ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
թարգմանիչ, լրագրող
ՄԱԴԼԵՆ ԳԱՐԱԳԱՇՅԱՆԻՆ
ծննդյան 85-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Ռումինահայ ճանաչված գրող, թարգմանիչ, հրապարակագիր, Ռումինիայի և Հայաստանի գրողների միության անդամ Մադլեն Գարագաշյանը 85 տարեկան է: Ավելի քան կեսդարյա նրա գրական-լրագրողական կենսագրությունը ազգային ավանդույթներին, այս տարի 100-ամյակը բոլորած ռումինահայ համայնքի ներկային ու ապագային, մայր հայրենիքի հետ կապերի առավել սերտացմանն ու ժողովուրդների միջև մշակութային համագործակցությանը նվիրումի վառ օրինակ է: Մադլեն Գարագաշյանը դեռևս երիտասարդ տարիներից շուրջ երկու տասնամյակ եղել է Բուխարեստի «Նոր կյանք» հայերեն պարբերականի խմբագիրը, 2001-2018 թվականներին հրատարակել է «Հայերի հետ և նրանց մասին» վեցհատորյակը, խմբագրել և հրատարակել «Հայ անձնավորություններ Ռումանիայի արդի և ժամանակակից պատմության մեջ» հատորը: 1982-ից մինչ օրս Մ. Գարագաշյանի ռումիներեն թարգմանությամբ լույս են տեսել հայ դասական և ժամանակակից մի շարք գրողների գործերը, «Այստեղով է անցել Աստված» արդի գեղարվեստական արձակի անթոլոգիան, Վ. Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը:
Իր ստեղծագործական ծանրակշիռ վաստակի և ազդեցիկ գրական և մշակութային գործունեության համար Մադլեն Գարագաշյանը պարգևատրվել է Ռումինիայի, Հայաստանի մի շարք պետական, գրական և հասարակական կազմակերպությունների պատվոգրերով ու մեդալներով: Օրերս նա արժանացել է նաև Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալին:
Բոլոր գրողների անունից սրտանց շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ` մաղթում ենք նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Մադլեն Գարագաշյանը իր մշտատև երիտասարդական ավյունով կամրջում է Ռումինիան ու Հայաստանը: Նա սփյուռքահայ այն մտավորականներից է, ով իր կյանքը նվիրաբերում է հայ ժողովրդի մշակույթի զարգացման, տարածման ու աշխարհում նրա ճանաչողության կարևոր գործին: Այն քչերից, որ սեփական կենսափորձով հավասարապես ճանաչելով թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը` ամենօրյա իր ջանքով մոտեցնում է աշխարհասփյուռ հայերին` անկախ ապրելու վայրից: Ռումինական «Նոր կյանք» և «Արարատ», ինչպես նաև հայաստանյան «Հայրենիքի ձայն» պարբերականներում տարիներ շարունակ տպագրվել են նրա հետաքրքիր հոդվածներն ու հարցազրույցները:
Գրողների համահայկական ու օտարագիր հայ գրողների համաժողովներին նրա ներկայությունը առանձնակի երանգ է հաղորդում: Ամեն անգամ նա ներկայանում է մի նոր նախաձեռնությամբ` թարգմանությամբ, զեկույցով կամ հոդվածով: Բարձրարժեք են նրա թարգմանությունները հայերենից, ֆրանսերենից և անգլերենից, հոդվածները` խորունկ ու իմաստուն: Նա ոչ միայն Ռումինիայի հայկական համայնքի, այլև Սփյուռքի պատմության լավագույն գիտակներից է: Իբրև լրագրող` հանդիպել ու հարցազրույցներ է ունեցել շատ անվանի հայ գործիչների հետ: Նրա թարգմանությունների շնորհիվ ռումինացիները ծանոթացել են բազմաթիվ հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունների:
Թող տարիները նրա իմաստնությունն ավելացնեն, ու նա նույն եռանդով շարունակի հայրենանվեր իր աշխատանքը` հանուն հայ և ռումին ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման, աշխարհում մեր գրականության ու արվեստի ճանաչողության:
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
«Հայ անձնավորություններ
Ռումանիայի արդի և ժամանակակից պատմության մեջ» գիրքը
«Հայ անձնավորություններ Ռումանիայի արդի և ժամանակակից պատմության մեջ» գիրքը Մադլեն Գարագաշյանին բնորոշ արհեստավարժ ու հաստատ ապացույցն է անժխտելի մի իրողության. Ռումինիայի բախտորոշիչ ժամանակին հայ համայնքը ներկա է եղել իր հերոսների և զոհերի շնորհիվ, սկսած քառասունութական Հակոբ Մելիքից մինչև Մոլդովայի և Վալահիայի հայ միացումամետ ազնվականությունը, Միհաիլ Չերկեզ հայ գնդապետից, ում` անկախության պատերազմի ընթացքում որպես օսմանյան բանակի պարտության ապացույց` Օսման փաշան հանձնեց իր թուրը, Մըրըղեշտի ճակատամարտի (1916) հերոսաբար զոհված լեգենդար Պրունկուից, ազգային դպրոցի հիմնադիր Գեորգե Ասակիից, փիլիսոփա Վասիլե Կոնտայից, վիրաբույժ պրոֆեսոր դոկտոր Յակոբ Յակոբովիչից մինչև Աշխատանքի նախարարության վերակառուցող` Գրիգորե Տրանկու-Յաշ: Անձնավորությունների երկար շարանը անժխտելի ապացույց է, որ հայ համայնքը կարևոր մասնակցություն է ունեցել Ռումինիայի պատմությանը:
Այս բոլորին միանում են մշակույթի, գիտության հանրահայտ անուններ, ինչպիսիք` ակդեմիկոս, բժշկուհի Աննա Ասլան, երաժշտագետներ Միհայլ Ժորա և Էմանոիլ Չյոմակ, նկարիչ Չիկ Դամադյան, քանդակագործ Յոանա Քասարճյան, գրականագետ Կարապետ Իբրաիլյանու, բանասեր Հ. Ճ. Սիրունի, Արամ Ֆրենգյան, երաժշտության փայլուն մանկավարժ Կարապետ Ավագյան, բժիշկ գիտնականների ուսուցիչ, պրոֆ. Գրիգոր Փամբուկչյան, հռչակավոր փաստաբան Հուրմուզ Ազնավուրյան, կոնպոզիտոր Սերջյու Մալագամբա, էստրադային նվագող Անդա Կըլըգըրյանու, աշխարհահռչակ օպերային երգիչ Դավիթ Հովհաննիսյան և շատ ուրիշներ, որոնց ծանոթացանք այս գրքի էջերում: Իհարկե, նրանց միանում է Ամենայն Հայոց կաթողիկոս և գերագույն Պատրիարք Վազգեն Ա-ն, իր կենդանության ընթացքում առասպել դարձած մի դեմք, որը հայ ժողովրդի Պանթեոնում իր պատվավոր տեղն ունի:
Գրքում ներկայացված է Ռումինիայի Հայոց Միության նախագահ, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի Գրողների միության առաջին փոխնախագահ, տնտեսագետ, քաղաքագետ, տաղանդավոր գրող Վարուժան Ոսկանյանը: Շատ են այժմ Ռումինիայում ապրող հայ անվանի գործիչները. դոկտոր Յոն Ասլանյան, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, մաթեմատիկոս Վարուժան Փամբուկչյան, աշխարհահռչակ ջութակահար Վարուժան Կոզիկյան, բժիշկ-վնասվածքաբան Քրիստեան Շտեֆան, կոմպոզիտոր Գաբրիել Դեդեյան, սրբանկարիչ Հայկ Ազարյան, ինժեներ Միհայել Քիրքոր, երգչուհի Կորինա Քիրիակ: Կան նաև այնպիսի ռումինահայեր, ովքեր այժմ բնակվում են այլ երկրներում, ինչպես` Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Փամբուկչյանը և այլք:
Հայ անձնավորությունների այս ծաղկեփնջի հեղինակ Մադլեն Գարագաշյանը հանրահայտ լրագրող է, որի գործունեությունը անցել է վեց տասնամյակից: Նրա բազմաթիվ հոդվածներին, հաղորդումներին ու հրապարակումներին ավելացել են վեց հատոր հարցազրույցներ` «Հայերու հետ, հայերու մասին», ինչպես նաև մի շարք թարգմանություններ ֆրանսերեն ու հայ գրականությունից: «Հայ անձնավորություններ Ռումանիայի արդի և ժամանակակից պատմության մեջ» գիրքը հայ ժողովրդին ծառայելու կյանքի պսակավորումն է, որին նա պատկանում է արյան ձայնով և կյանքի խորհրդով` միաժամանակ ապրելով այն միջավայրում, որին հոգեպես կապված է և հարստացնում է:
Գրքի կազմին գրված է ակադեմիկոս Նիկոլայե Յորգայի 1923 թ.-ին Փարիզի Հայերի միությունում կարդացած դասախոսությանից մի հատված. «Ռումինիայի հայերին բնորոշ են երկու դժվար և նուրբ պարտականություններ. մեկը վերաբերում է իրենց ազգին և կրոնին, որը երբեք չեն մոռացել, երկրորդը` որ նրանք չեն մոռացել իրենց պարտականությունը իրենց նախնիների ու զավակների, ինչպես նաև այն երկրի նկատմամբ, որտեղ վաղուց են հաստատվել: Նրանք եղբայրներ են մեզ համար` լավ եղբայրներ, և միաժամանակ` լավ զավակներ: Ես չգիտեմ ավելի ազնիվ գնահատանք մեծ, դժբախտ ազգի, որը պահպանել է իր բարոյական գանձարանը, բայց չի կարողանում վերակառուցել և բարձրացնել իր հայրենիքը այն աստիճանի, որին նա ընդունակ է»:
Հակոբ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հայաստան-Ռումինիա
բարեկամության ընկերության նախագահ