– Համակարծի՞ք եք, որ ժամանակակից գրականությունն ամեն օր պարտվում է քաղաքականությանն ու մեդիային:
Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ – Երկրում ամեն ինչ իր բնականոն հունով գնալու դեպքում մեդիան և քաղաքականությունը կարող էին ոչ թե գրականությանը մրցակից լինել, այլ վերջինիս զարգացման համար ավելի լայն ճանապարհ բացել, քանզի մշակութային բացարձակ արժեքը բոլոր ժամանակներում եղել և մնում է գրականությունը: Եթե ասում ենք քաղաքականություն, ապա, առաջին հերթին, նկատի ունեմ մշակութային քաղաքականությունը: Իմ խնդիրը չէ այս կարճ պատասխանի շրջանակում քննարկել գրականությանն օժանդակող և խոչընդոտող բոլոր պատճառները, այլ ասել ընդամենը, որ բարձրարժեք գրականությունը միշտ էլ պահանջված է եղել և է այսօր: Մի՞ թե շատ են այն ժողովուրդները, որոնք Թումանյան ու Կոմիտաս ունեն: 2019-ը նրանց տարի հայտարարվեց: Արդյո՞ք մեր քաղաքականությունն ուղղված էր նրան, որ աշխարհի ժողովուրդներն ավելի խորը ճանաչեին գրականության և երաժշտության այս տիտաններին: Արդյո՞ք բավարար չափով թարգմանվեցին, տպագրվեցին Թումանյանի ստեղծագործությունները, կատարվեց Կոմիտասի երաժշտությունը: Հիշենք միայն, թե մեծն Նարեկացու սրբերի շարքը դասվելու հանգամանքը միջազգային արենայում ինչ չափի բարձրացրեց հայ ժողովրդի և նրա մշակույթի վարկանիշը: Խոսքը մշակույթի, գրականության նկատմամբ պետական հոգածության, մշակույթն ու գրականությունը պահանջված դարձնելու մասին է: Մշակույթի, գրականության ներկայացուցիչները օրենսդիր, գործադիր մարմիններում, Երևանի և մյուս քաղաքապետարանների ավագանիում, հասարակության մեջ որքանո՞վ են իրենց դերակատարությամբ ներկայացված: Խոսքը ոչ թե ձևական ներկայության մասին է, այլ որ կենսական հարցեր բարձրացնեն և լուծումներ առաջարկեն: Հիշենք միայն, թե ՀՀ պետական, ՀՀ նախագահի մրցանակակիրներին ժողովուրդը որքանով է ճանաչում, մարդիկ գիտե՞ն, թե ինչ ստեղծագործությունների համար են մրցանակների արժանացել: Արդյո՞ք նրանց ուժերն օգտագործվում են մշակութային քաղաքականության մշակման գործում: Տարիներ շարունակ պետպատվերով հարյուրավոր գրքեր են տպագրվել: Այդ գրքերը ոչ միայն ընթերցողներին չեն հասել, այլև գրախանութներ ու գրադարաններ չեն մտել և մնացել են պահեստներում: Նման պայմաններում, ինչ խոսք, հասարակությունը պետք է որ քաղաքականացվի, որն արդեն լուրջ խոչընդոտ է ոչ միայն գրականության, այլև բուն հասարակական կյանքի ճիշտ ձևավորման և զարգացման համար:
One thought on “Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ”