ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Նահապետի աշունը» խորագրով հուշ-երեկո` նվիրված անվանի գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Երեկոյի կազմակերպիչն էր Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որին դեռ երիտասարդ տարիներից անդամակցում էր անվանի մտավորականը: Ներկա էին գրողի ընկերները, ընտանիքի անդամներն ու ընթերցասերներ Հայաստանից և Սփյուռքից:
Երեկոյի ընթացքում ներկայացվեց Ռուբեն Հովսեփյան գրողը, թարգմանիչը, համազգայնականն ու կուսակցական ընկերը, մտավորականը, հայ մարդը` Նահապետը: Խորագրի ընտրությունը պատահական չէր` Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը հայ ընթերցողին հասանելի է դարձել նրա թարգմանությամբ:
Համերգային կատարումներով հանդես եկան Արմենուհի Սեյրանյանը (սոպրանո, ՀՀ վաստ. արտիստ), Պերճ Քարազյանը (տենոր, ՀՀ վաստ. արտիստ), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Անդրանիկ Մալխասյանը (բարիտոն), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Հայկազ Կարապետյանը (ալտ), նվագակցեց ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը: Ռ. Հովսեփյանի «Նռներ» պատմվածքների ժողովածուից հատվածներ ընթերցեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի դերասաններ Արման Նավասարդյանը և Տաթև Ղազարյանը: «Արտ Սինեմա» մենակատարների համույթը (գեղ. ղեկավար` Աշոտ Խոյեցյան) ներկայացրեց Տիգրանի Մանսուրյանի ստեղծագործություններից:
Համազգայինի Հայաստանի գրասենյակ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։