Օրերս ընթերցում եմ Հրանտ Մաթևոսյանի նոր լույս տեսած «Տախը» վեպը, որն ընդգրկում է գրողի մանկությունից մինչև թումանյանական ժամանակների Լոռվա աշխարհի բնության ու ժողովրդական կյանքի համայնապատկերը` ողջը մաթևոսյանական գեղարվեստական ընկալմամբ ու շնչավորմամբ: Սա հիշում եմ, որ ասեմ արձակագիրը իր հայրենիքի տարեգրությունը կերտելիս անվերջ դեմ է առնում Հովհաննես Թումանյան երևույթին` զարմանալով, որ «Տնաշենի Հովհաննես Թումանյանն ամեն տեղ ինքն է»: Ասել է թե` Մեծ Լոռեցին ձուլված է իր երկրին: Կա, չէ՞, Մաթևոսյանի մի այլ խորունկ դիտումը` «Թումանյանով մենք կանք, առանց Թումանյանի մենք չկանք»: Դեռ պատանյակ դպրոցական նստարանին` նա գրեց իր սիրո զգացման առաջին տողերը երևի համադասարանցի աղջնակին` «Հոգուս, Սրտիս կտորը» թումանյանական թաթախմամբ, որն էլ փոխանցվել է մատաղ հոգիներին իր 150-ից 130 տարիների ընթացքում: Թումանյանն սկսվել է այդ անպաճույճ ոտանավորից: Հայրենի մաքուր ակունքներից ու երկնային ոլորտներից է հյուսվել նրա հոգեաշխարհը: Նա ամեն ինչ է ընկալել ու իմաստավորել հանուն Մարդ-Աստծո: Չգիտեմ ում հետ համադրեմ նրան` այլ մի ժողովրդի նույնարժեք մեծության, կա՞-չկա՞ վերջինը իրեն համադրվելի, բայց ո՞վ է այդքան խոր թափանցում մանկան աշխարհը, ո՞վ իր ժողովրդի դարավոր զրույցներից ու ավանդապատումներից պեղեց մեզ համար անվերջ ընթերցելի լեգենդ ու մանրապատում, վերստեղծեց հայ ժողովրդական հեքիաթները, ու էլի մոռացված շատ բան ու խոսք, ավանդեց այդպես գրավիչ: Գրողի արձակը… «Գիքորը», «Արջաորսը», «Եղջերուն», «Երկաթուղին», «Մայրը», «Գելը»… աշխատավոր շինականի պատումներն են, որոնցում շնչում է հայրենի մարդը, գյուղ-աշխարհը, Լոռի երկիրը: Եվ վերջապես` ո՞վ էր գրելու հայ պոեզիայի գլուխգործոց «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը` այդքան տառապագին, բայց և երկնային խաղաղություն ներշնչելով Հայոց ցեղասպանության զոհերի հոգիներին, ո՞ւմ բանաստեղծական հևքն էր ճախրելու տիեզերական անհունությունում` կերտելու համաշխարհային գրական արժեք «Դեպի անհունը» պոեմը, քառյակները, ցավալիորեն չստացված «Հազարան բլբուլը»: 1921-ին հիվանդ պառկած հիվանդանոցում` գիտակ, որ մի պատանի է հայտնվել, ում միտքը վերլուծում է տիեզերքի գաղտնիքները, Թումանյանը խնդրում է իր մոտ բերել այդ 13 տարեկան Վիկտոր Համբարձումյանին: Խոր զարմանքով ունկնդրելով տղայի գիտելիքները` նա գրում է հանրահայտ «Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությունը: Չեմ մոռացել հայր Համազասպ Համբարձումյանին, ով մեր կուրսին ավանդում էր անտիկ գրականություն: Հումորառատ էր, զավեշտալի գնահատականներ էր տալիս հին ու նոր գրողներին: Պատմում էր թումանյանական վերնատան եղելություններից: Երբ կուրսով խնդրեցինք գնահատել Թումանյանին, նա առավ կավիճն ու լայնքով հաստ գիծ քաշեց գրատախտակին` ահա Թումանյանը, այն դեպքում, երբ շատ ճանաչվածների ծուռումուռ գծերով էր ներկայացնում:
