Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Վահագն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի անկախության հերթական տարեդարձի և Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի նախօրեին դժվար էր «նվեր» ակնկալել, բայց, երևի իզուր, չպետք է մոռանայինք, թե ով է մեր թիվ առաջին բարեկամը: Իրոք, «նվեր», առավել ևս, որ համաժողովի չորս ուղղություններից մեկը հայապահպանության հիմնախնդիրներն էին, հայապահպանության հիմքերի հիմքն էլ, ինչքան ես հասկանում եմ, հայոց լեզուն է: Ճիշտ է, մի քանի ամիս առաջ հյուսիսից հնչած թելադրանքը՝ ռուսերենը Հայաստանում հռչակել պետական լեզու, մերժվեց, բայց դա մեր իշխանությունների կողմից երևի այնքան անձնուրաց, խելացնոր խիզախություն էր, որ հատուկ կարգավիճակը գալիս է մեղքը մասնակիորեն քավելու: Հատուկ կարգավիճակը, իհարկե, պետական լեզու չէ, բայց միայն առաջին հայացքից: Նախ՝ ռուսերենը հանված է օտար լեզուների ցանկից, իսկ երբ ծանոթանում ես այդ «ազգանվեր» նորամուծության պաշտոնական հիմնավորումներին՝ համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու, գիտության և մշակույթի համաշխարհային նվաճումներին հաղորդակից լինելու, մեր քաղաքացու մրցակցային հնարավորությունները բարձրացնելու, մասնագիտական հմտություններ ձևավորելու և սատանան գիտե, թե էլի ինչ մտավարժանքներին, դժվար է այլ բան մտածել, բացի այն, որ հայերենն այսուհետ աղբանոց նետելու բան է, թերուսների լեզու, սոսկ կենցաղային պարզունակ հաղորդակցության միջոց: Այլ խոսքով՝ բացառիկ ողորմելի որոշում, բացառիկ անհեթեթ հիմնավորումներով: Աշխարհը, այդ թվում և ռուսները գիտության և մշակույթի համաշխարհային նվաճումներին հասու լինելու համար անգլերեն են սովորում, մեզ պարտադրվում է ռուսերենը: Նախկին խորհրդային ժողովուրդներից ամենահին գիր ու գրականություն ունեցողն ենք, բայց հենց մենք ենք պարբերաբար ռուսերենը պետական լեզու դարձնելու, ազգովին ռուսախոս դառնալու պարտադրանքի առաջ կանգնում:
Պատճառների մասին, թերևս, ավելորդ է երկար-բարակ խոսել, իսկ երկու բառով ասած՝ սա մեր շուրջ երկու հարյուրամյա խորացած ստրկամտության հետևանքն է: Մեր դժբախտությունը միայն մեր թշնամիները չեն, այլև այն, որ մեր բարեկամը Ռուսաստանն է, բայց ե՞րբ ու ինչպե՞ս ենք փրկվելու նրանց հայազգի կամակատարներից: Որոնց թեթև ձեռքով ռուսերենի խորացված ուսուցումը, սա էլ չմոռանամ, սկսվելու է նախադպրոցական տարիքից: Փառք Աստծու, չի ասված օրորոցից, բայց դրա ժամանակն էլ կգա, երբ մայրեր ու հայրեր կդառնան ռուսերենը նախադպրոցական տարիքից ուսանածները: Այնպես որ, ինչքան հասկանում եմ, հայերեն գրելն անիմաստ կդառնա (կա՛մ պետք է ռուսերեն գրել, որպեսզի հայ գրող համարվես, կա՛մ առնվազն ընթերցող ունենաս), ապագա համաժողովների կազմակերպիչն էլ լինելու է Սփյուռքը (ռուսաստանյան Սփյուռքը բացառած)՝ որպես հայապահպանության վերջին պատվար:
Ինձ թվում էր` արդեն ավարտել եմ մտորումներս, բայց հիշեցի, որ Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին մեզ ամենաբարձրից պատգամվել է լավատես լինել՝ լավատեսությունն է հաջողությունների, հաղթանակների բանալին հիմնավորումով: Անսալով այդ պատգամին՝ ես ահա ջանում եմ լավատես լինել և հուսալ, որ Հայաստանն ու հայերիս վերջնականապես ռուսական կրնկի տակ դնող այս ծրագիրը երկար կյանք չի ունենա: Ինչո՞ւ չէ: Առ այսօր Հայաստանում տապալվել են բոլոր հայանպաստ ծրագրերը, թող մի անգամ էլ ազգադավ ծրագիրը տապալվի:

