելու առաջին օրվանից ռազմաճակատում էր՝ որպես կամավորական»։ Նրանց է միանում նաև հայրը՝ Սումգայիթում կնոջ ու դստեր սպանվելուց հետո, իրենց շենքի հարևանի՝ խոշտանգումից փրկած աղջկա՝ Նյուշայի, հետ:

Դրամատիկ կերպար է Թերեզիկի հայրը: Իր ապրած կյանքը նրան դարձրել էր լուռ ու ինքնամփոփ: Նույնիսկ արցախյան առաջին հաղթական պատերազմից հետո, երբ «կյանքը հունի մեջ ընկավ», նա դարձյալ երկար ժամերով մեկուսանում էր բոլորից, հեռանում տնից և ուշ վերադառնում. «Երկար զբոսնում էր անծանոթ արահետներով՝ անհուսորեն կռիվ տալով ու պարտվելով նույն մտքերից»։ Իսկ որո՞նք էին «նույն մտքերը՛՛. «Գուցե թե մեղավոր էր զգում նրանց փոխարեն, որ աչքերը կույր, բերանները խուփ անտեսել են հետզհետե ահագնացող սխալն ու կեղծիքը: Այդ «լռակյաց» մեղավորությունը պիտի որ ավարտվեր փլուզումով, ինչպես փլվեց համայնավարների հզոր երկիրը, և տուժողը առաջին հերթին հենց նվիրյալները եղան»։ Հետզհետե փոխադարձ հոգեկան ջերմ կապ է ստեղծվում հոր ու դստեր միջև, թեև նրանք շարունակում էին լուռ մնալ, «շրջանցել իրենց մեջ բույն դրած վշտի աղբյուրը»։ Ի վերջո, հայրը և Նյուշան մեկնում են Գերմանիա՝ բուժումների: Եվ «ինքն իրեն կորցրած, իրեն մերժող հայրը» դառնում է տարագիր՝ Գերմանիայից հետո՝ Նյուշայի հետ հիմնավորվելով Միացյալ Նահանգներում: Նախքան այդ, պատերազմից երեք օրով տուն՝ որդու երեքամյակին մասնակցելու էր եկել Թերեզի հրամանատար դարձած ամուսինը: Նա պնդում էր, որ արցախյան գյուղում մնացած մեծահասակները տեղափոխվեին Երևան՝ Թերեզի մոտ, թեկուզ «զոռով», քանզի «Ղարաբաղում մնալը վտանգավոր է»։ Բայց վերջինները՝ որպես «հաստկող» ղարաբաղցիներ, չէին համաձայնում լքել իրենց հայրենի հողը: Բացի այդ, նաև արդեն ուշ էր. «Շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Կապը գյուղի հետ կտրվեց…»։ Թերեզիկն ու ամուսինը՝ սիրո հրավառությամբ, հրաժեշտ էին տվել իրար, չկասկածելով անգամ, որ դա իրենց «վերջին գիշերն է»։ Հորադիզի համար կռիվներում հերոսի մահով ընկել էր ամուսինը՝ «Թերեզիկը սառել էր, քարացել» նրա դիակին ի տես. «Թերեզի սիրո հեքիաթը անավարտ մնաց,- քննում-մեկնաբանում է հեղինակը,- երբեք մտքով չէր անցնում, որ իր հասանելիք երջանկությունն այդքան կարճ է տևելու: /…/ Փորձում էր համակերպվել կարոտի հետ, բայց պարտվում էր: Ինչպե՞ս հաղթի ներսումը բույն դրած պատերազմը, որն ամուսնու մահով պարտադրվել էր իրեն…» (Այստեղ և հետագա մեջբերումներում ընդգծումները մերն են – Պ. Դ.): Գյուղը թշնամու կողմից ռմբակոծությունների էր ենթարկվել, շատերը զոհվել էին, այդ թվում և՝ Թերեզիկի հարազատները՝ մայրն ու տատերը: Թշնամուն ետ շպրտելուց հետո, Արաքսի տատի գերեզմանաքարը դնելու համար, նա՝ որդու հետ, եկել էր գյուղ: Ու թեև գյուղացիք «խղճահարությամբ էին նայում նրա հետևից», Թերեզիկը համոզված էր, որ «վիզը ծուռ այրի չէ, այլ հերոսի կին ու հերոսից ծնված հերոս էր մեծացնում»։ Թերեզիկի կերպարի մեջ Մարգարիտ Դերանցը խտացրել է նաև իր՝ ծնունդով արցախցու նվիրական զգացողություններն ու հոգեբանությունը. «Թերեզիկը նորից էն սիրուն աշխարհում էր, որտեղից քաղաք էր եկել: Այն վերստին իր կարդացած հեքիաթների պես եդեմական այգին էր թվում»։ Հարազատ հողն ու ջուրը ձգում էին նրան, բորբոքում տարիներով ճնշված սերն ու կարոտը. «Աղբյուրի ջուր խմելուն կարոտել էր: Վերջին անգամ կռացավ, բռով խմեց: Խմեց սառը ջուրը դանդաղ՝ կում-կում, ինքն իր մեջ պինդ գրկելով, ձգելով վայելումի պահը՝ երկնքից կապույտ գույն ստացած ջրի դրախտային համն ու հոտը»։ Հայրը ԱՄՆ-ում դեռ ողջ էր, բայց՝ հիվանդ: Նա առաջարկում է Թերեզին գալ իր մոտ, որպեսզի սոցիալական ծառայությունները Նյուշային չխլեն իրենից: Թերեզիկն այլընտրանք չուներ. «Առանց հոր՝ անցյալը հնարավոր չի փոխել: /…/ Նա թույլ չտվեց, որ հայրն անգամ հորդորի իրեն, կարևորը՝ հոր ու Նյուշայի համար ապրելու չափ պետք էր իր ներկայությունը: Եվ՝ որդու ձեռքը բռնած, երիտասարդ կինը ժամանում է Նահանգներ՝ «որպեսզի խնամի հորը և անչափահաս Նյուշային»։ Այստեղ ևս այդ արարքի հոգեբանական հիմնավորումը պատկերավոր, տպավորիչ արտահայտություն է ստանում. «Նա նման էր այն ծառին, որ դեմ է գնում բնությանը և ծաղկում տերևաթափի միջից»։ Այդպես՝ ինքնազոհողությամբ, նա «դուստր եղավ հոր համար, քույր՝ Նյուշայի համար, մայր՝ որդու համար: Ցավերն ու կարոտները հող սարքեց օտար երկրում, փոքրիկ տուն կառուցեց, հիվանդ հորը խնամեց, Նյուշային ու որդուն ոտքի կանգնեցրեց»։

Պետք է ընդգծել, որ ընդհանրապես վեպն աչքի է ընկնում մի շարք հարցադրումներով: Կարևորներից մեկն, ահա, հայրենիքից հեռացող, իրենք իրենց կամավոր տարագրության մատնող հայության նկատմամբ վերաբերմունքի խնդիրն է: Վեպի տարբեր հերոսներն իրենց տարագրությունը բացատրում են սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքներով՝ սոցիալական ծանր վիճակ, ընտանեկան հանգամանքներ և այլն, բայց ընդհանուր առմամբ գրողի դիրքորոշումն այս հարցում՝ մասնավորապես, Թերեզիկի հետ կապված, հստակ ձևակերպում ունի. «Մեկնողներին «փախչողներ» են համարում: Ինչ էլ համարեն նրանց՝ «փախչողներ», «դասալիքներ», կամ ավելի դաժան՝ «դավաճաններ», ըստ էության՝ դա արդեն նշանակություն չունի,- գրում է նա: – Հայրենիքը երբե՛ք չփախավ նրանից: Տարագիր Թերեզը արցախյան թթենու պես հավատարիմ էր իր արմատներին»։