Հովհաննես Թումանյանը հայոց բանաստեղծության ակնկալվելիքը տեսնում էր Նարեկացու, Քուչակի, Սայաթ-Նովայի որակներում, նրանց բարձր գեղարվեստի ավանդույթում: Միջնադարյան մեր պոեզիան գրաված էր պահում նրա միտքը ժողովրդյան մտածությամբ, որով ողողված են իր բազմաժանր տարածքները: Վարդի-բլբուլի սիրո թեման կենարար շունչն էր այդ բանաստեղծության, բնության շունչն էր, և բանաստեղծը գրեց իր լավագույն հոդվածը Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի համեմատական վերլուծությամբ, անչափ բարձր գնահատելով նրանց արժանիքները` համանման, բայց ինքնատիպ: Շատ տպավորիչ է նրա մի այլ հոդվածը, որում Նարեկացուն ներկայացնում է որպես «հայ հանճարի» ամենաբարձրակետ. ուշադրության է արժանի, թե հենց Նարեկացին է իրողություն դարձրել հայ հանճարը: Սույն հոդվածում բանաստեղծը համեմատություն է անցկացնում Նարեկացու և Աբովյանի միջև իրենց առաքելությամբ. «…կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք» մեկն այնտեղից` Նարեկա վանքից, մյուսն այստեղից: Թումանյանն ընդարձակ խորադիտակ մի ուսումնասիրություն ունի Սասնա Ծռերի Մհեր կերպար-անձնանվան վերաբերյալ, ուր բացահայտում է դրա ծագումնաբանական խորքերը` թե որ ակունքից է սերվել այն: Նա բանավիճում է էպոսի նշանավոր հետազոտողների (Հովսեփ Օրբելի և այլն) հետ, և միտքը միշտ կուռ, հստակ է:
Լինելով Թումանյանի երևանյան թանգարանում` զարմանք կապրես, թե որքան հարուստ ու բազմազան գրականություն է ամփոփում նրա գրադարանը, որքան խորն է նա առնչված ռուս և համաշխարհային գրական արժեքներին: Ընթերցել, ուսումնասիրել է, թարգմանել, գնահատել է շատ ստեղծագործություններ, թարգմանածն էլ ասես սեփական գրչի արդյունք լինեն, այնքան թումանյանական են: Ո՜նց է մի հոդվածում խորազնին իրար բերում Շեքսպիրին ու Սերվանտեսին` «Համլետի» և «Դոն Կիխոտի» հեղինակներին: Երկու կերպարները «տեսնում են, որ աշխարհքը դուրս է եկել իր ճանապարհից, և մարդը տառապում է»: Երկու ստեղծագործությունները լույս են տեսել 1603թ., երկուսի հեղինակները մահացել են 1616թ. ապրիլի 23-ին: Պուշկինին ու Լերմոնտովին պաշտամունքի հասնող սիրով համարում է Կովկասի որդեգիրներ: Ազգային կյանքի ու մշակույթի արտահայտիչը նաև համամարդկային համերաշխ Ոգու ներշնչողն էր, ինչպես նշածս մեծերը:
Թումանյանի հասարակական գործունեությունը ամփոփված է դստեր` Նվարդ Թումանյանի 1939 թ. կազմած, հրատարակած «Թումանյանը քննադատ» ստվարածավալ գրքում: Նրա ջանքերով նշվում էին հոբելյաններ, ցավ էր հայտնում, որ աշակերտները չեն ճանաչում բնաշխարհը` ծաղիկների, խոտերի, թռչունների անունները, հետևում էր դպրոցական գործի, դասագրքերի որակին, կոչ էր անում մասնակցել Աբովյանի արձանի կանգնեցման հանգանակությանը, քննադատությանը, քննադատում էր գավառային մամուլի «անոճ ու անկենդան» հայերենը, երազում էր` ունենայինք հայոց համալսարան, ազգային կենտրոնական գրադարան, խրախուսում էր թարգմանական գործի կարևորությունը և այլ հազար ու մի մտահոգություններ: Կովկասյան հայ գրողների ընկերության նախագահը բորբոք էր պահում ու գրչին հանձնում հայության հույսերը` սկսած «Վերնատան» միջոցառումներից, որոնց այցելուներն էին բազմաշերտ երևելի շատ դեմքեր: Թումանյանը նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հետ նախաձեռնեց ժողովրդի հիշողությունից գրեթե անհետացող Սայաթ-Նովայի վերածնունդը: Մոռացվում էին նրա երգերը: Գևորգ Հախվերդյանի` մեծ գուսանի հայտնագործումից ու նրա «Դավթարի» առաջին հրատարակումից շատ ժամանակ էր անցել, հարկավոր էր նորովի վերհիշել երգերը, հնչեցնել հասարակությանը, հրատարակել, կերտել հուշարձանը` նշելու ծննդյան 100-ամյակը: Սայաթնովյան մեղեդիները կյանքի կոչելու գործին անգնահատելի ծառայություն բերեց հայազգի քամանչահար Սաշա Օգանեզաշվիլին: Համազգային նախաձեռնությունը հատուցեց Թումանյանի ջանքերը: Առ այսօր Թբիլիսիի սբ. Գևորգ եկեղեցու բակում հառնող գուսանի հուշարձանը համայն հայությանը կանչում է ավանդական Վարդատոնին: Հիշենք Թումանյանի բոլոր գրառումները` նվիրված Սայաթ-Նովայի գնահատմանը: Ի՜նչ սեր ու արժևորում նրա մեծ սրտից: Ամեն մի բառն ու միտքը հանուն մեծ գուսանի էր հնչում: Օրինակ` նրա բանավեճը Վալերի Բրյուսովի հետ` կապված Սայաթ-Նովայի մի բանաստեղծության վերջինիս թարգմանության առիթով: Նա ուղղում էր բառերի, տողերի ոչ ճիշտ ռուսականացումը, որն էլ ընդունում էր Գորկու ասած` ամենակիրթ ռուս մտավորական-բանաստեղծը:
Հիշում եմ, ցավոք մոռացել եմ անուն-ազգանունը շուշեցի երիտասարդի, ով բանաստեղծություններ էր տպագրել թիֆլիսյան թերթում, դրանք ընթերցել, հավանել, նույնիսկ տպագիր խոսքով դրվատել էր Թումանյանը ու ասել, որ հարկավոր է երիտասարդին բերել Թիֆլիս` շնորհքը դրսևորի գրական միջավայրում: Այդպիսին էր մեր ազգային տեր-տիրակալը, հոգում էր բոլորի համար, ինքն էլ` սիրված բոլորից, բացի դրամբյանական չարամիտներից, ովքեր չէին կարողանում կուլ տալ թումանյանական արժանիքները: Արժե հիշել Թումանյանի բարձր ազնվական ընկերությունը իշխանուհի Մարիամ Թումանյանի հետ, առկա է նրանց նամակագրությունը: Նրանց համատեղ մտահոգությունները ուղղված էին ազգային ամեն կարգի խնդիրներին:
Հայ գեղջկական դարավոր իմաստուն մշակութային միջավայրի զավակ Թումանյանը կյանքով, ստեղծած ընտանիքով մեզ վերադարձրեց այն կատարյալ աստվածաշունչ Մարդուն, ով հենց ինքն էր, և ում կերպարը անվերջ կերտում էր բանաստեղծությունում թե պատմվածքում, մանկագրությունում թե հեքիաթում, թե իր կենցաղում ու միջավայրում: 10 զավակը ապացույց է, որ նա գյուղացի էր` օժտված ամենաբարձր առաքինություններով: Թումանյանը չէր խոչընդոտելու իր Արտավազդ տղային գնալ կռվելու հայրենիքի փրկության համար և զոհվելու: Այն Թումանյանը, ով Շիրվանզադեին ասում էր` ամբողջ ստեղծագործությունս կվառեի, միայն թե տղաս չզոհվեր: Նա Աշխեն աղջկա հետ Էջմիածնում էր` ցեղասպանության որբերի բուժման ու սփոփման առաքելությամբ, և տեսնելով լլկված, սովյալ երեխաների ողբերգությունը, ջահել մարդը ասես վայրկյան առ վայրկյան ծերացավ: Թումանյանը 1905-ի ազգամիջյան ընդհարումներում սպիտակ դրոշ պարզած` հաշտություն էր ներշնչում թուրքին ու հային, և ժողովրդից վարկաբեկված Ռոստոմ եղբայրը, ձիավոր ջոկատ կազմած, հսկում էր բանաստեղծի անվտանգությունը` ինչպես ասում է Մաթևոսյանը «Տախում»: Հիվանդ, հյուծված Թումանյանը ՀՕԿ-ի առաքելությամբ մեկնեց Կ. Պոլիս` կազմակերպելու օգնություն տառապյալ հայրենիքին:
Մինչդեռ բանաստեղծը հոգում անթեղած երազ ուներ` մի օր ազատվել ամեն հոգսից, քաշվել հայրենի Դսեղ` ստեղծելու շեքսպիրյան ուժի դրամատուրգիա, ինչին հավատում էր: Բայց ե՞րբ են իրականանում Թումանյանների երազները. Աստված շնորհեց հազիվ 53 տարվա կյանք` գնա հավերժացիր ժողովրդիդ ու մարդկության հիշողությունում, երկուսն իրար հետ չեն լինում:
Հովհաննես Թումանյանն ամենքինն է: Իմ Թումանյանն այն օրվանից եղավ իմը, երբ դեռ ցածր դասարանի աշակերտ` կարդացի. «Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց Ժայռերը խորունկ նոթերը կիտած…», ապա զարմանքով նայեցի Քիրսից ցած` մեր Իշխանաձորին և այնուհետև այնպես տպավորվեցի, թե ինչ կատարվում է «Անուշում», նրա մյուս ստեղծագործություններում` մեր ձորում են լինում, գյուղի որ տանը եղավ հարսանիք, ուր կոխի բռնվեցին ու մեր հանդի որ անկյունում Մոսին սպանեց Սարոյին, ուր խելագար Անուշը ողբաց սիրեցյալի կորուստը: Մտածում էի, թե մեր անտառի որ խորքում Չալանկ շունը գրողի խոր մտորման մեջ որպես պատրանք թողեց մանուկ օրերի անմոռաց կանչը: Այսպես անվերջ… Ասվեց` գրողը չհասցրեց գրել-ամբողջացնել «Հազարան բլբուլը», որը լինելու էր «իր էն չասված խոսքը աշխարհին»: «Հավաքել եմ երկար տարիների ընթացքում նրա վաթսունից ավելի վարիանտները»,- ասում է Թումանյանը: Այնուհետև` «Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր ամբողջ հավիտենական սիմվոլներն են»: Դա լինելու էր աշխարհն ու մարդուն երջանկացնող խորհրդանշային թռչնակի դայլայլը: Բանաստեղծն ի՞նչ արարչական խորհուրդ էր անելու, ինչ իմանանք: Պոեմի հերոսը` Արեգը (իր տղայի անունն է), հազարան բլբուլի հեքիաթային որոնման մեջ ինչպե՞ս էր հասնելու բանաստեղծի մտքի վերջին հանգրվան… Ութերորդ դասարանն ավարտելուս ամռանը, տասնվեց տարեկան, հնձի էի գնացել կոլտնտեսային արտ: Արտը երջանկորեն լայ-լայ էր անում: Վաղորդյան զովքից ճոճք ընկած հասկերը իրար քսվելով` մի անծայրածիր խշշոց էին օրորում: Մեր` ղարաբաղյան լեզվով` զառանբլբուլները հազիվ պահվելով տարուբեր հասկերին` քաղցր ճռվողյունով ավետում էին Աստծո նոր օրը: Պատկերացնել է պետք համատարած ճռվողյունը ճռճքընկած արտի խշշոցում: Հենց այս պահին ունկերումս այն հնչում է ասես երգեհոնյան ղողանջ, որ ալիքվում է վե՜ր ու վեր` առ Արեգակը, ի փառս նրա կենարար հայտնության: Հունձը մոռացած` նայո՜ւմ-նայում էի ու մտածում. «Տեսնես սրա՞նք են Թումանյանի հազարան բլբուլը…»: Ինչո՞ւ անկատար մնաց Հայոց Հազարան բլբուլի մեծ երազը…
Վերջացնելով` էլ ո՞ւմ հետ համադրեմ Մեծն Լոռեցուն, եթե ոչ մեր Մեսրոպ Մաշտոցի հետ, ում կյանքի կոչած 36 տառերը էս էլ քանի՜ դար հայ են պահում բոլորիս, և Թումանյանն էլ այդ տառերով բոլորիս համար անվերջ հյուսում է Հայոց Խոսքը` մեզ հղված նրա հավերժության պատգամը: