«Լավ է ուշ, քան երբեք»,- ասում է ժողովուրդը: Վերջերս հայ հասարակությանը, նաև օտար դիվանագետներին ուղղված վարչապետի մտահոգ ելույթը սառը ցնցուղ էր աշնանային այս մառախլապատ օրերին: Ո՞վ է տեսել սուվերեն պետությունը պատերազմ չհայտարարի իր հարևան երկրի դեմ, սակայն կապիտուլյացիայի ենթարկվի: Սա զավեշտ է, թե ողբերգություն, չգիտեմ: Ո՛չ ներկաները, ո՛չ էլ նախորդներըը երբևէ չուզեցան ունկնդրել պատմաբաններին, մտավորականներիս, հասուն քաղաքական գործիչներին՝ այն, որ Ալիև-Էրդողան զույգին, Իսրայելին ու մյուսներին Հայաստանը պետք է առանց հայերի, վկան` և՛ 44-օրյա պատերազմը, և՛ սեպտեմբերի 13-ը: Այո՛, մեզ եղեռնի ենթարկելով, դեռ 1892 թ., սուլթանհամիդյան ջարդերից սկսած, ստիպեցին կուլ տալ՝ խեղճուկրակ, առանց պետականության, առանց հերոսների ու կենսաբանական տարածքի մնացած ազգի պարտվողական խայծը և հենց այդ ժամանակներից սկսած՝ փոխանակ միայն հաղթանակների մասին մտածելու ու գործելու, մենք սկսեցինք պաշտպանվել միայն կոտորածներից փրկվելու ծրագրերով… որը, կրելով զուտ պաշտպանողական ընդվզումներ, մեզ տարավ պարտությունների և մարդկային ու տարածքային կորուստների: Հիշեք զեյթունցիների, Վանի, Մուսա լեռան անպարտելի հաղթական պայքարը, նրանք որոշել էին չհանձնվել, հիշեք արցախյան ազատագրական շարժման 90-ականների պայքարը, գրեթե անզեն ու ֆիդայական ջոկատներով, հայերը հաղթանակ տարան, որովհետև որոշել էին հաղթել…
Լսելով բարբարոս ցեղերի կողմից հայերիս մասին տարածվող հերյուրանքները հազարամյակների մշակույթ ունեցող ազգի մասին՝ չեմ կարող լռել: Այո՛, անցյալ դարի սկզբներից ու նրանից հետո շարունակվող արտագաղթն ու ներգաղթը կրկին եկան հայ ազգին ասելու, որ ամեն ազգ իր կենսատարածքի վրա պետք է ապրի, ամուր պաշտպանված պահելով այն որպես ազգի գոյաբանական կենտրոնի: Չլսեցինք, չընդունեցինք, չհասկացանք ու մեր դրախտը տվեցինք օտար ազգերին, և տիեզերակարգ ստեղծողը մեզ չներեց: Ամեն տեղ ու ամենքի համար, աշխարհով մեկ կառուցեցինք արժեքավոր շինություններ, ստեղծեցինք գյուտեր, գտանք և օտարներին զինեցինք տիեզերական արբանյակներով, ինքնաթիռներով ու ռումբերով, մարդկությանն անսովոր իմաստնություններ (երբ սքանչելագործ ԱՆԻ քաղաքի գաղտնարաններում էզոթերիկ դպրոցներ էին գործում, մարդկության բառապաշարում այդ բառը նույնիսկ օգտագործելի չէր)… մեկի համար՝ գիր, մյուսի համար՝ տիեզերական տարածություններ, մեկի համար՝ գերգաղտնի զենքեր, եկեղեցիներ, կամուրջներ, դղյակներ… Հայաստանը որպես մասունք թողնելով լեռներին ի պահ և մեր հաղթանակի ուժը՝ օտարներին, ինչի մասին, որ նշել եմ վերում: Հայը պետք է արթնանա և վերադարձնի իր առաքելությունը, շատ ենք ուշացրել և մեր թափը տվել ողորմելի բարբարոսներին… 44-օրյա պատերազմից հետո 720 օր է անցել, իսկ եթե ժամերով գումարենք, պարզվում է` ոչինչ չենք արել մեր ինքնապաշտպանության համար, ընդհակառակը՝ թշնամին գրավել է տասնյակ հենակետային բարձունքներ և սողոսկել մեր ինքնիշխան տարածքները: 720 օրը քիչ չէր հայոց բանակը զինելու, զինվոր չկորցնելու համար, սակայն անբան ՀԱՊԿ-ի կեղծ խոստումներին և Պուտինի մոտ գառան դիմակով հանդես եկող ալիևներին ու լուկաշենկոներին հավատալով, առանց զենք ու զրահի խաղաղության հրովարտակ էր տարածում երկրիս վարչապետը: Այո՛, խաղաղությունը օդ ու ջրի նման էր անհրաժեշտ հատկապես հազարավոր զոհերի ու հաշմանդամների երկիր Հայաստանիս: Սակայն ախորժակը ուտելուց է բացվում, և Ալիևը ինչ ուզեց՝ ստացավ, ու մեկ քայլ անգամ չզիջեց, ընդհակառակը՝ Շուշիի գրավման օրը իր զինվորականներին ու ժողովրդին շնորհավորեց՝ ասելով, որ Վարդենիսը իրենց Բասարգեչարն է, իսկ Սևանը՝ իրենց Գյոկչան:
Վարչապետի ելույթը բացահայտ խոստովանություն էր մեր դիվանագիտական պարտության մասին, այո՛, բան չունեմ ասելու, անկեղծ էր, բայց դրանից, ասեք խնդրեմ` հայոց բանակը հզորացա՞վ, ազերիները վերադարձա՞ն ելման կետ, գերիներին վերադարձրի՞ն, արցախցիների կարգավիճակը լուծվե՞ց, այո՞… Իհարկե, ո՛չ: Վարչապետի նախազգուշական ելույթից հետո պետք է գումարվեր բարձրագույն ռազմական խորհրդի նիստ, ստուգելու մեր դիմադրողական ուժի օգտակար գործողության գործակիցը, կատարվեր շուրջօրյա աշխատանքի բաժանում, պետք է մեկ սեղանի շուրջ հավաքվեին բոլոր նախկին ու ներկա նախագահներն ու վարչապետները՝ հայոց պետականությունը փրկելու, Հայաստանը ռուս-թուրքական թատերաբեմ չդարձնելու համար: Անշուշտ, տագնապալից էր նոր ցեղասպանության հրահրման ալիևյան բարբաջանքների մասին վարչապետի ելույթը, ճիշտ է, սթափության կոչ էր՝ ուղղված բարեկամներին ու թշնամիներին, սակայն լավագույն խաղաղությունը հզոր սպառազինությունն է… Ի՞նչ է արվում, շատ կուզենայի, որ լիներ, ու մենք չիմանայինք…
Ալիևը դեռ իր գլխի գալիքը չգիտի, հայերիս մասին ամեն վայրկյան և ամենուր բարբաջում է վերջին նենգությամբ, դա համարելով այն ուժը, որն իրենց վաղը հաղթանակ է ապահովելու, իսկ իրեն՝ իշխանություն… Եվ գուցե ծանոթանա դարերի հիշողությունը՝ ով ձեռք է բարձրացրել Հայաստանի վրա, ավերվել է հիմնովին կամ տկարացել ավելի, քան հայերը… Փոխվել են դարի մտածողների ռազմավարությունները, հայերս էլ պետք է վերափոխվենք մեր մտածելակերպով, դառնանք ավելի ճկուն, արագ գործող, ավելի դիվանագետ: Նոր ժամանակներ են մոտենում, որոնեք ձեր ներսի քաջ ու իմաստուն հային և զորություն տվեք նրան` որպես ձեր հաջորդի, որ կարողանանք հաստատակամորեն ապահովել վաղվա հաղթանակները…
ՀԱՅԵՐԻՍ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԽԱԼԸ… / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ
