ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԿԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ՀԱՍՄԻԿ-ԳՈՒԼԱԿՅԱՆՎաղուց ժամանակն է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել հայագիտական բանկ, ուր ի մի կբերվեն հայ ժողովրդի անցյալին, ներկային, նաև ապագային վերաբերող կարևորագույն գիտական հետազոտությունները, պատմական ստույգ փաստերը, մեր ազգի շահերն իրատեսորեն ներկայացնող հայրենի և օտար նշանավոր մտածողների եզրակացություններն ու գործնական առաջարկները, հայ դատի արդար լուծմանը նպաստող պատմական բանաձևերն ու վճիռները:

Այս դիտակետից նայելիս մի հիանալի ձեռնարկ է Հասմիկ Գուլակյանի «Հայագիտության և հայապահպանության հարցեր» խորագրով երկհատոր ստվարածավալ ժողովածուները, որոնք լույս են տեսել 2010-ին «Էդիթ Պրինտ» տպարանում, իսկ հրատարակիչն է ՀՀ ԳԱԱ «Գիտությունը»: Գրքերի խմբագիրն է հայագիտական խնդիրներին քաջագիտակ պատմաբան Գևորգ Յազըճյանը: Գրքի հովանավորներն են Արմինե Կարապետյան-Կունդուկջյանը (ԱՄՆ) և «Էդիթ Պրինտի» տնօրեն Մկրտիչ Կարապետյանը:
Գրքի հեղինակը երկու տասնամյակից ավելի հետևում է հայագիտության զարգացմանը Հայաստանում և արտերկրում, հանդիպում և հարցազրույցներ վարում հայագիտությանն իրենց նպաստը բերող գիտնականների ու մտավորականների հետ՝ դրանց նկատմամբ ցուցաբերելով քննական մոտեցում: Գրքում պարզ երևում է թուրքական և ադրբեջանական ագրեսիան ոչ միայն Հայաստանի տարածքային պատկանելության խնդիրներում, այլև մշակութային բոլոր այն հարցերում, որոնց պատճառով խաթարվում է հայ ժողովրդի՝ համայն մարդկությանը բերած իրական նպաստի պատկերը: Հատորներում ջերմ խոսքեր են ուղղված հայ ժողովրդի մեծ բարեկամներին, որոնցից մեկն է Նոբելյան մրցանակի դափնեկիր, նորվեգացի գիտնական ու հասարակական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նանսենյան անձնագրի հեղինակը, որի հայ դատի արդար լուծման ջանքերն արժանի են խորին երախտագիտության: Հասմիկ Գուլակյանը շատ լավ է յուրացրել Ֆ.Նանսենի մի պատգամը՝ ուղղված հայերին, այն է՝ հայերն իրենց հարցերը լուծելիս հույսը միայն ու միայն պետք է դնեն իրենց միասնական ուժերի վրա:
Թվով ոչ մեծ քանակ ունեցող ժողովուրդները հարատևելու համար մշտապես պետք է արթուն պահեն իրենց ազգային ոգին, զգույշ լինեն թե իրենց ծագման խնդիրների խեղաթյուրումները կանխելու, թե տարածքային ագրեսիային դիմակայելու և թե մշակութային նվաճումների անտեսումների խնդիրներում: Հասմիկ Գուլակյանը ցավով է նշում, թե ինչպես օտարազգի, նաև որոշ սփյուռքահայ պատմաբաններ ու գրականության տեսաբաններ ժխտում են հայ պատմագրության միջազգային նշանակությունը, արհեստականորեն փոխում են XIX դարի եվրոպացի հայագետների անկողմնակալ գնահատականները՝ տրված հայ միջնադարյան մատենագրությանը:
«Հայագիտության և հայապահպանության հարցեր» հատորները մի ազդու սթափեցում են՝ ուղղված հայ գիտնականներին՝ առավել ուշադիր լինելու հայագիտության խնդիրներում, թե հայրենիքի ներսում և թե նրա սահմաններից դուրս: Փոքրաթիվ ժողովուրդներին միշտ էլ կամենում են ձուլել. բավական է հիշել, թե XVII դարում որքան ծաղկուն և հարուստ էր լեհահայ գաղութը, սակայն այն շատ արագ ձուլվեց լեհերին, երբ գաղութի հոգևոր առաջնորդը՝ Նիկոլ Թորոսովիչը, Հռոմի Ուրբանոս VIII պապի հրահանգով բռնի կաթոլիկ դարձրեց բոլոր հայերին:
Հասմիկ Գուլակյանը խոսում է կայուն ազգային գաղափարախոսության և ազգային քաղաքականության մասին և այդ խնդիրներին անդրադառնում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյանի, Ռաֆայել Ղազարյանի, Վլադիմիր Բարխուդարյանի, Գալուստ Գալոյանի, Սերգեյ Աբրահամյանի, Հենրիկ Հովհաննիսյանի հետ վարած բազմաքանակ հարցազրույցներում:
Հասմիկ Գուլակյանի համար հոգեհարազատ պատմաբան է Արմեն Այվազյանը, որը շարունակական ահազանգում է օտարալեզու հայագետների, մեղմ ասած, ոչ հայանպաստ գործունեության վերաբերյալ, և եթե դրանց թվում Ջեյմս Ռասելը, Ռոբերտ Թոմսոնը այլազգիներ են և չունեն ազգին նվիրված լինելու աստվածային պատգամը, ապա Ռոնալդ Սյունին, Նինա Գարսոյանը և մյուսները զտարյուն հայեր են: Ժողովածուն ներկայացնում է բանասեր Արմեն Պետրոսյանի համոզիչ ընդդիմախոսությունն՝ ուղղված Ջեյմս Ռասելին:
Ժողովածուի հեղինակը արդարորեն պահանջում է ոչ միայն հայագիտական ակադեմիական հզոր դպրոցի ստեղծում, այլև Հայաստանի և ընդհանրապես հայկական դպրոցներում կանոնակարգված ազգային զգացմունքի դաստիարակություն, որը պիտի նպաստի ազգապահպանմանը, ազգային ինքնագիտակցությանը և որ ամենակարևորն է՝ ազգային հպարտությանը: Այս քաղաքականությունը առկա է աշխարհի բոլոր երկրներում: Շրջեք Կանադայի ամենամեծ քաղաքի՝ Տորոնտոյի փողոցներով և ամեն քայլափոխի կկարդաք. «Ես հպարտ եմ, որ կանադացի եմ»: Եղեք Արևմտահայաստանում՝ մեր Մեծ Հայքի տարածքում, ամեն բլրի վրա քարերով գրված է «հայրենիքը քաղցր է» և կողքին Քեմալ Աթաթուրքի նկարը և թուրքական դրոշը:
Սրանք էժան հայրենասիրության դրսևորումներ չեն, այլ գիտակցված քաղաքականություն, որի հիմքը պետք է լինի նաև մեզանում, հայ ազգի նոր սերնդի աշխարհի առաջընթացին համաքայլ լինելը ապահովելով, գիտական ու մշակութային մեծ նվաճումների ձգտելով՝ հիմքում պահպանելով ազգայինը, սեփականը: Այս քաղաքականությունը մշակվել է Տիգրան Մեծի օրերում, մեծ վերածնունդ ապրել ոսկեդարում, արտահայտվելով Խորենացու հանճարեղ «Հայոց պատմությամբ» և դարերով հասել մինչև Աբովյան, Նալբանդյան, Թումանյան, Իսահակյան, Կոմիտաս, Վարուժան, Դեմիրճյան, Չարենց, Արամ Խաչատրյան, Պարույր Սևակ:
Ա.Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» աշխատության վերաբերյալ Լենդրուշ Խուրշուդյանը գրում է. «Արևմտյան պատմագիտության հարձակման պայմաններում Հայաստանը վարել է այդ վտանգավոր միտումները չնկատելու քաղաքականություն»:
Ներկա փուլում Հայաստանի հայագիտությունը պարտավոր է վարել հարձակողական քաղաքականություն: Դրա հիմքը դրվում է սույն աշխատությամբ»:
«Հայագիտության և հայապահպանության հարցեր» ժողովածուի Բ հատորը նվիրված է հայ դատին, նրա հին ու նոր էջերին:
Հայ ժողովրդի գոյատևման նախապայմանը նրա ինքնապաշտպանական հզոր բնազդը պետք է լինի, որը դրսևորվել է Ավարայրում, Մուսա լեռան հերոսամարտում, Արցախյան ազատագրական մարտերի օրերին:
Հասմիկ Գուլակյանն իր ժողովածուի Բ հատորում սրտառուչ հոդվածներ ունի նվիրված Արցախյան ազատամարտի նահատակների՝ Լեոնիդ Ազգալդյանի, Արմեն Միսակյանի, Ռեմիկ Մարդանյանի, Վարդան Ստեփանյանի, Հարություն Հարությունյանի հիշատակին:
Հասմիկ Գուլակյանը հարցազրույցներ ունի նաև մեր օրերի հայ դատի պաշտպանների հետ, դրանք ոչ միայն հայեր են, այլև օտարազգիներ: Նա անդրադառնում է այն կարևոր խնդրին, թե ինչու իրագործվեց մեկ և կես միլիոն հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում և ցարդ որ երկրներն են ընդունել երիտթուրքերի պատմական այդ ոճրագործությունը և դատապարտել այն: Նա հիշեցնում է, թե Սևրի դաշնագիրը երբեք չի կորցրել իր արժեքը, և այն զորեղ հիշեցնում է հայերի կորուստների վերաբերյալ, որոնց հատուցումը նաև նյութական արտահայտություն ունենալու բոլոր իրավաբանական հիմքերն ունի: Հայերի իրավացի պահանջատիրության մասին վկայում են այն զրույցները, որոնք նա վարել է այդ հարցերի խորագիտակ պատմաբաններ Վահագն Տատրյանի, Աշոտ Մելքոնյանի, Լավրենտի Բարսեղյանի, Սամվել Կարապետյանի, Արցախյան շարժման քաջատեղյակ Լենսեր Աղալովյանի, Կիմ Ղահրամանյանի հետ:
Որպես հայագիտական հզոր գործոն Հասմիկ Գուլակյանը բնականաբար դիտարկում է նաև հայոց լեզվի և հայ գրականության իմաստուն ձևով ուսուցման խնդիրները: Լեզվի խնդիրներում կարևորվում է հայկական հեռուստատեսության դերը, որին և նվիրված են մի ամբողջ շարք հարցազրույցներ:
Խիստ ուշագրավ են «Մեր լեզուն մեր հայրենիքն է» յոթ զրույցները թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ:
Հասմիկ Գուլակյանը հնարավորինս հետևում է, թե ինչ հայանպաստ գրքեր են հրատարակվում արտերկրում: Դրանցից մեկը վերաբերում է ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի «Լեզվի համընդհանուր տեսություն» հետազոտության անգլերեն թարգմանությանը, որն իրականացրել է Մոնրեալի Մակգիլ համալսարանի ցմահ պաշտոնավարելու իրավունք ստացած պրոֆեսոր Դորա Սաքայանը: Ի դեպ, հենց Դորա Սաքայանն է ստեղծել «Արևելահայերենը անգլիախոս աշխարհի համար, զուգադրական մոտեցմամբ» ստվարածավալ ուսումնական ձեռնարկը (540 էջ) ձայներիզով (2007):
Հասմիկ Գուլակյանի հարցազրույցները տպագրվել են ՀՀ պարբերականներում, հնչել ՀՀ ազգային և «Վեմ» ռադիոկայաններով:
Հատորներում կան նաև անտիպ նյութեր: Գիրքն ունի գիտական անվանացանկ, և հայագիտությանը նվիրված շատ անձեր նրանում կգտնեն իրենց անունները: Ափսոս, որ հատորներում չկա անդրադարձ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի «Ազգային գաղափարաբանություն» (1998) արժեքավոր աշխատությունը:
Երկար կարելի է գրել այս հատորների նյութերի մասին. ասվեց հիմնականը և բնորոշը: Հասմիկ Գուլակյանը իր հարցազրույցներում ներկայանում է որպես ազգի ու հայրենիքի պահապան: Գրքից պարզ է դառնում, որ տղամարդը ազգային նվիրումի օրինակն է, իսկ կինը այդ նվիրման ուսուցանողն ու դաստիարակը: Որևէ ազգ այս նախապայմաններն ունենալու դեպքում կհարատևի, քանի աշխարհում ապրում է տարակրոն, տարացեղ մարդկության մեծ ընտանիքը, որի խաղաղ գոյակցության երազանքն առկա է «Սասնա ծռեր» հայ ազգային հերոսական էպոսում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։