Հայապահպանությամբ մտահոգ

Սեպտեմբերի 22-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գրող Էդիկ Բաղդասարյանի (Կանադա) հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բնութագրելով պատմության գիտակ Էդիկ Բաղդասարյանին իբրև հազվադեպ աշխատասեր անձնավորության, նշեց, որ նրա գրքերում և՛ պատմության խորքերն են, և՛ ժամանակակից պատմությունը, և՛ քարտեզագրությունը, և՛ ցեղասպանության թեման: «Իրանահայ է, ապրելով Կանադայում, շարունակում է իր գործը հայրենիքից հեռու, բայց հայրենիքի պատմության ու ներկայի և հատկապես ապագայի մեջ»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը:
Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, ով նաև վարում էր հանդիպումը, ներկայացրեց հյուրին՝ տեղեկացնելով, որ նա հրատարակում է «Լույս» հասարակական-մշակութային երկշաբաթաթերթը և առավելապես գիտական ուղղվածությամբ «Ապագա» հանդեսը: Հեղինակել ու թարգմանել է 138 գիրք, գրել է հայոց պատմության, մշակույթի, ինչպես նաև տեխնիկական գիտությունների վերաբերյալ 200-ից ավելի հոդվածներ:
Ըստ պ. գ. դ., պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի՝ Էդ. Բաղդասարյանը գրում է նաև անգլերենով ու մեր հարցերը օտար ընթերցողին ներկայացնում այնպես, ինչպես իրականում կա, հերքում ադրբեջանական հերյուրանքները հայկական լեռնաշխարհի վերաբերյալ:
Հայաստանի ազգային արխիվի աշխատակից Աստղիկ Հակոբյանը անդրադարձավ Էդ. Բաղդասարյանի «Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» տասհատորյակին, որը ուսումնասիրողի համար յուրահատուկ սկզբնաղբյուր է, ինչպես նաև պարսիկ ընթերցողին է ծանոթացնում իրանահայության ստեղծած արժեքները:
Ելույթ ունեցան նաև թարգմանիչ Արմինե Ղազարյանը, Էմմա Բեգիջանյանը, Մովսես Քեշիշյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ և իր գործունեությանն անդրադարձավ Էդիկ Բաղդասարյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։