Հուշարձանները՝ ապագայի խորհրդանիշեր

00Փետրվարի 16-ին Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում տեղի ունեցավ անվանի ակադեմիկոսներ Արսեն Տերտերյանի (1882-1953), Էդվարդ Ջրբաշյանի (1923-1999) և Հրանտ Թամրազյանի (1926-2001) կիսանդրիների բացման հանդիսավոր արարողությունը:
Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, անուրանալի համարելով մեծ ուսուցիչների վաստակը, նշեց, որ կիսանդրիների տեղադրման նպատակն է հավերժացնել մեծ բանասերների անունը, գործը և այն ներդրումը, որ նրանք ունեցել են հայոց լեզվի և հայ գրականության մեջ: «Ամեն օր այդ կիսանդրիների առջևից անցնելու են ուսանողներ, գալու-գնալու են սերունդներ, ովքեր հեռակա կարգով զրուցելու են նրանց հետ, նրանց գրքերից, ապրած կյանքից սովորելու են ապրել հայեցի, ապրել ազնիվ, ապրել աշխատանքով և նվիրված լինել սեփական ժողովրդին»,- ամփոփեց նա:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստմամբ՝ այն մարդիկ, ովքեր մեծ հետք են թողել համալսարանի կյանքում, հասարակության մեջ, գիտության և կրթության ասպարեզում, գիտելիք ու հմտություն են հաղորդել սերունդներին, արժանի են, որ նրանց հիշեն ոչ միայն գրչով, այլև կիսանդրիներ տեղադրելով: «Սերունդների մեջ արթնացնել երախտագիտության զգացում դեպի մեծն ուսուցիչը, որովհետև, անանց արժեքների թվում, քաղաքակրթության մեջ կա նաև ուսուցիչ հասկացողությունը և երբեք չի ենթարկվում մաշվածության, որովհետև ուսուցիչը կենարար աղբյուր է, ուսուցիչն այն մարդն է, որը կերտում է մարդուն, մարդացնում է մարդուն»,- ընդգծեց Ա. Սիմոնյանը:
Ըստ բանաստեղծ, գրականագետ Հրաչյա Թամրազյանի՝ կիսանդրիները ուղենշում են գալիք սերունդների երթը, որն անցնելու է այդ կամարների ներքո, վերահաստատում են այն կենսական զորեղ ավանդները, որոնք հայագիտության և հայ կյանքի հիմքերն են: «Ուսուցչապետերի այս հուշարձանները ապագայի՛ խորհրդանիշեր են, իբրև հենասյուներ և ուղենիշեր հաստատելով մեր մեծերին՝ մենք նայում ենք դեպի ապագան և խարիսխներ ենք նետում անցյալում, որ մեր հեղհեղուկ կյանքը առաջ մղելու երաշխիք է»,- շեշտեց Հ. Թամրազյանը:
«Դա այն սերունդն էր, որ դասականների շուք էր բերում: Աբեղյանի, Տերտերյանի, Աճառյանի և մյուսների ոգին, ստեղծածը բերում և հաղորդում էր մեր սերունդներին»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հատկապես կարևորեց այն, որ նրանք սատար են եղել իրենց ժամանակի տաղանդավոր գրողներին: «Նրանց հիշատակը ապրեցնելով՝ պիտի ձեռք բերենք հենց այդ կերպի մտածողություն՝ ստեղծել, սատարել, լինել մեր գրականության, գրականագիտության մշտակա ծառան և տերը»,- նշեց Էդ. Միլիտոնյանը:
Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, Էդ. Ջրբաշյանի դուստր Աշխեն Ջրբաշյանի կարծիքով՝ կրթությունը չի կարող տալ իր իսկական ծիլերը, եթե չի հենվում անցյալի ավանդույթների ու արժեքների վրա: «Այս ուսուցիչների թողած ժառանգությունը մեզ համար իսկապես ուղենիշ է: Առանց դրա չի կարող լինել հայ բանասիրությունը, չի կարող լինել այն ապագան, դեպի ուր ուզում ենք տանել մեր ներկա սերնդին»,- վստահեցրեց Ա. Ջրբաշյանը:
Կիսանդրիների հեղինակն է քանդակագործ Տիգրան Մուրադյանը:
ԵՊՀ-ի հայ բանասիրության մասնաշենքում տեղադրված է նաև ակադեմիկոս Գուրգեն Սևակի կիսանդրին, իսկ առաջիկայում կտեղադրվեն Մկրտիչ Մկրյանի և Հովհաննես Բարսեղյանի կիսանդրիները:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.