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Մեր լեզվին առնչվող հարցերի շուրջ հասարակության զգայուն վերաբերմունքը միանգամայն ողջունելի է: Մասնավորապես, լիովին տեղին ու օրինաչափ էր ռուսերենը որպես պետական երկրորդ լեզու ընդունելու վերաբերյալ շրջանառվող լուրերի առաջացրած ընդվզումն ու զայրույթի ալիքը, որ համընդհանուր էր և այլ կերպ չէր էլ կարող լինել: Բարեբախտաբար, լուրերը սուտ դուրս եկան, թեև մտահոգիչ է մնում այն հարցը, թե ո՞վքեր և ինչո՞ւ են նման լուրեր տարածում: Մի բան պարզ է՝ ոչ երբեք բարի ու ազնիվ նպատակներով…
Գրեթե նույնպիսի դժգոհություն ու բողոք կա նաև հիմա՝ ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման մասին Կրթության նախարարության նոր հայեցակարգի առնչությամբ: Բայց սա արդեն ասեկոսեների ոլորտից չէ. կա, օրերս հրապարակվել է փաստաթուղթը, կարելի է ինչպես հարկն է ծանոթանալ, հասկանալ՝ ինչն ինչոց է, որքանո՞վ են նրա դրույթները հիմնավոր ու ընդունելի, որևէ վտանգ պարունակո՞ւմ են, չե՞ն վիրավորում արդյոք մեր ազգային արժանապատվությունը…
Ես ծանոթացա հայեցակարգին ու, անկեղծ ասած, հիմա մի քիչ չափազանցված, ինչ-որ տեղ արհեստական եմ համարում վրդովմունքի ներկայիս ալիքը: Վստահ եմ, եթե հայեցակարգը նույն այդ դրույթներով լիներ ընդհանրապես օտար լեզուների ուսուցման վերաբերյալ, նման արձագանքի չէր արժանանա, չէր հնչի, ըստ իս, անտեղի հարցը՝ ինչո՞ւ հենց ռուսերենը (թեև նախարարը պարզ հայտարարեց, որ այժմ նման հայեցակարգեր են մշակվում և այլ լեզուների ուսուցման վերաբերյալ, ու նաև հարկ համարեց ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության օրենքով մեր պետական լեզուն հայերենն է, և այդ օրենքը ո՛չ մի փոփոխության ենթակա չէ, այն մեր անկախության կարևոր նվաճումն է»): Բայց, անկա՛խ դրանից, ինչպես ասում են, ծուռ նստենք ու, առանց Ռուսաստանի հանդեպ մեր համակրանքներն ու հակակրանքները մեջտեղ հանելու, շիտակ խոսենք. այդ ո՞ր երկրի հետ են մեր առևտրատնտեսական, մշակութային կապերն ու առնչություններն ավելի լայն ու այնքան սերտ, ինչպես Ռուսաստանի, մի այլ երկրում ունե՞նք հայահոծ այնքան համայնքներ, որքան այնտեղ, և վերջապես, գործազուրկ, կարիքի բեռան տակ կքած մեր հայրենակիցներն առաջին հերթին որտե՞ղ են աշխատանք փնտրում ու հիմնականում գտնում, կարողանալով իրենց ընտանիքների, երբեմն և մերձավորների կարիքները հոգալ (ընդ որում, ի տարբերություն ԱՄՆ մեկնողների, Ռուսաստան մեծ մասամբ գնում են ժամանակավոր): Չմոռանանք և Հայաստանի Եվրասիական տարածաշրջանում գտնվելու հանգամանքը, որտեղ միջհաղորդակցային լեզուն ռուսերենն է և, բնականաբար, թե՛ բանակցությունների, թե՛ պաշտոնական գրությունների մեջ մեծ ծավալ է կազմում… Եվ ուրեմն, մի՞թե անտրամաբանական է, որ բոլոր լեզուների մեջ ռուսերենի իմացությունն ավելի կարևոր, ինչ-որ տեղ առաջնային է մեզ համար, անշուշտ, անգլերենի հետ միասին, առանց որի անհնար է պատկերացնել և՛ պետական, և՛ անհատական մեր հարաբերությունները դրսի աշխարհի հետ: Բայց պետք չէ երբեք մեկը մյուսին հակադրել. ո՛չ մի լավ բան չկա նրանում, որ, տարված հիմնականում անգլերենով, մեր երիտասարդության մեծ մասն այսօր բավարար չափով չի տիրապետում ռուսերենին ու Ռուսաստանում կամ նախկին խորհրդային որևէ հանրապետությունում հայտնվելով, անկասկած, հաղորդակցվելու հետ կապված լուրջ խնդիրներ է ունենում…
Փորձենք նաև հասկանալ՝ այս փաստաթուղթը մեզ համար որևէ վտանգ պարունակո՞ւմ է: Գիտեմ, ոմանք անբացատրելի ատելություն են տածում ռուսական ամե՛ն ինչի հանդեպ, և վե՛րջ: Երևի նրանց ընդամենը պիտի հիշեցնել, որ թշնամու լեզուն լավ իմանալը շատ կարևոր է: Իսկ ովքեր անկեղծ մտահոգություններ ունեն, նրանց հիմնական անհանգստությունը կարծես թե այն է, որ ռուսերենը, մանավանդ խորացված ուսուցմամբ դպրոցներում, աստիճանաբար կարող է գերիշխող դառնալ և՝ ի հաշիվ հայերենի՛, նաև կարող է ինչ-որ տեղ խաթարել աշակերտների լեզվամտածողությունը: Ըստ իս, շատ քիչ է նման վտանգի հավանականությունը, որովհետև նախ՝ ժամանակներն հիմա բոլորովին այլ են, ու հազիվ թե ծնողներն առաջվա պես կենաց-մահու խնդիր դարձնեն իրենց երեխաների համար ռուսական կրթություն ապահովելը (ինչպես 70-80-ական թվականներին էր): Այլևս աշխարհից կտրված, հսկա մի երկրում բանտված չենք, բարեբախտաբար, գոյություն չունի երկաթե վարագույր կոչվածը, այլընտրանքներ կան, նաև ուրիշ լեզուների մեջ խորանալու անհրաժեշտությո՛ւն ու հնարավորությո՛ւն կա հիմա (որքան գիտեմ, մեր որոշ դպրոցներում ու բուհերում արդեն նաև ճապոներեն ու չինարեն են սովորում): Բացի այդ, ռուսերենի խորացված ուսուցումը նախատեսվում է ավագ դասարաններում միայն, աշակերտների կողմից ամբողջ տասը տարի բոլոր առարկաները մայրենիով յուրացնելուց հետո: Իսկ այս պարագայում լեզուները ոչ միայն չեն խանգարում, այլև «օգնում», փոխհարստացնում են իրար…
Իսկ եթե կուզեք, մեզ ամենից առաջ հենց հայերենի՛ խորացված ուսուցում է պետք ու համապատասխան հայեցակարգ, որովհետև վերջին 20-25 տարիներին հայոց լեզուն ու գրականությունը (ասենք, մյուս առարկաները ևս) ինչպես հարկն է չեն ուսուցանվում, ու մեր հրաշալի, հարուստ, ճկուն լեզուն իր ողջ հմայքով, անսպառ հնարավորություններով (թող ինձ ների Հրանտ Բագրատյանը) չի տրվում մեր աշակերտներին, լիովին չի բացահայտվում նրանց համար: Եկեք մտածենք նախ այդ մասին, ոչ թե ամեն ինչ տեղի-անտեղի քաղաքականացնելով, մեր օգուտն ու վնասը մոռանալով, ինչպես հաճախ է պատահում, տանուլ տանք կարևորն ու անկարևորը միասին:

Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մենք՝ հայերս, սովոր ենք մեզ պատուհասած դժբախտությունները արտածել Աստծուց ու արտաքին հանգամանքներից, բայց ո՛չ երբեք մեր ասածի ու արածի, այլև մտածածի անհամատեղելիությունից: Մեր խոսքն ու գործը իրարից այնքան են տարբեր ու տարամիտված, որքան որ մարդուս ամբողջականության այս զույգ բևեռներն իրար կամրջող բանախոհական մեկնակետն ու հենապատվարը: Ասել կուզի՝ մենք կիսված ենք, երկփեղկված ու տարակայացված, եթե չասենք, որ ինքներս մեզ հետ ու մեր դեմ ենք կռիվ տալիս: Սա գալիս է հայ մարդու սեփական անլիարժեքության գիտակցումից, որ բնավորվել է մեր մեջ Աստծուց ու հանգամանքներից անկախ:
Հայոց լեզվի արժանիքների ու պակասների շուրջ մերձգիտական պատեհապաշտների ու սիրողական շրջանակներից ասպարեզ նետված հերյուրանքների ու շահատակությունների թիկունքում ի սկզբանե պարզորոշ տեսանելի էին լեզվագիտական շահից տարբերակն հայտորեն այլ նպատակ հետապնդող շահառուների ականջները: Հայոց լեզվի անվերապահ գերակա կարգավիճակը դույզն-ինչ կասկածի տակ դնող՝ թեկուզ առերևույթ, թեկուզ բացարձակ ստահոդ ցանկացած հոդաբաշխ խոսք, առավել ևս գործողություն կամ դրա նմանակում մերժելի է՝ անգամ եթե դա արվում է ամենաբարի նպատակներով կամ գովաբանյալ հայի հետին մտքի հեռահաշվարկով: Մեր ո՛չ օրհներգը, ո՛չ էլ զինանշանը, ո՛չ նույնիսկ դրոշը հարյուր տոկոսանոց հայկականությամբ չեն փայլում, բայց դա բնավ փույթ չէ: Դրանք արտաքին խորհրդանիշեր են՝ պայմանականություններ և հետևաբար՝ փոփոխության ենթակա: Լեզուն, սակայն, մեր ինքնության միակ և անօտարելի միջնաբերդն է՝ սրբություն սրբոցը, բոլոր տեսակի կրոնա-քաղաքական տուրևառություններից վեր կանգնած ու ինքնակա: Դա մեր ինքնապաշտպանության վերջին ատյանն է, նվիրական թաքստոցը, որին եթե, Աստված մի՛ արասցե, քննախոսական շունչը դիպավ, անկանխատեսելի զարգացումների դեմն առնել այլևս դժվար կլինի, եթե ոչ անհնար, մանավանդ որ հարվածը մի՛շտ էլ անսպասելի տեղից է հասցվում՝ անմատչելի, այլև անսակարկելի սրբատեղիից: Սա ա՛յն է, ինչի մասին բոլորը, և առաջին հերթին ճարահատյալ հայրենասերները գերադասում են լռել, մանավանդ որ գիտեն էլ, թե որտեղ է վտանգը դարանակալած. մեզ պարտադրված կենցաղավարության կերպի, մեր կենսաձևի վերացարկված, հոգեխորթ ու ժամանակավրեպ տեղանքներում, ուր, մի անզգույշ քայլ ևս, և ողջ հոգևոր բովանդակությունը վերանալու վրա է:
Հանգամանքների բերմամբ հայախոս հանրույթի ճակատագիրը որոշող գերհավակնոտ առանձնյակների անհոդաբաշխ թոթովանքները պարզաջրելու և նրանց այլազան բիզնես ծրագրերից Հայոց լեզուն զերծ պահելու նպատակով, կարծում եմ, Հայաստանում պետական լեզու պետք է հռչակել գրաբարը, որպեսզի ոչ ոք չկարողանա և չփորձի անգամ ծղրտալ…

Նարինե ԿՌՈՅԱՆ

Հայաստանը ազատ, ինքնիշխան պետություն է (գոնե՝ դե յուրե), և ըստ երկրի Հիմնական օրենքի՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է (հոդված 12):
Իհարկե, ՌԴ-ում ինձ նմանների ընդդիմադիր կեցվածքը կարող են ազգայնամոլություն որակել՝ մոռանալով, որ այսօր էլ, իր պերմանենտ կայսերական նկրտումներին անդավաճան, շարունակում է դիվանագիտական և անգամ բացահայտ ահաբեկումների միջոցով՝ կապված իրեն ձեռնտու ղարաբաղյան պատերազմի հերթական սրացումը հրահրելու սպառնալիքի հետ, ստորադասել մեր (նաև երբեմնի խորհրդային երկրների և ժողովուրդների) իրավունքներն ու անկախությունը սեփական գերադասության ակնհայտ քաղաքականությամբ:
Ուզում եմ այնուամենայնիվ նաև օբյեկտիվ լինել և ասել, որ ես կհրաժարվեի իմ վերոնշյալ տեսակետից, եթե Հայաստանում ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալու համար իսկապես օբյեկտիվ պատճառներ լինեին, որոնք են, մասնավորապես, ազգությամբ ռուս կամ ռուսալեզու ազգաբնակչության տեսակարար կշռի առկայություն-գերակայությունը բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ: Սակայն իրականությունը հետևյալն է (տվյալները պաշտոնական են)՝ ՀՀ այդպիսի քաղաքացիները ընդհանուրի մեջ ընդամենը 0,1% են կազմում:
Այս փաստն անտեսել հնարավոր չէ:
Ղազախստանում այդպիսի բնակչությունն ընդհանուրի մոտ 1/3 մասն է կազմում, և իրեն ժողովրդավար հռչակած սույն պետությունը պարզապես պարտավոր էր ռուսաց լեզվին շնորհելու պետական լեզվի կարգավիճակ:
Մեր հիմնավորումը ո՞րն է:
ԵԱՏՄ տնտեսական տարածքում միալեզու փաստաթղթաշրջանառության անհրաժեշտության պատճառով իմ երկրում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալը, մեղմ ասած, թույլ փաստարկ է:
Չեք համոզի:
Սակայն հարկ եմ համարում նշել նաև, որ ռուս ժողովրդի, նրա ստեղծած մշակույթի և հատկապես ինձ համար իրապես թանկ ռուս գրականության նկատմամբ իմ վերաբերմունքն այլ է: Գրականությունը, իրական մշակույթը հեռու են պետական մեքենայի իմպերիալիստական կոշտ քաղաքականությունից, որ այսօր իրականացնում է ՌԴ իշխանական համակարգը մեր՝ իր դաշնակցի (նույնիսկ ծիծաղելի է) նկատմամբ:
Այսքանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։