ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Թեհրան` «Զիբայի» կանչով…
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով Թեհրանում էի` մասնակցելու Երևանում իմ թարգմանությամբ լույս տեսած («Էդիթ-պրինտ» հրատարակչություն) «Զիբա, կանչիր ինձ» վեպի շնորհանդեսին (հեղինակը` անվանի մանկագիր Ֆարհադ Հասանզադեն, առաջադրված է Անդերսենի մրցանակի` փոքր Նոբելի) և Իրանի թարգմանիչների միության մրցանակաբաշխությանը, որի միջազգային բաժնում, ի շարս բազում օտարազգիների, ներկայացված էր նաև նվաստս: Մրցանակի արժանացան երկու երկրի ներկայացուցիչները` Լեհաստանի և Հայաստանի: Տոնականորեն զարդարված դահլիճի բեմ հրավիրվեցին այդ երկրների դեսպանատների ներկայացուցիչներն ու մրցանակակիրները: Ներկաները անհամբերությամբ սպասում էին «Իրանի լավագույն թարգմանիչ» մրցանակաբաշխության արդյունքներին, որի հանրային քվերակությունը դեռ մեկ ամիս առաջ նախաձեռնել էր Իրանի թարգմանիչների արհմիությունը: Մրցանակաբաշխության այս բաժնում ընդգրկված էր նաև իրանահայ վաստակաշատ թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանի անունը: Երբ Իրանի գրական հասարակայնությանը քաջածանոթ և սիրված թարգմանիչները` Էլահե Շամսնեժադը, Լիլի Գոլեստանը երրորդ և երկրորդ մրցանակներին արժանացան, ներկաները տարակուսեցին` ո՞վ է լինելու առաջինը: Իսկ հանդիսավարը բացում է ծրարն ու հոտնկայս ծափահարող ժողովրդին հայտնում հաղթողի անունը` ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և, վերջապես, թարգմանիչ` Անդրանիկ Խեչումյան: Ապա և հավելում. «Շնորհակալ ենք, որ նա ավելի քան երեսունյոթ դասական և ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունները թարգմանաբար ներկայացրել է մեր ընթերցողին` էլ ավելի հարստացնելով մեր գրականությունը և էլ ավելի ամրացնելով երկու հարևան և բարեկամ պետությունների մշակութային կապերը: Նրա ջանքերի շնորհիվ իրանցի թատերասեր հասարակությունը ծանոթացել է հայ դասական և արդի դրամատուրգների լավագույն պիեսներին, որոնցից շատերը բեմադրվել ու բեմադրվում են իրանական բեմում»: Ի դեպ, Անդրանիկ Խեչումյանն իր թարգմանական աշխատանքների համար հայրենիքում արժանացել է Գրողների միության «Կանթեղ», Թատերական ընկերության «Արտավազդ» մրցանակներին և ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալին»: Հիրավի անսպասելի և մեծ հաջողություն հայազգի թարգմանչի համար` լավագույնը ճանաչվել ավելի քան ութսուն միլիոն բնակչություն և մշակութային հնագույն ու հարուստ ավանադություններ ունեցող մի երկրում: Միայն ափսոս, որ ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանի դեսպանությունը ներկա չէր և չտեսավ հայրենի գրի ու գրականության գնահատումն ու մեծարումը: Ավաղ նույնը կրկնվեց «Գրքի շաբաթվա» վերջին` շնորհանդեսի օրը:
Իրանցիները ընդամենը երկու երկրի էին այդ պատիվը արել` իրենց երկու հարևաններին` Հայաստանին (մեկ գիրք) և Թուրքիային (տասնչորս գիրք): Թուրքերեն թարգմանված գրքերի թիկունքում հպարտորեն կանգնեցին Իրանում Թուրքիայի դեսպանը, առաջին քարտուղարը, դեսպանատան մյուս պաշտոնյաները: Իհարկե, դատարկ չմնաց նաև հայերեն թարգմանված և Հայաստանում տպագրված գրքի թիկունքը: Գրքի հեղինակից և թարգմանչից բացի, բեմ բարձրացան օրվա բանախոսը` լեզվաբան Անդրանիկ Սիմոնյանը, Իրանի մշակույթի նախարարության մշակութային կազմակերպությունների և գործունեության գլխավոր վարչության պետ պարոն Ալի Ֆերեյդունին, նրա առաջին տեղակալ պարոն Ալիռեզա Նուրիզադեն, Թարգմանիչների միության նախագահ պարոն Արբաբին և այլք: Եվ շնորհիվ մեր պարսիկ բարեկամների հիրավի ջերմ ու անկեղծ վերաբերմունքի, հայերեն գրքի շնորհանդեսը իրոք վերածվեց մշակութային տոնի:
Շնորհակալություն, «Զիբա՛», գեղեցիկ կանչի համար:
Գևորգ ԱՍԱՏՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։