Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արտակ Ոսկանյանը:
1962 թ. ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: 1964-1970 թվականներին աշխատել է որպես «Գիտություն և տեխնիկա» ամսագրի ֆիզմաթ գիտությունների բաժնի, «Գարուն» ամսագրի գիտության բաժնի վարիչ, «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիր:
Հետագա տարիներին եղել է Հայկական հանրագիտարանի խմբագրության վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ, ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրեն, «Սովետական գրող» հրատարակչության մանկապատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ:
1990 թվականից վարել է «Անահիտ», 2006 թվականից` «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրենի, 2003 թվականից` Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահի պաշտոնները:
1967 թվականից սկսած` հրատարակել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2008) թատերագիտական էսսեն:
Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից:
Արտակ Ոսկանյանի` հարգված գրողի, ճանաչված մշակութային գործչի հիշատակը վառ կմնա նրա գրչակից ընկերների, բոլոր նրան ճանաչողների ու մտերիմների, ընթերցողների սրտերում:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