Նարեկացիական այս ոգին իր հասցեատերն ունի

Սեպտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ պոեզիայի երեկո` նվիրված Հրաչյա Թամրազյանին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Հ. Թամրազյանին ճանաչել է վաղ տարիքից, ով պոեզիա էր մտել մաքուր, հնչեղ, կազմակերպված խոսքով, վստահեցրեց, որ նրա ստեղծագործությունները մեր պատմության մեջ մշտապես լինելու են ու հնչելու են: «Արդեն սկզբից բանաստեղծական դասական չափերի մեջ, դասականության ոգով, բայց նաև վերապրած իր կյանքի, իր փորձի պատմությունը»,- այսպես բնորոշեց Հ. Թամրազյանի պոեզիան Էդ. Միլիտոնյանը և անդրադառնալով նարեկացիագիտության մեջ, գրահրատարակչական ասպարեզում ու Մատենադարանում ծավալած նրա գործունեությանը` նշեց, որ այդ ամենը գալիս, գումարվում ու մի հրաշալի կերպար էին ստեղծում: «Նրա բանաստեղծությունները թվում է, թե արտաքո իրար նման են, մանավանդ բառային ատաղձը հիմնականում նույնն է` կարոտ, մշուշ, խավարում, աստղ, որոնում, բայց ամեն բանաստեղծություն յուրովի ինքնատիպ է»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և ցավով նշեց, որ Փարիզում գրված բանաստեղծություններում հայտնվում են բառեր, որոնք խիստ իրական են` դեղատոմս, ներարկում, որոնք թվում է, թե պիտի ճնշեն, ընկճեն: Բայց այդ դեղատոմսը, նարեկացիական այս ոգին իր հասցեատերն ունի` մարդիկ են, ընթերցողները, որոնց համար ստեղծեց այդ ամենը:
Ըստ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի` Հ. Թամրազյանն անհատականություն էր և իբրև անհատականություն` երևույթ էր, ով զարմանալիորեն իր մեջ միավորում էր բանաստեղծին ու գիտնականին: «Թվում էր` դրանք պիտի հակասեին միմյանց` բանաստեղծը իր զգայական, նրբանուրբ ապրումների, իսկ գիտնականը` սթափ, սառը դատողությամբ, վերլուծական մտքի տեր մարդ: Զարմանալիորեն այդ երկուսն էլ նրա մեջ ներդաշնակում էին միմյանց»,- ասաց նա և հիշեց «Նաիրի» հրատարակչությունում Հ. Թամրազյանի աշխատասենյակը, որը մտերիմների, ընկերների համար դարձել էր խաղաղ ծովախորշ: «Նա մաքուր, պարզ, աղբյուրի պես ջինջ մարդ էր, դրա համար էլ նրա պակասն այսօր զգացվում է»,- ամփոփեց Ե. Տեր-Խաչատրյանը:
Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, խոսելով Հ. Թամրազյանի բանաստեղծական մի քանի ընկալումների մասին, նշեց, որ նրա բանաստեղծությունը մի թեմայի և նրա վարիացիաների բանաստեղծություն է: Անդրադառնալով գրողի պոեզիայի լեզվին` բանախոսն այն համարեց բացառիկ, քանի որ ապահովում է նրա ժամանակագրությունը, դասականությունը, պատկերայնությունը և առօրեականությունը: «Հրաչը շատ նուրբ բանաստեղծություններ էր գրում, առաջին հայացքից լիրիկական, բայց հաճախ ընկնում էր այնպիսի վրձնահարվածների մեջ, որ թանձր յուղաներկին է հատուկ: Սակայն շատ մեղմ, գրեթե ջրաներկային քնարականության կողքին հանդիպում ենք շատ հատու շեշտերով, առօրեական լուծումներով բանաստեղծությունների»,- ասաց նա: Փաստելով, որ Հ. Թամրազյանի կերպարը գնալով ավելի բանաստեղծության հետ է կապվում` նա նկատեց, որ գրողի կորստի ցավն ավելի շատ կապվում է նրա բանաստեղծության հետ: «Հրաչյա Թամրազյանը բանաստեղծական պատկառելի ժառանգություն է թողել: Դա պատահական ու անցողիկ բանաստեղծություն չէ, հենց այնպես գրված բանաստեղծություն չէ: Բանաստեղծություն է, որ գնալով ավելի է իր բոլոր բաց և փակ կողմերը պարզելու, ավելի է մեր իրականության մեջ, մեր բանաստեղծական գիտակցության մեջ մտնելու»,- ամփոփեց Հակոբ Մովսեսը:
Ելույթ ունեցան նաև Աղվան Վարդանյանը, Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մարթոն Վան Լինթը և ուրիշներ:
Հրաչյա Թամրազյանի տարբեր գրքերից բանաստեղծություններ ներկայացրին բեմադրիչ, դերասանուհի Նարինե Գրիգորյանը, Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը, ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողներ Վարդ Մազմանյանը, Ալիսա Բաբայանը, Անի Սարգսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգուշ Բաբայանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։