Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Նահապետի աշունը» խորագրով հուշ-երեկո` նվիրված անվանի գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Երեկոյի կազմակերպիչն էր Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որին դեռ երիտասարդ տարիներից անդամակցում էր անվանի մտավորականը:
Ելույթ ունեցան Վիգեն Թուֆենքչյանը (Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ, դոկտոր), Էդվարդ Միլիտոնյանը (Հայաստանի գրողների միության նախագահ), Արտաշես Շահբազյանը (ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու) և Դավիթ Մուրադյանը (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր): Նրանք ներկայացրին Ռուբեն Հովսեփյան գրողին, թարգմանչին, համազգայնականն ու կուսակցական ընկերոջը, մտավորականին, հայ մարդուն` Նահապետին: Խորագրի ընտրությունն էլ պայմանավորված էր հենց այս հանգամանքով: Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը հայ ընթերցողին հասանելի է դարձել հենց նրա թարգմանությամբ:
Դահլիճը բազմամարդ էր: Ներկա էին գրողի ընկերները, ընտանիքի անդամներն ու ընթերցասերներ Հայաստանից և Սփյուռքից:
Մշակութային այս ձեռնարկին իրենց բացառիկ կատարումներով հանդես եկան Արմենուհի Սեյրանյանը (սոպրանո, ՀՀ վաստ. Արտիստ), Պերճ Քարազյանը (տենոր, ՀՀ վաստ. Արտիստ), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Անդրանիկ Մալխասյանը (բարիտոն), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Հայկազ Կարապետյանը (ալտ), նվագակցեց ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը:
Ռ. Հովսեփյանի «Նռներ» պատմվածքների ժողովածուից հատվածներ ընթերցեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի դերասաններ Արման Նավասարդյանը և Տաթև Ղազարյանը:
«Արտ Սինեմա» մենակատարների անսամբլը (գեղ. ղեկավար` Աշոտ Խոյեցյան) ներկայացրեց Տիգրանի Մանսուրյանի ստեղծագործություններից («Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտություն):
Լուսանկարները՝ Գերման Ավագյանի
Համազգայինի Հայաստանի գրասենյակ