Վեպում քիչ չեն նաև ռազմաճակատային մարտական իրավիճակների նկարագրությունները: Այդպիսին է, օրինակ, «Դեպի Օմարի լեռնանցք» գլուխը, որն, ըստ էության, Մենուա Մանվելյանի հուշամատյանն է: Եվ գլխավոր եզրակացություններից մեկն այն է, որ պատերազմը լիովին վերափոխում է մարդուն: Արցախյան առաջին պատերազմի թոհուբոհի մեջ հայտնված Մենուան խոստովանում է ինքն իրեն, որ «Հիմա, ծանր փորձություններով անցնելուց հետո», այլ կերպ է նայում դեպքերին, մարդկանց: Այդ թվում նաև Սուրբ Գրքի պաշտամունքն ունեցող Կարոյին: Սկզբում՝ «աթեիզմի մթնոլորտում դաստիարակված ուսանող» Մենուան կարծել է, որ «Սուրբ Գրքից այդպես կառչում են թույլերը, ձախողակները», որ «նմանների վերջնական հանգրվանը, պատսպարանն, ի վերջո, կրոնն է: Քանզի թույլն ի զորու չէ հարցեր լուծել…»։ Ավելի ուշ, սակայն, դեպի Օմարի լեռնանցք արշավի ընթացքում, նա հասկանում է, որ «հենց սկզբից Վերինը մեզ մի տեսակ առաջնորդում էր միգուցե հենց Կարոյի փոքրիկ Սուրբ Գրքից…»։ Մենուայի համար կյանքի առաջին մարտը դաժան էր. «Դարձել էինք աֆղանական ֆիլմի կենդանի մասնակիցներ, /…/ կորցրել էինք ժամանակի զգացողությունը, /…/ երկարաձիգ ժամեր մարտնչում էինք, ու թվում էր՝ մարդ չենք, մարմին չունենք: Դեռևս պարզ չէր՝ որտեղից էինք ուժ ու եռանդ ստանում»։ Իսկ Կարոն՝ մարտի ամենադժվարին պահերին անգամ, կարողանում էր կատակել ու ժպտալ: Եվ դա որոշակիորեն փոխում է Մենուայի մտքերի ուղղությունը. «Ինքս իմ մեջ գցում-բռնում եմ,- դատում է նա,- որ գուցե նման խառը իրավիճակներում ավելի լավ է լինել Կարոյի պես միամիտ ու հավատավոր, քան իմ պես տագնապած ու անհավատ…»։ Եվ ապա՝ առավել կարևոր եզրահանգումը. «Քանզի երբ խավարն է գալիս, մարդու ներսի սերը թույլ չի տալիս կոտրվել ու կորցնել վստահությունը»։ Հավատի հետ միասին, ճակատագրական պահերին մարդուն սատարող ազդակ է նաև հոգեկան կորովը՝ ոգին, որի կրողն է Մենուայի մյուս մարտական ընկերը՝ Գարեգինը. «Գարեգինն ինքը հենց ոգին էր»։ Սրտապնդիչ է նրա համոզմունքը՝ «Ճշմարիտ զինվորության մեջ ցավ կա, բայց ոգով կարելի է հաղթահարել դա»։ Ահա թե ինչու, նրա համար չափազանց թանկ էր ընկերոջ գնահատանքը. «Ապրես, Մենուա՛, սա քո առաջին մարտն էր, ու դու տղամարդու պես պահեցիր»։ Ավելի ուշ, թշնամու շրջափակման մեջ, Մենուան կարողանում է նաև՝ մոջահետ-թշնամուն սպանելով, փրկել Կարոյին:

Վեպի մեկ այլ կարևոր շեշտադրումներից է ճակատագրական իրադարձությունների մեջ հայ կնոջ ցուցաբերած սխրանքի փաստումը: Այդպիսի խիզախ և անկոտրում բնավորության տեր է «գնդի միակ կինը»՝ բուժքույր Հայկուհին, «որին տղաները երբեմն ընկերաբար Հայք էին կոչում»։ Նա լռակյաց էր, ինքնամփոփ, բայց երբեմն կրակ էր բացում թշնամու վրա: Պարզվում է, դա ուներ նաև իր անձնական դրդապատճառը՝ «ոչ մեկին չասված գաղտնիքը», որ Հայկուհին վստահել էր միայն Գարեգինին: Եվ վերջինս «հասկացել էր, որ բուժակ լինելն ընդամենը պատրվակ է», կինը եկել էր իր սիրեցյալի՝ սպանված ամուսնու համար «վրեժին տեր կանգնելու»։ Եվ նա պարզապես հրաշքներ է գործում՝ գոտեպնդելով թշնամու ծուղակն ընկած մարտական ընկերներին, շրջափակումից դուրս բերելով Կարոյին, առաջին օգնություն ցույց տալով ծանր վիրավորված Մենուային: Առաջին պատերազմից հետո Երևանի բժշկականն ավարտած, քաղաքի հոսպիտալում ծառայող, արդեն մայորի կոչումով Հայկուհին նույն խիզախությամբ մարտնչում է նաև նորօրյա պատերազմի մարտադաշտերում: Մեկ այլ օրինակ է ռազմադաշտում քաջությամբ աչքի ընկած Անահիտը, որ ամուսնուց հետո ինքն էլ էր մեկնել կռվի դաշտ: Ջոկատի հրամանատար Արտեմի դիտարկմանը, թե «Չգիտեի, որ էդքան ուժեղ ես», նա պատասխանում է. «Ուժս Վարդանն է, խոստացել է՝ երբե՛ք չմեռնել»։ Հատկանշական է նաև Կարոյի կնոջ՝ Անոյի վերափոխումը։ Թվում էր հերոս ամուսնու և երկրի ճակատագրի հանդեպ անտարբեր, շուկայական առօրյայում կյանքը մաշող Անոն՝ ամուսնու զոհվելուց հետո, հանկարծ հայտնվում է կռվի դաշտում՝ «զինվորական հագուստով»։ Եվ շատ կարևոր է դարձյալ Մենուայի եզրահանգումը՝ «Ամեն դեպքում բոլորն էլ երբևէ, ուզեն թե չուզեն, վերադառնում են իրենց երբեմնի կերպին»։ Այլ խոսքով՝ Հայրենիքի ճակատագրական պահերը վեր են հանում անհատի իրական՝ նախախնամությամբ որոշված կերպարը: Ոգով ուժեղ կանացի կերպարների շարքը լրացնում է արցախյան վերջին պատերազմից հետո թշնամուն հանձնված Աղավնոյում մնացած «Շողերի հարսիկ Լիլոն»։ Նա ծնունդով Մարաղայից էր, «տեսել էր, թե ինչպես են կրակի մատնել իր տունը, որտեղ ծնողներն էին, կրտսեր եղբայրները»։ Վերջին պատերազմում կորցրել էր որդուն՝ Դավիթին: Ահա թե ինչու, ստիպված լքելով հայրենի օջախը, Լիլոն կրակի է մատնում ողջ գյուղը և… ուշաթափվում: Անկոտրում ոգու կրող է նաև Լիլոյի սկեսուր Շողերը, որն առաջին պատերազմում նույնպես կորցրել էր իր որդուն՝ Արթուրին: Նա ևս դժվարությամբ է բաժանվում հարազատ հողից, ջրից, ծառից: Գրողը հոգեբանորեն շատ համոզիչ ու ազդեցիկ պատկերներով է հիմնավորում այս հերոսուհու արարքների ներքին դրդապատճառները. «…գրկեց կեռասենու բունը, ինչպես մտերմին են գրկում և զգաց՝ ինչպես ծառի հոգին արձագանքում էր իրեն»։ Ու թեև հեռանալու էին՝ գուցեև ընդմիշտ, բայց ջրում է հարազատ այգու ծառերը՝ «Ա՛խր, էս ծառերը ծարավ ըն, ա՛խր, մեղք ըն»։

Վեպում գրողը ներկայացնում է խառնվածքով, մտածողությամբ տարբեր բնավորություններ, ինչպես անձնազոհ բժիշկ Անդրանիկը, Թերեզի որդի Գևորգն ու նրա երեք ընկերները, որոնք հորդորում էին նրան մնալ ԱՄՆ-ում՝ իրենց թիկունքը պահել, իսկ նա ոչ մի կերպ չէր համոզվում. «Թերեզի պատվախնդիր որդին ողբերգություն էր ապրում, չէ՞ որ հերոսի որդի էր: Այդ երեքը կգնան Հայրենիքը պաշտպանելու, իսկ իրեն կթողնեն «պատանդ» Ամերիկայում»։ Նաև՝ «բոցկլտուն աչքերով ճարպիկ, աժդահա» երիտասարդ ռազմիկ Պետոն, ըմբոստ ծերունի, նախկինում հարգված ուսուցիչ Սեպուհ պապը, որ ուժերի մի վերջին լարումով խիզախությամբ ոգևորում է ջահել մարտիկներին. «Ծառս ելավ զառամյալ ուսուցիչը, թուլացած մկանները ձգեց ամբողջ թափով, արյան մեջ խայտաց երիտասարդական ավյունը, թևածեց բազեի պես և ուժգնությամբ նետեց նռնակները…»։ Եվ ծերունու ըմբոստությունից թև առած, «հայերի փոքրիկ խումբը նռնակների տարափով հետևեց նրան»։ Ու նման շատերի հետ նաև «Պոետ» Վարդանը, որ ընդամենը տասը տարի է, ինչ ապրում էր Ստեփանակերտում, և որին «քաղաքում «Պոետ» էին կոչում, որովհետև «գողացած» գիշերային ժամերին գրում էր»։ Նա «քաղաքում ճարպիկ տղայի ու կանանց մեջ մտերմություն փնտրողի համբավ ուներ», բայց մի օր հանդիպում է «Շուշվա ծնունդով, մանկատանը մեծացած համալսարանական մի ուսանողուհու՝ Անահիտին» և… «Դոն Ժուանը վերափոխվեց Ռոմեոյի»։ Ծնվում է մեծ սերը՝ «Նրանք կարծես հարբած էին միմյանց մոտիկությունից, օր օրի ավելի էին հիանում իրարով»։ Իսկ ինչ վերաբերում է մարտական ընկերների նկատմամբ մոտեցումներին, ապա «նա անվերապահ էր ամեն ինչում, քանզի ջահելների սիրտը միշտ հաջողակների ու խիզախների հետ է»։ Բնորոշ է ընկերներից մեկի՝ Արտեմի բնութագրությունը. «Վարդանը միշտ զարմացրել էր Արտեմին: Չնայած պոետական հովերին, բոլոր լուծումների մեջ նրա մոտեցումները միշտ ամենաարտառոցն էին, անտրամաբանականը, իսկ վերջում պարզվում էր, որ գուցե դա էր միակ սթափն ու ճշմարիտը»։

Վեպի հերոսներից շատերը զոհվում են անհավասար մարտերում, թշնամին ընդհուպ մոտեցել էր Ստեփանակերտին, որը «լրիվ տարհանվել էր», մի տեսակ, «մեռյալ թագավորություն» էր հիշեցնում: Պարտությունը շատ մոտ էր: Բայց ո՞վ էր մեղավորը… Ծանր վիրավոր Արտեմը «ներսում կուտակված դառնությունից /…/ խեղդվում էր ու արտասվում…»։ Սակայն ոչ ոք չէր ընկճվում, հավատում էր թունելի վերջում, թեկուզև թույլ, բայց դեռևս առկայծող լույսին: Ասատուր պապը համոզված էր՝ «Ինչ էլ լինի, Ղարաբաղը հանձնվողը չի…»։ Հայրենի գյուղում Գևորի, Վարդանի հուղարկավորության ժամանակ նրանց դասախոսի խոսքը հավատ և հույս է ներշնչում ողջ մնացածներին. «Մենք պարտվեցինք, բայց մեր զինվորը չպարտվեց…»։ Ու թեև ներկաներից «յուրաքանչյուրն իր ներսում կռիվ ուներ ու անթիվ-անհամար անպատասխան ինչուներ», բժիշկ Անդրանիկը համաձայն է նրան: Ներկա կռիվը համեմատելով Ավարայրի հետ, ընդհանրացնում է. «Ստացվում է՝ մեր կռիվները միշտ էլ կենաց-մահու են, բայց մեզ մեռնել չկա…»։

Ընդհանուր առմամբ, բնութագրելով Մարգարիտ Դերանցի ստեղծագործական մտածողությունը, պետք է նշել, որ այն աչքի է ընկնում ոչ թե մակերեսային, հորիզոնական, այլ խորքային հատկանիշով: Այլ խոսքով՝ նա ոչ թե սոսկ սյուժեներ՝ դեպքեր, արարքներ, իրադարձություններ նկարագրող է, այլ այդ ամենն ավելի լայն, վերից, մեծն Թումանյանի բառով՝ «Բարձրից» դիտող, ընկալող և վերլուծող, ինչը հնարավորություն է տալիս նրան տեսնել ու ներկայացնել նաև սովորական աչքից վրիպող նրբություններ և ընկալումներ: Բնորոշ է գրողական հետևյալ դիտարկումը. «Արտեմը հենվել էր հարյուրամյակների հիշողություն ունեցող հաստաբուն, ճեղքված բնով կաղնուն: Նա գրկել էր ծառը, զգում էր նրա հոգին, զարմացած նայում էր վեր՝ դեպի անսահման կապույտը մխրճված հզոր սաղարթներին, դեպի երկրի խորքը, դեպի ստորերկրյա ջրերը գնացող դարավոր ելուստները: Կաղնու հոգին Հայրենիքն էր: Ծառը նորից, այս էլ որերորդ անգամ հաստատում էր, որ կարևորը մերձությունն էր արմատներին»։ Շատ կարևոր է հերոսների շուրջը փոթորկվող ճակատագրական իրավիճակներին ուղղված «երրորդ աչքի» շեշտադրումը ևս. «Մտահոգությունը համատարած էր: Վշտակիր էին հայրենյաց ցավով, արկերի ձայնը հոգով էին լսում, շենքերի փլատակները տեսնում էին երրորդ աչքով…»։ Մտածողության իր կերպը գրողն արտահայտել է նաև իր հերոսի՝ «Պոետ» Վարդանի կերպարի միջոցով. «Պոետը սիրում էր ուսումնասիրել մարդկանց դեմքերը,- գրում է նա:- Դրանք նոր ընթերցվող գրքերի պես էին: /…/ Իսկ մահվան-կյանքի շեմին կանգնած զինվորների դեմքերը նրա համար նոր մի առեղծվածի բացահայտման պես էր…»։ Նշված խորքային մտածողության արդյունքն են ազգային, անհատական հոգեբանության ընդհանրացված ձևակերպումները: Օրինակ՝ ընդհանուր-ազգայինի բանաձևումը. «Հա՛յը որտեղ էլ լինի, կորցրած հայրենիքներ է կրում իր ուղեղի ամեն մի գալարում, վտանգն ու տագնապը արյան հիշողության մեջ են»։ Այսօրվա ողբերգական իրավիճակի տեսանկյունից չափազանց բնութագրական են նաև վեպի ընդհանուր խորագիրը կրող «Գմբեթավոր հովանոց կամ վարդագույն երջանկություն» գլխի հերոս Մենուայի դատողությունները Հող-Հայրենիքի մասին. «Տեսնես ո՞ր հայի վերջին տունն է լինելու էս քարքարոտ հողը: /…/ Ու երբ այդ վերջին հայն էլ սպանվի կամ փախչի իր երկրից, Հայրենիք չի լինի այլևս, կդառնա թշնամուդ հայրենիքը… Դրանից հետո, ինչքան էլ գոռաս արդարության մասին, ցեղասպանության մասին՝ զուր է… Հողը ոսկուց էլ թանկ է: Չկա հող, չկա ոչինչ, ցեղդ դատապարտված է կործանման»։ Չնայած այդ ամենին, սակայն, գրողը չի կորցնում իր լավատեսական հայացքը ապագայի նկատմամբ: Վեպի նախաբանում նշելով, որ «գիրքը 44-օրյա պատերազմի մասին է, որի ընթացքում մենք տվեցինք հինգ հազարից ավելի զոհ», մեր բոլորի որդիները՝ «մեր վաղվա թանկ արյունը, որ պիտի կերտեր Նոր Հայաստանը…», նա համոզմունք է հայտնում, որ «Նոր Հայաստանը ամեն դեպքում կկերտվի, հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք երազում էին դա»։ Նշենք նաև ներզգայության շեշտադրումը անհատ հերոսների ընկալումներում. «Ըստ էության՝ Բզեզիկն ամեն ինչ ընկալում էր ներզգայության միջոցով ու համոզված էր, որ իրեն ոչինչ չի պատահի»։ Կամ՝ Վարդանը «հանկարծ տագնապեց, ներքին ձայնը հուշեց նրան, որ թուրքն այնտեղ է: /…/ Մարգարեական պարգև՝ գիտեր որ ուներ, բայց էս դեպքում «սիրտ վկայելու» պես եղավ»։ Նույնը կարելի է ասել նաև համեմատությունների կամ հակադրությունների վրա հիմնված գեղարվեստական-պատկերային համակարգի մասին: Օրինակները շատ են, բերենք մեկ-երկուսը միայն. «Գյուղի ամենածեր մարդը՝ Սեպուհ պապը, /…/ սողաց դեպի գերեզմանոց: Սմքած ալևորը հողի մեջ այնպես էր կանգնած, կարծես այնտեղից էր աճել»։ Կամ՝ նորից պատերազմ էր սկսվել, Թերեզի որդին վճռել էր մեկնել Արցախ՝ կռվի դաշտ, նրա հղի կինը համաձայն չէր. «Թերեզը ամուսինների վեճի լուռ վկան էր: Չնայած շոգին՝ սարսռաց»:  Մտածողության այդ կերպով է բացատրվում նաև այն, որ գրողի հոգեբանական-պատկերային ձևակերպումները երբեմն նույնիսկ աֆորիստիկ բնույթ են ստանում: Այսպես՝ «Սերը առաջին հայացքից ճակատագիր է», «Երազանքը պետք է կատարվի ճիշտ ժամանակին: Երբ չես սպասում նրան, և նա հայտնվում է, դա արդեն երազանք չէ», «Առերևույթ լռությունը թվացյալ սպեղանի է, երբ ցավը խորն է»…

Մեր ժողովրդի ապագայի համար բախտորոշ նշանակություն ունեցող ներկա իրադարձությունները, անկասկած, ոչ միայն քաղաքական, գաղափարական, այլև հոգեբանական-գեղարվեստական քննարկում և լուսաբանություն են պահանջում: Եվ գրողները՝ Հայրենիքում թե Սփյուռքում, արձագանքում են այդ պահանջին բարձրորակ գրվածքներով: Ուրեմն սպասենք նաև Մարգարիտ Դերանցի նոր արդիաշունչ երկերին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.