ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ
Նա ապրեց դժվարին, բայց իմաստալից կյանք: Կյանքի արշալույսին՝ քսաներկու տարեկանում, հայտնվեց բանտում, հետո՝ Կոմի մարզի ճամբար, հետո՝ Սիբիր… ցմահ աքսոր, որը պիտի դառնար ճակատագրական նրա ու Գուրգեն Մահարու համար: Հպարտ, կամքով անկոտրում լիտվուհին դարձավ հայ գրողի գթության քույրը՝ խլելով նրան մահվան ճիրաններից, եղավ միակ հավատարիմ ընկերը՝ «Այրվող այգեստանների» դեմ սկսված հալածանքներից հետո: Նա եկավ ու մնաց Երևանում, որպեսզի չխեղաթյուրվի պատմությունը. այդ պատգամն էր նրան թողել Մահարին:
Նա կարողացավ արժանապատվորեն ապրել իր ու Գրողի կյանքը և այդ կյանքը դարձնել գիր՝ «Իմ ոդիսականը», «Հուշեր», «Հուշեր ու պատմվածքներ», «Հին ամրոցի գաղտնիքը»:
Նրա մահը սպասված հանդիպումն է իր կյանքի միակ ուղեկից Գուրգեն Մահարու հետ, ու միայն մեզ անհասանելի մի տիրույթում ինքը վերջապես կիմանա՝ իր անչափ սիրո ու հավատարմության մեջ որքանն էր Գրողի չափաբաժինը և որքանը՝ ամուսնունը:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